ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 1994 թվականի N 205
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի մարտի 9-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի մասին» հրամանագրի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ժամանակավոր օրինադրությունը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` եռամսյա ժամկետում ձևավորել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավար մարմինները, անցկացնել գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտների, ընդհանուր ժողովի ընտրովի կազմի և նախագահության ընտրությունները:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում կատարվող գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության միջև յուրաքանչյուր տարի կնքվում է համապատասխան համաձայնագիր, որտեղ Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պետական պատվերի տեղադրող, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան` որպես պետական պատվերի կատարող:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՕՐԻՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան (այսուհետև` ՀՀ ԳԱԱ) ինքնակառավարվող պետական գիտական հաստատություն է, որը միավորում է ԳԱԱ-ի անդամներին և ԳԱԱ-ի համակարգի գիտական հաստատությունների, հիմնարկների և ձեռնարկությունների գիտական աշխատողներին:
ՀՀ ԳԱԱ-ն իրականացնում է իր համակարգի ինստիտուտների և մյուս հիմնարկների ու ձեռնարկությունների ղեկավարումը:
2. ՀՀ ԳԱԱ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, օրենսդրական մյուս ակտերով, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն օրենսդրությամբ:
3. ՀՀ ԳԱԱ-ն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության իշխանության բարձրագույն գործադիր մարմինների պաշտոնական գիտական խորհրդատուն, որի կողմից ներկայացված երաշխավորություններն ու առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման պետական կառավարման հանրապետական և տեղական համապատասխան մարմինների կողմից:
ՀՀ ԳԱԱ-ն իր գործունեությամբ հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և նրան անհատույց տրամադրում է ԳԱԱ-ի գիտական հետազոտությունների և մշակումների արդյունքները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանելով գիտնականների և մասնագետների հեղինակային իրավունքն այդ հետազոտությունների և մշակումների նկատմամբ:
4. ՀՀ ԳԱԱ-ն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք ու դրոշմակնիք:
5. ՀՀ ԳԱԱ-ի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:
II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
6. ՀՀ ԳԱԱ-ի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում գիտական մտքի զարգացման ապահովումը, գիտության բնագավառում համաշխարհային նվաճումների առավել արդյունավետ օգտագործումը հանրապետության ժողովրդական տնտեսության մեջ և հոգևոր կյանքի զարգացման ոլորտում:
7. ՀՀ ԳԱԱ-ի հիմնական խնդիրներն են`
ա) հիմնարար և կիրառական հետազոտությունների իրականացումը ֆիզիկամաթեմատիկական, տեխնիկական, բնական և հումանիտար գիտությունների բնագավառում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կատարվող հիմնարար գիտական հետազոտությունների համակարգավորումը մասնակցությունը Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական քաղաքականության ձևավորման և իրականացման աշխատանքներին.
բ) մասնակցությունը հիմնարար հետազոտությունների արդյունքների ներդրման աշխատանքներին, հանրապետության տնտեսական զարգացման հեռանկարային ու առավել հրատապ և ժամանակակից խնդիրների, գիտարար արտադրությունների և տեխնոլոգիաների մշակման հիմնահարցերի լուծման ուղղությամբ տարվող գիտական հետազոտություններին.
գ) մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում գիտության, հատկապես նրա ժամանակակից ուղղությունների, ճյուղերի և ծրագրերի ձևավորման, ակադեմիական, բուհական և ճյուղային գիտության միահյուսման, գիտության, կրթության և մշակույթի միասնական գիտատեխնիկական քաղաքականության իրականացմանը.
դ) մասնակցությունը գիտատեխնիկական առաջընթացի հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության ակտերի մշակմանը և Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի գիտական հիմնավորմանը.
ե) մասնակցությունը հիմնարար հետազոտությունների, պետական կարևորություն ունեցող գիտական և տնտեսական նախագծերի փորձաքննությանը.
զ) բարձրորակ գիտական կադրերի պատրաստումը.
է) ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների և հանրապետության բուհերի ու գերատեսչական գիտահետազոտական հաստատությունների հիմքի վրա ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գիտակրթական համալիրների և ընկերակցությունների ստեղծմանն աջակցելը:
(7-րդ կետը լրաց. 10.06.99 N 403)
8. ՀՀ ԳԱԱ-ն իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) անց է կացնում մրցույթներ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար կարևոր գիտական խնդիրների լուծման նպատակով.
բ) զարգացնում է Հայաստանի Հանրապետության գիտնականների միջազգային համագործակցությունը, պայմանագրեր է կնքում այլ երկրների գիտահետազոտական կենտրոնների հետ, մասնակցում է միջազգային գիտական կազմակերպությունների ստեղծմանը, նրանց գործունեությանը, անց է կացնում միջազգային գիտաժողովներ, խորհրդակցություններ և սիմպոզիումներ, անդամակցում է միջազգային գիտական կազմակերպություններին, համագործակցում է նրանց հետ.
գ) հրատարակում է գիտական պարբերականներ և լույս է ընծայում ՀՀ ԳԱԱ-ի գիտնականների աշխատությունները.
դ) շնորհում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից սահմանված մրցանակներ և մեդալներ.
ե) իրականացնում է ՀՀ գործող օրենսդրությունից և սույն օրենսդրությունից բխող այլ գործառույթներ:
III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ
9. ՀՀ ԳԱԱ-ն ունի հետևյալ կառուցվածքը`
ընդհանուր ժողով.
նախագահություն.
բաժանմունքներ.
ինստիտուտներ և այլ ձեռնարկություններ:
ՀՀ ԳԱԱ-ն ունի երեք բաժանմունք, որոնք ձևավորվում են ըստ գիտության բնագավառների`
ա) ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական գիտությունների.
բ) բնական գիտությունների.
գ) հումանիտար գիտությունների:
10. ՀՀ ԳԱԱ-ի համակարգն ընդգրկում է նրա ենթակայության տակ գտնվող գիտահետազոտական ինստիտուտները, գիտահետազոտական կենտրոնները, լաբորատորիաները, փորձարարական գործարանները, փորձատարածքները, դիտարանները, փորձակայանները, բուսաբանական այգիները, գրադարանները, հրատարակչությունը, արխիվները, թանգարանները, գիտահետազոտական արշավախմբերը, ասպիրանտուրան և Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված կարգով ստեղծված մյուս գիտական և գիտաօժանդակ կազմակերպությունները և հիմնարկները:
IV. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովը
11. ՀՀ ԳԱԱ-ի ղեկավար բարձրագույն մարմինն ընդհանուր ժողովն է: Ընդհանուր ժողովը բաղկացած է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից, ՀՀ ԳԱԱ-ի գիտական հիմնարկների տնօրեններից և ՀՀ ԳԱԱ-ի գիտական հիմնարկների լիազոր ներկայացուցիչ գիտաշխատողներից, որոնք ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից սահմանված քվոտաներով ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի գիտական հիմնարկների գիտական կոլեկտիվների ժողովների կողմից` մեկ տարի ժամկետով: Լիազոր ներկայացուցիչների թիվը ՀՀ ԳԱԱ-ի յուրաքանչյուր բաժանմունքի գծով սահմանում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը:
Լիազոր ներկայացուցիչների թիվն ըստ բաժանմունքների չի գերազանցում տվյալ բաժանմունքի ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի մեկ երրորդը: Համակարգի յուրաքանչյուր գիտական հիմնարկի քվոտան սահմանվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից` համապատասխան բաժանմունքի ներկայացմամբ:
(11-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
12. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը`
ա) հաստատում է ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընտրությունների մասին կանոնադրությունը, ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների կանոնադրությունները և ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների մասին օրինակելի կանոնադրությունը.
բ) որոշում է հիմնարար հետազոտությունների հիմնական ուղղությունները, քննարկում դրանց զարգացման ընթացքը, լուծում ՀՀ ԳԱԱ-ի կարևորագույն կազմակերպական հարցերը, լսում, քննարկում և հաստատում ՀՀ ԳԱԱ-ի նախագահության, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի հաշվետու զեկուցումները.
գ) լսում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունը.
դ) լսում է ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների, համակարգի հիմնարկների, առանձին գիտնականների զեկուցումները, քննարկում գիտական և գիտակազմակերպական հիմնախնդիրները, ընտրում ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը, ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտին: Ընդհանուր ժողովում ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները, արտասահմանյան և պատվավոր անդամները սույն օրենսդրության VI բաժնի համաձայն:
(12-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
13. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը գումարվում է ոչ պակաս, քան տարեկան երկու անգամ: ՀՀ ԳԱԱ-ի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովն անցկացվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ` հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ընդհանուր ժողովի արտահերթ նիստերը հրավիրվում են ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ երկրորդի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի պահանջով:
ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել ընդհանուր ժողովի անդամները` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության միջոցով, ՀՀ ԳԱԱ-ի գիտական հիմնարկների գիտաշխատողները և գիտական խորհուրդները` բաժանմունքների որոշմամբ.
14. Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է նրա անդամների առնվազն երկու երրորդը:
15. ՀՀ ԳԱԱ-ի օրինադրության նախագծի կամ օրինադրության մեջ փոփոխությունների և լրացումների վերաբերյալ առաջարկություններն ընդունվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից` ձայների երկու երրորդի մեծամասնությամբ: ՀՀ ԳԱԱ-ի օրինադրությունը և օրինադրության մեջ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները հաստատվում են ՀՀ կառավարության կողմից:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը
16. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունն ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում ՀՀ ԳԱԱ-ի կառավարման կոլեգիալ մարմինն է:
ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը կազմավորվում է.
ա) ի պաշտոնե անդամներից` ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտ, փոխպրեզիդենտներ, ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս քարտուղար, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար, Երևանի պետական համալսարանի ռեկտոր, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրեզիդենտ.
բ) ընտրովի անդամներից` որոնց թվաքանակը և կազմը ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի առաջարկով որոշում է ընդհանուր ժողովը, որն էլ ընտրում է նրանց:
Նախագահության երկարամյա նախկին անդամները նախագահության որոշմամբ կարող են հաստատվել ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի կամ համապատասխան ինստիտուտների տնօրենների խորհրդականներ կամ պատվավոր տնօրեններ: Խորհրդականների և պատվավոր տնօրենների համար պահպանվում են ակադեմիայի համակարգում զբաղեցրած վերջին պաշտոններին համապատասխան աշխատավարձը և գործող օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:
ՀՀ ԳԱԱ-ի գիտական և գիտավարչական բոլոր պաշտոնները զբաղեցվում են ընտրությունների միջոցով` հինգ տարի ժամկետով:
Նախագահության կազմում ընտրվելու համար անհրաժեշտ է ստանալ քվեարկության համար հաստատված ցուցակի մեջ ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությունը:
Պրեզիդենտի, փոխպրեզիդենտների, ակադեմիկոս քարտուղարի և նախագահության մյուս անդամների միջև պարտականությունների բաշխումը կատարում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը` ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի առաջարկությամբ:
Նախագահությունն իր գործունեությամբ հաշվետու է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին:
Նախագահությունը տարեկան ընդհանուր ժողովին զեկուցում է ընդհանուր ժողովի նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ՀՀ ԳԱԱ-ի գիտական կարևոր ձեռքբերումների, իր ընդունած կարևորագույն որոշումների և դրանց կատարման ընթացքի մասին:
17. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը կարող է վաղաժամկետ դադարեցնել ՀՀ ԳԱԱ-ի նախագահության գործունեությունը կամ ազատել նրա առանձին անդամների և այս դեպքում անցկացնել նախագահության կամ նրա առանձին ընտրովի անդամների ընտրություններ, մնացած ժամկետի համար: Նախագահության առանձին անդամների վաղաժամկետ ազատման որոշումն ընդունվում է փակ (գաղտնի) քվեարկությամբ ընդհանուր ժողովի մասնակիցների ձայների առնվազն երկու երրորդի մեծամասնությամբ:
18. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը`
ա) հրավիրում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի նիստեր.
բ) առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գիտահետազոտական և գիտաօժանդակ հիմնարկների ու ձեռնարկությունների ստեղծման, վերակազմավորման և լուծարման վերաբերյալ, հաստատում է (համապատասխան բաժանմունքների ներկայացմամբ) այդ հիմնարկների և ձեռնարկությունների կանոնադրությունները, որոշում է ՀՀ ԳԱԱ-ի նոր ստեղծված գիտահետազոտական հիմնարկների աշխատանքների ուղղությունները և մասնագիտացումը.
գ) ապահովում է ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների և ինստիտուտների ընդհանուր ղեկավարումը.
դ) ձևավորում է գիտական խորհուրդներ և հանձնաժողովներ` հիմնարար հետազոտությունների կարևորագույն հիմնահարցեր մշակելու, փորձագիտական աշխատանքներ իրականացնելու համար.
ե) ղեկավարում է ՀՀ ԳԱԱ-ի հրատարակչական գործունեությունը, հաստատում է ՀՀ ԳԱԱ-ի հրատարակչական պլանը և վերահսկում դրա կատարումը.
զ) ներկայացնում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին ակադեմիայի տարեկան հաշվետվությունները.
է) հաստատում է ակադեմիայի գիտահետազոտական ինստիտուտների, մյուս գիտական և գիտաօժանդակ հիմնարկների տնօրեններին և ամսագրերի գլխավոր խմբագիրներին:
19. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը հաստատում է ակադեմիայի բյուջետային ֆինանսավորման տարեկան պլանը: ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին ներկայացնում ֆինանսական պլանի կատարման հաշվետվությունը, որը ՀՀ ԳԱԱ-ի տարեկան հաշվետվության մասն է:
Նախագահությունը ստեղծում է հատուկ հիմնադրամներ, պահուստներ, այդ թվում արտաբյուջետային հիմնարար հետազոտությունների առավել հեռանկարային ուղղությունների նպատակային ֆինանսավորման համար, ինչպես նաև գիտական աշխատությունների հրատարակման և ՀՀ ԳԱԱ-ի գիտաշխատողների սոցիալական պաշտպանվածության ապահովման համար:
20. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը վերահսկողություն է իրականացնում ակադեմիայի բոլոր անդամների, նրա հիմնարկների և պաշտոնատար անձանց կողմից ՀՀ ԳԱԱ-ի օրինադրության կատարման նկատմամբ:
21. ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունն ունի աշխատակազմ, որն ստեղծվում և գործում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից հաստատված կանոնադրության համաձայն:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը
22. ՀՀ ԳԱԱ-ի բարձրագույն պաշտոնատար անձը ակադեմիայի պրեզիդենտն է, որն իրականացնում է ՀՀ ԳԱԱ-ի գործունեության ընդհանուր և օպերատիվ ղեկավարումը:
23. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից:
24. ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտը`
ա) նախագահում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովներում և նրա նախագահության նիստերում.
բ) ընդհանուր ժողովին առաջարկում է ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտների և ակադեմիկոս քարտուղարի թեկնածությունները` խորհրդակցելով բաժանմունքների հետ.
գ) ՀՀ ԳԱԱ-ի նախագահության հաստատմանն է ներկայացնում նախագահության աշխատակազմի կառուցվածքը, թվաքանակը և հաստիքացուցակը.
դ) հանդիսանում է ՀՀ ԳԱԱ-ի վարկերի գլխավոր կարգադրիչը.
ե) ստորագրում է ՀՀ ԳԱԱ-ի կողմից կնքվող գիտական համագործակցության մասին և այլ պայմանագրեր, համաձայնագրեր.
զ) առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովին` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության անդամների վաղաժամկետ ազատման վերաբերյալ.
է) ապահովում է ՀՀ օրենքների, օրենսդրական մյուս ակտերի, ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի և նրա նախագահության որոշումների կատարումը.
ը) ստորագրում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից ընդունված որոշումները, իր կողմից արձակվող հրամանները, կարգադրությունները, մյուս փաստաթղթերը.
թ) իրականացնում է սույն օրենսդրությունից բխող այլ գործառույթներ:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի տեղակալներ, որոնք պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են պրեզիդենտի կողմից:
Տեղակալների միջև պարտականությունների բաշխումը կատարում է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտը:
(24-րդ կետը լրաց. 10.06.99 N 403)
25. Իր իրավասության շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն արձակում է հրամաններ և կարգադրություններ, ինչպես նաև իրավունք ունի վերացնելու ՀՀ ԳԱԱ-ի համակարգի մեջ մտնող գիտահետազոտական ինստիտուտների, հիմնարկների, կազմակերպությունների օրենսդրությանը և սույն օրինադրության պահանջներին հակասող հրամաններն ու կարգադրությունները:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտն աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում ՀՀ ԳԱԱ-ի աշխատակազմի աշխատողներին:
26. ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտների, ակադեմիկոս քարտուղարի, նախագահության մյուս անդամների կողմից պարտականությունների կատարման անհնարինության կամ զբաղեցրած պաշտոններից վաղաժամկետ ազատման դեպքում ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտը նախագահությանն առաջարկություններ է ներկայացնում ՀՀ ԳԱԱ-ի նախագահության այդ անդամների ժամանակավոր փոխարինման կամ թափուր մնացած տեղերի ժամանակավոր զբաղեցման թեկնածուների վերաբերյալ` մինչև ՀՀ ԳԱԱ-ի առաջիկա ընդհանուր ժողովը:
27. Պրեզիդենտի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պրեզիդենտի պարտականությունները կատարում է փոխպրեզիդենտներից մեկը:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխպրեզիդենտները, ակադեմիկոս քարտուղարը
28. ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտները և ակադեմիկոս քարտուղարն ընտրվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից:
(28-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
29. ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտներն իրականացնում են համապատասխան բնագավառի ուղղությամբ ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների ընդհանուր ղեկավարումը` միաժամանակ հանդիսանալով այդ բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարներ:
ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտների քանակը սահմանվում է բաժանմունքների քանակով:
30. ՀՀ ԳԱԱ-ի փոխպրեզիդենտները` ապահովում են հիմնարար գիտության համապատասխան բնագավառների զարգացման մոտակա և երկարաժամկետ ծրագրերի մշակումը, իրականացնում են համապատասխան բաժանմունքների և պրոբլեմային գիտական խորհուրդների գործունեության գիտակազմակերպական ղեկավարումը.
ապահովում են բաժանմունքի ընդհանուր ժողովին և նախագահության նիստերին համապատասխան բաժանմունքների կողմից ներկայացվող առաջարկությունների նախապատրաստումը և նշված մարմինների կողմից ընդունված որոշումների կատարումը.
ղեկավարում են միջազգային գիտական կապերի կազմակերպումը, հրատարակչական գործունեությունը, գիտական կադրերի պատրաստումը.
կատարում են ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի կողմից տրված հանձնարարությունները:
31. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս քարտուղարը նախապատրաստում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովները և նախագահության նիստերը, վերահսկողություն է սահմանում ընդհանուր ժողովների և նախագահության որոշումների, ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի հրամանների և կարգադրությունների կատարման նկատմամբ, կազմակերպում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և ՀՀ ԳԱԱ-ի հաշվետվության նախապատրաստումը, իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական և այլ մարմինների հետ օպերատիվ կապը:
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի բաժանմունքը
32. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքները գիտությունների տվյալ ճյուղում կատարվող գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման հիմնական կենտրոններն են:
Բաժանմունքներն իրենց կազմում ունեն պրոբլեմային գիտական խորհուրդներ, գիտական կենտրոններ, գիտական և գիտաօժանդակ այլ հիմնարկներ:
33. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքը միավորում է տվյալ բաժանմունքում ընտրված ակադեմիայի անդամներին, ինչպես նաև տվյալ բաժանմունքի կազմի մեջ մտնող ինստիտուտների, մյուս գիտական և գիտաօժանդակ հիմնարկների գիտաշխատողներին:
34. ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքի ղեկավար մարմինը բաժանմունքի ընդհանուր ժողովն է, որն ընդգրկում է տվյալ բաժանմունքի ՀՀ ԳԱԱ-ի անդամներին, բաժանմունքի ենթակայության տակ գտնվող գիտական հիմնարկների տնօրեններին, ինչպես նաև այդ հիմնարկների գիտական կոլեկտիվների կողմից, սահմանված քվոտաներով մեկ տարի ժամկետով ընտրված լիազոր ներկայացուցիչ գիտաշխատողներին: Այդ գիտաշխատողները նույն ժամկետով տվյալ բաժանմունքի ենթակայության տակ գտնվող գիտական հիմնարկների կողմից լիազորվում են նաև ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողով:
Բաժանմունքի ընդհանուր ժողովը գումարվում է ոչ պակաս, քան տարեկան չորս անգամ: Բաժանմունքի տարեկան հաշվետու ընդհանուր ժողովն անցկացվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ` հաջորդ տարվա առաջին եռամսյակում: Ընդհանուր ժողովի արտահերթ նիստեր հրավիրվում են բաժանմունքի անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ երկրորդի, ինչպես նաև բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի, ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և ՀՀ ԳԱԱ-ի պրեզիդենտի պահանջով:
Բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն նրա բոլոր անդամները, բացառությամբ սույն օրինադրության 47-րդ, 48-րդ կետերով նախատեսված դեպքերի:
Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե նրա նիստերին մասնակցում են ընդհանուր ժողովի անդամների առնվազն երկու երրորդը: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են ժողովին ներկա անդամների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն օրինադրության 48-րդ կետով նախատեսված դեպքի:
35. Բաժանմունքի ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակահատվածում բաժանմունքի աշխատանքները ղեկավարում է բաժանմունքի բյուրոն, որն ընտրվում է տվյալ բաժանմունքի անդամներից և համապատասխան ինստիտուտների տնօրեններից:
Բյուրոյի գործունեությունը գլխավորում է բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը:
Ակադեմիկոս քարտուղարի տեղակալը, բյուրոյի անդամներն ու գիտական քարտուղարն ընտրվում են բաժանմունքի ընդհանուր ժողովում:
Ակադեմիկոս քարտուղարի տեղակալը ընտրվում է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներից: Բաժանմունքի բյուրոյի ամբողջ կազմի ընտրություններն անցկացվում են միաժամանակ` գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով:
Բաժանմունքի բյուրոն իր գործունեության համար հաշվետու է բաժանմունքի ընդհանուր ժողովի առջև: Բյուրոն բաժանմունքի ընդհանուր ժողովին զեկուցում է ժողովների միջև ընկած ժամանակահատվածում իր կողմից կատարված աշխատանքների մասին:
Հերթական ընտրությունների ժամանակ բյուրոն տվյալ բաժանմունքի ընդհանուր ժողովին ներկայացնում է անցած հնգամյա ժամանակաշրջանում իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
(35-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
36. Բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարը ՀՀ ԳԱԱ-ի նախագահության նիստերում ներկայացնում է բաժանմունքի իրավասությանը վերապահվող հարցերը, նախագահում է բաժանմունքի ընդհանուր ժողովում և իր գործունեությամբ հաշվետու է բաժանմունքի ընդհանուր ժողովի և ՀՀ ԳԱԱ-ի նախագահության առաջ:
Բաժանմունքի ընդհանուր ժողովի և բաժանմունքի բյուրոյի իրավասությունները սահմանվում են ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքի մասին կանոնադրությամբ, որը հաստատում է ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովը:
37. Բաժանմունքի պրոբլեմային խորհուրդները, որոնք միավորում են տվյալ նեղ մասնագիտության գծով գիտնականներին, կոորդինացնում են հիմնարար գիտության կոնկրետ պրոբլեմների գծով հետազոտությունները, քննարկում են հանրապետության զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող հիմնարար և կիրառական հիմնահարցերը, ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների քննարկմանն են ներկայացնում եզրակացություններ ու առաջարկություններ, լուծում են այլ գիտական և կազմակերպական հարցեր:
Պրոբլեմային գիտական խորհուրդների ցանկը և հիմնական խնդիրները սահմանում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը:
V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ
ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ
38. ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գտնվող հիմնական սկզբնական գիտական հաստատությունը գիտահետազոտական ինստիտուտն է, որի գլխավոր նպատակը հիմնարար գիտական հետազոտությունների կազմակերպումն ու իրականացումն է:
Գիտահետազոտական ինստիտուտը գտնվում է ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքներից մեկի անմիջական ենթակայության տակ և հանդիսանում է տվյալ բաժանմունքի բաղկացուցիչ մասը:
Գիտահետազոտական ինստիտուտն ունի բաժիններ, լաբորատորիաներ, թեմատիկ խմբեր և այլ գիտահետազոտական կառուցվածքային միավորներ: Անհրաժեշտության դեպքում ինստիտուտը կարող է ունենալ նաև արտադրական և փորձարարական ստորաբաժանումներ:
39. ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտը ղեկավարում է ինստիտուտի տնօրենը: Ինստիտուտի տնօրենն ընտրվում է ինստիտուտի գիտական կոլեկտիվի կողմից առաջադրված թեկնածուներից, համապատասխան բաժանմունքի ընդհանուր ժողովում, փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով և հաստատվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության կողմից:
Ինստիտուտը իրավաբանական անձ է:
VI. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
40. ՀՀ ԳԱԱ-ի անդամներ են հանդիսանում ակադեմիկոսները, պատվավոր անդամները և արտասահմանյան անդամները:
(40-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
41. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս ընտրվում են այն գիտնականները, որոնք գիտությունը հարստացրել են առաջնակարգ գիտական նշանակություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած աշխատանքներով, ստեղծել են գիտական դպրոց:
Հայաստանի կամ իրենց գործունեությամբ Հայաստանի հետ կապված գիտական ակնառու արդյունքներ ունեցող, աշխարհում ճանաչված գիտնականները կարող են ընտրվել ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան կամ պատվավոր անդամներ:
ՀՀ ԳԱԱ-ի անդամներն ընտրվում են ցմահ:
(41-րդ կետը փոփ. 05.03.96 N 73 )
42. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների առավելագույն թիվը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից` ՀՀ ԳԱԱ-ի նախագահության առաջարկությամբ:
(42-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
43. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Ընտրությունների անցկացման ժամկետը, մասնագիտությունների անվանումը և թափուր տեղերի թվաքանակն ըստ առանձին մասնագիտությունների առաջարկում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունը և հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(43-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
44. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների, արտասահմանյան և պատվավոր անդամների ընտրություններն անցկացվում են սույն օրինադրությամբ, ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից հաստատված ընտրությունների մասին կանոնադրությանը համապատասխան:
(44-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
45. Ընտրությունների անցկացման մասին ՀՀ ԳԱԱ-ի նախագահության հայտարարությունը հրապարակվում է մամուլում ոչ ուշ, քան ընտրությունների անցկացման օրվանից երկու ամիս առաջ:
ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսի թեկնածությունների առաջադրման իրավունքը վերապահվում է ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսներին գիտական հիմնարկներին, բարձրագույն ուսումնական հաստատություններին: Թեկնածուների առաջադրումը կատարվում է գիտական և գիտատեխնիկական խորհուրդների նիստերում` ձայների պարզ մեծամասնությամբ:
(45-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
46. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների ընտրություններն անցկացվում են ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում` ՀՀ ԳԱԱ-ի բաժանմունքների ընդհանուր ժողովներում ընտրված թեկնածուների թվից:
(46-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
47. ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թեկնածուների ընտրության ժամանակ բաժանմունքի ընդհանուր ժողովում վճռական ձայնի իրավունք ունեն տվյալ բաժանմունքի ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները:
(47-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
48. Բաժանմունքի առանձին անդամների հարգելի պատճառով բացակայության դեպքում բաժանմունքի ընդհանուր ժողովին մասնակցող ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների և ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր ցուցակները ճշգրտվում են ժողովից առաջ, և բաժանմունքը հաստատում է դրանք քվեարկության համար: Բաժանմունքի ընդհանուր ժողովն իրավազոր է անցկացնելու ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թեկնածուների ընտրություններ, եթե քվեարկությանը մասնակցում է տվյալ բաժանմունքում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընդհանուր թվի ոչ պակաս, քան երեք քառորդը:
Ընտրություններն անցկացվում են գաղտնի քվեարկությամբ:
Բաժանմունքների ընդհանուր ժողովներում ընտրված ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թեկնածուների թվաքանակը չպետք է գերազանցի տվյալ բաժանմունքի համապատասխան թափուր տեղերի թվաքանակը:
ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսի թեկնածու ընտրված են համարվում այն անձինք, որոնք ստացել են առավելագույն թվով ձայներ, բայց ոչ պակաս քան տվյալ բաժանմունքի քվեարկության ցուցակում ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թվի երկու երրորդը:
(48-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
49. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովում ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս ընտրելիս վճռական ձայնի իրավունք ունեն ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսները: Քվորումը և քվեարկության կարգն այնպիսին են, ինչպես բաժանմունքների ընդհանուր ժողովներում ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների թեկնածուների ընտրության ժամանակ: Քվեարկության համար ցուցակային կազմը հաստատվում է ՀՀ ԳԱԱ-ի նախագահության որոշմամբ:
ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս ընտրված են համարվում այն անձինք, որոնք ստացել են ցուցակային կազմի մեջ ընդգրկված ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոսների ձայների պարզ մեծամասնությունը:
(49-րդ կետը փոփ. 05.03.96 N 73)
50. ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի կողմից, բաժանմունքների առաջարկությամբ, ՀՀ ԳԱԱ-ի արտասահմանյան և պատվավոր անդամների ընտրություններն անցկացվում են ՀՀ ԳԱԱ-ի անդամների ընտրությունների համար նախատեսված կարգով: Քվեարկության կարգը որոշում է ընդհանուր ժողովը:
VII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
51. ՀՀ ԳԱԱ-ի յուրաքանչյուր անդամ ՀՀ ԳԱԱ-ի որևէ բաժանմունքի անդամ է:
52. ՀՀ ԳԱԱ-ի անդամներն իրավունք ունեն իրենց բաժանմունքի բյուրոյի և ՀՀ ԳԱԱ-ի նախագահության քննարկմանը ներկայացնել գիտական և գիտակազմակերպական հարցեր, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ-ի նախագահության և բաժանմունքի միջոցով այդ հարցերի քննարկումը տեղափոխել բաժանմունքի ընդհանուր ժողով և ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողով:
53. ՀՀ ԳԱԱ-ի անդամներն իրավունք ունեն ընտրել և ընտրվել ակադեմիայի ղեկավար մարմինների կազմում:
54. ՀՀ ԳԱԱ-ի անդամները պարտավոր են կատարել ակադեմիայի ղեկավար մարմինների որոշումները, մասնակցել ՀՀ ԳԱԱ-ի վրա դրված խնդիրների կատարմանը: Ամեն տարի հաշվետվություն ներկայացնել իրենց գիտական և կազմակերպչական գործունեության մասին այն բաժանմունքներին, որի գծով նրանք ընտրվել են ՀՀ ԳԱԱ-ի անդամ:
VIII. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՄԻՋՈՑՆԵՐԸ
55. ՀՀ ԳԱԱ-ի գույքը և միջոցները ձևավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, պայմանագրային աշխատանքներից ստացված եկամուտներից, հանրապետական և միջազգային հիմնադրամների, այլ կազմակերպությունների ու մասնավոր անձանց նվիրատվություններից:
56. ՀՀ ԳԱԱ-ն և համակարգի հաստատությունները, հիմնարկներն ու ձեռնարկություններն իրենց օգտագործման, տիրապետման և տնօրինության տակ ունեն շենքեր, շինություններ, կառույցներ, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ, կապի միջոցներ և այլ գույք, ինչպես նաև ակադեմիայի համակարգում աշխատողների սոցիալական պահանջների բավարարումն ապահովող գույք (բնակարանային ֆոնդ, պոլիկլինիկա, հյուրանոցներ, հանգստյան տներ, պանսիոնատներ, ճամբարներ, գիտնականների ստեղծագործական տներ և այլն):
57. ՀՀ ԳԱԱ-ի համակարգի գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
58. ՀՀ ԳԱԱ-ի գործունեության ֆինանսավորման հիմնական աղբյուրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներն են:
Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուր կարող են ծառայել պետական, հասարակական և մասնավոր հիմնադրամներից հատկացվող միջոցները, ինչպես նաև այն միջոցները, որոնք ստացվում են հանրապետության և այլ պետությունների պատվիրատուների հետ կնքված պայմանագրերի և համաձայնագրերի հիման վրա:
59. ՀՀ ԳԱԱ-ն տնօրինում է պետական բյուջեից սահմանված կարգով իրեն հատկացվող ֆինանսական միջոցները, դրանք բաշխում է ըստ գիտական ուղղությունների և փորձաքննությամբ հաստատված գիտահետազոտական թեմաների:
60. ՀՀ ԳԱԱ-ի համակարգում գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են պայմանագրային հիմունքներով:
X. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
61. ՀՀ ԳԱԱ-ն կարող է վերակազմավորվել կամ լուծարվել ՀՀ ԳԱԱ-ի ընդհանուր ժողովի առաջարկությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀՀ ԳԱԱ-ի լուծարման դեպքում նրա գույքի և այլ միջոցների տնօրինման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծվում է լուծարային հանձնաժողով:
(հավելվածը փոփ. 05.03.96 N 73, լրաց. 10.06.99 N 403)