«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
30 օգոստոսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2003 թվականի N 1048-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված հաշվապահի որակավորման վկայականներն ուժի մեջ են մնում մինչև դրանցում նշված ժամկետը լրանալը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) գրականության ցանկը, որոնցից կարող են օգտվել սույն որոշմամբ հաստատված կարգի համաձայն անցկացվող հաշվապահների որակավորման քննությունների ընթացքում քննության մասնակիցները:
4. Սույն որոշմամբ հաստատված կարգի գործողությունը չի տարածվում բանկերի և վարկային կազմակերպությունների վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 15-րդ օրը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է օրենքներով սահմանված դեպքերում առևտրային կազմակերպությունների պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվություններն ստորագրելու իրավունք տալու համար հաշվապահների որակավորման գործընթացը:
(1-ին կետը խմբ. 25.11.04 N 1695-Ն)
2. Հաշվապահների որակավորումն իրականացվում է հաշվապահի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ՝ դիմող) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա:
3. Դիմողների որակավորման քննությունների (այսուհետ՝ քննություն) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից ստեղծվում է հաշվապահների որակավորման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով):
Հանձնաժողովն իր պարտականությունների կատարումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի այն կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում) հետ, որի վրա դրված է այդ պարտականությունը:
4. Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող այն անձինք, ովքեր՝
ա) ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
բ) ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
գ) ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
դ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատում են հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում՝ որպես գլխավոր հաշվապահ:
Սույն կարգի կիրառման նպատակով մասնագիտական աշխատանքներ են համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթոդաբանի, փորձագետի, վերահսկչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի աշխատանքները:
5. Քննությանը մասնակցելու համար դիմողը ներկայացնում է՝
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված ձևի դիմում.
բ) կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.
գ) աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենն ու պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը.
դ) երկու լուսանկար՝ 3x4 չափսի.
ե) պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը (այսուհետ` տուրքի վճարման անդորրագիր):
6. Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից՝ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան 15 օրացուցային օրվա ընթացքում: Սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում նույն ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմողին: Փաստաթղթերի ներկայացման ժամանակ տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմողը պարտավոր է տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնել մինչև քննության սկիզբը:
7. Քննություններն անցկացվում են պարբերաբար՝ հանձնաժողովի նախագահի կամ նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամի (այսուհետ` հանձնաժողովի նախագահ) որոշմամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը մեկ անգամ, եթե ստացվել է առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմողներն ու հանձնաժողովի անդամները տեղեկացվում են քննությունից առնվազն 7 օր առաջ` հանձնաժողովի նախագահի գրությամբ:
8. Դիմողին թույլատրվում է մասնակցել քննության՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող կամ պետական տուրքի վճարման անդորրագիր չներկայացրած, ինչպես նաև մինչև քննության սկիզբը չներկայացած դիմողը համարվում է չներկայացած և չի մասնակցում տվյալ օրվա քննությանը:
9. Քննությունն անցկացվում է հայերենով՝ գրավոր: Քննության հարցաթերթիկները բաղկացած են 2 բաժնից՝ թեստեր (I բաժին) և խնդիրներ (II բաժին):
Հարցաթերթիկի I բաժնում ներառվում են «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, հաշվապահական հաշվառման ստանդարտներին վերաբերող 35, հաշվային պլանին՝ 10, հարկերին և այլ պարտադիր վճարներին՝ 20, տնտեսական իրավունքին և աուդիտին՝ 10 հարցեր (թեստեր), իսկ II բաժնում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների, ֆինանսական վերլուծության և հաշվապահական հաշվառման վերաբերյալ երկուական (ընդամենը՝ 6) խնդիր:
Հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) ցանկը (հարցաշարը), ինչպես նաև այն ծրագիրը, որի շրջանակում կազմվելու են հարցաթերթիկում ներառվող խնդիրները, հաստատվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանով և հրապարակվում գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում:
10. Հարցաթերթիկները կազմվում են քննության օրը, համակարգչային ծրագրի միջոցով` պատահական ընտրության սկզբունքով` հանձնաժողովի առնվազն 3 անդամի ներկայությամբ` 7 տարբերակից: Այդ նպատակով հանձնաժողովի անդամները հրավիրվում են քննությունից մեկ ժամ առաջ և նրանցից վիճակահանությամբ ընտրվում են երեքը, ովքեր պետք է ներկա լինեն հարցաթերթիկների պատրաստմանը: Պատրաստված 7 տարբերակից պատահական ընտրությամբ ընտրվում է 3 տարբերակ, որոնք պետք է բազմացվեն և բաժանվեն քննության մասնակիցներին:
11. Քննությունն անցկացվում է դռնբաց:
12. Մինչև քննության սկիզբը հայտարարելը հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը մասնակիցներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հարցաթերթիկները մասնակիցներին բաժանելու ավարտը:
13. Քննության տևողությունը սահմանվում է 4 ժամ, որը լրանալուց անմիջապես հետո մասնակիցը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովի նախագահին: Հարցերի պատասխանները և լուծումները գրվում են հանձնաժողովի տրամադրած՝ ծածկագրված (անթափանց թաղանթով պատված) թղթերի վրա: Ծածկագրերը վերծանվում են միայն քննության արդյունքներն ամփոփվելուց հետո:
14. Սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո`
ա) եռամսյա ժամանակահատվածում անցկացվող քննությունների ընթացքում մասնակցին չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից, իրավական ակտերից և այլ փաստաթղթերից, մասնագիտական գրականությունից ու ծածկաթերթիկներից.
բ) չորրորդ ամսվանից սկսած անցկացվող քննությունների ընթացքում մասնակցին թույլատրվում է օգտվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի սահմանած ցանկում ընդգրկված նորմատիվ իրավական ակտերից և (կամ) գրականությունից, սակայն չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համակարգչից, հեռահաղորդակցության միջոցներից ու ծածկաթերթիկներից:
Սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում` հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 50 տոկոսի որոշմամբ, մասնակիցը դուրս է հրավիրվում քննասենյակից (դրա մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը, մասնակցի ցանկությամբ, տրվում է իրեն):
Քննության ընթացքում մասնակիցը կարող է քննասենյակից դուրս գալ հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, ընդ որում, մասնակցի՝ քննասենյակ վերադառնալու և քննությունը շարունակելու պայմանով դուրս գալու դեպքում նրան պետք է ուղեկցի հանձնաժողովի անդամներից մեկը՝ սույն կետի պահանջների խախտումը կանխելու նպատակով:
15. Քննության արդյունքները գնահատվում են 170 միավորի սահմաններում: Ընդ որում, յուրաքանչյուր հարցի (թեստի) ճիշտ պատասխանը գնահատվում է 2 միավոր, բացառությամբ հաշվային պլանին վերաբերող 10 հարցի, որոնցից յուրաքանչյուրի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր, իսկ խնդիրներից յուրաքանչյուրինը՝ 5 միավոր:
Թեստերի մասով սխալ պատասխաններ են համարվում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, նշած պատասխանը փոփոխելը (ուղղելը), ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:
(15-րդ կետը լրաց. 25.11.04 N 1695-Ն)
16. Քննության արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը, որը`
ա) սույն կարգի 14-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված պայմաններով քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 85 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից՝ առնվազն 16 միավոր, տնտեսական իրավունքի ու աուդիտի վերաբերյալ հարցերից՝ առնվազն 8 միավոր, խնդիրներից՝ առնվազն 12 միավոր.
բ) սույն կարգի 14-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմաններով քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 136 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում՝ հարկերի և այլ պարտադիր վճարների վերաբերյալ հարցերից՝ առնվազն 28 միավոր, տնտեսական իրավունքի ու աուդիտի վերաբերյալ հարցերից՝ առնվազն 14 միավոր, խնդիրներից՝ առնվազն 15 միավոր:
17. Հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա քննությանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է ընդունում մասնակցին որակավորված համարելու կամ չհամարելու մասին՝ հաշվի առնելով սույն կարգի 16-րդ կետի պահանջները: Մասնակիցները որակավորված են համարվում հանձնաժողովի կողմից որոշումն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից:
18. Հանձնաժողովի որոշման հիման վրա որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական (այսուհետ` վկայական), որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը:
Վկայականը տալիս է հանձնաժողովի քարտուղարը՝ որակավորման մասին որոշման ընդունման օրվանից 10-օրյա ժամկետում:
19. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:
20. Դիմողի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմողին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են հանձնաժողովի անդամների և համապատասխան ստորաբաժանման աշխատողների կողմից վկայականը տրվելուց հետո, ապա վերջիններս պարտավոր են դրա մասին գրավոր տեղյակ պահել հանձնաժողովին, որն էլ 10-օրյա ժամկետում կարող է որոշում ընդունել վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին, եթե այդ փաստերը այնպիսին են, որ դրանք դիմում ներկայացնելու ժամանակ հանձնաժողովին հայտնի լինելու դեպքում դիմողին չէր թույլատրվի մասնակցել քննությանը:
21. Քննության արդյունքներով չորակավորված, ինչպես նաև քննության հրավիրված, սակայն չներկայացած դիմողը քննությանը նորից կարող է մասնակցել սույն կարգով սահմանված պայմաններով:
22. Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել հանձնաժողովին՝ քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 15 օրվա ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 30 օրվա ընթացքում կամ դատական կարգով:
23. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում որակավորված հաշվապահը կարող է դրա մասին տալ հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցով, և կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմել հանձնաժողովին: Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված հաշվապահը դիմումի հետ միասին հանձնաժողովին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը: Կորցրած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն որակավորված հաշվապահին է տրվում «Կրկնօրինակ» նշագրմամբ նոր վկայական` սույն կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում:
(23-րդ կետը խմբ. 25.11.04 N 1695-Ն)
24. Համապատասխան ստորաբաժանումը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյան, որում լրացվում են դիմողի անունը, ազգանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը, դիմումի գրանցման համարը, նշում է կատարվում որակավորվելու կամ չորակավորվելու մասին, հանձնաժողովի համապատասխան որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը, որակավորման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |