ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
11 մարտի 2008 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2363-ARM (SF) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի,
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2363-ARM (SF) վարկային համաձայնագրում (Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 18-ին` ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման ծրագրի իրականացմանն ուղղված վարկի տրամադրման նպատակով:
Ըստ համաձայնագրի` Ասիական զարգացման բանկը (այսուհետ` ԱԶԲ) համաձայնում է ԱԶԲ հատուկ ֆոնդից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ, որը հավասար է քսաներեք միլիոն չորս հարյուր իննսունութ հազար Փոխառության հատուկ իրավունքներին (23.498.000 ՓՀԻ)` տարբեր արտարժույթներով: Վարկի եզրափակման ժամկետ է սահմանվում 2013 թվականի հունիսի 30-ը: Ըստ համաձայնագրի Հավելված 2-ի` վարկի մարումն սկսվում է 2016 թվականի փետրվարի 1-ին և ավարտվում 2039 թվականի օգոստոսի 1-ին, վճարման արժույթը` ԱՄՆ դոլար:
2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
-
կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ին և օգոստոսի 1-ին ԱԶԲ-ին վճարել վարկային տոկոսներ` տարեկան մեկ տոկոս (1%) տոկոսադրույքով վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածում, իսկ այնուհետև` տարեկան մեկ և կես տոկոս (1.5%), որը ենթակա է հաշվարկման վարկային հաշվից ստացված վարկի և տարբեր ժամանակահատվածներում չմարված գումարների նկատմամբ (հոդված II, բաժին 2.02., ենթաբաժին «ա», բաժին 2.03.-ի համադրությամբ),
-
վարկային հաշվից ստացված վարկի մայր գումարը մարել ըստ համաձայնագրին կցված ամորտիզացիոն վճարումների 2-րդ հավելվածի (հոդված II, բաժին 2.04.),
-
վարկի մայր գումարի և դրա վրա հաշվարկված տոկոսների մարումը կատարել դոլարով` ըստ Վարկային կանոնակարգի 4.03.(ա) և 4.04. բաժինների (հոդված II, բաժին 2.05.),
-
Վարկային միջոցներով վերավարկավորել Հայջրմուղկոյուղի (այսուհետ` ՀՋԿ) ՓԲԸ-ին՝ համաձայն Լրացուցիչ վարկային համաձայնագրի (համաձայնագրերի), ըստ ԱԶԲ հետ համաձայնեցված դրույթների և պայմանների (եթե ԱԶԲ-ն այլ կերպ չի պահանջում (հոդված III, բաժին 3.01., կետ «ա»),
-
հանձնարարել ՀՋԿ ՓԲԸ-ին տրամադրել վարկային միջոցները Ծրագրից բխող ծախսերի ֆինանսավորման համար՝ համաձայնագրի դրույթների համաձայն (հոդված III, բաժին 3.01., կետ «բ»),
-
ապահովել, որպեսզի ապրանքները, աշխատանքները, խորհրդատվական ծառայությունները և այլ ծախսերը, որոնց ֆինանսավորումը նախատեսվում է կատարել ի հաշիվ վարկային միջոցների, ինչպես նաև վարկային գումարների բաշխումը տարբեր կատեգորիաների միջև, ինչպիսիք են ապրանքները, աշխատանքները, խորհրդատվական ծառայությունները և այլ ծախսերը, համապատասխանեն համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին. ընդ որում` նշված հավելվածը կարող է ժամանակ առ ժամանակ լրամշակվել ՀՀ-ի և ԱԶԲ-ի փոխադարձ համաձայնությամբ (հոդված III, բաժին 3.02.),
-
ապրանքների, աշխատանքների և խորհրդատվական ծառայությունների նպատակով վարկային հաշվից գումարների հանումն իրականացնել միայն համաձայնագրում նշված դեպքերում (հոդված III, բաժին 3.03.),
-
վարկային միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և խորհրդատվական ծառայությունները գնել համաձայնագրի 4-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, եթե ԱԶԲ-ի կողմից այլ կերպ չի պահանջվում (հոդված III, բաժին 3.04.),
-
Ծրագրի իրականացման և Ծրագրի սարքավորումների շահագործման ընթացքում կատարել վարկային համաձայնագրի 5-րդ հավելվածում ամրագրված բոլոր պարտավորությունները (հոդված IV, բաժին 4.01.),
-
հնարավորություն ընձեռել ԱԶԲ ներկայացուցիչներին` զննել ՀՀ-ին կամ ՀՋԿ ՓԲԸ-ին պատկանող Ծրագրի սարքավորումները, բոլոր տեղանքները, տարածքները, գույքը և սարքերը, ինչպես նաև բոլոր համապատասխան գրանցումներն ու փաստաթղթերը (հոդված IV, բաժին 4.03.),
-
ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ՀՋԿ ՓԲԸ-ն հնարավորություն ունենա իրականացնելու իր պարտավորությունները Ծրագրի համաձայնագրի ներքո` ներառյալ սակագների սահմանումն ու կիրառումը, ինչպես նշված է համաձայնագրի 5-րդ հավելվածի 7-րդ կետում, ինչպես նաև խուսափել ցանկացած գործողությունից, որը կխոչընդոտի այդ պարտավորությունների կատարման ընթացքին (հոդված IV, բաժին 4.04.),
-
ապահովել, որպեսզի վարկային միջոցներից ֆինանսավորվող բոլոր ապրանքները, աշխատանքները և խորհրդատվական ծառայությունները ձեռք բերելը համապատասխանի Գնման և Խորհրդատվական ծառայությունների ուղեցույցների պահանջներին (Հավելված 4, մաս Ա, կետ 1),
-
ապահովել, որպեսզի ազգային մրցութային հայտերը (ԱՄՀ) կատարվեն բաց մրցութային մեթոդով (հնարավորության դեպքում` երկաստիճան մրցույթ), որը սահմանված է 2005թ. հունվարի 1-ի Գնումների օրենքում (Հավելված 4, մաս Բ, կետ 4, մաս 1),
-
պարտադրել ՀՋԿ ՓԲԸ-ին, որպես Ծրագրի իրականացման գործակալություն, ստեղծել Ծրագրի կառավարման գրասենյակ (ԾԿԳ), որը պատասխանատու կլինի Ծրագրի ամենօրյա համակարգման, իրականացման և կառավարման համար (Հավելված 5, կետ 2),
-
պարտադրել, որ Ծրագրի համար անհրաժեշտ համաֆինանսավորումը ժամանակին հատկացվի և մասհանվի` Ծրագրի իրականացումն անխափան ավարտելու նպատակով և լրացուցիչ համաֆինանսավորումն ուղղորդվի միջոցների պակասուրդի կամ գերծախսի ծածկման նպատակներով (Հավելված 5, կետ 5),
-
համոզվել, որ ՀՋԿ ՓԲԸ-ն և այլ ծառայություն մատուցող կազմակերպությունները կարող են կիրառել հարկադրման անհրաժեշտ մեխանիզմներ` արդյունավետ հավաքագրում ապահովելու և ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայության դիմաց վճարներից խուսափողներին տուգանելու նպատակով, ինչը կնպաստի հավաքագրման արդյունավետության բարձրացմանը, վճարումներից խուսափումների նվազեցմանը և ջրամատակարարման և ջրահեռացման գործառնությունների անխափանության երաշխավորմանը (Հավելված 5, կետ 6),
-
երաշխավորել տարեկան կտրվածքով սակագնային պլանի պատրաստումը` հաշվի առնելով սպասարկման ծախսերը, այդ թվում` սղաճը, որը կկիրառվի մինչև 2009թ. հունվարի 10-ը, ինչպես նաև այն, որ 2010թ. հունվարին ընդունվելիք սակագինն ամբողջությամբ կներառի շահագործման ծախսերը (Հավելված 5, կետ 7),
-
պարտադրել, որ ՀՋԿ ՓԲԸ-ն ստեղծի և պահպանի բազմակողմ Ծրագրի իրականացման կառավարման համակարգ, գնահատելու է, թե արդյոք Ծրագիրը տեխնիկապես ճշգրտորեն է իրականացվում, և արդյոք Ծրագիրը հասարակական և տնտեսական առումով արդյունավետ է. հատկապես աղքատների և կանանց առումով (Հավելված 5, կետ 16):
3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքներից և ուղղված են ՀՀ Սահմանադրության 10 և 33.2. հոդվածների դրույթների իրականացմանը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2007 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2363-ARM (SF) վարկային համաձայնագրում (Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող Վ. Հովհաննիսյան
11 մարտի 2008 թվականի
ՍԴՈ-738