Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
17 հունիսի 2011 թվականի N 23
23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգին` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրին` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. հունիսի 21 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման |
Հ Ա Յ Ե Ց Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
Ն Ե Ր Ա Ծ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հայեցակարգը /այսուհետ` Հայեցակարգ/ մշակվել է օբյեկտների ոստիկանական պահպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ամրագրելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության /այսուհետ` ոստիկանություն/ պահպանության ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու, անձի և սեփականության դեմ ուղղված իրավախախտումների նախականխման աշխատանքները կատարելագործելու, համակարգի տեխնիկական վերազինման ուղենիշները սահմանելու նպատակով:
Թվարկված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է համարվում հետևյալ իրավական և կազմակերպական միջոցառումների իրականացումը`
1. ոստիկանության կողմից օբյեկտների պահպանության առիթով ծագած հարաբերությունների օրենսդրական կարգավորումը.
2. անցումը ոչ պետական օբյեկտների ոստիկանական պահպանությունից մասնավոր պահպանության` /մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեության/ մասնավոր պահպանության ինստիտուցիոնալ և իրավական մեխանիզմների հիմնադրման եղանակներով.
3. ոստիկանության կողմից մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեություն իրականացնող կազմակերպությունների /այսուհետ կազմակերպություններ/ գործունեության նկատմամբ վերահսկողության արդյունավետ միջոցների նախատեսում.
4. զանգվածային լրատվության միջոցների օգտագործմամբ հասարակության շրջանում հանցավոր և այլ ոտնձգություններից մարդու կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության ձևերի, հմտությունների, մարտավարության վերաբերյալ կազմակերպված իրավական քարոզչության իրականացում, անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության իրավաչափության պայմանների մեկնաբանություն, հանրամատչելի նյութերի պարբերական հրապարակումներ, պահպանության հարցերի լուսաբանման համար ոստիկանության ինտերնետային կայքէջում նոր բաժնի ստեղծում:
1. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1. Ոստիկանության պետական պահպանության ստորաբաժանումների կազմակերպման և գործունեության կարգը սահմանված է «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 806-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության պետական պահպանության ծառայության մասին» թիվ 42 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակետային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշմամբ, ՀՀ ոստիկանության պետի գերատեսչական իրավական ակտերով:
2. Պետական պահպանության համակարգում ընդգրկված են ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչությունը, ոստիկանության տարածքային բաժիններին կից պահպանության բաժին-բաժանմունքները, շարային ստորաբաժանումները (գնդեր, գումարտակներ, վաշտեր) և ինքնուրույն պահպանության ջոկատներ: Ներկայումս նշված ստորաբաժանումներում հրամանագրված են 265 գլխավոր, ավագ և միջին, 2581 կրտսեր խմբերի ծառայողներ, 1764 զինվորական կոչում չունեցող աշխատակիցներ (հրաձիգներ) և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք: Պահպանության ծառայության համակարգի ստորաբաժանումների հիմնական խնդիրը` պայմանագրային հիմունքներով պետությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների (գույքի) պահպանությունն է:
3. Ոստիկանության պետական պահպանության վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2009թ. իրականացվել է ընդհանուր առմամբ 4099 օբյեկտի, այդ թվում 1233 բնակարանի պահպանություն: Նշված ժամանակահատվածում կենտրոնացված դիտակետերի միջոցով պահպանվող օբյեկտներինը` 2893:
4. 2010 թվականի ընթացքում արձանագրվել են հետևյալ ցուցանիշները`
1) պահպանվող օբյեկտներ - 4169, այդ թվում` բնակարան -1227,
2) տեխնիկական միջոցներով (որոնք միացված են կենտրոնական պահպանության դիտակետերին) պահպանվող օբյեկտներ - 2978:
Արդյունքում պետական պահպանության ծառայության` պայմանագրային հիմունքներով իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող օբյեկտների (գույքի) պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների դիմաց 2009թ. պայմանագրային գումարը կազմել է 4419.9 մլն. դրամ, որի ավելի քան 85%-ը` վճարվել է որպես աշխատավարձ:
2010 թվականի ցուցանիշներով արտաբյուջետային պայմանագրային ընդհանուր գումարը կազմել է 4674.0 մլն. դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ընթացիկ դեբիտորական պարտքը 2010թ. տարեվերջին կազմել է 10.8 մլն. դրամ:
5. Համակարգում մեծ ուշադրություն է դարձվում կառուցվածքի և անձնակազմի թվաքանակի օպտիմալացման աշխատանքներին: Ֆինանսապես անկայուն և հեռանկար չունեցող մի շարք բաժանմունքներ (Գուգարք, Անի, Վայք, Նոյեմբերյան, Ախուրյան և Բաղրամյան) լուծարվել են և միացվել հարակից շրջանների պահպանության բաժին-բաժանմունքներին: Ապարանի ջրամատակարարման կառույցների և Նոր-Հաճնի թանկարժեք քարերի արտադրության ձեռնարկությունների պահպանության գումարտակները վերակազմավորվել են բաժինների, Նաիրիի բաժինը` բաժանմունքի, ինչի արդյունքում հնարավոր է եղել շուրջ 50%-ով կրճատել թափուր սպայական հաստիքները: 20%-ով կրճատվել է վարչության ապարատի թափուր հաստիքները (լուծարվել են մատակարարման բաժինը և ռազմականացված ծառայությունների բաժանմունքը), օպտիմալացվել է վարչության ավտոտնտեսության, կարևորագույն օբյեկտների, հիմնարկ-ձեռնարկությունների, ջրամատակարարման կառույցների և բանկային համակարգի պահպանության ստորաբաժանումների, տարածքային բաժիններին կից պահպանության բաժին-բաժանմունքների հաստիքների թվաքանակը, ընդ որում միայն 2009թ. հոկտեմբերից առ այսօր կրճատվել է 394 հաստիք, որից գլխավոր, ավագ և միջին խմբի` 95, կրտսեր խմբի` 299 հաստիք:
6. Պետական պահպանության ստորաբաժանումները հիմնական գործառույթներին զուգահեռ ակտիվ աջակցություն են ցուցաբերում ոստիկանության տարածքային մարմիններին, հասարակական կարգի ապահովման, հանցագործությունների և իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման գործում:
Արդյունքում, 2009թ. կտրուկ աճել է համակարգի ծառայողների կողմից բացահայտված հանցագործությունների քանակը` կազմելով 204 դեպք, նախորդ տարվա 125-ի դիմաց: Հայտնաբերվել է 15 հետախուզվող անձ, 2 առևանգված ավտոմեքենա:
Վարչական իրավախախտումներ կամ հանցագործություն կատարելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 623 անձ, տարված բացատրական աշխատանքների շնորհիվ բնակչության կողմից կամավոր հանձնվել է 35 միավոր հրազեն, 190 նռնակ և ական, տարբեր տրամաչափի ավելի քան 24000 փամփուշտ, սպառազինության այլ պարագաներ:
Դրական ցուցանիշներ են արձանագրվել նաև 2010 թվականի ընթացքում: Բացահայտվել է 229 հանցագործություն, բերման է ենթարկվել 696 անձ, կամավոր հանձնվել է հրազենի 31 միավոր, 170 նռնակ և ական, շուրջ 17000 փամփուշտ:
2. ԱՌԿԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Օբյեկտների և գույքի ոստիկանական պահպանության հետ կապված իրավահարաբերությունները գրեթե կարգավորված չեն: «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ամրագրում է միայն մեկ իրավադրույթ /հոդված 15/, որն անբավարար է հիշյալ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար: Մասնավորապես, հոդվածում խոսքը գնում է միայն կազմակերպությունների ու քաղաքացիների գույքի պահպանության մասին, տրված չէ պետական պահպանության հասկացությունը:
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածն անուղղակիորեն թույլատրելի է համարում գույքի պետական պահպանությունն այլ կազմակերպությունների կողմից ևս, ոստիկանության համար սահմանում հիշյալ կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավաբանորեն անորոշ լիազորություն:
8. Պետական պահպանության ծառայության գործունեությունը կարգավորող հիմնական իրավական ակտը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի թիվ 42 որոշումը, գրեթե կորցրել է իր նորմատիվային նշանակությունը, այլևս չի համապատասխանում քննարկվող ոլորտում իրավահարաբերությունների զարգացման առկա մակարդակին, այսինքն` հնացած է: Նշված իրավական ակտը պարունակում է նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթներ, քանի որ բովանդակում է պահպանություն իրականացնող ծառայությունների կողմից ստուգում իրականացնելու, անձնական զննություններ կատարելու, անցագրային ռեժիմի սահմանված կանոնների պահպանման պահանջներ ներկայացնելու լիազորություններ /տես` 3-րդ բաժնի 18-րդ կետ/, որոնք ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն կարող են սահմանվել միայն օրենքով:
9. Օրենսդրորեն սահմանված չեն պետական պահպանության համակարգի մեջ մտնող պահպանության ջոկատների հասկացությունը, չկան պահպանության ջոկատներում ծառայություն անցնելու համար նախատեսված նորմատիվային պահանջներ կամ սահմանափակումներ /օրինակ` դատվածություն չունենալու և այլն/, պահպանության ջոկատի անդամի /հրաձիգի/ կյանքն ու առողջությունը ապահովագրված չէ, բացակայում են թե ոստիկանության ծառայողների, թե պահպանության ջոկատի անդամների իրավունքներն ու պարտականությունները օբյեկտների պահպանությունն իրականացնելիս: Մասնավորապես, որևէ իրավական ակտով պատժելի չեն պահպանություն իրականացնելիս ոստիկանության ծառայողի և հրաձիգի օրինական պահանջներին չենթարկվելու, հրաձիգի պարագայում նաև` նրա կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր կամ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու արարքները:
3. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
10. Պետական պահպանության վարչության համակարգում դեռևս առկա են հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, որոնցից գլխավորը աշխատավարձերի ու դրանց հավասարեցված վճարումների ժամանակին և սահմանված չափերով ապահովումն է:
11. Պետական պահպանության համակարգի պահպանման ծախսերը հիմնականում ֆինանսավորվում են պայմանագրային հիմունքներով ձևավորվող արտաբյուջետային միջոցների հաշվին:
12. Աշխատավարձերի բարձրացման, լրավճարների սահմանման, միանվագ պարգևատրումների տրամադրման յուրաքանչյուր դեպքում ստորաբաժանումների հիմնական մասը կանգնում է լուրջ դժվարությունների առջև, քանի որ անհրաժեշտություն է առաջանում հայթայթելու լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Հարցի բարդությունը կայանում է նրանում, որ տնտեսվարողները (սեփականատերերը) դժվարությամբ են համաձայնվում պայմանագրերը սահմանված սակագներով վերակնքելու ստորաբաժանումների առաջարկություններին: Ավելին, լինում են դեպքեր, երբ նրանք ընդհանրապես հրաժարվում են ոստիկանական պահպանության ծառայություններից: Այս գործընթացը բնականաբար զգալի աշխատանք և ժամանակ է խլում, իսկ ֆինանսական մուտքերի անբավարարությունն ուղղակիորեն բերում է աշխատավարձերի և մյուս վճարումների գծով պարտքերի գոյացմանը` առաջացնելով պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին պահպանվող ոստիկանության միասնական համակարգի տարբեր ստորաբաժանումներում ծառայություն իրականացնող ոստիկանների աշխատանքի վարձատրության լրիվ և ժամանակին կատարման անհամապատասխանություն:
13. Էական դժվարություններ կան նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ ՀՀ կառավարության կողմից հաստատված նոր սակագներով գործող պայմանագրերի թե վերակնքման և թե նոր պայմանագրեր կնքելու գործընթացներում:
Այսպես, ՀՀ կառավարության 2009թ. հունիսի 4-ի թիվ 625 որոշմամբ սակագների հաստատումից հետո 2010 թվականին Պետական պահպանության վարչության ենթակա ստորաբաժանումներում հնարավոր է եղել վերակնքել ընդամենը 419 պայմանագիր, 2560494.4 հազ. դրամ ընդհանուր գումարով, ինչը կազմում է վերակնքման ենթակա պայմանագրերի ընդհանուր թվի 60%-ը: Պատճառը կայանում է նրանում, որ տնտեսվարող սուբյեկտների գերակշիռ մասը հրաժարվում է պահպանության կամ անվտանգության ապահովման ծառայությունների արժեքը որևէ չափով բարձրացնելու Պետական պահպանության վարչության առաջարկություններն ընդունելուց, իսկ նույն պայմանագրերի միակողմանի լուծման դեպքում Պետական պահպանության վարչությունը և ենթակա ստորաբաժանումները կզրկվեն այօրվա դրությամբ գոյացող եկամուտների առնվազն 40%-ից, ինչն իր հերթին կբերի պետական պահպանության համակարգի կազմալուծմանը:
14. Միաժամանակ, խնդիրներ են առաջացել նաև ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 29-ի թիվ 1008 որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված ինչպես պետական մարմինների շինությունների, այնպես էլ կարևորագույն նշանակության օբյեկտների ոստիկանական պահպանության իրականացման գործընթացներում: Մասնավորապես, վերջին տարիներին ոստիկանական պահպանությունից միակողմանիորեն դուրս են եկել և այլընտրանքային պահպանության տակ են անցել պետական մարմինների շինություններից` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքը հարակից շինություններով և դատարանների շենքերը, կարևորագույն նշանակության օբյեկտներից` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Արծվանիկի ու Ողջիի տնտեսություններն իրենց թունելային համակարգով, «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ հանրապետական միջազգային համակցման կետերը, ինչպես նաև շուրջ 94 օբյեկտներ հանրապետության տարբեր մարզերում` 57 օրվա կարգավորող ջրամբարներ, 19 կապտաժային կառուցվածքներ, 8 պոմպակայաններ, 4 ջրերի մաքրման կայաններ, 3 խմելու ջրի հորեր, 1-ական ջրամբար, աղբյուր, քլորակայան: Թվարկված օբյեկտներից 12-ը գտնվում են Արագածոտնի, 5-ը` Արարատի, 7-ը` Գեղարքունիքի, 11-ը` Տավուշի, 6-ը` Արմավիրի, 11-ը` Շիրակի, 10-ը` Կոտայքի, 14-ը` Լոռու, 14-ը` Սյունիքի և 4 օբյեկտ` Վայոց Ձորի մարզերում:
Նշված օբյեկտների մի մասի պահպանությունն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, արդարադատության նախարարության, տնտեսվարողի ներքին ռեսուրսների միջոցով կամ մասնավոր կազմակերպությունների կողմից /«ԱրմենՏել» ՓԲԸ ՀՁ-ի պահպանությունն իրականացնում է «Արմոբիլ» ՍՊԸ-ի կողմից/, իսկ խմելու ջրի օրվա կարգավորող ջրամբարների, կապտաժների, մաքրման կայանների մեծ մասը գտնվում են հսկողությունից դուրս:
15. Շուկայական հարաբերությունների պայմաններում, հանրապետությունում արագորեն աճում է մասնավոր պահնորդական կազմակերպությունների թիվը, ընդլայնվում է դրանց գործունեության ոլորտը` ակտիվորեն ներգրավվելով նույնիսկ կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գործառույթներում: Պետության կողմից պահպանության պետական և մասնավոր սեկտորների գործունեության ոլորտի տարանջատման վերաբերյալ օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում, ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցված մասնավոր պահնորդական կազմակերպությունները այլևս լուրջ մրցակցություն են առաջարկում պետական պահպանության ոստիկանական ստորաբաժանումներին, որոնց պայմանագրային գործունեությունը սահմանափակվում է պետության կողմից սահմանված նորմատիվների և սակագների շրջանակներում:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
16. Պետական և մասնավոր գույքի /օբյեկտների/ պահպանության և անվտանգության ապահովման ծառայությունների մատուցման արդյունավետությունը բարձրացնելու, ծառայությունների ինքնարժեքը նվազեցնելու, մատչելիությունն ընդլայնելու նախապայմանը պետական պահպանության ստորաբաժանումների տեխնիկական վերազինումն է:
17. Տնտեսական դժվարությունների պատճառով, ներկայումս պահպանության հնացած տեխնիկական միջոցները նորերով փոխարինելու գործընթացը նկատելիորեն դանդաղ է ընթանում: Պահանջվում է իրականացնել անհետաձգելի միջոցառումներ` պետական պահպանության համակարգի տեխնիկական զինանոցը նորացնելու, դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
18. Ոստիկանության նշված ստորաբաժանումների կենտրոնացված պահպանության դիտակետերում (ԿՊԴ) շահագործվող դիտավահանակները 1970-ական թթ. արտադրության են և աշխատում են միայն քաղաքային լարային հեռախոսացանցի առանձնացված գծերով: Դրանք չեն բավարարում ոչ միայն տվյալ ծառայությունների շուկայում ձևավորված պահանջները, այլ նաև գծային հեռախոսացանցի օպերատորի տեխնիկական պահանջները: Առկա բոլոր դիտավահանակները (ընդհանուր ունակությունը` 5422 բանալի, որից Երևան քաղաքի 8 բաժիններում` 3012 բանալի) ֆիզիկապես և բարոյապես մաշված են, ֆունկցիոնալ առումով` հնացած: Աշխատանքային բանալիների մոտ 20%-ը անսարք է և չի վերանորոգվում անհրաժեշտ պահեստամասերի բացակայության (արտադրությունից հանված լինելու) պատճառով, ինչն այսօր նոր օբյեկտների պահպանության իրականացումը դարձնում է անհնար, իսկ մոտ հեռանկարում, արդեն իսկ պահպանության տակ գտնվող օբյեկտների պահպանությունը` անիրագործելի:
19. Պետական պահպանության վարչության և ենթակա ստորաբաժանումների արտաբյուջետային միջոցները փաստորեն հնարավորություն չեն տալիս ըստ էության լուծելու համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները, քանի որ դրանք միայն բավարարում են լուծելու կենսագործունեության ապահովման նվազագույն պահանջները:
5. ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
20. Հայեցակարգում նշված իրավական, ֆինանսական, կազմակերպական հիմնախնդիրներն անհրաժեշտություն են առաջացնում ոստիկանության պահպանության համակարգի զարգացման համար ձեռնարկել համալիր /համակարգված/, միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանող բարեփոխումներ` արմատապես վերանայելով պետական քաղաքականության սկզբունքները:
21. Բարեփոխումներն անհրաժեշտ է իրականացնել հետևյալ հիմնական սկզբունքների պահպանմամբ.
1) ոստիկանության` որպես պահպանության շուկայում շուկայական հարաբերությունների սուբյեկտի ներգրավվածության սահմանափակումն ու շուկայի այլ մասնակիցների նկատմամբ ոչ թե մրցակցի, այլ վերահսկողի դերի օրենսդրական ամրագրումը` դրանից բխող իրավաստեղծ և իրավակիրառական միջոցառումների կատարմամբ.
2) մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեություն իրականացնող կազմակերպությունների իրավագործունակության օրենսդրական ամրագրումը ոչ միայն որպես առևտրային կազմակերպության, որն իրականացնում է պահնորդական (թիկնազորային) գործունեություն, ինչպես նաև պահպանության համակարգերի և տեխնիկական միջոցների նախագծում, մոնտաժ, տեխնիկական սպասարկում, այլև` որպես իրավախախտումների նախականխման պետական միջոցառումների համակարգում էական դերակատարում ունեցող սուբյեկտի` ոստիկանության հետ փոխգործակցության իրավական ընթացակարգերի նախատեսմամբ.
3) Օբյեկտների ոստիկանական պահպանության ընկալումը` որպես պետության բյուջետային միջոցների հաշվին պետական մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության կամ ռազմավարական օբյեկտների պահպանությունը, բացառելով պայմանագրային իրավահարաբերությունները ոստիկանության և պետական մարմինների ու կազմակերպությունների, ոստիկանության և հատուկ կարևորագույն նշանակության կազմակերպությունների միջև, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների գույքի վճարովի պարտադիր պահպանությունը պայմանագրերի հիման վրա.
4) օրենքով նախատեսված դեպքերում առևտրային կազմակերպությունների գույքի պարտադիր ոստիկանական պահպանության պայմանագրերում նյութական պատասխանատվության վերաբերյալ դրույթների պարտադիր նախատեսում.
5) ոստիկանության կողմից մասնավոր պահպանության ծառայությունների վճարովի մատուցումը` մինչև լիցենզավորված մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպությունների շուկայում երևան գալը և կայանալը:
22. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայեցակարգը վերաբերում է ոստիկանության պահպանության համակարգի զարգացմանը, մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպությունների իրավական դրության հիմունքները հայեցակարգում շոշափվում են այնքանով, որքանով դրանք կանխորոշելու են ոստիկանության իրավական դրությունը` որպես իր լիազորությունների շրջանակում մասնավոր պահնորդական (թիկնազորային) ծառայությունների գործունեությունը վերահսկող պետական մարմնի:
6. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ, ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ
23. Ոստիկանական պահպանության հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով անհրաժեշտ է ընդունել օրենք «Ոստիկանական պահպանության մասին»: Օրենքը կառավարությանը լիազորելու է ընդունել պարտադիր պահպանության ենթակա օբյեկտների ցանկը, և սահմանելու այն չափորոշիչները, որոնցով ղեկավարվելու է կառավարությունը այդ օբյեկտները ցանկում ներառելու համար: Օրենքով սահմանվելու են նաև պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողի իրավունքներն ու պարտականությունները, պահպանության ջոկատների իրավական դրությունը, նրանց գործունեության համար անհրաժեշտ իրավական և սոցիալական երաշխիքները, ինչպես նաև ջոկատի անդամի թեկնածուին առաջադրվող պահանջները, պահպանության ֆինանսավորման հետ կապված հարաբերությունների կարգավորումները և այլն: Օրենքում կնախատեսվեն նաև ժամանակավոր իրավակարգավորումներ մասնավոր օբյեկտների ոստիկանական պահպանության վերաբերյալ:
24. Հարկավոր է ընդունել օրենք` «Մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեության մասին»: Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օբյեկտիվ իրողություններով: Կանխատեսումները վկայում են, որ ոստիկանության ծառայողների վարձատրության չափի բարձրացմանը զուգընթաց բարձրացվելու են նաև պահպանության և անվտանգության ծառայությունների նորմատիվները /պահպանության ծառայողների և ոստիկանության այլ ծառայողների վարձատրության չափը հավասար պահելու անհրաժեշտությունից ելնելով/, ինչը նշանակում է, որ պահպանության ծառայություններից օգտվող սուբյեկտների մի մասը շարունակելու են հրաժարվել ոստիկանության կողմից մատուցվող ծառայություններից: Նշվածն իր հերթին կարող է հանգեցնել ծառայողների կրճատմանը: Բացի այդ, շուկայում գնալով մեծանալու է մասնավոր կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների պահանջարկը, որոնց գործունեության իրավական կարգավորման բացակայությունը հետագայում կարող է սպառնալիք հանդիսանալ պետական և հասարակական անվտանգության համար, քանի որ, ինչպես վկայում է ԱՊՀ անդամ երկրների փորձը, ոլորտի օրենսդրական կարգավորման բացակայությունը կամ ոչ արդյունավետ կարգավորումը շատ դեպքերում կարող է հանգեցնել մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպությունների գործունեության քրեականացմանը:
25. Մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպությունների գործունեության նկատմամբ ՀՀ ոստիկանության վերահսկողական լիազորությունները պետք է ամրագրվեն հետևյալ դրույթների հիման վրա.
1) մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեությունը համարվելու է անվտանգության բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ.
2) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում կատարված լրացման համաձայն` գործունեության տվյալ տեսակը լիցենզավորող մարմին ճանաչվելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը սահմանվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
3) լիցենզավորման պայմաններից է հանդիսանալու մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպությունների դիտակետերը Պետական պահպանության վարչության տարածքային ստորաբաժանումներին միացված լինելը, որն էապես կնպաստի գույքային իրավախախտումների նախականխմանը, կանխմանը և խափանմանը` ոստիկանական վերակարգերի արագ արձագանքման շնորհիվ.
4) մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպություններին իրավունք է վերապահվելու օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված քաղաքացիական զենք, հատուկ միջոցներ և այլ տեխնիկական միջոցներ.
5) մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպությունները ունենալու են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող կազմակերպության կարգավիճակ «Զենքի մասին» ՀՀ օրենքի իմաստով, այն վերապահումով, որ պահնորդներին կրելու և պահելու թույլտվությամբ հատկացվելու է միայն քաղաքացիական ինքնապաշտպանական զենք.
6) օրենքով արգելվելու է զենքի փոխանցումը կամ օտարումը քաղաքացիական զենք կրելու և պահելու իրավունք չունեցող երրորդ անձանց: Նման դեպքերը, ինչպես նաև քաղաքացիական զենքի կամ հատուկ միջոցների շրջանառության կանոնների այն խախտումները, որոնք կհանգեցնեն զենքի և հատուկ միջոցի կորստին, հափշտակությանը կամ հանցավոր նպատակներով օգտագործմանը, կամ քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ոտնահարմանը, վնաս կպատճառեն մարդու առողջությանը կամ կհանգեցնեն այլ ծանր հետևանքների, կամ ոստիկանության հսկողական լիազորություններին խոչընդոտելը հանգեցնելու են լիցենզիայի գործողության դադարեցման, եթե հակաիրավական արարքներն հետևանք են կազմակերպության վրա օրենքով դրված վերահսկողական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու: Օրենքով կսահմանվեն լիցենզիայի գործողությունը դադարեցնելու այլ հիմքեր ևս.
7) քաղաքացիական զենք և հատուկ միջոցներ կրելու իրավունք պահնորդը ստանալու է համապատասխան դասընթացներ անցնելուց և քննություններ հանձնելուց հետո.
8) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը վարելու է լիցենզավորված մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեություն իրականացնող կազմակերպություների ռեեստրը և տրամադրելու է տեղեկատվություն դրանց մասին.
9) ոստիկանությունն իրավունք է ունենալու իր ուսումնական հաստատությունների միջոցով, ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի հիման վրա, իրականացնելու պահնորդների (թիկնապահների) քաղաքացիական զենքի և հատուկ միջոցների գործադրման մասնագիտական ուսուցում: Մասնագիտական ուսուցում անցած պահնորդների (թիկնապահների) թեկնածուները որակավորման քննությունները պետք է հանձնեն միայն ոստիկանության պետական պահպանության վարչությունում: Որակավորման քննություն հանձնելու և վկայական ստանալու կարգը սահմանվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
10) որակավորման քննություններ ընդունելու և վկայական տալու համար գանձվող գումարները մուտքագրվելու են Պետական պահպանության վարչության արտաբյուջետային հաշվին: Նշված գումարների չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
26. Մասնավոր պահնորդի որակավորում չեն կարող ստանալ այն անձինք, ովքեր.
1) չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի.
2) որոնց 18 տարին չի լրացել.
3) դատարանի որոշմամբ ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) ունեն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված այնպիսի հիվանդություններ, որոնք կարող են խոչընդոտել աշխատանքային պարտականությունների կատարմանը.
5) ունեն դատվածություն դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
6) ում նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում /մինչև մեղավորության հարցի վերջնական պարզումը/.
7) չեն անցել մասնագիտական ուսուցում և չեն հանձնել որակավորման քննությունները.
8) որպես կասկածվող անձ ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով անցել են օպերատիվ հաշվառման գործերով և այդ գործերը կարճվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ոչ արդարացման հիմքերով:
27. Պահնորդի որակավորում անցած անձինք մասնավոր պահնորդի գործունեություն են իրականացնելու միայն մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպություններում աշխատելու պայմանով:
Օրենքով նախատեսվելու են նաև թեկնածուին առաջադրվող այլ սահմանափակումներ:
28. Մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպությունների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելիս` ոստիկանությունը ձեռնարկելու է անհրաժեշտ միջոցառումներ` բացառելու համար Պետական պահպանության վարչության խտրական վերաբերմունքը, հակամրցակցային ուղղվածություն ունեցող գործողություններն ու որոշումների ընդունումը, հովանավորչությունը:
29. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական պահպանության ստորաբաժանումները հանդիսանում են անձի և գույքի պահպանության ոլորտի մասնագիտացված կառույցներ, նպատակահարմար է համարվում պետական պահպանության ստորաբաժանումներին վերապահել քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանության մի շարք միջոցների իրականացման գործառույթը: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, պաշտպանության հետևյալ միջոցներին`
1) պաշտպանվող անձի անձնական, բնակարանի կամ այլ գույքի պահպանությունը.
2) պաշտպանվող անձի բնակարանը կամ այլ գույքը հակահրդեհային կամ ազդանշանային տեխնիկական միջոցներով կահավորելը.
3) անվտանգության համար անհատական պաշտպանության միջոցների տրամադրումն ու սպասվող վտանգի մասին հայտնելը.
4) պաշտպանվող անձի փոխադրման անվտանգությունն ապահովելը.
5) պաշտպանվող անձին ժամանակավոր կամ մշտապես բնակության այլ վայր փոխադրելը:
30. Հիշյալ գործառույթը ներկայումս ոստիկանության որևէ ստորաբաժանման վրա դրված չէ և այն կհանդիսանա ոստիկանական պահպանության հիմնական լիազորություններից մեկը: Պաշտպանության միջոցներն իրականացվելու են բացառապես բյուջետային միջոցների հաշվին` անկախ քրեական գործերի քննչական ենթակայությունից /բացառություն կարող է կազմել ազգային անվտանգության ծառայության քննիչների որոշումների հիման վրա իրականացվող պաշտպանության միջոցների կիրառումը/:
31. Մի շարք առևտրային կազմակերպություններ ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում հասարակական անվտանգության բնագավառում, որի ուղղությամբ պետական վերահսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն կա: Խոսքը գնում է այն կազմակերպությունների մասին, որոնք լիցենզավորման ենթակա գործունեություն են իրականացնում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված աղյուսակի «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում /օրինակ` պայթուցիկ նյութերի կամ պայթեցման սարքերի արտադրություն, առևտուր, պայթեցման աշխատանքների կատարում, հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր, զենքի արտադրություն, առևտուր, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի շրջանառություն և այլն:/ Հիշյալ բնագավառում քաղաքացիական իրավունքի մի շարք օբյեկտների պարտադիր պահպանությունը հնարավորություն կտա բացառել դրանց անվերահսկելի շրջանառությունը, դրանով իսկ կանխելով հասարակական անվտանգության սպառնալիքների առաջացումը:
Առաջարկվում է օրենքով սահմանել հիշյալ կազմակերպությունների` ՀՀ ոստիկանության հետ պահպանության պայմանագիր կնքելու պարտականությունը` որպես լիցենզավորման պարտադիր պայման: Նշված առաջարկությունը համապատասխանում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հովածի 10-րդ մասին, համաձայն որի լիցենզավորման կարգերով չի կարող լիցենզավորված անձին պարտադրվել կնքելու որոշակի կոնկրետ անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
32. Առաջնահերթ է համարվում ոստիկանության արտաբյուջետային միջոցների հաշվին առայժմ մեկ` 12000 օբյեկտ սպասարկող Կենտրոնացված պահպանության դիտակետի ստեղծումը, ինչը համալրված կլինի երեք տիպի (գծային, ռադիո և արբանյակային կապ) դիտավահանակներով:
Նշված համակարգի ներդրման ընդհանուր նախնական արժեքը 2008թ. գներով Երևան քաղաքի համար կազմում է 146.2 մլն. դրամ, իսկ պետական պահպանության վարչության տարածքային մեկ ստորաբաժանման մինչև 1000 օբյեկտ սպասարկող նույնատիպ համակարգի նախնական արժեքը` 19.5 մլն. դրամ:
7. Ա Մ Փ Ո Փ ՈՒ Մ
33. Հայեցակարգով առաջարկվող լուծումները հնարավորություն կտան հստակեցնել ոստիկանական պահպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները և ոստիկանության պահպանության համակարգի զարգացման հիմնական մոտեցումները: Հայեցակարգի հիման վրա կմշակվեն և ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվեն «Ոստիկանական պահպանության մասին» և «Մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրինագծերի հայեցակարգերը և օրինագծերը:
34. ՀՀ ոստիկանությունն աստիճանաբար սահմանափակելու է իր ներգրավվածությունը մասնավոր օբյեկտների պահպանության շուկայում:
35. Ոստիկանությունն իրականացնելու է անվտանգության բնագավառում լիցենզավորված առևտրային կազմակերպությունների գույքի պարտադիր պահպանություն: ՀՀ ոստիկանության հետ պահպանության պայմանագրի առկայությունը օրենքով սահմանվելու է որպես անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների լիցենզավորման պայմաններից մեկը:
36. Պահպանություն իրականացնող առևտրային կազմակերպությունների կողմից պահպանության ծառայությունների մատուցումը օրենքով սահմանվելու է որպես անվտանգության բնագավառում լիցենզավորվող գործունեության տեսակ: Ոլորտի օրենսդրական կարգավորման համար հարկավոր է ընդունել հատուկ օրենք, որը կսահմանի կազմակերպությունների կազմակերպման և գործունեության կարգը, ինչպես նաև լիազորություններն իրավախախտումների նախականխման, կանխման ու խափանման բնագավառում: Պահնորդներն օրենքով սահմանված կարգով ոստիկանությունից ստանալու են քաղաքացիական ինքնապաշտպանական զենք կրելու և պահելու թույլտվություն: Մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեության իրականացնող կազմակերպությունների կողմից զենքի և հատուկ միջոցների շրջանառության, ինչպես նաև ոստիկանության հետ համագործակցության կանոնների նկատմամբ հսկողությունն իրականացնելու է ոստիկանությունը` օրենքով սահմանված կարգով:
37. Վերանայման են ենթակա ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը, որոնք հաստատված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշմամբ: Մասնավորապես, ցանկում պետք է ընդգրկվեն միայն այն օբյեկտները, որոնցով նախատեսված կլինի ֆինանսավորում:
38. Ոստիկանական պահպանության վարչության ստորաբաժանումները բյուջետային միջոցներով իրականացնելու են քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մի շարք միջոցների իրականացումը` անկախ քննվող քրեական գործերի քննչական ենթակայությունից /բացառություն կարող է սահմանվել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննիչների վարույթում գտնվող գործերով անցնող դատավարության մասնակիցների համար/:
39. Ոստիկանությունը պահպանության համակարգի տեխնիկական վերազինման ծրագիրն իրականացնելու է ոստիկանության պահպանության վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2011 թ. հունիսի 17-ի նիստի N 23 արձանագրային որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
հ/հ |
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նպատակը |
Կատարման պատասխանատու |
Կատարման ժամկետ |
1 |
«Ոստիկանական պահպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ոստիկանական պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների իրավունքների և պարտականությունների, պահպանության ջոկատների իրավական դրության, նրանց գործունեության համար անհրաժեշտ իրավական և սոցիալական երաշխիքների, ջոկատի անդամի թեկնածուին առաջադրվող պահանջների սահմանում, պետական պահպանության ֆինանսավորման հետ կապված հարաբերությունների կարգավորում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թվականի |
2 |
«Մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Մասնավոր պահնորդական (թիկնազորային) կազմակերպությունների կազմակերպման և գործունեության կարգի, լիազորությունների սահմանում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թվականի |
3 |
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Մասնավոր պահնորդական (թիկնազորային) գործունեության սահմանումը որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թվականի |
4 |
«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Մասնավոր պահնորդների կողմից քաղաքացիական ինքնապաշտպանական զենք կրելու վերաբերյալ դրույթների ամրագրում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թվականի |
5 |
«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Օբյեկտների և գույքի ոստիկանական պահպանության լիազորությունների հստակեցում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թվականի |
6. |
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ոստիկանական պահպանություն իրականացնելիս ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում վարչական պատասխանատվության նախատեսում |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թվականի |
7. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի թիվ 1008-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
Ոստիկանության կողմից պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների, կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերի վերանայում (փոփոխություն) |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թվականի |
8. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի թիվ 42 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը |
ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխանեցում, ոստիկանության պետական պահպանության վարչության անվանման փոփոխություն` որպես ոստիկանության պահպանության վարչության |
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն |
2011 թվականի |
