«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2 նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2002 թվականի N 1678-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև ջրօգտագործողների ընկերությունների (միությունների) կայացման, ոռոգման համակարգերը ջրօգտագործողների ընկերություններին (միություններին) անհատույց օգտագործման իրավունքով փոխանցման գործընթացին աջակցելու, ոռոգման համակարգերը հանրային-մասնակցային կառավարման միջոցով արդյունավետ շահագործելու և ընկերությունների (միությունների) գործունեությունը համակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ և հաստատել նրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ։
5. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարածքային մարմիններին և առաջարկել տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ջրային տնտեսության զարգացման քաղաքականության իրականացման ու ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների կայացմանը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (կանոնակարգող խորհրդի նախագահ)
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետի խորհրդական
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ
Տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչ
Բնագավառի մասնագետ
Բնագավառի մասնագետ
Ջրօգտագործող
Ջրօգտագործող
(1-ին հավելվածը լրաց. 22.04.04 N 532-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդը (այսուհետ՝ կանոնակարգող խորհուրդ) հասարակական հիմունքներով աշխատող մարմին է: Կանոնակարգող խորհուրդն ստեղծվել է «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն։
2. Կանոնակարգող խորհուրդն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
3. Կանոնակարգող խորհրդի և ջրօգտագործողների ընկերությունների ու ջրօգտագործողների ընկերությունների միությունների (այսուհետ՝ ընկերություններ և միություններ) փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
4. Կանոնակարգող խորհրդի անվանումն է՝ Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ:
II. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
5. Կանոնակարգող խորհրդի հիմնական նպատակը ընկերությունների և միությունների գործունեությունը համակարգելն է:
6. Կանոնակարգող խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է գործադիր մարմնի միջոցով:
7. Կանոնակարգող խորհուրդն իր խնդիրներն իրականացնելու նպատակով՝
ա) ընկերությունների և միությունների կողմից սպասարկվող տարածքների տեխնիկատնտեսական նպատակահարմարության մասին տալիս է գրավոր եզրակացություն.
բ) տալիս է իրավաբանական, հաշվապահական և տեխնիկական հարցերով խորհրդատվություն.
գ) ըստ հաստատված ձևերի՝ վարում է ընկերությունների և միությունների գործունեության վերաբերյալ գրանցամատյանները.
դ) ընկերությունների և միությունների անդամների գրավոր դիմումի հիման վրա իրականացնում է ստուգումներ՝ իր աշխատողների կամ անկախ աուդիտորների միջոցով.
ե) աուդիտի և ստուգումների արդյունքում ընկերության ֆինանսական գործունեության մեջ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ընկերության վարչական խորհրդից կարող է պահանջել հրավիրել ընկերության ժողով, որտեղ կանոնակարգող խորհուրդը ժողովի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները: Եթե վարչական խորհուրդը 30 օրվա ընթացքում չի հրավիրում ընկերության ժողով, ապա կանոնակարգող խորհուրդը կարող է դադարեցնել վարչական խորհրդի լիազորությունները և ինքը հրավիրել ընկերության ժողով.
զ) եթե դադարեցված են վարչական խորհրդի լիազորությունները, ապա կարող է դադարեցնել ընկերության տնօրենի լիազորությունները և նշանակել ժամանակավոր տնօրեն, քանի դեռ ընկերության ժողովը նոր վարչական խորհուրդ չի ընտրել.
է) եթե միության ֆինանսական գործունեության մեջ հայտնաբերում է անճշտություններ, համաձայն կայացրած աուդիտի (ստուգումների), ապա վարչական խորհրդից պահանջում է գումարել նիստ, որտեղ կանոնակարգող խորհուրդը վարչական խորհրդի անդամներին ներկայացնում է հայտնաբերված անճշտությունները և առաջարկում մշակել միջոցառումների ծրագիր՝ իր կողմից սահմանված ժամկետում անճշտությունները վերացնելու համար: Եթե վարչական խորհուրդը միջոցառումների ծրագրին համապատասխան չի վերացնում անճշտությունները, ապա կանոնակարգող խորհուրդը կարող է կասեցնել վարչական խորհրդի լիազորությունները.
ը) եթե վարչական խորհրդի լիազորությունները կասեցված են, ապա կարող է դադարեցնել միության տնօրենի լիազորությունները և նշանակել միության ժամանակավոր տնօրեն, որն իրականացնում է կանոնակարգող խորհրդի մշակած միջոցառումների ծրագիրը.
թ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
8. Կանոնակարգող խորհրդի լիազորած աշխատողը կարող է ստուգել ընկերության և միության հաշվապահական փաստաթղթերը կամ գրանցամատյանները, եթե՝
ա) ընկերության կամ միության անդամների մեկ երրորդը գրավոր պահանջում է.
բ) ընկերության կամ միության հաշիվները կամ տարեկան հաշվետվությունն ուսումնասիրելիս կանոնակարգող խորհուրդը հայտնաբերում է ֆինանսական ոչ ճիշտ կամ անկանոն գործընթացի ապացույցներ:
III. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Կանոնակարգող խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև սույն կանոնադրությամբ սահմանված կարգով հրավիրված արտահերթ նիստերի միջոցով:
10. Կանոնակարգող խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է կանոնակարգող խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, խորհրդի անդամների առնվազն մեկ երրորդի կամ գործադիր մարմնի առաջարկությամբ:
11. Կանոնակարգող խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:
12. Կանոնակարգող խորհրդի նիստը վարում է կանոնակարգող խորհրդի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում՝ նրա հանձնարարությամբ՝ կանոնակարգող խորհրդի անդամներից մեկը:
Կանոնակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում կանոնակարգող խորհրդի նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է:
13. Կանոնակարգող խորհրդի նիստի օրակարգը կազմվում է կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի կողմից և օրակարգի հարցերին վերաբերող համապատասխան փաստաթղթերով տրամադրվում կանոնակարգող խորհրդի անդամներին՝ նիստից առնվազն 5 օր առաջ:
Կանոնակարգող խորհրդի անդամները կանոնակարգող խորհրդի նիստից առնվազն 10 օր առաջ կարող են առաջադրել հարցեր՝ նիստի օրակարգում ընդգրկելու համար: Եթե այդ հարցերը չեն ընդգրկվում օրակարգում, ապա կանոնակարգող խորհրդի գործադիր մարմինը կանոնակարգող խորհուրդ է ներկայացնում համապատասխան հիմնավորում:
14. Օրակարգի հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում նշված հարցի քննարկումը տեղափոխվում է կանոնակարգող խորհրդի հաջորդ նիստ:
15. Կանոնակարգող խորհրդի նիստերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության N 1 շենքում: Կանոնակարգող խորհուրդը կարող է ընդունել որոշում հաջորդ նիստի անցկացման այլ տեղի մասին: Կանոնակարգող խորհրդի նիստն սկսվում է օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին զեկուցմամբ: Կանոնակարգող խորհրդի նիստի օրակարգի հաստատման ժամանակ խորհրդի անդամները կարող են առաջադրել լրացուցիչ հարցեր՝ օրակարգում ընդգրկելու համար։
16. Կանոնակարգող խորհրդի որոշումներն ստորագրում է կանոնակարգող խորհրդի նախագահը: Կանոնակարգող խորհրդի որոշումները ենթակա են պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
17. Կանոնակարգող խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված անձինք, ինչպես նաև օրակարգի հարցերին առնչվող համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչներ:
18. Կանոնակարգող խորհուրդը, գործադիր մարմնի ներկայացմամբ, հարցերը քննարկում է մեկամսյա ժամկետում:
19. Կանոնակարգող խորհուրդն իր կատարած աշխատանքների մասին ամենամյա տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:
IV. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
20. Կանոնակարգող խորհրդի նախագահը՝
ա) կազմակերպում է կանոնակարգող խորհրդի աշխատանքները՝ օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան.
բ) պատասխանատու է կանոնակարգող խորհրդի աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար.
գ) ներկայացնում է կանոնակարգող խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում, այլ մարմիններում և կազմակերպություններում:
V. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
21. Կանոնակարգող խորհուրդը կազմված է 9 անդամից:
Կանոնակարգող խորհրդի կազմում ընդգրկվում են ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարություններից, տարածքային կառավարման մարմիններից, բնագավառի մասնագետներից և ջրօգտագործողներից:
22. Նախարարությունը ներկայացնող՝ կանոնակարգող խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարը:
Կանոնակարգող խորհրդի կազմում տարածքային կառավարման մարմինները ներկայացնող՝ կանոնակարգող խորհրդի անդամների թեկնածություններն առաջարկում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարը:
Կանոնակարգող խորհրդի կազմում ընդգրկվող՝ բնագավառի մասնագետների թեկնածություններն առաջարկում են կանոնակարգող խորհրդի նախագահը և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարները:
Կանոնակարգող խորհրդի կազմում ընդգրկվող ջրօգտագործողների թեկնածություններն առաջարկում են ջրօգտագործողների ընկերությունները և ջրօգտագործողների ընկերությունների միությունները:
23. Կանոնակարգող խորհրդի անդամն իր հիմնական աշխատանքից ազատվելու պահից դադարում է կանոնակարգող խորհրդի անդամ լինելուց:
24. Կանոնակարգող խորհրդի անհատական կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
25. Կանոնակարգող խորհրդի անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել կանոնակարգող խորհրդի նախագահի առաջարկությամբ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
26. Կանոնակարգող խորհրդի այն անդամը, որը համաձայն չէ կանոնակարգող խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք, որը կցվում է որոշմանը և գրառվում կանոնակարգող խորհրդի նիստի արձանագրության մեջ:
VI. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
27. Կանոնակարգող խորհրդի գործավարությունը կազմակերպվում է գործադիր մարմնի միջոցով: Այդ նպատակով գործադիր մարմինը՝
ա) կազմակերպում է կանոնակարգող խորհրդի նիստերի արձանագրային աշխատանքները.
բ) կազմում է կանոնակարգող խորհրդի որոշումների նախագծերը.
գ) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող նյութերը և կազմակերպում դրանց տրամադրումը կանոնակարգող խորհրդի անդամներին.
դ) կանոնակարգող խորհրդի որոշումներն ու նիստերի արձանագրություններն ուղարկում է համապատասխան մարմիններ.
ե) վարում է կանոնակարգող խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
զ) կազմում է կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի հաստիքացուցակը՝ կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի պահպանման համար հաստատված ծախսերի սահմաններում, և այն ներկայացնում կանոնակարգող խորհրդի հաստատմանը:
VII. ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
28. Կանոնակարգող խորհրդի կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ կանոնակարգող խորհրդի ներկայացմամբ։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |