ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1644 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Ն. Հովսեփյան |
Դատավորներ` |
Կ.Հակոբյան Լ.Սոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ա. Մկրտումյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Սարգսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
|
Ս. Գյուրջյանի | |
Է. Հայրիյանի |
2007 թվականի դեկտեմբերի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.07.2007 թվականի վճռի դեմ՝ ըստ դիմումի Հովհաննես Լալայանի ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության (այսուհետ` Դատախազություն)՝ պաշտոնատար անձի գործողությունները վիճարկելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ դիմումատուն խնդրել է պարտավորեցնել Դատախազությանը երկարամյա ծառայության կենսաթոշակի գնալու կապակցությամբ վճարել միանվագ նպաստ՝ 24 ամսվա աշխատավարձի չափով:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 21.12.2006 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.07.2007 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել նախկին «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը, «Կենսաթոշակային ապահովման բնագավառում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների իրավունքների երաշխիքների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանի 20.02.2006 թվականի թիվ 06-728 վճիռը սույն քաղաքացիական գործով նախադատեպի փաստ հանդիսանալ չի կարող: Նշված վճռով հաստատված հանգամանք է այն, որ Հովհաննես Լալայանը ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին ունեցել է 30 տարուց ավելի ընդհանուր աշխատանքային ստաժ և օգտվում է երկարամյա ծառայության համար կենսաթոշակ ստանալու իրավունքից: Դատախազությունում Հովհաննես Լալայանի ծառայության ստաժը կազմում է 4 տարի 9 օր, հետևաբար վերջինս 24 ամսվա աշխատավարձի չափով միանվագ նպաստ ստանալու իրավունքից չի օգտվում, իսկ դիմողի ներքին գործերի մարմիններում և զինված ուժերում ծառայության ժամկետը «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի իմաստով չի կարող միանվագ նպաստ ստանալու համար հիմք հանդիսանալ :
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.07.2007 թվականի վճիռը և դիմումը մերժել:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Դատախազության աշխատողների նյութական և սոցիալական ապահովության վերաբերյալ իրավահարաբեությունները կարգավորվում են «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածով, որում հստակ շարադրված է դատախազների թոշակավորումն իրականացնելու և միանվագ նպաստ վճարելու հիմքերը, պայմանները և կարգը, ինչպես նաև միանվագ նպաստ չվճարելու հիմքերը: Օրենքում ամրագրված է, որ դատախազներին միանվագ նպաստ չի վճարվում նրանց աշխատանքից հեռացնելու դեպքում: Այլ հիմքեր նշված չեն: Երկարամյա ծառայության կենսաթոշակի գնալու կապակցությամբ Հովհաննես Լալայանին միանվագ նպաստ վճարելու հիմքերն ու պայմանները լիովին համապատասխանում են օրենսդրության պահանջներին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հովհաննես Լալայանը ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին հանդիսացել է դատախազության աշխատակից:
2) Ծառայությունից սահմանված կարգով արձակվելու պահին Հովհաննես Լալայանն ունեցել է զինվորական ծառայության 30 տարուց ավելի ընդհանուր աշխատանքային ստաժ և, «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի համաձայն, օգտվում է երկարամյա ծառայության կենսաթոշակ ստանալու իրավունքից:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածի համաձայն` դատախազների և քննիչների թոշակավորումն իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայության անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով: Դատախազների և քննիչների աշխատանքային ստաժի կամ հաշմանդամության, ինչպես նաև առողջության կամ հաստիքային փոփոխությունների կապակցությամբ կենսաթոշակի ուղարկելու դեպքում վճարվում է միանվագ նպաստ հետևյալ կարգով՝
10 տարուց պակաս աշխատանքային ստաժի դեպքում՝ 12ամսվա աշխատավարձի չափով,
10-20 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 18 ամսվա աշխատավարձի չափով,
20 տարուց ավելի աշխատանքային ստաժի դեպքում՝ 24 ամսվա աշխատավարձի չափով:
Դատախազներին և քննիչներին աշխատանքից հեռացնելու դեպքում միանվագ նպաստ չի վճարվում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատանքային ստաժն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում քաղաքացին եղել է նույն օրենսգրքով կարգավորվող աշխատանքային հարաբերությունների մեջ, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք նորմատիվ ակտերին կամ կոլեկտիվ պայմանագրերին համապատասխան, կարող են հաշվարկվել աշխատանքային ստաժում, որով աշխատանքային օրենսդրությունը, այլ նորմատիվ ակտերը կամ կոլեկտիվ պայմանագրերը պայմանավորում են որոշակի աշխատանքային իրավունքներ կամ աշխատանքային երաշխիքներ ու արտոնություններ: Աշխատանքային ստաժը կարող է լինել՝
1. ընդհանուր աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է քաղաքացու՝ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել աշխատանքային ստաժում,
2. հատուկ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են այն ժամանակահատվածները, որոնց ընթացքում կատարվել է որոշակի մասնագիտությամբ աշխատանք կամ զբաղեցվել է որոշակի պաշտոն կամ կատարվել է աշխատանք աշխատանքի առանձնահատուկ պայմաններում, ինչպես նաև այլ ժամանակահատվածներ, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում,
3. որոշակի կազմակերպությունում կամ միևնույն գործատուի մոտ աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում է տվյալ աշխատատեղում աշխատաժամանակը, ինչպես նաև այն ժամանակահատվածները, որոնք թույլատրվում է հաշվարկել տվյալ տիպի աշխատանքային ստաժում:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի վերոնշյալ հոդվածով սահմանված է աշխատանքային ստաժի տեսակները, որոնց թվին են դասվում հատուկ աշխատանքային ստաժը և որոշակի կազմակերպությունում կամ միևնույն գործատուի մոտ աշխատանքային ստաժը: «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում օգտագործվում է աշխատանքային ստաժ հասկացությունը, սակայն բացակայում է նշումն այն մասին թե միանվագ նպաստի վճարման դեպքում աշխատանքային որ ստաժն է հաշվի առնվում:
«Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածը մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում ՀՀ Սահմանադրության և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումը:
Մասնավորապես, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն՝ իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ՝ հաշվի առնելով օրենքի պահանջները: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտում միևնույն հասկացությունը սահմանելիս կամ միևնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները՝ որոշակի հերթականությամբ: Իրավական ակտում տարբեր հասկացությունները չեն կարող օգտագործվել միևնույն տերմինով:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածը մեկնաբանել` հաշվի առնելով օրենքի մյուս նորմերի պահանջները, դրա ընդունման նպատակը և կարգավորման առարկան:
«Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 22-րդ հոդվածում գլխավոր դատախազի տեղակալ, Երևան քազաքի դատախազ, մարզի դատախազ կամ համայնքի դատախազ լինելու համար պահանջվում է իրավաբանի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ: «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ դատախազության աշխատողներին իրենց զբաղեցրած պաշտոնի և աշխատանքային ստաժի համաձայն են շնորհվում դասային աստիճաններ: «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածի 13-րդ կետում օգտագործվում է թե՜ իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ և թե՜ դատախազությունում ծառայության ժամկետ հասկացությունները:
Վերոնշյալից հետևում է, որ «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքն օգտագործում է երեք հասկացություններ՝ իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ, դատախազությունում ծառայության ժամկետ և աշխատանքային ստաժ: Դրանք ունեն տարբեր իմաստ և բովանդակություն:
Այսինքն՝ այն բոլոր դեպքերում, երբ օրենսդիրը ցանկացել է նշել կոնկրետ աշխատանքային ստաժի տեսակը և դատախազության համակարգում ծառայության աշխատանքային ստաժը տարանջատել իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժից, ապա այդ դեպքերում օրենքում օգտագործվել է աշխատանքային ստաժի համապատասխան տեսակը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածում կոնկրետացված չէ, թե միանվագ նպաստի վճարման դեպքում աշխատանքային որ ստաժն է հաշվի առնվում և ելնելով այն հանգամանքից, որ օրենքի դրույթը պարունակում է երկիմաստություն, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն չի կարող մեկնաբանվել նեղ իմաստով, սահմանափակելով դրա կիրառության շրջանակները:
Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ բոլոր այն դեպքերում, երբ չկա համապատասխան հարաբերությունը համապարփակ կերպով կարգավորող իրավական ակտ, օրենքի ընդհանուր ձևակերպումը պետք է մեկնաբանվի հօգուտ քաղաքացու: Սույն գործի տվյալներից ակնհայտ է, որ Հովհաննես Լալայանի աշխատանքային ստաժը կազմում է 30 տարուց ավելի: Հետևաբար, «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքի 40-րդ հոդվածի ուժով, Հովհաննես Լալայանը օգտվում է 24 ամսվա չափով միանվագ նպաստ ստանալու իրավունքից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 31.07.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ՆԱԽԱԳԱՀՈՂ` |
Ա. Մկրտումյան | |
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ` |
Ս. Սարգսյան | |
Ս. Անտոնյան | ||
|
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան |