Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՄՈՒՏՔԻ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորեայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները զարգացնելու ընդհանուր ցանկությամբ,
ցանկանալով դյուրացնել դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց այցելությունները Հայաստանի Հանրապետություն և Կորեայի Հանրապետություն,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
1. Պայմանավորվող կողմերի այն քաղաքացիները, ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական վավեր անձնագրեր, ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից մյուս Կողմի տարածք մուտքի, ելքի և այդ տարածքով տարանցման համար:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձինք կարող են առանց մուտքի արտոնագրի գտնվել մյուս Կողմի տարածքում մուտք գործելու օրվանից իննսուն (90) օրը չգերազանցող ժամանակահատվածով: Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց համար գտնվելու ժամանակահատվածը կարող է երկարաձգվել մյուս Կողմի իրավասու մարմինների կողմից՝ ուղարկող Կողմի դիվանագիտական առաքելության կամ հյուպատոսական հիմնարկի գրավոր խնդրանքի հիման վրա:
Հոդված 2
1. Կողմերից որևէ մեկի այն քաղաքացիները, ովքեր նշանակված են մյուս Կողմի տարածքում՝ տվյալ Կողմի դիվանագիտական առաքելությունում կամ հյուպատոսական հիմնարկում, և ովքեր ունեն դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր, իրենց պաշտոնավարման ժամկետի ընթացքում ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից:
2. Սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված մուտքի արտոնագրի պահանջից ազատումը կիրառվում է նաև սույն հոդվածի 1-ին պարբերության մեջ նշված անձանց ուղեկցող ամուսնու, ծնողների և երեխաների նկատմամբ՝ պայմանով, որ նրանք ունենան ուղարկող Կողմի դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրեր:
Հոդված 3
Այն անձինք, ում նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, պետք է հարգեն մյուս Կողմի օրենքներն ու կանոնակարգերը և հետևեն օտարերկրյա քաղաքացիների՝ մուտքի, ելքի, գտնվելու և տարանցման ընթացակարգերը կարգավորող՝ գործող օրենսդրությունը՝ չսահմանափակելով «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի ներքո տրված արտոնություններն ու անձեռնմխելիությունը:
Հոդված 4
1. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում մերժելու մուտքը կամ իր տարածքում դադարեցնելու կացությունը դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագիր ունեցող այն անձանց, ում կարող է անցանկալի համարել: Նման մերժման մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:
2. Յուրաքանչյուր Կողմ իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես սահմանափակելու կամ կասեցնելու սույն Համաձայնագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ՝ ելնելով հանրային կարգի, անվտանգության կամ առողջության պահպանման նկատառումներից: Նշված սահմանափակման կամ կասեցման, կամ դրանց դադարեցման մասին դիվանագիտական ուղիներով անհապաղ ծանուցվում է մյուս Կողմը:
Հոդված 5
1. Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են իրենց դիվանագիտական կամ պաշտոնական վավեր անձնագրերի նմուշները նախքան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելը:
2. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց տեղեկացնում են դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրերում ցանկացած փոփոխության մասին դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն երեսուն (30) օր առաջ:
Հոդված 6
Ցանկացած անհամաձայնություն կամ վեճ, որն առաջանում է սույն Համաձայնագրի մեկնաբանումից կամ կիրարկումից, կարգավորվում է Կողմերի միջև՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:
Հոդված 7
Փոխադարձ համաձայնությամբ Կողմերը կարող են լրացումներ և փոփոխություններ կատարել սույն Համաձայնագրում, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում սահմանված ընթացակարգերին համապատասխան:
Հոդված 8
1. Կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց գրավոր տեղեկացնում են Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ համապատասխան ներքին ընթացակարգերի կատարման մասին: Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին ծանուցումն ստանալու օրվանից և ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:
2. Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով ուղարկված գրավոր ծանուցման միջոցով: Դադարեցումն ուժի մեջ է մտնում այդպիսի ծանուցումը մյուս Կողմի ստանալուց իննսուն (90) օր հետո:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով իրենց համապատասխան կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Սեուլ քաղաքում 2012 թվականի փետրվարի 23-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, կորեերեն և անգլերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ընթացքում առաջացած որևէ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. մայիսի 22-ին
