Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.04.30/25(615)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.03.2008
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.03.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 07-3298/2007թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-148 (ՎԴ)
2008թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Կ. Հակոբյան

                   Լ. Սոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Սարգսյանի

 

Դ. Ավետիսյանի

Հ. Ղուկասյանի

 

Ս. Օհանյանի

 

2008 թվականի փետրվարի 29-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Ալլահվերդյանի և Բաբկեն Տեր-Մանվելյանի բերած վճռաբեկ բողոքները Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Արմեն Ալլահվերդյանի ընդդեմ Բաբկեն Տեր-Մանվելյանի, «Կենտրոն» նոտարական գրասենյակի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է մասնակի անվավեր ճանաչել Բաբկեն Տեր-Մանվելյանի անվամբ 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը և ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 24.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 10.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակիորեն` 1/4 մասով, ճանաչել անվավեր և հայցվոր Արմեն Ալլահվերդյանին ճանաչել իր հոր` Նորայր Ալլահվերդյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Բաբկեն Տեր-Մանվելյանը և Արմեն Ալլահվերդյանը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Ըստ Բ. Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքի՝

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ և 280-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը, ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կովենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 17-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նորայր Ալլահվերդյանը դիմել է դատարան՝ Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Հետագայում հայցից հրաժարվել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ հայցից հրաժարվելու դեպքում կրկին նույն հայցով դատարան դիմելու իրավունքը վերապահված է միայն նույն հայցվորին, այսինքն՝ Նորայր Ալլահվերդյանին, այլ ոչ թե Արմեն Ալլահվերդյանին: Բացի այդ, հայցից հրաժարումը նշանակում է հրաժարում ոչ թե ժառանգությունից, այլ արդեն իսկ ընդունված ժառանգական գույքից:

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե արդյոք սույն իրավահարաբերություններում առկա է հայցվորի որևէ սուբյեկտիվ իրավունքի, նյութաիրավական կամ օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտություն այն դեպքում, երբ նման իրավունքից օգտվելու ցանկություն չի ունեցել այն անձը, որի իրավունքների պաշտպանությամբ հանդես են գալիս նրա մահվանից հետո:

Վերոգրյալի հիման վրա, վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և այն փոփոխել, հայցը մերժել:

Ըստ Ա.Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքի՝

Դատարանը ճիշտ չի կիրառել քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ, 1216-րդ, 1225-րդ, 1226-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով Ն.Ալլահվերդյանի կողմից ժառանգական գույքի 1/2-րդ մասը ընդունելու փաստը, այնուամենայնիվ Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 և 10.11.2004 թվականներին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը անվավեր է ճանաչել մասնակի՝ 1/4-ի մասով:

Վերոգրյալի հիման վրա, վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.04.2007 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Նորայր Ալլահվերդյանը ժառանգատուի (Քնարիկ Ալլահվերդյանի) հայրն է, իսկ Բաբկեն Տեր-Մանվելյանը՝ որդին:

2) Արմեն Ալլահվերդյանը Նորայր Ալլահվերդյանի որդին է և առաջին հերթի ժառանգը:

3) Քնարիկ Ալլահվերդյանի մահվան պահից Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 3-րդ շենքի թիվ 324 բնակարանում մշտապես հաշվառված է եղել և բնակվել Նորայր Ալլահվերդյանը:

4) Բաբկեն Տեր-Մանվելյանը 31.10.2001 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական է ստացել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 38 բնակելի տան, իսկ 10.11.2004 թվականին՝ Ալիխանյան փողոցի 3-րդ շենքի 324-րդ բնակարանի նկատմամբ:

5) Նորայր Ալլահվերդյանը դիմել է դատարան՝ Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով: Հետագայում հայցից հրաժարվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

Բաբկեն Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձնի հետևյալ իրավական հարցը.

Արդյո՞ք հայցից հրաժարումը կարող է դիտվել որպես հայցվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1230-րդ հոդվածի համաձայն՝ ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում՝ ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը: Ժառանգությունից հրաժարվելն իրականացվում է ժառանգի կողմից ժառանգության բացման վայրի նոտարին դիմում տալու միջոցով:

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ժառանգը կարող է հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման վայրի նոտարին ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ դիմում տալու միջոցով: Մինչդեռ, սույն քաղաքացիական գործով Նորայր Ալլահվերդյանը նման եղանակով իրեն հասանելիք ժառանգությունից չի հրաժարվել:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքում ներկայացված պատճառաբանությանն այն մասին, որ հայցից հրաժարումը անհրաժեշտ է որակել որպես ժառանգությունից հրաժարում, ապա Վճռաբեկ դատարանը այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հայցվորն իրավունք ունի մինչև դատարանի կողմից վճիռ կայացնելը փոխել հայցի հիմքը կամ առարկան, ավելացնել կամ նվազեցնել հայցային պահանջների չափը կամ հրաժարվել հայցից:

Վերոնշյալից հետևում է, որ հայցից հրաժարումը հայցվորի դատավարական իրավունքն է: Հայցից հրաժարվելով, հայցվորն ըստ էության հրաժարվում է ոչ թե պատասխանողի նկատմամբ ունեցած պահանջից, այլ քաղաքացիական դատավարության կանոններով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցից:

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև դատավարական օրենքի այն կարգավորումը, համաձայն որի՝ հայցից հրաժարումը հայցվորին չի զրկում նույն հայցով կրկին անգամ դատարան դիմելու իրավունքից: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը հրաժարվել է հայցից: Նույն օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործի վարույթի կարճման դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ չի թույլատրվում կրկին դիմել դատարան, բացառությամբ սույն oրենսգրքի 109 հոդվածի 6-րդ կետով նախատեսված դեպքի:

Այսինքն՝ Նորայր Ալլահվերդյանը, հրաժարվելով Բաբկեն Տեր-Մանվելյանի ժառանգության իրավունքի վկայագրերը մասնակի անվավեր ճանաչելու և իրեն ժառանգական գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով ներկայացված հայցադիմումից, չի զրկվել նույն հայցով կրկին անգամ դատարան դիմելու իրավունքից:

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև վճռաբեկ բողոքի այն հիմնավորումը, համաձայն որի Արմեն Ալլահվերդյանը պատշաճ հայցվոր չէ, քանի որ Նորայր Ալլահվերդյանը չի օգտվել իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնրավորությունից, հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ սույն oրենսգրքի կանոններով:

Նույն օրենսգրքի 1186-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման oրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Հիմք ընդունելով վերոնշյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արմեն Ալլահվերդյանը Նորայր Ալլահվերդյանի որդին է և առաջին հերթի ժառանգը, հետևաբար, Արմեն Ալլահվերդյանին է անցնում Նորայր Ալլահվերդյանին պատկանող գույքային բոլոր իրավունքները, այդ թվում՝ Նորայր Ալլահվերդյանի կողմից արդեն իսկ ընդունած վեճի առարկա ժառանգական գույքի նկատմամբ սեփականության իրավունքը:

Հետևաբար, վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Նորայր Ալլահվերդյանի դատարան դիմելու իրավունքը ծագել է ժառանգության ընդունման փաստով, ինչը բխում է նյութական իրավահաջորդի դատավարական իրավազորությունից:

Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի առաջին կետի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի առաջին կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել, իսկ նույն կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի համաձայն՝ դատարանը վճիռ կայացնելիս որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, ինչպես նաև հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով այն հանգամանքը, որ Նորայր Ալլահվերդյանը ընդունել է ժառանգական գույքի 1/2 մասը, այնուհանդերձ վճռել է Բաբկեն Տեր-Մանվելյանին 31.10.2001 թվականին և 10.11.2004 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը անվավեր ճանաչել 1/4-ի մասով: Այսինքն՝ առկա է անհամապատասխանություն Վերաքննիչ դատարանի վճռի պատճառաբանական և եզրափակիչ մասերում:

Հիմք ընդունելով վերոնշյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական խախտումը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքի հիմնավոր լինելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 02.10.2007 թվականի վճիռը բեկանելու հիմք է:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Արմեն Ալլահվերդյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.10.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 27.04.2007թվականի վճռին:

2. Բաբկեն Տեր-Մանվելյանի վճռաբեկ բողոքը մերժել:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Հ. Մանուկյան

Դատավորներ`

Ա. Մկրտումյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Սարգսյան

 

Դ. Ավետիսյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան