ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Արմավիրի մարզի առաջին ատյանի |
Գործ ՎԲ-153/07 |
Նախագահող դատավոր՝ Հ. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
30 օգոստոսի 2007 թ. |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ղուկասյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Ս. Օհանյանի |
քարտուղար՝ |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ՝ |
Ա. Աշրաֆյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Գևորգ Լյովայի Միլիտոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
2000 թվականի ապրիլի 30-ին Արմավիր քաղաքի բնակիչ Սերյոժա Վարոսյանի բնակարանից կատարված գողության փաստի առթիվ 2000 թվականի մայիսի 1-ին հարուցվել է քրեական գործ 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության մարմինը 2000 թվականի մայիսի 19-ին որոշում է կայացրել Գևորգ Լևոնի Միլիտոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին նույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա 2000 թվականի ապրիլի 30-ին` ժամը 12.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, տան պատուհանի ապակին հանելու միջոցով մուտք է գործել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 5ա շենքի 11 բնակարանի բնակիչ Սերյոժա Վարոսյանի բնակարանը և գողացել 500.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր:
Նախաքննության մարմնից թաքնվելու կապակցությամբ Գևորգ Միլիտոսյանի նկատմամբ 2000 թվականի մայիսի 19-ին հայտարարվել է հետախուզում, և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
2000 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է մինչև Գ.Միլիտոսյանի հայտնաբերումը:
Դրանից հետո ՌԴ Տոլյատի քաղաքում կատարած հանցագործության համար Գ.Միլիտոսյանը 2000 թվականի հուլիսի 5-ին ձերբակալվել է, նույն թվականի նոյեմբերի 14-ին նա Տոլյատիի Կենտրոնական դատարանի դատավճռով ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով:
Նշված պատիժն ամբողջությամբ կրելուց հետո` 2004 թվականի հուլիսի 2-ին, ֆեդերալ հետախուզման մեջ գտնվելու կապակցությամբ Գ.Միլիտոսյանն արգելանքի է վերցվել և 2004 թվականի օգոստոսի 12-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:
2004 թվականի օգոստոսի 13-ին քրեական գործի վարույթը վերսկսվել է, Գ.Միլիտոսյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանեցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով` բնակարան ապօրինի մուտք գործելով խոշոր չափերի գողություն կատարելու համար:
Դրանից հետո` 2004 թվականի օգոստոսի 27-ին, Գ.Միլիտոսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է` վերջինին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով` կրկին անգամ, բնակարան ապօրինի մուտք գործելով գույքի գողության և խոշոր չափերով գույքի գողության փորձի համար:
Նրա վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան: Դատարանի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Գ.Միլիտոսյանը մեղավոր է ճանաչվել նշված հոդվածներով և դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով` ազատազրկման 3 տարի ժամկետով` առանց տուգանքի, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով` ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց տուգանքի: 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի կիրառմամբ նվազ խիստ պատիժն առավել խիստ պատժով կլանելու սկզբունքով Գ.Միլիտոսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց տուգանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցվել է ՌԴ Տոլյատի քաղաքի Կենտրոնական դատարանի 2000 թվականի նոյեմբերի 14-ի դատավճռով նշանակված ու ամբողջությամբ կրած պատիժը` 4 տարին, և վերջնական թողնվել է կրելու ազատազրկում 6 ամիս ժամկետով` առանց տուգանքի:
Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 17-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ընդունվել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
2. Գործի փաստական հանգամանքները.
Գևորգ Լյովայի Միլիտոսյանը դատապարտվել է այն բանի համար, որ նա, 1996 թվականին ՌԴ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտված լինելով գույքի գաղտնի հափշտակության համար և դատվածությունը չմարված, կրկին անգամ, խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով 2000 թվականի ապրիլի 30-ին` ժամը 21-ի սահմաններում, պատուհանի ապակին հանելով, ապօրինի մուտք է գործել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 5ա շենքի 11 բնակարանի բնակիչ Սերյոժա Վարոսյանի բնակարանը և գաղտնի հափշտակել է զգալի չափի` 480.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, իսկ պայուսակի մեջ լցված 110.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ իրերն իր կամքից անկախ պատճառներով չի կարողացել հափշտակել` տան տերերի տուն վերադառնալու պատճառով:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը 2004 թվականի սեպտեմբերի 27-ին Գ.Միլիտոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով մեղադրական դատավճիռ կայացնելիս Գ.Միլիտոսյանի կողմից կատարված արարքներին տվել է քրեաիրավական ճիշտ գնահատական, սակայն անտեսել է «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` համանման դրույթ պարունակող 499-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, քանի որ Գ.Միլիտոսյանի հանձնման հարցը լուծելիս Ռուսաստանի դաշնության գլխավոր դատախազությանը հայտնվել է, որ Գ.Միլիտոսյանին մեղադրանք է առաջադրվել 1961 թվականի ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով, որով էլ ստացվել է հանձնող կողմի համաձայնությունը, և որն էլ համապատասխանում է 2003 թվականի օգոստոսի 1-ից գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: Փաստորեն Գ.Միլիտոսյանն առանց ՌԴ համապատասխան մարմինների համաձայնության ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի՝ մինչև հանձնելը կատարած այն հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել:
Բողոք բերած անձը խնդրել է բեկանել և Գ.Միլիտոսյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ մասերով` սահմանելով ազատազրկում 4 տարի 6 ամիս ժամկետով` առանց տուգանքի, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին հաշվակցել 2000 թվականի նոյեմբերի 14-ին ՌԴ Տոլյատի քաղաքի Կենտրոնական դատարանի դատավճռով նշանակված ու ամբողջությամբ կրած պատիժը` Գ.Միլիտոսյանին դատապարտելով ազատազրկման 6 ամիս ժամանակով և նկատի ունենալով, որ այդ պատիժը Գ.Միլիտոսյանն արդեն իսկ կրել է, նրան ազատել պատժի կրումից:
Բողոքում նշվել է նաև, որ Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտն էական նշանակություն կունենա քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի, այնպես էլ միջազգային նորմերի միատեսակ կիրառության համար:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձի քրեական հետապնդման սահմանների խնդրի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է Հասմիկ Կուրղինյանի, Սպարտակ Ալավերդյանի վերաբերյալ գործերով կայացված որոշումներում` արձանագրելով, որ միջազգային պայմանագրի և ՀՀ ներպետական օրենսդրության մի շարք նորմերի համաձայն` առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության քրեական հետապնդումը շարունակելու համար Հայաստանի Հանրապետությանը հանձնված անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել (Հասմիկ Գուրգենի Կուրղինյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ ՎԲ-234/06 որոշում, կետ 4, Սպարտակ Ջանվելի Ալավերդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի 2006 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ՎԲ-279/06 որոշում, կետ 4):
Սույն գործի նյութերից երևում է, որ Գևորգ Միլիտոսյանը գողություն կատարելու համար նախաքննության մարմնի 2000 թվականի մայիսի 19-ի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով` բնակարան մուտք գործելու հատկանիշով:
ՌԴ Տոլյատի քաղաքում ձերբակալվելուց հետո Գևորգ Միլիտոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու հարցը լուծելու համար ՌԴ գլխավոր դատախազությանը հայտնվել է, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասով` բնակարան մուտք գործելով գողություն կատարելու համար: Այդ մեղադրանքով էլ ստացվել է ՌԴ գլխավոր դատախազության 2004 թվականի հունիսի 15-ի համաձայնությունը` Գևորգ Միլիտոսյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
2004 թվականի օգոստոսի 12-ին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուց հետո Գևորգ Միլիտոսյանին առաջադրված մեղադրանքը համապատասխանեցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքին, ապա մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել` կրկին անգամ, բնակարան ապօրինի մուտք գործելով գույքի գողության և խոշոր չափերով գույքի գողության փորձի համար:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճռով Գևորգ Միլիտոսյանը դատապարտվել է նշված հոդվածներով:
Այսինքն` բացի այն մեղադրանքից, որով նա 2004 թվականի հունիսի 15-ին հանձնվել էր Հայաստանի Հանրապետությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ` գողություն` բնակարան ապօրինի մուտք գործելով), Գ.Միլիտոսյանի մեղադրանքը լրացվել է, և վերջինս դատապարտվել է նաև խոշոր չափերով գույքի գողության փորձի և կրկին անգամ գողություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետեր և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետ):
Փաստորեն տվյալ դեպքում Գևորգ Միլիտոսյանն առանց ՌԴ համապատասխան մարմինների համաձայնության ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի մինչև հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել:
Սույն գործի քննության ընթացքում միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասի չկիրառումը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 480-րդ և 499-րդ հոդվածների խախտումները, որոնք ազդել են դատավճռի օրինականության վրա, նույն օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասի, 397-րդ և 398-րդ հոդվածների համաձայն` հիմք են հանդիսանում Գևորգ Միլիտոսյանի վերաբերյալ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով բեկանելու և այդ մասով գործի վարույթը կարճելու համար, իսկ 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով դատավճիռը պետք է թողնել անփոփոխ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վճռաբեկ բողոքը բավարարել: Գևորգ Լյովայի Միլիտոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2004 թվականի սեպտեմբերի 27-ի դատավճիռը 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով բեկանել և այդ մասով գործի վարույթը կարճել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում նշանակելու, այն ՌԴ Տոլյատի քաղաքի Կենտրոնական դատարանի դատավճռով նշանակված և ամբողջությամբ կրած պատժի հետ համակցելու և հաշվակցելու մասով թողնել անփոփոխ:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Հ. Ղուկասյան |
Հ. Ասատրյան | |
Ս. Օհանյան |