ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
18 հունվարի 2008 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4369-AM ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՎԱՐԿ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի , Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Կարայանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 , 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4369-AM ֆինանսավորման համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության չորրորդ վարկ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է ՀՀ սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թ. նոյեմբերի 29-ին Երևանում` աղքատության հաղթահարման աջակցության ծրագրի ֆինանսավորման նպատակով: Ծրագրի նպատակն է աջակցել աղքատության հաղթահարմանը, մարդկային զարգացման առաջընթացին:
2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում երկու առդիր և մեկ հավելված, որոնցում ամրագրված են Ծրագրի այն միջոցառումները, որոնց իրականացմանն ուղղվում է վարկավորումը, վարկի մարման ժամանակացույցը և համաձայնագրում ներառված սահմանումները:
3. Սույն համաձայնագրով սահմանված են տրամադրվելիք վարկի չափը, վարկի մարման և փակման ժամանակացույցը, վճարման արժույթի տեսակը:
4. Սույն համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
ա) Ընկերակցության պահանջով ժամանակ առ ժամանակ կարծիքներ փոխանակել Ծրագրի իրականացման հարցում արձանագրված առաջընթացի վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել պահանջվող մանրամասնությամբ հաշվետվություն,
բ) սահմանված ժամանակացույցին համապատասխան մարել ինչպես վարկի մայր գումարը, այնպես էլ գանձվող տոկոսագումարները,
գ) սահմանված ժամկետներում վճարել ինչպես ֆինանսավորման դուրս չբերված մնացորդի դիմաց պարտավճար, այնպես էլ վարկի դուրս բերված մնացորդի դիմաց սպասարկման տարեկան վճար,
դ) ֆինանսավորումը դուրս բերել մեկ մասնաբաժնով, այսինքն` վարկի ողջ գումարը,
ե) ապահովել ֆինանսավորման գումարի յուրաքանչյուր մուտքագրման հաշվառումը ՀՀ բյուջեի կառավարման համակարգում,
զ) գումարները չօգտագործել հավելվածում սահմանված Բացառված ծախսերի ֆինանսավորման համար,
է) ֆինանսավորման շրջանակներում կատարված ծախսերը հիմնավորող բոլոր գրանցումները պահել համաձայնագրի դադարեցման օրից հետո մինչև երկու տարի, հնարավորություն տալ ստուգելու այդ գրանցումները,
ը) համաձայնագրի դադարեցման օրից հետո վեց ամսվա ընթացքում համապատասխան պարտականությունների կատարման և ֆինանսավորման նպատակների իրագործման մասին կազմել լրիվ ծավալով հաշվետվություն:
5. Համաձայնագրում ամրագրված են նաև Ծրագրի իրականացման կասեցման կարգը, համաձայնագիրն ուժի մեջ մտնելու կարգն ու ժամկետները:
Քննության առարկա համաձայնագիրը, ըստ էության, սկզբնավորում է Հայաստանի Հանրապետությունում աղքատության հաղթահարման բնագավառում Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության համագործակցության չորրորդ փուլը, որին նախորդել են մի շարք պայմանագրեր և համաձայնագրեր:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2007 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4369-AM ֆինանսավորման համաձայնագրում (Աղքատության հաղթահարման աջակցության չորրորդ վարկ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|