ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում քրեական գործ թիվ 105/07 |
Քրեական գործ թիվ ՎԲ-17/08 |
Նախագահող դատավոր՝ Հ. Տեր-Ադամյան | |
դատավորներ՝ Ս. Ղազարյան Ս. Համբարձումյան |
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. Ավետիսյանի | |
|
Հ. Ղուկասյանի | |
|
Ս. Օհանյանի | |
|
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
|
Ս. Սարգսյանի |
2008 թվականի մայիսի 23-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննելով հավատարմագրված փաստաբան Արթուր Ղազարյանի միջոցով տուժողի իրավահաջորդ Անահիտ Այվազյանի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի բերած վճռաբեկ բողոքը թիվ 55200706 քրեական գործով Լոռու մարզի դատախազության քննիչ Ս.Մխիթարյանի 2006 թվականի հոկտեմբերի 3-ի «Քրեական գործը կարճելու մասին» որոշման 2-րդ կետը՝ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ոստիկաններ Արամ Սահակյանի, Աշոտ Աբգարյանի, Ռուսլան Մոսինյանի, Հրաչյա Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու մասը հաստատելու վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Լոռու մարզի դատախազության քննիչ Ս.Մխիթարյանը 2006 թվականի մարտի 6-ին Սեյրան Այվազյանի կողմից համագյուղացիններին և ոստիկանության աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու փաստի առիթով հարուցել է թիվ 55200706 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով:
Ս.Այվազյանի քույրը` Անահիտ Այվազյանը, 2006 թ. ապրիլի 11-ի քննիչի որոշմամբ թիվ 55200706 քրեական գործով ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:
2006 թվականի հոկտեմբերի 3-ին քննիչը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ հանցանք կատարած անձը` Ս.Այվազյանը, մահացել է:
Նույն որոշմամբ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի չորս աշխատակիցների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով:
2. «Թիվ 55200706 քրեական գործի վարույթը կարճելու մասին» քննիչի 2006 թ. հոկտեմբերի 3-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Անահիտ Այվազյանը բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն: 2006 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-81 գրությամբ վերջինս պատասխանել է, որ որոշումը կայացվել է օրենսդրությանը համապատասխան:
2006 թ. հոկտեմբերի 3-ի քննիչի որոշման դեմ տուժողի իրավահաջորդը բողոք է ներկայացրել Լոռու մարզի դատախազին: 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ Դ-81 գրությամբ վերջինս հայտնել է, որ որոշումը վերացնելու հիմքեր չկան:
Քննիչի նույն որոշման դեմ տուժողի իրավահաջորդը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին: ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի տեղակալ Բ.Աղայանը 2007 թ. հունվարի 19-ի թիվ 15-87-06 գրությամբ բողոք բերողին հայտնել է, որ կայացված որոշման օրինականությունը ստուգվել է ՀՀ գլխավոր դատախազությունում. որոշումն օրինական է, և այն վերացնելու հիմքեր չկան:
3. 2007 թ. հունիսի 27-ին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանը բողոք է ներկայացրել Լոռու մարզի առաջին ատյանի դատարան` պահանջելով թիվ 55200706 քրեական գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշման 2-րդ կետը վերացնել:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թ. սեպտեմբերի 12-ի որոշմամբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի բողոքը մերժվել է:
Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը 2007 թ. սեպտեմբերի 27-ին բերել է վերաքննիչ բողոք:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թ. հոկտեմբերի 23-ի որոշմամբ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքն առանց բավարարման:
4. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թ. հոկտեմբերի 23-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանը հավատարմագրված փաստաբան Ա.Ղազարյանի միջոցով վճռաբեկ բողոք է բերել:
2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»):
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
Սույն վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստական հանգամանքները.
5. Թիվ 55200706 քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է հետևյալը.
2006 թվականի մարտի 6-ին` ժամը 12.00-ից մինչև 17.00-ի սահմաններում, գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, Ս.Այվազյանն իր մոտ գտնվող դանակով Լոռու մարզի Օձուն գյուղում փորձել է սպանել նույն գյուղի բնակիչներ Հ.Չոբանյանին և Ե.Պետրոսյանին, ինչպես նաև ոստիկանության տեղամասային տեսուչ Վ. Բոշյանին:
Այնուհետև ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետի հրամանով ոստիկանության վեց ծառայողներ` Հ.Գևորգյանը, Ն.Նանինյանը, Ա.Սահակյանը, Ա.Աբգարյանը, Ռ.Մոսինյանը և Հ.Գրիգորյանը, Ս.Այվազյանին վնասազերծելու նպատակով հարկադրաբար բացել են նրա տան դուռն ու ներս մտել, սակայն նրան վնասազերծել չի հաջողվել: Այն ժամանակ, երբ ոստիկանների խումբը հեռանում էր, Ս.Այվազյանն իր տան պատշգամբում դանակով հարվածել է ՀՀ ոստիկանության ավագ տեղամասային տեսուչ Հ.Գևորգյանին: Վերջինիս վիրավորվելը տեսնելով` ՀՀ ոստիկանության չորս աշխատակիցներ` Ա.Սահակյանը, Ա.Աբգարյանը, Ռ.Մոսինյանը և Հ.Գրիգորյանը, իրենց հաշվեցուցակային զենքերից կրակել են Ս.Այվազյանի ուղղությամբ: Ալավերդու հիվանդանոց տեղափոխելիս ստացած հրազենային վնասվածքներից վերջինս մահացել է:
Ս.Այվազյանի ուղղությամբ Հ.Գրիգորյանը կրակել է մեկ անգամ, Ա.Սահակյանը՝ ութ, Ա.Աբգարյանը՝ երեք, և Ռ.Մոսինյանը՝ երեք:
6. Քրեական գործով տուժող Հ.Գևորգյանը հարցաքննվել է 2006 թ. մարտի 7-ին (քրեական գործ, 46-րդ էջ), վկա Հ.Գրիգորյանը` 2006 թ. մարտի 14-ին (քրեական գործ, 83-րդ էջ), վկա Ն.Նանինյանը` 2006 թ. մարտի 15-ին (քրեական գործ, 89-րդ էջ), իսկ վկա Ա.Աբգարյանը` 2006 թ. մարտի 16-ին (քրեական գործ, 92-րդ էջ):
7. Ա.Այվազյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետի եզրակացության մեջ նկարագրված հրազենային գնդակային տասը կրակոցներից առաջացած վերքերից վեցն ունեցել են «հետևից առաջ» ուղղությունը (քրեական գործ, 276-րդ էջ):
8. Թիվ 55200706 «Քրեական գործով վարույթը կարճելու մասին» 2006 թ. հոկտեմբերի 3-ի քննիչի որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում նշված է. «... որոշեցի ... ՀՀ Ոստիկանության ԼՄՎ Ոստիկանության Թումանյանի բաժնի ոստիկաններ Արամ Սահակյանի, Աշոտ Աբգարյանի, Ռուսլան Մոսինյանի, Հրաչյա Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժել նրանց գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով»:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9. Ըստ բողոքի հեղինակի՝ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասը և 175-րդ հոդվածը: Դատարանի հիմնավորումը, որ նախաքննության մարմինը թիվ 55200706 քրեական գործի շրջանակներում կատարել է քննություն և անհրաժեշտություն չի եղել առանձին քրեական գործ հարուցել Ս.Այվազյանին կյանքից զրկելու կապակցությամբ, անհիմն է: Բողոքի հեղինակը փաստարկում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «դեպքը» հանցագործության հատկանիշներ պարունակող իրադարձություն է, որի կապակցությամբ իրականացվում է քրեական դատավարություն, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «քրեական գործը» քրեական հետապնդման մարմնի կամ դատարանի կողմից իրականացվող առանձին վարույթ է՝ քրեական օրենսգրքով չթույլատրված մեկ կամ մի քանի ենթադրաբար կատարված արարքների կապակցությամբ:
Բողոքաբերը նշում է, որ դատարանը խախտել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածը: Դատարանի հիմնավորումը, թե ոստիկանության աշխատակիցների արարքում բացակայում է հանցակազմը, անհիմն է, քանի որ տվյալ դեպքի համար հանցակազմի առկայության կամ բացակայության հարցի վերջնական լուծումը կարող է տեղի ունենալ տվյալ ուղղությամբ առանձին քրեական գործի շրջանակներում՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն կատարելուց հետո: Իսկ քրեական գործ հարուցելու և նախաքննություն իրականացնելու համար առկա են հանցակազմի բոլոր հատկանիշները:
10. Ըստ բողոքի հեղինակի՝ անհիմն է նաև դատարանի այն հիմնավորումը, որ Ս.Այվազյանին կյանքից զրկել են նրա կողմից անօրինական բռնությունից՝ կատարված և կատարվող հարձակումից պաշտպանվելու և այն կանխելու համար, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները գործել են անհրաժեշտ պաշտպանության վիճակում և նրանց կողմից Ս.Այվազյանի նկատմամբ անհրաժեշտ է եղել գործադրել հրազեն, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցագործություն չի համարվում այն գործողությունը, որը կատարվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում (…)»:
Ըստ բողոքաբերի` տվյալ դեպքում ոստիկանության աշխատակիցների կողմից զենքի գործադրումը և դրանով մահ պատճառելը չի կարող դիտվել անհրաժեշտ պաշտպանության վիճակում կատարված, քանի որ անձի կյանքի համար վտանգավոր բռնություն կամ այդպիսի բռնության իրական սպառնալիք չի եղել:
Բացի այդ, նախաքննական մարմինը իր որոշմամբ չի նշել, թե ոստիկանության աշխատակիցների կողմից Ս.Այվազյանին կյանքից զրկելն արարքի հանցավորությունը բացառող հատկապես ո՜ր հանգամանքի առկայությամբ է իրավաչափ (անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության, հանցանք կատարած անձին բռնելիս վնաս պատճառելու): Իսկ դատարանը իրավունք չուներ նույն հետևությանը հանգելու, քանի որ նախաքննության մարմինը տվյալ հանգամանքի ուղղությամբ նախաքննություն չի իրականացրել, և արարքի հանցավորությունը բացառող կոնկրետ հանգամանքի առկայությունը չի հիմնավորվել:
11. Բողոքի հեղինակը նշում է, որ խախտվել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը: Անհիմն է դատարանի այն հիմնավորումը, որ բաց է թողնվել նախաքննության մարմնի որոշումը բողոքարկելու` օրենքով սահմանված ժամկետները, քանի որ գործով տուժողի իրավահաջորդը բողոքարկել է դատախազության քննիչի որոշումը, սակայն վերադաս դատախազը օրենսգրքով սահմանված կարգով 7 օրվա ընթացքում որոշում չի կայացրել, այլ բողոքը մերժել է գրությամբ:
Բացի այդ, նախաքննության մարմինը մեկ որոշմամբ երկու գործողություն է իրականացրել. կարճել է քրեական գործը և մերժել է քրեական գործի հարուցումը: Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը` բողոքը բերելու օրվա դրությամբ, քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկելու ժամկետի սահմանափակումներ չի նախատեսել: Այսինքն՝ բողոքի հեղինակը գտնում է, որ սույն գործով կիրառման է ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի նախկին խմբագրությունը, որը չէր սահմանում գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը բավարարելուց դատախազի հրաժարվելը դատարան բողոքարկելու ժամկետ։
12. Ըստ բողոքի հեղինակի` խախտվել է նաև կյանքի իրավունքը սահմանող ՀՀ Սահմանադրության 15-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայի» 2-րդ հոդվածը, ինչպես նաև նույն կոնվենցիայի 13-րդ արձանագրության 1-ին հոդվածը: Մասնավորապես, անհիմն է դատարանի այն հիմնավորումը, թե ոստիկանության աշխատակիցները գործել են իրենց լիազորությունների շրջանակում և օրենքի հիման վրա:
13. Բողոքատուն փաստարկում է, որ խախտվել է նաև ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը: Մասնավորապես, դատարանը չի կիրառել գործով կիրառման ենթակա՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մակկանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճիռը՝ փաստական հանգամանքների տարբերության պատճառաբանությամբ:
14. Ելնելով վերոգրյալից՝ բողոքի հեղինակը խնդրում է ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 23-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանությամբ.
I. Առաջին ատյանի դատարանի կողմից գործն ըստ էության քննության առնելու իրավաչափությունը.
15. Բողոքը բերած անձը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ հարցը. Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը և քրեական վերաքննիչ դատարանն իրավասու՞ էին ըստ էության քննության առնել տուժողի իրավահաջորդ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքները, թե պարտավոր էին մերժել այն ժամկետանց լինելու հիմքով:
16. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի՝
«1. Քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կասկածյալի, մեղադրյալի, ամբաստանյալի, նրանց պաշտպանների, տուժողի, նրա ներկայացուցչի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների (...) կողմից (...) կարող է բողոքարկվել վերադաս դատախազին։
2. Դատախազը բողոքը ստանալու պահից 7 օրվա ընթացքում որոշում է կայացնում բողոքը մերժելու կամ բավարարելու մասին: Կայացված որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացնող անձին: Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը մերժելու մասին դատախազի որոշումը դրա պատճենն ստանալու պահից 7 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել դատարան»:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մինչև 2007 թ. ապրիլի 7-ն ուժի մեջ եղած խմբագրության՝ «Գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու հետ կապված բողոքը բավարարելուց դատախազի հրաժարվելը կարող է բողոքարկվել դատարան»։
17. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի՝
«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների՝ սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:
(...)
3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան՝ այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում։
(...)»:
18. Վճռաբեկ դատարանը համաձայնում է բողոքաբերի այն հիմնավորմանը, որ տուժողի իրավահաջորդ Ա.Այվազյանի` դատախազությանն ուղղված բողոքը բավարարելուց հրաժարվելու հետևանքով ծագած իրավահարաբերությունները կարգավորվում էին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի՝ մինչև 2007 թ. ապրիլի 7-ն ուժի մեջ եղած խմբագրությամբ, որը չէր սահմանում դատախազի որոշման դատական բողոքարկման հստակ ժամկետ:
Սակայն Վճռաբեկ դատարանը չի ընդունում բողոքի հեղինակի այն մեկնաբանությունը, որ սույն գործով կիրառման ենթակա օրենսդրությամբ սահմանված չէր դատարան դիմելու որևէ ժամկետային սահմանափակում: Վճռաբեկ դատարանը ճիշտ է համարում քրեական վերաքննիչ դատարանի այն հիմնավորումը, որ սույն գործով կիրառման է ենթակա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված՝ դատական բողոքարկման մեկամսյա ընդհանուր ժամկետը:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքն առաջին ատյանի դատարան է բերվել միայն 2007 թ. հունիսի 27-ին, այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված դատական բողոքարկման մեկամսյա ժամկետը սույն գործով չի պահպանվել:
19. Այս պայմաններում գործի էությունը քննության առարկա դարձնելով՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները դուրս են եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության թույլատրելի ժամանակային շրջանակներից:
20. Հետևաբար՝ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը և քրեական վերաքննիչ դատարանն իրավասու չէին ըստ էության քննության առնելու տուժողի իրավահաջորդ Ա.Այվազյանի ներկայացուցիչ Կ.Թումանյանի բողոքները, այլ պարտավոր էին մերժել դրանք ժամկետանց լինելու հիմքով:
21. Վերը շարադրված հիմնավորումները բավարար են բողոքը մերժելու համար: Այնուհանդերձ, նկատի ունենալով, որ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները սույն գործը քննության են առել ըստ էության և իրենց որոշումներում շարադրել են ըստ էության հիմնավորումներ, ինչպես նաև ելնելով օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր սահմանադրական գործառույթից՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել մի շարք իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
II. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումների կիրառելիությունը.
22. Այս կապակցությամբ բողոքի հեղինակը Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է հետևյալ հարցը. քրեական վերաքննիչ դատարանը իրավասու՞ էր արդյոք մերժել Մակկանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիմնավորումները սույն գործի նկատմամբ կիրառելն այն հիմքով, որ այդ գործի և քննության առարկա գործի փաստական հանգամանքները տարբերվում են:
23. Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (նույնաբովանդակ իրավանորմ նախատեսված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում)՝ «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով (...) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:
24. Մակկանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով վճռում (27 սեպտեմբերի 1995 թ., McCann v. The United Kingdom, գանգատ թիվ 18984/91) Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է, որ մեկ այլ անձի անօրինական բռնությունից պաշտպանելու համար մյուս անձին կյանքից զրկելը պետք է լինի բացարձակ անհրաժեշտություն: Նույն վճռում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սահմանել է նաև, որ եթե չկա մեկ այլ անձին կյանքից զրկելու իրական սպառնալիք, ապա կյանքի իրավունքի նկատմամբ միջամտությունը չի կարող իրավաչափ լինել (տե՜ս վճռի 148-րդ կետը):
25. Քրեական վերաքննիչ դատարանը սույն գործով գտել է, որ վերը նշված Մակկանի գործով վճիռը տվյալ գործով կիրառելի չէ, քանի որ երկու գործերի փաստական հանգամանքները տարբեր են:
26. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտը ոչ կիրառելի ճանաչելիս դատարանները չեն կարող բավարարվել կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունների պարզ համադրմամբ: Յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքների համակցությամբ եզակի է, ուստի դատարանը պետք է յուրաքանչյուր դեպքում պարզի, թե կիրառման ենթակա և քննության առարկա գործերի փաստական հանգամանքների տարբերությունները որքանով են էական: Հակառակ պարագայում ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում) ամրագրված իրավանորմը կդառնա անկիրառելի:
Դրա հետ մեկտեղ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի կիրառելիության հարցը լուծելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև այն, թե տվյալ դատական ակտի հիմնավորման բովանդակությունը կազմող ինչպիսի դրույթ է ենթակա կիրառման: Եթե այդ դրույթն իր բնույթով առավել ընդհանրական է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքների առավել փոքր ընդհանրություն: Եվ ընդհակառակը՝ եթե դրույթն իր բնույթով առավել կոնկրետ է, ապա կիրառման համար պահանջվում է փաստական հանգամանքերի առավել մեծ ընդհանրություն:
27. Սույն գործով վերաքննիչ դատարանը պետք է լուծեր վերը նշված Մակկանի վճռի հիմնավորումներում բովանդակվող ընդհանրական և ոչ թե կոնկրետ դրույթների կիրառելիության հարց: Ուստի սույն գործի ու Մակկանի գործի փաստական հանգամանքների նմանության աստիճանը պետք է որոշվեր այդ լույսի ներքո: Այսպես, թե´ Մակկանի գործով և թե´ քննության առարկա գործով պետության անունից գործող և որոշակի դեպքերում զենք կիրառելու լիազորություն ունեցող անձինք, ենթադրաբար անհրաժեշտ պաշտպանության վիճակում, հրազենի կիրառմամբ կյանքից զրկել են ենթադրյալ վտանգի աղբյուր հանդիսացող անձին (անձանց): Այս պայմաններում սույն գործի և Մակկանի գործի փաստական հանգամանքների նմանությունը քանակապես և որակապես բավարար էր Մակկանի գործով վճռի հիմնավորումներում պարունակվող ընդհանրական դրույթները սույն գործի նկատմամբ կիրառելու համար:
28. Հետևաբար` քրեական վերաքննիչ դատարանը իրավասու չէր մերժել Մակկանը և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիմնավորումները սույն գործի նկատմամբ կիրառելն այն հիմքով, որ այդ գործի և քննության առարկա գործի փաստական հանգամանքները տարբերվում են:
III. Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի առթիվ քննությունը.
29. Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի առթիվ քննության իրավաչափության կապակցությամբ
Վճռաբեկ դատարանը նախ քննության է առնում հետևյալ հարցը. Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի առթիվ իրականացվե՞լ է արդյոք որևէ քրեադատավարական քննություն:
30. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի` «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար»:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի` «Քրեական գործ հարուցելու՝ սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:
Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի՝
«1. Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մասին:
2. Որոշման մեջ պետք է նշվեն գործ հարուցելու առիթն ու հիմքը, քրեական օրենքի այն հոդվածը, որի հատկանիշներով հարուցվում է գործը, հարուցելուց հետո գործի հետագա ընթացքը:
(...)»:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրվող արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս: (...)»: Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած (...) տուժողի իրավունքները և պարտականությունները»:
31. Քննության առարկա գործի նյութերի վերլուծությունը հնարավորություն չի տալիս միանշանակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և իրականացվել է նախնական քննություն:
Մի շարք հանգամանքներ վկայում են այն մասին, որ թիվ 55200706 քրեական գործը հարուցվել է Ս.Այվազյանի կողմից կատարված գործողությունների և ոչ թե նրան կյանքից զրկելու փաստի կապակցությամբ: Այսպես՝
ա) Թիվ 55200706 քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ), իսկ դա չի համապատասխանում Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի որևէ հնարավոր իրավաբանական որակմանը:
բ) Թիվ 55200706 քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշմամբ լուծվել է նաև Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի կապակցությամբ քրեական գործի հարուցման հարցը. որոշվել է նրա ուղղությամբ կրակած ոստիկանների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժել (տե´ս վերը՝ 8-րդ կետ): Դրանից ուղղակիորեն հետևում է, որ Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի առթիվ քրեական գործ հարուցված չէր եղել:
32. Միևնույն ժամանակ որոշ հանգամանքներ վկայում են այն մասին, որ թիվ 55200706 քրեական գործը հարուցելու հիմք հանդիսացած փաստերի շրջանակը ներառել է նաև Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստը, և այդ կապակցությամբ իրականացվել է նախնական քննություն: Այսպես՝ նշված քրեական գործը հարուցելու մասին որոշման նկարագրական մասում ամրագրված է, որ «Այվազյանը վնասազերծվել և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ալավերդու քաղաքային հիվանդանոց, որտեղ և մահացել է» (քրեական գործ, 1-ին էջ): Քննիչի 2006 թ. ապրիլի 11-ի որոշմամբ Ս.Այվազյանի քույրը՝ Անահիտ Այվազյանը, ճանաչվել է տուժողի իրավահաջորդ: Որոշման մեջ նշված է «... հանցագործությամբ քաղ. Սեյրան Այվազյանին պատճառվել է ֆիզիկական վնաս, մահ ...» (քրեական գործ, 163-րդ էջ):
Բացի այդ, քրեական գործով մի շարք ապացույցներ վերաբերել են Ս.Այվազյանին կյանքից զրկելու հանգամանքներին: Մասնավորապես.
ա) Դեպքի վայրի զննության արձանագրությունը (քրեական գործ, 29-37-րդ էջեր),
բ) Ս.Այվազյանի դիակի և հագուստի զննության արձանագրությունը (քրեական գործ, 52-54-րդ էջեր),
գ) Ս.Այվազյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը (քրեական գործ, 273-276-րդ էջեր),
դ) Ս.Այվազյանի հագուստի դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը (քրեական գործ, 314-317-րդ էջեր),
ե) Ս.Այվազյանի վրա կրակած և այդ դեպքին ականատես եղած ոստիկանների ցուցմունքները (Հ.Ս.Գևորգյանի ցուցմունքը՝ քրեական գործ, 46-51-րդ էջեր, Հ.Ե.Գրիգորյանի ցուցմունքը՝ քրեական գործ, 83-85-րդ էջեր, Ն.Վ.Նանինյանի ցուցմունքը՝ քրեական գործ, 89-91-րդ էջեր, Ա.Մ.Աբգարյանի ցուցմունքը՝ քրեական գործ, 92-96-րդ էջեր):
33. Այսպիսով, որոշակի հանգամանքներ վկայում են այն մասին, որ Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի կապակցությամբ, այնուամենայնիվ, որոշակի քրեադատավարական քննություն իրականացվել է:
34. Վճռաբեկ դատարանն այնուհետև քննության է առնում այն հարցը, թե Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի կապակցությամբ քննությունն արդյո՞ք պատշաճ է եղել:
35. Ռամսահայը և այլոք ընդդեմ Նիդեռլանդների գործով վճռի (15 մայիսի 2007 թ., Ramsahai and others v. The Netherlands, գանգատ թիվ 52391/99) 324-րդ կետում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը սահմանել է. «Որպեսզի պայմանավորվող պետության պատասխանատվությունն առաջացնող մահվան կապակցությամբ նախաքննությունը համարվի «արդյունավետ»՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով, առաջին հերթին անհրաժեշտ է, որ այդ նախաքննությունը լինի պատշաճ: Այն է՝ նման նախաքննությունը պետք է կարողանա հանգեցնել պատասխանատու անձանց ինքնությունը պարզելուն և նրանց պատժին: Իշխանությունները պետք է իրականացնեն առկա բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու համար պատահարի հետ կապված ապացույցները: (…)»:
Ռամսահայի գործով վճռի 326-րդ կետում նշված է. « (…) ոստիկաններ Բրոնսը և Բալստրան հարցաքննվել են միայն դեպքից մի քանի օր անց և այդ ժամանակահատվածում նրանք հնարավորություն են ունեցել պատահարը քննարկել միմյանց և այլոց հետ»:
Ռամսահայի գործով վճռի 330-րդ կետում սահմանված է. «(…) ոստիկաններ Բրոնսը և Բալստրան դեպքից հետո չեն պահվել իրարից մեկուսի և չեն հարցաքննվել գրեթե երեք օր (…): Չնայած, (…) չկա որևէ ապացույց առ այն, որ նրանք գաղտնի համաձայնության են եկել միմյանց կամ Ամստերդամի ոստիկանական ուժերի իրենց գործընկերների հետ, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախաքննության պատշաճության էական թերություն»:
36. Ռամսահայի գործն իր փաստական հանգամանքներով էապես նման է քննության առարկա գործին. երկու գործերում էլ արարքի հանցավորությունը ենթադրաբար բացառող հանգամանքներում ոստիկանները զենքի գործադրմամբ մահ են պատճառել ենթադրաբար հանցանք կատարած անձին: Երկու գործերի էական ընդհանրություն է նաև այն, որ ոստիկաններից բացի` զենք գործադրելու այլ անմիջական ականատեսներ չեն եղել:
Ուստի ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի) ուժով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` սույն որոշման 35-րդ կետում նշված հիմնավորումները քննության առարկա գործով ենթակա են կիրառման:
37. Ս.Այվազյանի մահվան կապակցությամբ իրականացված քննության պատշաճությունը գնահատելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում այն հանգամանքը, որ գործով հարցաքննվել են դեպքին ականատես ոչ բոլոր ոստիկանները: Մասնավորապես, ոստիկանների կողմից Ս.Այվազյանի ուղղությամբ կրակելու պահին դեպքի վայրում գտնված վեց ոստիկաններից երկուսը՝ Գ.Մելքոնյանը և Ռ.Մոսինյանը, չեն հարցաքննվել: Դա նշանակում է, որ վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել առկա բոլոր ողջամիտ քայլերը՝ ապահովելու Ս.Այվազյանին կյանքից զրկելու հետ կապված ապացույցները:
Ինչ վերաբերում է մյուս չորս ոստիկաններին, ապա Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նրանց հարցաքննության ժամկետները: Այսպես՝ վկա Հ.Գրիգորյանը հարցաքննվել է դեպքից 8 օր հետո, վկա Ն.Նանինյանը՝ 9 օր հետո, իսկ վկա Ա.Աբգարյանը՝ 10 օր հետո (տե´ս վերը՝ 6-րդ կետը):
Այդ ընթացքում ոչինչ չի ձեռնարկվել նրանց միմյանցից մեկուսի պահելու համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած չկա որևէ ապացույց այն մասին, որ ոստիկանները գաղտնի համաձայնության են եկել միմյանց հետ, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախաքննության պատշաճության էական թերություն:
Քննության պատշաճությունը գնահատելիս Վճռաբեկ դատարանը հաշվի է առնում նաև այն, որ բավարար չափով չի պարզվել Ս.Այվազյանի ուղղությամբ կրակոցներ արձակելու մեխանիզմը. մասնավորապես, համապատասխան գնահատականի չի արժանացել Ս.Այվազյանի վրա արձակված կրակոցների ուղղությունը: Այսպես, քննությամբ ողջամիտ բացատրություն չի տրվել այն փաստին, որ Ս.Այվազյանի ուղղությամբ վեց կրակոց արձակվել է հետևից (տե´ս վերը՝ 7-րդ կետը):
38. Նախորդ կետում շարադրվածն ինքնին բավարար է այն հետևության համար, որ Ս.Այվազյանին կյանքից զրկելու փաստի կապակցությամբ քննությունը պատշաճ չի եղել:
Հաշվի առնելով սույն որոշման 15-20-րդ կետերում շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 408-րդ, 419-րդ, 421-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Բողոքը մերժել: Թիվ 55200706 քրեական գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2007 թ. հոկտեմբերի 23-ի որոշումը Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններով թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան |
|
Հ. Ղուկասյան |
|
Ս. Օհանյան |
|
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Սարգսյան |