«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հոկտեմբերի 2000 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2000 թվականի N 656
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը (կցվում է):
2. Սահմանել, որ հողերի պետական հաշվառման, Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու, ինչպես նաև համայնքների ու մարզերի վարչական տարածքներում գտնվող հողերի հաշվառման մատյանների ձևերի և լրացման կարգի վերաբերյալ նորմատիվ գերատեսչական ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության, Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության ու Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հետ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:
(3-րդ կետը փոփ. 16.08.01 N 761)
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու մասին» N 6 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ա. Մարգարյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (այսուհետև` հողային հաշվեկշիռ) կազմելու կարգը:
2. Հողային հաշվեկշիռը հողերի ընթացիկ հաշվառման հիման վրա կազմվող յուրաքանչյուր տարվա հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունն է:
3. Հողային հաշվեկշիռը բաղկացած է տեքստից և աղյուսակներից: Հողային հաշվեկշռում արտացոլվում է հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության, հողատեսքերի ու գործառնական նշանակության, սեփականության սուբյեկտների, սեփականության և օգտագործման ձևերի` արտահայտված հողամասի մակերեսի ճշտությամբ:
4. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում արտացոլվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հետևյալ փոփոխությունները`
ա) հողի սեփականության ձևի,
բ) հողի օգտագործման ձևի,
գ) հողի նպատակային նշանակության,
դ) հողատեսքերի և դրանց գործառնական նշանակության,
ե) հողերի իրացման, բարելավման, հողատեսքերի, բազմամյա տնկարկների հիմնման և քանդման,
զ) ոռոգելի, անջրդի, անօգտագործելի և չորացված հողերի վիճակի, պետական սեփականություն հանդիսացող հողերի շարժի և փոխակերպման (տրանսֆորմացիա),
է) նոր անտառատնկումների և անտառահատումների,
ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, օգտագործման և վարձակալության իրավունքով տրամադրման տվյալների:
5. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված հողերի գույքագրման տվյալները, ինչպես նաև առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում և ենթատարածքներում իրականացված կադաստրային քարտեզագրման տվյալները, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են համայնքներին ու մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին և թաղապետերին)` ընթացիկ հաշվառում իրականացնելու համար: Հողային հաշվեկշռում ընդգրկվում են նաև ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված բնակավայրերի գլխավոր հատակագծերի և համայնքների հողերի օգտագործման սխեմաներով նախատեսված հողահատկացումները: Հողերի ընթացիկ հաշվառման արդյունավետությունը բարձրացնելու, տվյալների արժանահավատությունն ապահովելու, հողային ֆոնդի հաշվառման տվյալները լիարժեք դարձնելու նպատակով հողի նպատակային, գործառնական նշանակությունը փոխելու, հողատեսքերի փոփոխության և սույն կարգի 4-րդ կետում նշված աշխատանքների կատարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բազմաբնույթ կադաստր վարող մարմինները 30-օրյա ժամկետում տեղեկատվություն են ներկայացնում համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
6. Հողային հաշվեկշիռը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն, որը համապատասխանում է կադաստրային տարածք, ենթատարածք, Հայաստանի Հանրապետության տարածք բաժանմանը:
7. Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշիռը կազմում է հողերի պետական հաշվառման տվյալ տարվա ընթացիկ տվյալների հիման վրա` հուլիսի 1-ի դրությամբ:
8. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը` բնապահպան և անտառային ֆոնդի հողերի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` սույն կարգի 4-րդ կետում նշված փոփոխությունների դեպքում հաշվառման տվյալները յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը` ըստ հողերի գտնվելու վայրի, ներկայացնում են համապատասխան համայնքի ղեկավարին, մարզպետին (Երևանում` Երևանի քաղաքապետին):
9. Համայնքի ղեկավարը (Երևանում` թաղապետը) կազմում է համայնքի (Երևանում` թաղային համայնքի) հողային հաշվեկշիռը, այն համաձայնեցնում համայնքի ավագանու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման հետ և ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 10-ը ներկայացնում համապատասխան մարզպետին:
10. Մարզպետը (Երևանում` Երևանի քաղաքապետը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված համակարգչային ծրագրավորման միջոցով ամփոփում է համայնքների (Երևանում` Երևանի թաղապետերի) ներկայացրած հողային հաշվեկշիռները` ընդգրկելով նաև համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող մարզի վարչական սահմաններում առկա հողերը, կազմում մարզի (Երևան քաղաքի) հողային հաշվեկշիռը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ, և ոչ ուշ քան մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը թղթային տեսքով, ինչպես նաև էլեկտրոնային կապի միջոցներով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
(10-րդ կետը լրաց. 10.01.08 N 8-Ն)
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն ամփոփում է Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հողային հաշվեկշիռները, կազմում Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը և այն Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության ու Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:
12. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը հաստատվելուց հետո համայնքների ղեկավարները (թաղապետերը, մարզպետները, Երևանում` Երևանի քաղաքապետը) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված հողերի հաշվառման համապատասխան գրքերում լրացնում են հաստատված տվյալները:
13. Հողերի հաշվառման գրքերը նշված մարմիններին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: