ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 08-1217 |
Քաղաքացիական գործ թիվ 3-533(ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
|
Վ. Աբելյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
|
Ս. Օհանյանի |
2008 թվականի սեպտեմբերի 26-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Հրաչյա Մանուչարյանի վճռաբեկ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Հրաչյա Մանուչարյանի ընդդեմ «ՍՏԱՖ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), Նորայր Գրիգորյանի` վնասի հատուցման պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Հրաչյա Մանուչարյանը պահանջել է պատասխանողներից բռնագանձել 1.642.000 ՀՀ դրամ` որպես առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասի հատուցում:
Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03.04.2008 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2007 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Հրաչյա Մանուչարյանի հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հրաչյա Մանուչարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորմամբ.
Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ, 1072-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել նույն օրենսգրքի 417-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատճառված վնասը հասցվել է առավել վտանգի աղբյուրի շահագործման արդյունքում, ուստի սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապահանջով պայմանավորված ապացուցման առարկան պետք է կազմեր միայն առավել վտանգի աղբյուրի շահագործման արդյունքում վնաս պատճառելու փաստը:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հիմնվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասին՝ մերժել է հայցը՝ դա հիմնավորելով վնաս պատճառողի գործողություններում մեղքի բացակայությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝
03.05.2006 թվականին Երևանի Մյասնիկյանի պողոտայում Ընկերությանը պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր առջևից ընթացող Հրաչյա Մանուչարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով նյութական վնաս:
Վթարի պահին «Գազել» մակնիշի ավտոմեքենան վարել է Նորայր Գրիգորյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Իրավահարաբերության պահին գործող ՀՀ կառավարության 23.05.2002 թվականի թիվ 924-Ն որոշմամբ հաստատված «Ճանապարհային երթևեկության կանոնների» (այսուհետ` Կանոններ) 9.1 կետի համաձայն` եթևեկության համար վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար:
Կանոնների 8.8 կետի համաձայն` վարորդը պետք է իր և առջևից ընթացող տրանսպորտային միջոցի միջև պահպանի այնպիսի տարածություն, իսկ կողքով ընթացողներից` այնպիսի կողային միջտարածություն, որպեսզի հնարավորություն ունենա խուսափել դրանց հետ բախումից: Նկատի ունենալով, որ «Գազել» մակնիշի ավտոմեքենան ընթացել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից հետո, ապա ըստ Կանոնների 8.8 կետի պահանջների` «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նորայր Գրիգորյանը պարտավոր էր իր և առջևից ընթացող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի միջև պահպանել անհրաժեշտ տարածություն, որպեսզի հնարավորություն ունենար կանխելու բախումը: Մինչդեռ, նույնիսկ արգելակման պայմաններում վերջինս չի կարողացել խուսափել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետ բախումից:
Այսպիսով, Նորայր Գրիգորյանն իրեն վստահված «Գազել» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Հրաչյա Մանուչարյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային` Հրաչյա Մանուչարյանի գույքին պատճառելով վնաս:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածով սահմանված են վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը, մասնավորապես` նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վնասի հատուցման պատասխանատվության և դրանից ազատվելու հնարավորության ընդհանուր հիմունքները` կախված վնաս պատճառելու եղանակից, ձևից, միջոցից և այլն, սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1060-1073 հոդվածներում, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1072-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական անձինք և քաղաքացիները, որոնց գործունեությունը կապված է շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ (տրանսպորտային միջոցների, մեխանիզմների, բարձր լարվածության էներգիայի, ատոմային էներգիայի, պայթուցիկ նյութերի, ուժեղ ներգործող թույների և այլնի oգտագործում, շինարարական և դրա հետ կապված այլ գործունեության իրականացում), պարտավոր են հատուցել առավել վտանգի աղբյուրով պատճառված վնասը, եթե չեն ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
⚖Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ սույն քաղաքացիական գործով ներկայացված հայցապաանջի շրջանակներում ապացուցման առարկա միակ փաստը դա պատասխանողի՝ շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեությամբ հայցվորին նյութական վնաս պատճառելն է: Իսկ վնաս պատճառած անձը կարող է ազատվել հասցված վնասը հատուցելու պարտականությունից միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, հայցապահանջի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ հասցված վնասի մեջ պատասխանողի մեղքի առկայությունը օրենքով թույլատրելի ոչ մի ապացույցով չի ապացուցվում, ոչ միայն ընդլայնել է առավել վտանգի աղբյուրով հասցված վնասի հատուցման պարտավորության բացակայության օրենքով սպառիչ կերպով սահմանված դեպքերը, այլ նաև պատասխանողի մեղքի առկայության ապացուցման պարտականությունը դրել է հայցվորի վրա:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով վերանայվող դատական ակտը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 13.11.2007 թվականի վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
Հ. Ղուկասյան | |
|
Ս. Օհանյան |