Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1979 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ, ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴԻՏԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ԵԴԳԾ) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Պայմանավորվող կողմերը,
վկայակոչելով, որ «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիան (այսուհետ՝ «Կոնվենցիա») ուժի մեջ է մտել 1983 թվականի մարտի 16-ին,
գիտակցելով «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի» (այսուհետ՝ «ԵԴԳԾ») կարևորությունը, ինչպես նշված է Կոնվենցիայի 9-րդ և 10-րդ հոդվածներում,
հաշվի առնելով ԵԴԳԾ-ի իրականացման ընթացքում մինչ այժմ ձեռք բերված դրական արդյունքները,
ընդունելով, որ ԵԴԳԾ-ի իրականացումը մինչ այժմ ապահովվել է Միավորված ազգերի կազմակերպության Շրջակա միջավայրի ծրագրի (ՍNEP) կողմից տրամադրված ֆինանսական միջոցների և կառավարությունների կամավոր վճարների հաշվին,
նկատի ունենալով, որ, քանի որ ՍNEP-ի միջոցները տրամադրվելու են միայն մինչև 1984 թվականի վերջը, և քանի որ այդ միջոցները կառավարությունների կամավոր վճարների հետ մեկտեղ բավարար չեն ԵԴԳԾ-ի աշխատանքային ծրագրի լիարժեք ֆինանսական ապահովման համար, հետևաբար 1984 թվականից հետո անհրաժեշտ կլինի ապահովել երկարաժամկետ ֆինանսավորում,
նկատի ունենալով Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի B (XXXVIII) որոշման մեջ պարունակվող կոչը` ուղղված ԵհՏՀ անդամ երկրների կառավարություններին` տրամադրելու ֆինանսական ռեսուրսներ այն հիմքով, որը պետք է համաձայնեցվի Կոնվենցիայի Գործադիր մարմնի (այսուհետ՝ «Գործադիր մարմին») առաջին հանդիպմանը՝ հնարավորություն տալու Գործադիր մարմնին կազմակերպելու իր գործունեությունը` հատկապես կապված ԵԴԳԾ-ի աշխատանքի հետ,
նշելով, որ Կոնվենցիան ԵԴԳԾ-ի ֆինանսավորման վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում, և որ այդ պատճառով անհրաժեշտ է դրա կապակցությամբ ձեռնարկել համապատասխան միջոցներ,
նկատի ունենալով Կոնվենցիան լրացնող պաշտոնական փաստաթղթի նախագծի մշակումն ուղղորդելու տարրերը, որոնք թվարկված են Գործադիր մարմնի կողմից իր առաջին նստաշրջանում (7-10 հունիսի, 1983 թ.) ընդունված առաջարկություններում,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Արձանագրության նպատակներով՝
1. «ՄԱԿ-ի վճարների դրույք» նշանակում է Պայմանավորվող կողմի տվյալ ֆինանսական տարվա վճարների դրույքը Միավորված ազգերի կազմակերպության՝ վճարների սահմաններին վերաբերող ծախսերի բաշխման սանդղակում:
2. «Ֆինանսական տարի» նշանակում է՝ Միավորված ազգերի կազմակերպության ֆինանսական տարին. «ամենամյա հիմքը» և «տարեկան ծախսերը» մեկնաբանվում են համապատասխան եղանակով:
3. «Ընդհանուր նպատակային ֆոնդ» նշանակում է՝ «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» կոնվենցիայի կիրարկումը ֆինանսավորելու ընդհանուր նպատակային ֆոնդը, որն ստեղծվել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի կողմից։
4. «ԵԴԳԾ-ի աշխարհագրական շրջանակ» նշանակում է՝ այն տարածքը, որի սահմաններում ԵԴԳԾ-ի միջազգային կենտրոնների* համակարգմամբ իրականացվում է դիտանցումը:
Հոդված 2
ԵԴԳԾ-Ի ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
ԵԴԳԾ-ի ֆինանսավորումը ծածկում է ԵԴԳԾ-ի շրջանակներում համագործակցող միջազգային կենտրոնների տարեկան ծախսերը` կապված ԵԴԳԾ-ի Ղեկավար մարմնի աշխատանքային ծրագրում նախատեսված գործունեության հետ:
Հոդված 3
ՎՃԱՐՆԵՐԸ
1. Սույն հոդվածի դրույթներին համապատասխան՝ ԵԴԳԾ-ի ֆինանսավորումը ապահովվում է պարտադիր վճարների հաշվին, որոնք լրացվում են կամավոր վճարներով: Վճարները կարող են կատարվել փոխարկելի և ոչ փոխարկելի արժույթով և բնեղենով:
2. Պարտադիր վճարները կատարվում են տարեկան սկզբունքով սույն Արձանագրության այն բոլոր Պայմանավորվող կողմերի կողմից, որոնք գտնվում են ԵԴԳԾ-ի գործունեության աշխարհագրական շրջանակներում:
3. Կամավոր վճարները կարող են կատարվել սույն Արձանագրության Պայմանավորվող կողմերի կամ այն ստորագրող կողմերի կողմից, նույնիսկ եթե դրանց տարածքները գտնվում են ԵԴԳԾ-ի աշխարհագրական շրջանակներից դուրս, ինչպես նաև, ԵԴԳԾ-ի Ղեկավար մարմնի առաջարկությամբ` Գործադիր մարմնի կողմից հավանության արժանանալու պայմանով, կամ այլ երկրի, կազմակերպության կամ առանձին անձի կողմից, որոնք ցանկանում են օժանդակել աշխատանքային ծրագրի իրականացմանը:
4. Աշխատանքային ծրագրի տարեկան ծախսերը ծածկվում են պարտադիր վճարների հաշվին: Կանխիկով և բնեղենով կատարված վճարները, ինչպիսիք են՝ հյուրընկալող երկրի կողմից միջազգային կենտրոնների համար կատարվող վճարները մատնանշվում են աշխատանքային ծրագրում: Կամավոր վճարները կարող են օգտագործվել Ղեկավար մարմնի առաջարկությամբ` Գործադիր մարմնի կողմից հավանության արժանանալու պայմանով, կամ պարտադիր վճարները կրճատելու համար, կամ ԵԴԳԾ-ի շրջանակներում կոնկրետ աշխատանքներ ֆինանսավորելու համար:
5. Կանխիկով կատարված պարտադիր վճարները և կամավոր վճարներն ուղղվում են Ընդհանուր նպատակային ֆոնդ:
Հոդված 4
ԾԱԽՍԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ
1. Պարտադիր վճարները կատարվում են սույն Արձանագրության հավելվածի պայմաններին համապատասխան:
2. Գործադիր մարմինը քննության է առնում հավելվածում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը.
ա) եթե ԵԴԳԾ-ի տարեկան բյուջեն ավելանում է 2.5 անգամ սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելու տարվա համար, կամ հավելվածում վերջին փոփոխությունների կատարման տարվա համար ընդունված տարեկան բյուջեի համեմատությամբ` կախված այն հանգամանքից, թե որն է եղել ավելի ուշ, կամ
բ) եթե Գործադիր մարմինը Ղեկավար մարմնի առաջարկությամբ նշանակում է նոր միջազգային կենտրոն, կամ
գ) սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո վեց տարի հետո, կամ հավելվածում կատարված վերջին փոփոխությունից վեց տարի հետո` կախված այն հանգամանքից, թե որն է եղել ավելի ուշ:
3. Հավելվածում փոփոխություններն ընդունվում են Գործադիր մարմնի կողմից կոնսենսուսի հիման վրա:
Հոդված 5
ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ
ԵԴԳԾ-ի տարեկան բյուջեն կազմվում է ԵԴԳԾ-ի Ղեկավար մարմնի կողմից և ընդունվում է Գործադիր մարմնի կողմից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ մինչև այն ֆինանսական տարվա սկիզբը, որին այն վերաբերում է:
Հոդված 6
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն Արձանագրության ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է Արձանագրությունում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկ անել։
2. Առաջարկվող փոփոխությունների տեքստերը գրավոր ներկայացվում են Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին, որն այն փոխանցում է Արձանագրության բոլոր Պայմանավորվող կողմերին: Գործադիր մարմինը առաջարկված փոփոխությունները քննարկում է իր հաջորդ տարեկան հանդիպման ժամանակ՝ պայմանով, որ այդ առաջարկները Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարի կողմից ուղարկվել են Արձանագրության Պայմանավորվող կողմերին առնվազն դրանից իննսուն օր առաջ:
3. Սույն Արձանագրությունում ցանկացած փոփոխություն, բացառությամբ հավելվածում կատարվող փոփոխության, ընդունվում է Արձանագրության Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչների կողմից կոնսենսուսի հիման վրա և ուժի մեջ է մտնում Արձանագրության Պայմանավորվող կողմերի համար, որոնք այն ընդունել են, փոփոխությունն ընդունելու մասին իրենց փաստաթղթերը Պայմանավորվող կողմերի երկու երրորդի կողմից ավանդապահին ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը: Ցանկացած այլ Պայմանավորվող կողմի համար փոփոխությունն ուժի մեջ է մտնում տվյալ փոփոխությունն ընդունելու մասին իր փաստաթուղթն այդ Պայմանավորվող կողմի կողմից ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:
Հոդված 7
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Սույն Արձանագրության երկու կամ մի քանի Պայմանավորվող կողմերի միջև վեճի առաջացման դեպքում` կապված դրա մեկնաբանման կամ կիրառման հետ, նրանք պետք է ձգտեն լուծում գտնել բանակցությունների միջոցով կամ վեճի կողմերի համար ընդունելի՝ վեճերի կարգավորման այլ ցանկացած մեթոդի միջոցով:
Հոդված 8
ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ
1. Սույն Արձանագրությունը բաց է Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի գրասենյակում 1984 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև 1984 թվականի հոկտեմբերի 5-ը, իսկ հետո` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում՝ Նյու-Յորքում, մինչև 1985 թվականի ապրիլի 4-ը Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի անդամների, ինչպես նաև Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովում խորհրդատվական կարգավիճակ ունեցող պետությունների կողմից՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի 1947 թվականի մարտի 28-ի 36 (IV) բանաձևի 8-րդ պարբերությանը համապատասխան, ինչպես նաև Եվրոպայի հարցերով տնտեսական հանձնաժողովի ինքնիշխան պետությունների անդամներից կազմված տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից ստորագրման համար, որոնք ունեն միջազգային համաձայնագրերի բանակցությունների վարման, կնքման, կիրառման իրավասություն սույն Արձանագրությունով կարգավորվող հարցերի վերաբերյալ՝ պայմանով, որ այդ պետություններն ու կազմակերպությունները Կոնվենցիայի կողմեր են:
2. Տնտեսական ինտեգրման այդպիսի տարածաշրջանային կազմակերպությունները, իրենց իրավասությունների շրջանակների ներքո գտնվող հարցերում, իրենց անունից իրականացնում են իրավունքները և կատարում են պարտականությունները, որոնք սույն Արձանագրությամբ վերագրվում են իրենց անդամ պետություններին։ Այդպիսի դեպքերում, այդ կազմակերպությունների անդամ պետությունները լիազորված չեն իրականացնելու այդպիսի իրավունքներ անհատական կարգով:
Հոդված 9
ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԵՎ ՄԻԱՆԱԼԸ
1. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման այն ստորագրող երկրների կողմից:
2. Սույն Արձանագրությունը 1984 թվականի հոկտեմբերի 5-ից բաց է 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված պետությունների և կազմակերպությունների կողմից միանալու համար:
3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին, որն իրականացնում է ավանդապահի գործառույթները:
Հոդված 10
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն օրվանից հետո իննսուներորդ, երբ
ա) ԵԴԳԾ-ի աշխարհագրական շրջանակներում գտնվող 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված առնվազն տասնինը պետությունների և կազմակերպությունների կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվել, և
բ) այդպիսի պետությունների և կազմակերպությունների համար ՄԱԿ-ի վճարների սանդղակով հաշվարկված դրույքների միջինը գերազանցում է 40%-ը:
2. 8-րդ հոդվածի 1-ին պարբերությունում նշված յուրաքանչյուր պետության և կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Արձանագրությունը կամ միանում են դրան այն բանից հետո, երբ վերը նշված 1-ին պարբերությունում սահմանված՝ ուժի մեջ մտնելու համար նախատեսված պահանջները կատարվել են, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին իր փաստաթղթերն ի պահ հանձնելուց հետո իննսուներորդ օրը:
Հոդված 11
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ
1. Պայմանավորվող կողմի համար սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հինգ տարի հետո ցանկացած ժամանակ այդ Պայմանավորվող կողմը կարող է դուրս գալ Արձանագրությունից` այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին: Արձանագրությունից դուրս գալն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից ծանուցումն ստանալու ամսաթվից հետո իննսուներորդ օրը:
2. Արձանագրությունից դուրս գալը չի ազդում դուրս եկող Կողմի ֆինանսական պարտավորությունների վրա մինչև Արձանագրությունից դուրս գալն ուժի մեջ մտնելը:
Հոդված 12
ՆՈՒՅՆԱԿԱՆ ՏԵՔՍՏԵՐԸ
Սույն Արձանագրության բնօրինակը, որի անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:
Ի ՀԱՍՏԱՏՈՒՄՆ ՈՐԻ՝ ներքոստորագրյալները, դրա համար պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Ժնևում հազար ինը հարյուր ութսունչորս թվականի սեպտեմբերի քսանութին:
_____________________
*Ներկայումս միջազգային կենտրոններ են համարվում Քիմիական համակարգման կենտրոնը, Օդերևութաբանական սինթեզող կենտրոն-Արևելքը և Օդերևութաբանական սինթեզող կենտրոն-Արևմուտքը:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1979 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ, ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴԻՏԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ԵԴԳԾ) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին 1979 թվականի կոնվենցիայի, Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրության 4-րդ հոդվածում նշված Հավելված
2004 թվականից ԵԴԳԾ-ի ֆինանսավորման հետ կապված ծախսերի բաշխման համար պարտադիր վճարները հաշվարկվում են հետևյալ սանդղակին համապատասխան*.
Կողմերը |
ԵԴԳԾ-ի վճարների սանդղակ (%) |
Բելառուս |
0.0442 |
Բոսնիա և Հերցեգովինա |
0.0093 |
Բուլղարիա |
0.0303 |
Կանադա |
կամավոր |
Խորվաթիա |
0.0908 |
Կիպրոս |
0.0885 |
Չեխիայի Հանրապետություն |
0.4727 |
Էստոնիա |
0.0233 |
Հունգարիա |
0.2794 |
Լատվիա |
0.0233 |
Լիխտեյնշտեյն |
0.0140 |
Մալթա |
0.0349 |
Մոնակո |
0.0093 |
Նորվեգիա |
1.5041 |
Լեհաստան |
0.8801 |
Ռումինիա |
0.1350 |
Ռուսաստանի Դաշնություն |
2.7940 |
Սերբիա և Մոնտենեգրո |
0.0466 |
Սլովակիա |
0.1001 |
Սլովենիա |
0.1886 |
Շվեյցարիա |
2.9663 |
Թուրքիա |
1.0245 |
Ուկրաինա |
0.1234 |
Միացյալ Նահանգներ |
կամավոր |
Ավստրիա |
2.2050 |
Բելգիա |
2.6287 |
Դանիա |
1.7439 |
Ֆինլանդիա |
1.2154 |
Ֆրանսիա |
15.0552 |
Գերմանիա |
22.7457 |
Հունաստան |
1.2550 |
Իռլանդիա |
0.6845 |
Իտալիա |
11.7926 |
Լյուքսեմբուրգ |
0.1863 |
Նիդեռլանդներ |
4.0467 |
Պորտուգալիա |
1.0757 |
Իսպանիա |
5.8646 |
Շվեդիա |
2.3906 |
Միացյալ Թագավորություն |
12.8898 |
Եվրոպական համայնք |
3.3376 |
Ընդամենը |
100.0000 |
* Կարգը, որով Պայմանավորվող կողմերը թվարկված են սույն հավելվածում, գործածված է հատուկ նպատակով՝ Կոնվենցիայի գործադիր մարմնի կողմից հաստատված ծախսերի բաշխման համակարգի համար: Հետևաբար, այս ցանկը ԵԴԳԾ-ի ֆինանսավորմանն առնչվող Արձանագրության հատուկ դեպք է։
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2014թ. ապրիլի 21-ին