ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մարտի 2008 թվականի N 259-Ն
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ը» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի վարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4-ամսյա ժամկետում հաստատել բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի գրանցամատյանի օրինակելի ձևը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ` ԲՀՊՏ) պետական կադաստրի վարման կարգը:
2. Բնության հատուկ պահպանվող տարածքների պետական կադաստրի (այսուհետ` պետական կադաստր) վարման խնդիրներն են այդ տարածքների`
1) արդյունավետ պլանավորումը և զարգացումը.
2) գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի անցկացման ընթացքում ստացված տվյալների հավաքագրումն ու դասակարգումը.
3) պահպանության ռեժիմի հսկողության և վերահսկողության բարելավումը.
4) օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածության բացահայտումը:
3. Պետական կադաստրը վարում է բնապահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):
4. Պետական կադաստրի վարման համար հիմք են հանդիսանում ԲՀՊՏ-ների գիտական ուսումնասիրությունները, պետական հաշվառման և մոնիթորինգի իրականացման արդյունքում ստացված տվյալները, կառավարման պլաններում ներառված տեղեկատվությունը, ինչպես նաև տարածքների օգտագործման պայմանագրերի, վճարովի ծառայությունների մատուցման մասին տվյալները և այլն:
5. Պետական կադաստրն ստեղծվում և վարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին:
II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
6. Պետական կադաստրը բաղկացած է հետևյալ բաժիններից`
1) ԲՀՊՏ-ների ընդհանուր բնութագիրը.
2) ԲՀՊՏ-ների պահպանությունը, կենսապաշարների վերարտադրության և վերականգնման ապահովումը.
3) ԲՀՊՏ-ների օգտագործումը.
4) ԲՀՊՏ-ների պահպանությունն իրականացնող մարմինը:
7. «Բնության հատուկ պահպանվող տարածքի ընդհանուր բնութագիրը» բաժինը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) ԲՀՊՏ-ի մակերեսի, սահմանների ու գործառական գոտիների (ներառյալ պահպանման գոտին) նկարագրության մասին և քարտեզագրական նյութեր.
2) ԲՀՊՏ-ի բնական պայմանների նկարագրության մասին (ռելիեֆ, հողային ծածկույթ, ջրագրություն, կլիմա, բուսական և կենդանական աշխարհ` համապատասխան քարտեզներով).
3) բնորոշ և կրիտիկական վիճակում գտնվող էկոհամակարգերի մասին.
4) կենսաբանական բազմազանության, այդ թվում` հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող և Կարմիր գրքում գրանցված տեսակների ու դրանց պոպուլյացիաների մասին.
5) բնական պաշարների, այդ թվում` հողային, ջրային և անտառային, որսի կենդանիների, արդյունագործական նշանակություն ունեցող բուսական ու կենդանական տեսակների որակական, քանակական և տնտեսական բնութագրերի մասին.
6) բնության և պատմամշակութային ժառանգության մասին.
7) ենթակառուցվածքների, այդ թվում` հանգստի, սննդի, այլ սպասարկման օբյեկտների, ճանապարհային ցանցի, տուրիստական երթուղիների և այլնի մասին:
8. «Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունը, կենսապաշարների վերարտադրության և վերականգնման ապահովումը» բաժինը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) անտառի պահպանության միջոցառումների մասին.
2) հողային ռեսուրսների պահպանության, խախտված հողատեսքերի վերականգնման միջոցառումների մասին.
3) ռեկրեացիոն գոտիների բարելավման միջոցառումների մասին.
4) կառավարման պլաններով նախատեսված և իրականացված այլ միջոցառումների մասին.
5) կենսապաշարների պահպանության և վերականգնման ծրագրերով, պետական ու միջազգային ֆինանսավորմամբ նախատեսված և իրականացված միջոցառումների մասին.
6) արձանագրված ռեժիմի խախտումների մասին (ապօրինի անտառահատումներ, հողազավթումներ, որսագողության, ձկնագողության դեպքեր և այլն).
7) արձանագրված հրդեհների մասին (մակերեսը, հասցված վնասի չափը և այլն):
9. «Բնության հատուկ պահպանվող տարածքի օգտագործումը» բաժինը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) օգտագործվող տարածքների և օգտագործման ձևերի մասին` համապատասխան քարտեզագրական նյութերով.
2) սեփականաշնորհված տարածքների (ազգային պարկերի համար) մակերեսի և օգտագործման ձևերի մասին.
3) հանգստի կազմակերպման ձևերի և այդ նպատակով օգտագործման տրամադրված հողատարածքների մասին.
4) անշարժ գույքի պետական միասնական կադաստրում գրանցված հողերի պետական հաշվառման, իրավական (պայմանագրային տվյալներ, սեփականության իրավունք, վարձակալություն և այլն) և տարածական (թվային տեղագրական քարտեզներ` ներառյալ ենթակառուցվածքները, բնակավայրերը, հողատեսքերը) տվյալների մասին.
5) բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում ներառված համայնքների սոցիալ-տնտեսական ցուցանիշների, իրականացված բնապահպանական միջոցառումների մասին:
10. «Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանությունն իրականացնող մարմինը» բաժինը ներառում է հետևյալ տեղեկատվությունը`
1) իրավաբանական կարգավիճակի և դրա ստեղծման մասին.
2) կառուցվածքի և հաստիքների մասին.
3) ամենամյա աշխատանքային ծրագրերի և դրանց կատարման ժամանակացույցի մասին.
4) ըստ ֆինանսական աղբյուրների` ֆինանսավորման և նյութատեխնիկական ապահովման մասին.
5) այլ կազմակերպությունների հետ համագործակցության մասին (գիտական հաստատություններ, հասարակական կազմակերպություններ, դրամաշնորհային ծրագրեր, իրավաբանական և ֆիզիկական անձինք)։
III. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
11. Պետական կադաստրում տվյալների գրանցումը մշտապես իրականացվող գործընթաց է, որն ապահովում է տվյալների համալրումը, դասակարգումը, պահպանումը և փոփոխությունների օպերատիվ մուտքագրումը:
12. ԲՀՊՏ-ների անտառների և անտառային հողերի մասին կադաստրային տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած անտառային պետական կադաստրի վարման կարգին համապատասխան:
13. Պետական կադաստրի վարման ընթացքում ԲՀՊՏ-ների հողերի հետ կապված բոլոր փոփոխությունների մասին տեղեկատվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի պետական հաշվառում իրականացնելու համար:
14. Պետական կադաստրի տվյալները գրանցվում են գրանցամատյանում և համակարգչային տվյալների շտեմարաններում, որի վարման ժամանակ պետք է ապահովվի միմյանց հետ դրանց համադրելիությունը:
15. Պետական կադաստրի տվյալների շտեմարաններում և գրանցամատյաններում տվյալները մուտքագրվում են, և փոփոխությունը կատարվում է դրանք ներկայացվելու օրվանից 20-օրյա ժամկետում: Այն պայմանագրերից ծագող իրավունքների մասին տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պարտադիր պետական գրանցման, հաշվառվում և մուտքագրվում են միայն այդ իրավունքների պետական գրանցումից հետո: Պետական կադաստր վարող լիազորված մարմինը պատասխանատու է տվյալները ճշգրիտ և սահմանված ժամկետներում մուտքագրելու համար:
16. Սույն կարգի 7-10-րդ կետերում նշված պետական կադաստրի ամփոփված տվյալները համարվում են պաշտոնական և կարող են հիմք հանդիսանալ լիազորված պետական մարմինների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար` սոցիալ-տնտեսական ծրագրերի, ռազմավարությունների, պլանների և այլ փաստաթղթերի մշակման, ինչպես նաև որոշումների ընդունման համար:
17. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին պետական կադաստրի տեղեկատվության պաշտոնական տրամադրումն իրականացվում է անվճար` դրանց կողմից ներկայացված հարցման դեպքում:
18. Պետական կադաստրի տվյալները, բացառությամբ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, տեղադրվում են համապատասխան ինտերնետային կայքում, որից կարող են անվճար օգտվել բոլոր շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |