ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
8 ապրիլի 2008 թ. |
2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՔՐԱԾԱՎԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ» 4895 ARM ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի դեկտեմբերի 14-ին և 2007 թվականի հունիսի 28-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն կազմակերպելու համար փոքրածավալ տեխնիկական օժանդակություն» 4895 ARM նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Ա. Մանուկյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով նամակ-համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Նամակ-համաձայնագրի նպատակը գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրագործելիությունն ուսումնասիրելն է:
Նամակ-համաձայնագրով Ասիական զարգացման բանկը ՀՀ կառավարությանը որպես տեխնիկական օժանդակություն տրամադրում է 150.000 ԱՄՆ դոլար գումար՝ 2007 թվականի հոկտեմբերի 31-ին և 2007 թվականի նոյեմբերի 15-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհահատվածի ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի իրագործելիությունն ուսումնասիրելու նպատակով:
2. Նամակ-համաձայնագրով նախատեսվում է այդ աշխատանքները կատարող խորհրդատուների նկատմամբ կիրառել այն առավելությունները, արտոնությունները և իմունիտետը, որպիսիք 1965 թվականի դեկտեմբերի 4-ին Մանիլայում ստորագրված՝ Ասիական զարգացման բանկի հիմնադիր համաձայնագրին համապատասխան (ՍԴՈ-560, 29.04.2005 թ.) կիրառվում են Ասիական զարգացման բանկի համար առաջադրանքներ կատարող փորձագետների նկատմամբ:
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած վերոհիշյալ պարտավորությունը համահունչ է արտաքին քաղաքականության բնագավառում բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ՝ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2006 թվականի դեկտեմբերի 14-ին և 2007 թվականի հունիսի 28-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Ասիական զարգացման բանկի միջև «Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն կազմակերպելու համար փոքրածավալ տեխնիկական օժանդակություն» 4895 ARM նամակ-համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
|