Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.11.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2007
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ Վայոց ձորի մարզի առաջին
ատյանի դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 2-83

Քաղաքացիական գործ թիվ 3-1626(Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Պողոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի նոյեմբերի 9-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) վճռաբեկ բողոքը ՀՀ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 13.04.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ Օնիկ Մնացականյանի դիմումի՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Օնիկ Մնացականյանը պահանջել է հաստատել Մալիշկա գյուղի կոլեկտիվ տնտեսությունում 1956-1960 թվականներին աշխատելու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը:

ՀՀ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.04.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հիմնադրամը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած անձը՝ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում: Պահանջվող (25 տարի) ապահովագրական ստաժի առկայության դեպքում հավելյալ ստաժը դատական կարգով չի հաստատվում: Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն 10 տարվա ստաժից ոչ ավելի:

Այսինքն՝ դատական կարգով հաստատման ենթակա է պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժի պակասող մասը, իսկ դիմումատուի՝ փաստաթղթերով հիմնավորվող ստաժը ներկայումս կազմում է 38 տարի 9 ամիս 26 օր: Այսինքն` պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժն արդեն առկա է, հետևաբար, դիմումատուի՝ 1956-1960 թվականների ստաժի առկայությունը դատական կարգով հաստատման ենթակա հանգամանք չէ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 13.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

Հիմնադրամի Եղեգնաձորի տարածքային կենտրոնի 30.03.2007 թվականի հաշվարկ-կարգադրության համաձայն` 14.10.1961 թվականից մինչև 31.12.1999 թվականն ընկած ժամանակահատվածի համար Օնիկ Մնացականյանի ընդհանուր ապահովագրական ստաժը կազմում է 38 տարի 9 ամիս 26 օր (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

Վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է նշված իրավական հարցի գնահատականին (տես օրինակ` Նունիկ Պետրոսյանի դիմումով` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին, 2007 թվականի մայիսի 18, քաղ. գործ թիվ 3-676/ՎԴ):

Սակայն կարևորելով սույն բողոքի հիմքում ընկած իրավական հարցադրումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին անդրադառնալ նշված հարցին:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ կենսաթոշակներն ըստ տեսակների լինում են ապահովագրական և սոցիալական: Նշված օրենքի իմաստով ապահովագրական կենսաթոշակի համար պահանջվող (անհրաժեշտ) ապահովագրական ստաժը կազմում է 25 տարի:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ աշխատանքային ստաժը հաստատող՝ օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով: Պահանջվող ապահովագրական ստաժի առկայության դեպքում ստաժը դատական կարգով չի հաստատվում:

Դատական կարգով կարող է հաստատվել պահանջվող ստաժի պակասող մասը, սակայն տասը տարվա ստաժից ոչ ավելի:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 14.10.1961 թվականից մինչև 31.12.1999 թվականն ընկած ժամանակահատվածի համար Օնիկ Մնացականյանի ընդհանուր ապահովագրական ստաժը կազմում է 38 տարի 9 ամիս 26 օր: Այսինքն՝ Օնիկ Մնացականյանի ապահովագրական ստաժը գերազանցում է ապահովագրական կենսաթոշակի իրավունք ունենալու համար պահանջվող 25 տարվա ապահովագրական ստաժը: Հետևաբար, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի ուժով Օնիկ Մնացականյանի 14.10.1961 թվականից մինչև 31.12.1999 թվականն ընկած ժամանակահատվածի ապահովագրական ստաժը վերականգնելու պահանջի մասին դատարան ներկայացված դիմումը հատուկ վարույթի կարգով դատարանում քննության ենթակա չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանը կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բողոքի հիմքը հիմնավոր է, և դրա առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու, այն է՝ Դատարանի 13.04.2007 թվականի վճիռը բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու բավարար հիմք է հանդիսանում:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ դիմումատուն զրկված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի հատուկ հայցային վարույթի կանոններով իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հնարավորությունից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի 13.04.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

  Է. Հայրիյան
 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան