Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
1995Թ. ՄԱՅԻՍԻ 26-Ի՝ աՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1995թ. մայիսի 26-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային համագործակցության Խորհրդի ստեղծման մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները, այսուհետ՝ Կողմեր,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հ Ո Դ Վ Ա Ծ 1
Հաստատել Համաձայնագրի անբաժանելի մաս հանդիսացող՝ Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Մշակութային համագործակցության Խորհրդի մասին Կանոնակարգը՝ նոր խմբագրությամբ (կցվում է):
Հ Ո Դ Վ Ա Ծ 2
Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցագիրն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:
Հ Ո Դ Վ Ա Ծ 3
Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո միանալու համար բաց է յուրաքանչյուր ԱՊՀ մասնակից պետութան համար՝ միանալու մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:
Միացող պետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթն ավանդապահի ստանալուց 30 օր հետո:
Կատարված է Սանկտ Պետերբուրգ քաղաքում 2011 թ. հոկտեմբերի 18-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Արձանագրությունն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
1995թ. մայիսի 26-ի՝
ԱՊՀ մասնակից պետությունների
մշակութային համագործակցության խորհրդի ստեղծման մասին Համաձայնագրով
(2011 թ. հոկտեմբերի 18-ի խմբագրությամբ)
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների
Մշակութային համագործակցության խորհրդի մասին
I. Ընդհանուր դրույթներ
1.1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին, նախանշված է համաձայնեցված համագործակցության ապահովման և իր իրավասությունների սահմաններում մշակույթի բնագավառի խնդիրների լուծման համար:
1.2. Իր գործունեության մեջ Խորհուրդն առաջնորդվում է Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրությամբ, ԱՊՀ շրջանակներում ընդունված պայմանագրերով ու որոշումներով և սույն Կանոնակարգով:
1.3. Խորհուրդը կոչված է կազմակերպելու և համաձայնեցնելու որոշումների կատարումը, որոնք վերաբերում են Խորհրդի` ԱՊՀ Պետությունների ղեկավարների խորհրդի, Կառավարությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Տնտեսական խորհրդի կողմից ընդունված իրավասություններին:
1.4. Խորհուրդը փոխգործակցում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ԱՊՀ այլ մարմինների հետ, անհրաժեշտության դեպքում` այլ միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների, ինչպեա նաև ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների հետ:
1.5. Խորհուրդն իր գործունեության մեջ հաշվետու է ԱՊՀ Կառավարության ղեկավարների խորհրդին:
1.6. Խորհրդի աշխատանքների մասին հաշվետվությունը սահմանված կարգով քննարկվում է Պետությունների ղեկավարների խորհրդի, Արտաքին գործերի նախարարների խորհրդի, ԱՊՀ Տնտեսական խորհրդի, Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Համագործակցության մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի, ինչպես նաև ԱՊՀ Տնտեսական խորհրդին կից Տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստերին:
1.7. Խորհուրդը ԱՊՀ Գործադիր կոմիտեին տրամադրում է ամենամյա տեղեկատվություն իր գործունեության մասին:
1.8. Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:
II. Խորհրդի գործառույթները
Խորհուրդն իր իրավասությունների շրջանակներում կատարում է հետևյալ գործառույթները.
2.1. ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության հարցերի քննարկում:
2.2. Մշակութային համագործակցության հետագա զարգացման հնարավորությունների ուսումնասիրում, ներառյալ ԱՊՀ շրջանակներում մշակութային կապեր իրականացնող պետական և հասարակական կառույցների փոխգործակցությունը, մասնակից պետությունների հետաքրքրություններին համապատասխան՝ ԱՊՀ մշակույթի ոլորտի գործընթացների և միտումների ուսումնասիրություն:
2.3. Բազմակողմ միջազգային պայմանագրերի, համալիր ծրագրերի նախագծերի և Խորհրդի իրավասությանը վերաբերող այլ հարցերով փաստաթղթերի մշակում, մշակույթի ոլորտում համատեղ միջոցառումների անցկացում:
2.4. Աջակցություն ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթի ոլորտի պետական իշխանության մարմիններին, հասարակական կազմակերպություններին մշակույթի ոլորտի համաձայնեցված գործողությունների մշակման հարցում:
III. Խորհրդի իրավունքները
Խորհուրդն իրավունք ունի.
3.1. ԱՊՀ մասնակից պետություններից և ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմիններից սահմանված կարգով պահանջելու տեղեկատվություն իր իրավասություններին վերաբերող հարցերի շուրջ:
3.2. Սահմանված կարգով ներկայացնելու առաջարկություններ ԱՊՀ Պետությունների ղեկավարների և Կառավարությունների ղեկավարների խորհրդի քննարկմանը:
3.3. Ստեղծել մշտական և ժամանակավոր աշխատանքային խմբեր Խորհրդի իրավասություններին վերաբերող հարցերի շուրջ փաստաթղթերի նախագծեր պատրաստելու համար:
3.4. Իր իրավասությունների սահմաններում ընդունելու որոշումներ և հանձնարարականներ:
3.5. Լուծել իր իրավասությունների մեջ մտնող այլ հարցեր:
IV. Խորհրդի ձևավորման կարգը
4.1. Խորհրդի անդամներ են հանդիսանում ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթի բնագավառի պետական իշխանության մարմինների ղեկավարները:
Խորհրդի նիստերին Խորհրդի անդամին փոխարինող անձանց ուղարկելու դեպքում նրանց լիազորությունները պետք է հաստատված լինեն գրավոր:
4.2. Յուրաքանչյուր պետություն Խորհրդում ունի մեկ ձայն:
4.3. Խորհրդի կազմի մեջ խորհրդատվական ձայնի իրավունքով մտնում են Խորհրդի Քարտուղարության ղեկավարը, ինչպես նաև ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
4.4. Խորհրդի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթի և արվեստի գործիչների՝ միջազգային և ազգային հասարակական միավորումների ներկայացուցիչներ:
4.5. Խորհրդի նիստին կարող են մասնակցել ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների ներկայացուցիչներ:
Սույն Կանոնակարգի 4.4-րդ և 4.5-րդ կետերում նշված անձանց հրավերներն ուղարկվում են Խորհրդի նախագահի կամ, նրա հանձնարարությամբ, ԱՊՀ Գործադիր կոմիտեի կողմից:
V. Խորհրդի աշխատանքների կազմակերպումը
5.1. Խորհրդի նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:
Խորհրդի արտահերթ նիստ կարող է անցկացվել Խորհրդի ցանկացած անդամի առաջարկությամբ, եթե դրա օգտին կարտահայտվի Խորհրդի անդամների մեծամասնությունը:
5.2. Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե ներկա են նրա անդամների առնվազն կեսը:
5.3. Խորհրդի հերթական նիստի անցկացումը որոշվում է նախորդ նիստի ընթացքում՝ Խորհրդի անդամների պայմանավորվածությամբ:
Հերթական նիստի ձևավորված օրակարգը կարող է լրացվել Խորհրդի անդամների առաջարկած այլ հարցերով:
5.4. Խորհրդի նախագահությունն իրականացվում է հաջորդաբար, ԱՊՀ յուրաքանչյուր մասնակից պետության կողմից` ի դեմս նրա ներկայացուցչի, ԱՊՀ մասնակից պետության անվան` ռուսերենի այբբենական կարգով, որպես կանոն` մեկ տարվա ընթացքում:
Նախորդող և հաջորդող Խորհրդի նախագահներ են հանդիսանում նրա համանախագահները: Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են համանախագահներից մեկի վրա:
5.5. Խորհրդի նախագահն իրականացնում է Խորհրդի աշխատանքի ընդհանուր ղեկավարումը, անցկացնում է Խորհրդի նիստերը, Խորհրդի գործունեության հետ կապված հարցերով սահմանված կարգով Խորհուրդը ներկայացնում է ԱՊՀ մարմիններում և Խորհրդի անունից ուղարկում է փաստաթղթեր, իրականացնում Խորհրդի գործունեության ապահվման հետ կապված այլ գործողություններ:
5.6. Խորհրդի որոշումներն ընդունվում են Խորհրդի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
Խորհրդի որոշումներն ունեն հանձնարարականի բնույթ:
Խորհրդի ցանկացած անդամ կարող է հայտարարել այս կամ այն հարցում իր ոչ շահագրգիռ լինելու մասին, ինչը չպետք է դիտարկվի որպես խոչընդոտ որոշում ընդունելու համար: Որոշմանը չհամաձայնող Խորհրդի անդամները կարող են արտահայտել հատուկ կարծիք, որը ներառվում է նիստի արձանագրության մեջ:
Խորհրդի նիստը ձևակերպվում է արձանագրությամբ, որի մեջ ներառվում են Խորհրդի կողմից ընդունված որոշումները: Արձանագրությունն ստորագրվում է Խորհրդի նախագահի կողմից:
Խորհրդի կողմից ընդունված փաստաթղթերի հաշվառումն ու պահպանումն իրականցվում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կողմից:
5.7. Անհրաժեշտության դեպքում Խորհրդի անդամները Խորհրդի կողմից հաստատված ժամկետներում Խորհրդի նախագահին տեղեկացնում են ընդունված որոշումների կատարման մասին:
5.8. Խորհրդի նիստի քննարկման նյութերը կարող են ներկայացվել ինչպես Խորհրդի անդամների, այնպես էլ Խորհրդի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբերի կողմից:
5.9. Առանձին հարցերի վերաբերյալ Խորհրդի որոշումները կարող են ընդունվել աշխատանքային կարգով և ներառվել Խորհրդի հերթական նիստի արձանագրության տեքստում:
VI. Խորհրդի քարտուղարությունը
6.1. Խորհրդի Քարտուղարության գործառույթներն ընկնում են ԱՊՀ մասնակից պետության մշակույթի ոլորտի պետական իշխանության մարմնի վրա, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում՝ ԱՊՀ Գործադիր կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանման հետ համատեղ:
6.2. Խորհրդի քարտուղարության ղեկավար է հանդիսանում ԱՊՀ մասնակից պետության` մշակույթի ոլորտի պետական իշխանության մարմնի ներկայացուցիչը, որի ղեկավարը նախագահում է Խորհրդում, իսկ քարտուղարության ղեկավարի տեղակալ հանդիսանում է ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչը:
6.3. Քարտուղարությունն իրականացնում է Խորհրդի կազմակերպչական տեխնիկական և տեղեկատվական գործունեության ապահովումը:
6.4. Քարտուղարությունը կազմակերպում է Խորհրդի հերթական նիստի անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը և ապահովում Խորհրդի անդամներին նիստի անցկացման ժամկետից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
VII. Ֆինանսավորում
7.1. Խորհրդի նիստերի անցկացման հետ կապված ֆինանսավորման ծախսերն իրականացվում են ընդունող ԱՊՀ մասնակից պետության պետական իշխանության համապատասխան մարմինների հաշվին:
7.2. Խորհրդի անդամների և նիստի մասնակիցների գործուղման ծախսերն իրականացվում են ուղարկող ԱՊՀ մասնակից պետությունների պետական իշխանության մարմինների և կազմակերպությունների հաշվին:
Արձանագրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 2-ին