Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Վճարային միության ստեղծման մասին
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունները, այսուհետ՝ Կողմեր,
համարելով Վճարային միության և վճարումների արդյունավետ համակարգի ստեղծումը անհրաժեշտ պայման Տնտեսական միության նորմալ գործունեության համար,
պայմաններ ձևավորելով ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի համար,
ձգտելով առևտրատնտեսական հարաբերությունների հավասարակշռվածության ապահովմանը,
նպաստելով փոխշահավետ կոոպերացիոն և այլ տնտեսական կապերի հիման վրա ազգային տնտեսությունների տնտեսական ներուժի աճին,
հաշվի առնելով ժողովուրդների սերտ պատմական և մշակութաէթնիկ կապը,
պայմաններ ստեղծելով փոխհաշվարկների օպտիմալ համակարգի փուլային կառուցման համար,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Ստեղծել Վճարային միություն Կողմերի կամավոր միավորման միջոցով հաշվարկների անխափանության ապահովման նպատակով ազգային արժույթների փոխադարձ փոխարկելիության օգտագործման ռեժիմում և դրա հիմքի վրա վճարային համակարգի ձևավորումը:
Վճարային միության ստեղծումը Կողմերը դիտում են որպես փուլային գործընթաց և ձեռնամուխ են լինում դրա իրագործմանը երկկողմ և բազմակողմ համաձայնագրեր կնքելու միջոցով:
Հաջորդ փուլում Կողմերը կարող են իրականացնել միջոցառումներ հավաքական արժույթով հաշվարկների բազմակողմ համակարգի ստեղծման ուղղությամբ:
Հ ո դ վ ա ծ 2
Վճարային միության ձևավորումը հիմնվում է հետևյալ սկզբունքների վրա.
ազգային արժութային ինքնիշխանության և Կողմերի կենտրոնական (ազգային) բանկերի դերի ճանաչումը Կողմերից յուրաքանչյուրի տարածքում որպես դրամավարկային էմիսիոն կենտրոններ և դրամավարկային և արժութային կարգավորման մարմիններ,
Կողմերից յուրաքանչյուրի տարածքում կոնտրակտներով նախատեսված առևտրային և ոչ առևտրային գործողություններով որպես վճարման միջոցներ ազգային արժույթների ընդունման և օգտագործման որևէ սահմանափակման անթույլատրելիություն,
պետական արտաքին առևտրային և արժութային կարգավորման կանոնների սահմանում, որոնք Կողմերից յուրաքանչյուրի տարածքում նպաստում են լիարժեք (լիկվիդային) արժութային շուկայի զարգացմանը ազգային արժույթի մյուս Կողմերի ազգային արժույթների և այլ արժույթների առուվաճառքի գործողություններով,
սոցիալապես նշանակալի վճարումներով այլ Կողմերի արժույթներով ազգային արժույթի երաշխավորված փոխարկելիության ապահովումը` կենսաթոշակների, ալիմենտների, պետական նպաստների, մուծումների և փոխհատուցումների փոխանցումը, ներառյալ աշխատանքային պարտականությունները կատարելու հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությունը այլ կերպ վնասած աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման հետ կապված վճարումները, դատական և քննչական մարմինների վճիռների, որոշումների, սահմանումների հիման վրա վճարվող գումարները, քաղաքացիների մահվան հետ կապված վճարումները, քաղաքական ճնշումների զոհերին, նրանց ընտանիքների անդամներին և ժառանգներին դրամական փոխհատուցումները և ծախսերի փոխհատուցումը դատական, քննչական, արբիտրաժային, նոտարական և այլ իրավապահ մարմիններին,
լիազորված առևտրային բանկերին արտաքին տնտեսական գործողություններով հաշվարկներ իրականացնելու իրավունքի տրամադրում, վարկեր տրամադրել թղթակցային բանկերին և արտաքին տնտեսական գործողությունների մասնակից այլ ոչ ռեզիդենտներին,
վճարումների արժույթի որոշման մասով վարչական սահմանափակումների անթույլատրելիություն Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև կոնտրակտներ կնքելու դեպքում,
ոչ ռեզիդենտներին ազգային արժույթ տիրապետելու և Կողմերի շրջանակներում ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարման, ոչ առևտրային բնույթի վճարումների համար այն օգտագործելու հնարավորության տրամադրում:
Հ ո դ վ ա ծ 3
Վճարային միության հիման վրա ձևավորվող վճարային համակարգը սպասարկում է հաշվարկները.
ապրանքաշրջանառության հետ կապված միջպետական և ձեռնարկատիրական ոլորտներում,
ոչ առևտրային գործողությունների հետ կապված,
տրանսպորտի, կապի և այլ ճյուղերում ծառայությունների հետ կապված,
պետական, բանկային, առևտրային վարկերի հետ կապված,
փոխանակման (կոնվերսիոն) արժութային գործողությունների հետ կապված,
Կողմերի բանկային համակարգերի միջոցով կանխիկ արժույթի գնման (վաճառքի) հետ կապված:
Վճարային համակարգի մասնակիցներն են.
Կողմերի Կառավարությունները` նրանց միջև կնքված երկկողմ և բազմակողմ համաձայնագրերով,
կենտրոնական (ազգային) բանկերը, որոնք ապահովում են վճարային համակարգի գործունեությունը, արժութային կարգավորման նորմերի և կանոնների մերձեցումը,
առևտրային բանկերը, որոնք կենտրոնական (ազգային) բանկերի կողմից լիազորված են օտարերկրյա արժույթով գործողություններ կատարելու,
Միջպետական բանկը, որը հանդիսանում է Վճարային միության մասնագիտացված հաստատություն և իրականացնում է հաշվարկներ կենտրոնական (ազգային) բանկերի միջև բազմակողմ քլիրինգի հիման վրա, գործողություններ է կատարում Կողմերի արտարժութային շուկաներում, վարում է տվյալների բազան` Կողմերի կենտրոնական (ազգային) և այլ բանկերի տեղեկատվական ապահովման համար, ի շահ Վճարային միության կատարում է այլ գործառույթներ,
տնտեսվարող սուբյեկտները` իրավաբանական անձինք և առանց իրավաբանական անձ կազմավորելու իրենց գործունեությունը իրականացնող ձեռնարկատերերը,
ֆիզիկական անձինք` Կողմերի ռեզիդենտները ոչ առևտրային գործողություններ կատարելուց:
Հ ո դ վ ա ծ 4
Որպես վճարման արժույթ վճարային համակարգի մասնակիցները իրենց ընտրությամբ կարող են օգտագործել Կողմերի ազգային արժույթները կամ այլ արժույթներ:
Միջազգային հաշվարկները իրականացվում են կենտրոնական (ազգային) և լիազորված առևտրային ու այլ բանկերի թղթակցային հաշիվների միջոցով:
Վճարային համակարգի մասնակիցները կարող են մյուս Կողմի ազգային արժույթով դրամական միջոցներ տեղավորել նրա ներքին դրամային շուկայում` այդ Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կողմերը արտաքին տնտեսական բոլոր տեսակի գործողությունների համար կպահպանեն միասնական արժութային կուրսի ռեժիմ:
Վճարային համակարգի մասնակիցները կկիրառեն փոխանակային կուրս, որը որոշվում է Կողմերի արտարժութային շուկաներում պահանջարկով և առաջարկով:
Կողմերը կձգտեն համաձայնեցված միջոցներ իրականացնել ազգային արժույթների արժութային կուրսերի կայունության պահպանման համար:
Փոխանակային կուրսերի կարգավորման նպատակով կենտրոնական (ազգային) բանկերը ստեղծում և օգտագործում են կայունացնող հիմնադրամները ազատ փոխարկելի արժույթներում և թանկարժեք մետաղներում:
Կողմերը կապահովեն ոչ ռեզիդենտ բանկերի, ինչպես նաև Միջպետական բանկի մուտքը իրենց ներքին արժութային շուկաներ, իրենց ազգային օրենսդրություններին համապատասխան:
Կողմերի ազգային արժույթների փոխանակումը ֆիզիկական անձանց իրականացվում է առևտրային բանկերի և այլ բանկային հաստատությունների կողմից` արժութային շուկայում ձևավորվող փոխանակային կուրսով:
Կողմերը կապահովեն մյուս Կողմերի արժույթների փոխանակման ռեժիմի ազատականացումը ազգային արժույթով ոչ ռեզիդենտների հաշիվներին միջոցների մնացորդները:
Կենտրոնական (ազգային) բանկերը պատասխանատվություն չեն կրում Կողմերի առևտրային բանկերի մոտ ծագող պարտավորությունների կարգավորման համար:
Հ ո դ վ ա ծ 5
Արժութավճարային և վարկային հարաբերությունների, Կողմերի բազմակողմ հաշվարկավարկային հարաբերությունները շոշափող արժութային կանոնների մերձեցման և կատարելագործման, դրամավարկային և արժութային քաղաքականության համակարգման ձևերի և մեթոդների զարգացման բնագավառում բազմակողմ համագործակցության կազմակերպմանը օժանդակելու նպատակով, Կողմերը կստեղծեն Միջպետական արժութային կոմիտե:
Հ ո դ վ ա ծ 6
Վճարային համակարգի տեղեկատվական-տեխնիկական ապահովման համար կստեղծվեն Միջպետական բանկի և առևտրային բանկերի ասոցիացիաների տվյալների տեղեկատվական-տեղեկատու բազաներ: Անհրաժեշտության դեպքում, վճարային համակարգի տեղեկատվական սպասարկման համար փակ բաժնետիրական ընկերության ձևով, կստեղծվի միջազգային մասնագիտացված կազմակերպություն: Այդ կազմակերպության բաժնետոմսերի հսկող փաթեթը կպատկանի կենտրոնական (ազգային) բանկերին և իսկ մնացած բաժնետոմսերը կբաշխվեն առևտրային բանկերի շրջանում:
Հ ո դ վ ա ծ 7
Կողմերը կհամագործակցեն և համաձայնեցված միջոցներ կձեռնարկեն արժութային հսկողության հարցերում` ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հիման վրա, որի առնչությամբ կհանձնարարեն իրենց համապատասխան գործադիր մարմիններին կնքելու անհրաժեշտ համաձայնագրեր:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերը անդրազգային ֆինանսաարդյունաբերական և բանկային խմբերի կայացման և զարգացման, արտադրության միջազգային մասնագիտացվածության և կոոպերացիայի ընդլայնման, գիտատեխնիկական և ներդրումային համագործակցության, փոխադարձ ապրանքաշրջանառության համար վարկաբանկային և արժութաֆինանսական բարենպաստ պայմաններ ապահովող միջոցառումներ կիրականացնեն:
Կողմերը կհանձնարարեն Միջպետական բանկին նպաստելու միջպետական նախագծերի վարկավորմանը և ֆինանսավորմանը` փոխգործակցելով Կողմերի առևտրային բանկերի և միջազգային ֆինանսավարկային կազմակերպությունների հետ:
Հ ո դ վ ա ծ 9
Կողմերը ակտիվացնում են փոխադարձ շփումները չվճարումների հիմնախնդիրների լուծման, ինչպես նաև բարտերային գործարքների ծավալների կրճատման համար` միջազգային տնտեսական շրջանառությունում մուրհակների, ինչպես նաև Միջպետական բանկի և այլ մասնագիտացված հաստատությունների միջոցով բազմակողմ քլիրինգի մեխանիզմի ներդրման գծով միջոցառումների հաշվին:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և/կամ կիրառման հետ կապված Կողմերի միջև ծագող ցանկացած վեճ կամ տարաձայնություն, ինչպես նաև սույն Համաձայնագրով կամ դրա հետ կապված Կողմերի իրավունքները և պարտավորությունները շոշափող այլ վեճերը կկարգավորվեն հետևյալ կարգով.
շահագրգիռ Կողմերի միջև անմիջական խորհրդակցություններ անցկացնելու միջոցով,
հատուկ համաձայնեցնող ընթացակարգի շրջանակներում աշխատանքային խմբեր ստեղծելու միջոցով` վեճի նյութերի ուսումնասիրման և երաշխավորությունների մշակման համար,
միջազգային իրավունքով նախատեսված այլ ընթացակարգերի շրջանակներում:
Հաջորդ ընթացակարգին անցումը հնարավոր է Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոնց միջև ծագել են վիճելի հարցեր կամ տարաձայնություններ, կամ նրանցից մեկի պահանջով` ընթացակարգը սկսելու օրվանից վեց ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում:
Հ ո դ վ ա ծ 11
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:
Սույն Համաձայնագրի վերաբերյալ վերապահումներ չեն թույլատրվում:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրը բաց է Անկախ Պետությունների Համագործակցության ցանկացած մասնակից պետության կողմից միանալու համար, որը ճանաչում է միանալու պահին գործող սույն Համաձայնագրի դրույթները և պատրաստակամություն է հայտնում կատարել դրանք լրիվ ծավալով:
Միացումը իրականացվում է միացող պետության հետ կնքվող առանձին համաձայնագրում սահմանվող պայմաններով և կարգով, ինչը նախապես համաձայնեցվում է և ենթակա է բոլոր Կողմերի հավանությանը` նրանց ներպետական ընթացակարգերին համապատասխան:
Հ ո դ վ ա ծ 13
Յուրաքանչյուր Կողմ իրավունք ունի ազատ դուրս գալ Համաձայնագրի մասնակիցների կազմից` դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցելով ավանդապահին: Ավանդապահը դրա մասին մեկամսյա ժամկետում ծանուցում է բոլոր Կողմերին:
Ցանկացած Կողմի կողմից սույն Համաձայնագրի դրույթների խախտման դեպքում, ինչը էական վնաս է հասցնում նրա նպատակների ձեռքբերմանը, մյուս Կողմերը իրավունք ունեն որոշում ընդունել այդ Կողմի նկատմամբ Համաձայնագրի կամ նրա առանձին դրույթների գործողության դադարեցման մասին, կամ իրավունք ունեն որոշում ընդունել նրան Համաձայնագրի մասնակիցների կազմից բացառելու մասին:
Հնարավոր վեճերի, այդ թվում գույքային բնույթի, և տարաձայնությունների կարգավորման նպատակների համար, սույն Համաձայնագրի դրույթները շարունակում են գործել մասնակցությունը դադարեցրած Կողմի նկատմամբ` մինչ բոլոր պահանջների լրիվ կարգավորումը:
Հ ո դ վ ա ծ 14
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ այն ստորագրած Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Սույն Համաձայնագրի ավանդապահը Բելառուսի Հանրապետությունն է:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1994 թվականի հոկտեմբերի 21-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1996 թվականի փետրվարի 12-ից:
