ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-2-Ո-6
2008 թ.
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ Ա. ՍԻՍԱԿՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Վ. Աբելյանի, Ս. Անտոնյանի, Տ. Բարսեղյանի, Ա. Թումանյանի,Ա. Խաչատրյանի, Մ. Մարտիրոսյանի, Տ. Պետրոսյանի, Ն. Տավարացյանի |
մասնակցությամբ դատավոր |
Ա. Սիսակյանի |
քարտուղարությամբ |
Շ. Վարդանյանի |
2008 թվականի փետրվարի 29-ին Երևան քաղաքում՝ դռնփակ նիստում, քննարկելով Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Կարգապահական վարույթ հարուցելու առիթը.
2008 թվականի փետրվարի 6-ին Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի թիվ N-Կ-2-5/08 որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՀՀ դատարաններում կատարված դատական պրակտիկայի ամփոփման տեղեկանքը:
2. Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը.
Կարգապահական հանձնաժողովը Արդարադատության խորհրդին է ներկայացրել եզրակացություն՝ կարգապահական պատասխանատվության հիմք հանդիսացող ներքոհիշյալ խախտումների վերաբերյալ, որոնք հանձնաժողովը գնահատել է որպես նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ:
Ըստ եզրակացության՝
2007 թվականի հունիսի 28-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանը քննել է թիվ 2-4-114/07թ. քաղաքացիական գործն ըստ դիմումի Մանվել Հայրապետյանի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:
Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 275-րդ և 277-րդ հոդվածներով, դիմումը բավարարել է` վերացրել 1998թ. արտադրության «Գազ-33021» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչության 27.11.2006թ. որոշմամբ դրված արգելանքը և թույլատրել Մանվել Հայրապետյանին, որպես իր սեփականություն, ենթարկել պետական գրանցման, այն տնօրինել և շահագործել որպես սեփական գույք:
Կարգապահական հանձնաժողովը, ուսումնասիրելով քաղաքացիական գործը, եզրակացրել է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական և դատավարական օրենքների ակնհայտ խախտումներ, որոնք ՀՀ դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք են հանդիսացել:
Այն է` ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ենթակա է բողոքարկման դատախազին: Ուստի, դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով:
Տվյալ պարագայում, դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Դատարանի կողմից կիրառված՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն, այսինքն պետք է սեփականատիրոջ կողմից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացված լինի, որպեսզի քննարկվի այն հարցը, թե արդյոք այդ գույքը ձեռք բերողը բարեխիղճ ձեռք բերող է, թե` ոչ: Իսկ տվյալ գործերով ավտոմեքենայի «սեփականատիրոջ» կողմից գույքի պահանջ ներկայացված չէ: Բարեխիղճ ձեռք բերողից գույքը պահանջելու իրավունքը ծագում է, եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը, հանձնել է տիրապետման կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
Իսկ ինչ վերաբերում է դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածին, ապա Կարգապահական հանձնաժողովը գտնում է, որ նշված հոդվածի դրույթները որևէ կերպ չեն առնչվում վերոնշյալ գործով քննարկվող հարաբերությունների հետ:
3. Դատավորի բացատրությունում բերված փաստարկները Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանը չառարկեց եզրակացության մեջ նշված փաստերի առկայության դեմ, չվիճարկեց նաև դրանց որակումը որպես կարգապահական խախտում:
Այսպես. 2007 թվականի հունիսի 28-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանի կողմից քննության է առնվել քաղաքացիական գործն ըստ դիմումի Մանվել Հայրապետյանի` գույքն արգելանքից հանելու պահանջի մասին:
Դատարանը դիմումն ընդունել է վարույթ` ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90 հոդվածի պահանջներով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109 հոդվածի 1-ին կետով գործի վարույթը չի կարճվել, քանի որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչության կողմից վիճելի ավտոմեքենան Մ. Հայրապետյանի կողմից գնելու փաստով քրեական գործ հարուցված չի եղել:
Դատարանը, որպես փոխադրամիջոցի սեփականության իրավունքի փոխանցման փաստ է համարել այն, որ 01.11.06թ. Մ. Հայրապետյանը ավտոմեքենան գնել է դրա սեփականատիրոջից, որ իր` որպես գնորդի, և Վրաստանի քաղաքացի Ջ. Շանիձեի միջև օրենքով սահմանված կարգով կնքվել է առուծախի պայմանագիր, որ այն Հայաստանի Հանրապետություն է ներկրվել և մաքսազերծվել ՀՀ օրենսդրությանը համապատասխան, որից հետո Մ. Հայրապետյանին մնում էր միայն պետական գրանցման ենթարկել իր կողմից ձեռք բերված շարժական գույքը:
Դատարանը գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 հոդվածի համաձայն Մ. Հայրապետյանն իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իր կողմից օրենքի պահանջների պահպանմամբ ձեռք բերված գույքը, որպիսի իրավունք նա ձեռք է բերել առուծախի պայմանագրի հիման վրա, իսկ նա իրոք չի իմացել և պարտավոր էլ չէր իմանալ ձեռք բերվող գույքի միջազգային հետախուզման մեջ գտնվելու մասին:
Այս հիմքով էլ դատարանը հղում է կատարել նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275 հոդվածին, գտնելով, որ ստեղծված իրադրության պայմաններում Մ. Հայրապետյանը բարեխիղճ ձեռբերող է, քանի որ ինքը ավտոմեքենան գնել է նրա օրինական տիրոջից:
Դատավոր Ա. Սիսակյանն իր բացատրության մեջ նշել է, որ իրոք, վեճը լուծելիս իր կողմից թույլ են տրվել նյութական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք հետևանք են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275 հոդվածի բովանդակության սխալ մեկնաբանման` դիմողին «բարեխիղճ ձեռբերող» ճանաչելու կամ համարելու առումով, ինչն էլ դատարանին հիմք է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163 և 277 հոդվածների կիրառմամբ նրան ճանաչել որպես ձեռքբերված գույքի սեփականատեր` դրանից բխող իրական բոլոր հետևանքներով:
4. Կարգապահական պատասխանատվության հարցի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
Խորհուրդը հիմք է ընդունում արձանագրված հետևյալ փաստական հանգամանքները.
1. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, այն է` սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պաշտպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:
2. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածը, այն է` սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում:
3. Դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը, որը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն:
4. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի 06.02.2008թ. Կ-2-05/08 որոշմամբ դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը, որի արդյունքում Կարգապահական հանձնաժողովը Խորհրդին միջնորդություն է ներկայացրել դատավոր Արիստակես Սիսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Միջնորդությանը կից ներկայացվել է նաև կարգապահական խախտման վերաբերյալ Կարգապահական հանձնաժողովի եզրակացությունը:
5. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Խորհուրդը որպես կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք արձանագրում է այն, որ 28.06.2007թ. դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, այն է` սեփականության իրավունքը սուբյեկտի օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված և պաշտպանվող իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ, 277-րդ հոդվածներով, հայցը բավարարել է` վերացրել 1998թ. արտադրության «Գազ-33021» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ վարչության 27.11.2006թ. որոշմամբ դրված արգելանքը և թույլատրել Մանվել Հայրապետյանին, որպես իր սեփականություն, այն ենթարկել պետական գրանցման, տնօրինել և շահագործել որպես սեփական գույք:
Խորհուրդը գտնում է նաև, որ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ 3-րդ վարչության` գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը կայացվել է քրեական դատավարության շրջանակներում կատարվող գործողությունների ընթացքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն ենթակա է բողոքարկման դատախազին: Ուստի, դատարանն իրավասու չէր քրեական դատավարության կարգով բողոքարկման ենթակա որոշումը վերացնելու մասին հայցադիմումն ընդունել վարույթ և քննել քաղաքացիական դատավարության կարգով:
Տվյալ պարագայում, դատարանը պետք է ղեկավարվեր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն որի դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:
Խորհուրդը նկատի է ունենում այն հանգամանքը, որ դատավորը նման որոշման կայացմամբ իրեն չի օժտել լրացուցիչ իրավասությամբ, այլ կիրառել է օրենքի դրույթ, որը կոնկրետ տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէր: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածի դրույթներին, համաձայն որի սեփականատերն իրավունք ունի պահանջել վերացնելու իր իրավունքների ամեն մի խախտում, թեկուզև այդ խախտումները զուգորդված չեն եղել տիրապետումից զրկելու հետ, և նույն օրենսգրքի 275 հոդվածի դրույթներին:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածը վերաբերում է բարեխիղճ ձեռք բերողից գույքը հետ պահանջելուն, այսինքն պետք է սեփականատիրոջ կողմից գույքը հետ վերադարձնելու պահանջ ներկայացված լինի, որպեսզի քննարկվի այն հարցը, թե արդյոք այդ գույքը ձեռք բերողը բարեխիղճ ձեռք բերող է, թե` ոչ: Իսկ տվյալ գործերով ավտոմեքենայի «սեփականատիրոջ» կողմից գույքի պահանջ ներկայացված չէ: Բացի դա, եթե առկա է ավտոմեքենայի առուվաճառքի օրինական պայմանագիր, որն անվավեր ճանաչված չէ, դիմումատուն արդեն իսկ հանդիսանում է նշված գույքի օրինական սեփականատերը և բարեխիղճ ձեռք բերող ճանաչելու որևէ իրավական հիմք չկա:
Բարեխիղճ ձեռք բերողից գույքը պահանջելու իրավունքը ծագում է, եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այդ գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր և չէր կարող իմանալ, ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը, կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորների բացատրությունները` Խորհուրդը գտնում է, որ սույն գործով կիրառելի է ՀՀ դատական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ եթե Արդարադատության խորհուրդը նպատակահարմար չի գտնում դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժի միջոց, ապա կարող է բավարարվել հարցի քննարկմամբ` որոշմամբ ամրագրելով կարգապահական պատասխանատվության հիմքերի առկայությունը և կարճելով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը:
Դատավորի գործողություններում մեղքի առկայության մասին.
Խորհուրդը գտնում է, որ վերը հիշատակված այն խախտումները, որոնք Խորհուրդը կարգապահական պատասխանատվության հիմք համարեց, դատավոր Ա. Սիսակյանի կողմից կատարվել են մեղավորությամբ հետևյալ պատճառաբանությամբ:
Սույն կարգապահական վարույթը Կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է դատավոր Արիստակես Սիսակյանի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ խախտումներ թույլ տալու հիմքով: Խորհուրդը գտնում է, որ այն դեպքերում, երբ կարգապահական պատասխանատվության հիմք են դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմերի ակնհայտ խախտումները, որոնց առկայությունը հաստատվում է կարգապահական պատասխանատվության գործի քննությամբ, Խորհուրդը ելնում է դատավորի մեղավորության կանխավարկածից, քանի որ դատական ակտերը, որոնք պարունակում են նյութական և դատավարական օրենքի նորմերի խախտումներ, չեն կարող կայացվել դատավորի մեղքի բացակայությամբ:
Խորհուրդը դատավարական և նյութական օրենքների նորմերի վերը նշված խախտումները բնութագրում է որպես ակնհայտ այն պատճառաբանությամբ, որ դրանցով խախտվել են արդարադատության իրականացման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի նորմերի պահանջները, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել վերոհիշյալ իրավական ակտերով երաշխավորված իրավունքների և ազատությունների սահմանափակմանը, դրանցից զրկելուն, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը խոչընդոտելուն և ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ և օրինական որոշման կայացմանը (Խորհուրդը նյութական կամ դատավարական օրենքի նորմերի ակնհայտ խախտման վերաբերյալ իր իրավական դիրքորոշումն արտահայտել է նախկինում կայացված որոշումներում. տես օրինակ՝ Արդարադատության խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 12-ի ԱԽ-7-Ո-18 թվակիր որոշումը):
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել նաև, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1999 թվականից, աչքի է ընկել օրինավոր վարքագծով, նպաստել է արդարադատության որակի բարձրացմանը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ, 161-րդ հոդվածներով, 162-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Խորհուրդը.
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը մերժել: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը կարճել` բավարարվելով հարցի քննարկմամբ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Վ. Աբելյան Ս. ԱնտոնյանՏ. Բարսեղյան Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Մ. Մարտիրոսյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան |