Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Աշխատանքի պահպանության բնագավառում համագործակցության մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
հիմնվելով Տնտեսական միության ստեղծման մասին Պայմանագրի դրույթների վրա,
նշելով աշխատանքի պահպանության հիմնախնդիրների միջպետական բնույթը և դրանց լուծման կարևորությունը աշխատողների կյանքի և առողջության անվտանգության սոցիալական երաշխիքների ապահովման գործում,
ձգտելով Կողմերի միջև համակողմանի համագործակցության զարգացմանը և խորացմանը, և ղեկավարվելով փոխշահավետության հիմքերով կուտակված փորձի և գիտատեխնիկական ներուժի օգտագործման հիման վրա աշխատանքի պահպանության բնագավառում համադրված գործողությունների անցկացման ապահովման անհրաժեշտությամբ,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Կողմերը աշխատանքի պահպանության բնագավառում ազգային քաղաքականության ձևավորման և իրականացման հարցերում ունենալով լիարժեք ինքնուրույնություն.
նպատակահարմար են համարում աշխատանքի պահպանության հարցերով համադրված քաղաքականության անցկացում` հաշվի առնելով միջազգային հանրաճանաչ նորմերը և կանոնները,
ճանաչում են Աշխատանքի անվտանգության չափանիշների համակարգի (ԱԱՉՀ) չափանիշները, որպես միջպետական աշխատանքի պահպանության միասնական նորմեր և կանոններ, ըստ համաձայնեցված ցանկի, որն ըստ անհրաժեշտության վերանայվում է, հաշվի առնելով Կողմերի ազգային օրենսդրությունների պահանջները և ԱԱՉՀ կատարելագորմանն ուղղված համատեղ աշխատանքների արդյունքները,
հաստատում են աշխատանքի պահպանության մասին համաձայնեցված կամ համատեղ մշակված նորմերը և պահանջները, որոնք վերաբերում են փոխմատակարարվող մեքենաներին, մեխանիզմներին, սարքավորումներին, նյութերին, տեխնոլոգիաներին, աշխատանքի պահպանության միջոցներին,
կիրառում են աշխատանքի պահպանության բնագավառում համաձայնեցված հասկացություններ և սահմանումներ,
ստեղծում են աշխատանքի պահպանության տվյալների շտեմարանով համատեղ տեղեկատվական համակարգ և կազմակերպում են այդ հարցի վերաբերյալ հրապարակումներ:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերը աշխատանքի պահպանության բնագավառում իրականացնում են համաձայնեցված գործունեություն հետևյալ ուղղություններով.
մեքենաների, մեխանիզմների, արտադրական նշանակության այլ արտադրանքի, նոր նյութերի, տեխնոլոգիաների և նախագծվող օբյեկտների նկատմամբ աշխատանքի պահպանության պահանջների հաստատում,
անհատական և հավաքական պաշտպանության ավելի արդյունավետ միջոցների, դրանց պատրաստման համար ժամանակակից նյութերի ստեղծում, պաշտպանության սարքավորումների և միջոցների պարտադիր սերտիֆիկացման իրականացում,
միջպետական ծրագրերի և տեխնիկական նախագծերի մշակում և իրականացում, կարևորագույն գիտահետազոտական աշխատանքների համատեղ անցկացում,
աշխատանքի պահպանության բնագավառում համաձայնեցված մեթոդոլոգիայի հիման վրա ցուցանիշների և պետական հաշվետվության համակարգի մշակում,
կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման կազմակերպում,
արտադրությունում դժբախտ պատահարների հետաքննության և հաշվառման, ինչպես նաև աշխատանքային պարտականություններ կատարելիս աշխատողին խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ վնասման հետևանքով հասցված վնասի փոխհատուցման կարգի կատարելագործում,
մասնակցություն սույն Համաձայնագրի մասնակից պետությունների քաղաքացիների հետ սույն Համաձայնագրի այլ մասնակից պետություններում նրանց աշխատանքի (գործուղման) ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների հետաքննությանը,
տեղեկության փոխանակում, միջպետական ցուցահանդեսների, գիտաժողովների, գիտական համաժողովների, սեմինարների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրներով խորհրդակցությունների անցկացում,
աջակցություն աշխատանքի պահպանության, այդ բնագավառում հսկողության պետական ղեկավարման մարմինների, ինչպես նաև համապատասխան գիտահետազոտական կազմակերպությունների միջև կանոնավոր շփումներին և խորհրդակցություններին:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերից յուրաքանչյուրը սույն Համաձայնագրի ստորագրումից հետո առնվազն մեկ ամսվա ընթացքում կսահմանի Լիազոր մարմինը (մարմինները), որի վրա կդրվի Համաձայնագրի իրականացումը:
Սույն Համաձայնագրով նախատեսված հարցերով առաջարկությունների նախապատրաստման համար, Կողմերի Լիազոր մարմինները ստեղծում են փորձագետների աշխատանքային խմբեր:
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների բնակչության աշխատանքի, միգրացիայի և սոցիալական պաշտպանության Խորհրդակցական խորհրդի միջոցով անհատույց հիմունքներով տեղեկություններ են փոխանակում.
աշխատանքի պահպանության վիճակի մասին,
աշխատանքի պահպանության վերաբերյալ ընդունված օրենսդրական և այլ նորմատիվ ակտերի մասին,
աշխատանքի պահպանության հիմնախնդիրներով մշակումների, նախատեսվող սեմինարների, համաժողովների, ցուցահանդեսների և այլ միջոցառումների մասին:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերը պարտավորություն են ստանձնում ֆինանսավորելու աշխատանքի պահպանության բնագավառում գործունեության համաձայնեցված ուղղությունների իրականացման աշխատանքները:
Համագործակցության համար իրականացման համատեղ ընդունված ծրագրերի, նախագծերի և միջոցառումների ֆինանսավորման կարգը և պայմանները սահմանում են Կողմերի Լիազոր մարմինները:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է (առանց օրինականացման) աշխատանքի պահպանության հարցերով աշխատողների կրթության, նրանց որակավորման և բարձր վտանգավորության աշխատանքներ կատարելու թույլտվության վերաբերյալ մյուս Կողմերի լիազոր մարմինների կողմից տրված վկայագրերը, վկայությունները, հավաստագրերը և այլ փաստաթղթեր:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի կատարման հետ կապված հարցերը լուծվում են Կողմերի Լիազոր մարմինների միջև խորհրդակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 8
Փոխադարձ պայմանավորվածությամբ, Կողմերը սույն Համաձայնագրում կարող են կատարել անհրաժեշտ լրացումներ և փոփոխություններ, որոնք ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով և հանդիսանում սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ մասնակից պետությունների ներպետական ընթացակարգերի կատարումը հավաստող երեք Կողմերի ծանուցումները ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` միանալու մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ մեկ տարի ժամկետով: Կողմերից յուրաքանչյուրը կարող է հայտարարել սույն Համաձայնագրից դուրս գալու իր մտադրության մասին` համապատասխան ժամանակաշրջանի ավարտից առնվազն վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի դեկտեմբերի 9-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1995 թվականի մարտի 10-ից:
