ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Լոռու մարզի առաջին ատյանի կայացրած դատարանի կազմը |
Քրեական գործ ՎԲ-130/07 |
նախագահող դատավոր՝ | Մ. Հարությունյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
30 օգոստոսի 2007 թ. |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Հ. Ասատրյանի | |
Հ. Ղուկասյանի | ||
Ս. Օհանյանի |
քարտուղար՝ |
Ք. Մարտիրոսյանի | |
դատախազներ՝ |
Ա. Աշրաֆյանի | |
Լ. Մելքոնյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Արամ Յուրիկի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռի դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով 2000 թվականի մարտի 9-ին քրեական գործ է հարուցվել Արամ Ալեքսանյանի կողմից յուրացման միջոցով իրեն վստահված 480.377 ՀՀ դրամ արժեքով ավտոմեքենայի հափշտակության համար:
Արամ Յուրիկի Ալեքսանյանը 2000 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով: 2000 թվականի մայիսի 3-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 2000 թվականի մայիսի 10-ին հայտարարվել է հետախուզում, և գործով վարույթը կասեցվել է: 2004 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Ա.Ալեքսանյանին մեղսագրված արարքը համապատասխանեցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին:
2006 թվականի հուլիսի 17-ին Ղազախստանի Հանրապետության Մանգիստաուսկի մարզի ՆԳ դեպարտամենտից հաղորդում է ստացվել, որ հետախուզման մեջ գտնվող Արամ Ալեքսանյանը հայտնաբերվել և ձերբակալվել է: Ա.Ալեքսանյանը 2006 թվականի հուլիսի 19-ին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը 25.08.2006 թվականին բավարարել է հետախուզման մեջ գտնվող Ա.Ալեքսանյանին Հայաստանի Հանրապետությանը հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը, և 2006 թվականի հոկտեմբերի 20-ին Ա.Ալեքսանյանը հանձնվել է Հայաստանի Հանրապետությանը: Նույն օրվա որոշմամբ քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է:
Նախաքննության ընթացքում 2006 թվականի հոկտեմբերի 31-ին Արամ Ալեքսանյանին նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
2006 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Արամ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան:
Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը 2006 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռով Արամ Յուրիկի Ալեքսանյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 4 (չորս) տարի ժամկետով: Որոշվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով: Նրա վարքի վերահսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ այլընտրանքային պատիժների կատարման բնակության վայրի ստորաբաժանման վրա:
Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 29-ի որոշմամբ վարույթ է ընդունվել: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
2. Գործի փաստական հանգամանքները.
Արամ Ալեքսանյանը 1994 թվականի հուլիսից աշխատել է Վանաձորի թիվ 2981 ավտոշարասյունում որպես վարորդ: Նրան ամրացվել է 1986 թվականի արտադրության «Կամազ-53212» մակնիշի 09-00 ԱԴՕ պ/հ բեռնատար ավտոմեքենան: 1994 թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ տրանսպորտի նախարարության կողմից կազմված ավտոշարասյան կազմում Ա.Ալեքսանյանը մեկնել է ՌԴ Վոլգոգրադ քաղաք՝ Հայաստան թուղթ տեղափոխելու համար, սակայն չհասած Վոլգոգրադ քաղաք, ճանապարհին դուրս է եկել ավտոշարասյունից, դիմել է փախուստի և ավտոմեքենան չի վերադարձրել՝ այն տնօրինելով իր հայեցողությամբ: 1998 թվականի մարտ ամսին Ա. Ալեքսանյանը հարազատի հուղարկավորության առիթով վերադարձել է Հայաստան, հանդիպել է ավտոշարասյան նախկին տնօրեն Հ. Հովիվյանին, պարտավորվել է շուտափույթ վերադարձնել ավտոմեքենան, նույնիսկ 300 ԱՄՆ դոլար ճանապարհածախս է վերցրել, սակայն չի կատարել իր պարտավորությունը և իրեն ամրացված 1986 թվականի արտադրության «Կամազ-53212» մակնիշի 09-00 ԱԴՕ պ/հ 560.000 ՀՀ դրամ արժեքով բեռնատար ավտոմեքենան յուրացնելու միջոցով հափշտակել է:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
2006 թվականի հուլիսի 17-ին Արամ Ալեքսանյանը հայտնաբերվել է Ղազախստանի Հանրապետության Մանգիստաուսկի մարզի իրավապահ մարմինների կողմից: Ա. Ալեքսանյանին տեղափոխելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից բավարարվել է, և 2006 թվականի հոկտեմբերի 20-ին նա տեղափոխվել է Հայաստան: Ընդ որում, վերջինիս տեղափոխման վերաբերյալ որոշման մեջ նշվել է, որ նա հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը կատարելու համար, և այդ արարքի համար քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով էլ տրվել է Ղազախստանի Հանրապետության դատախազության համաձայնությունը:
Սակայն Արամ Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործի վերսկսված նախաքննության ընթացքում վերջինիս մեղսագրվող արարքը վերաորակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որով խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել: Փաստորեն Արամ Ալեքսանյանը ենթարկվել է քրեական պատասխանատվության այն հանցագործության համար, որի համար նա չի հանձնվել, այսինքն՝ խախտվել են ինչպես «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասի, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները: 2006 թվականի նոյեմբերի 21-ին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան: Վերջինս նույնպես, անտեսելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, 2006 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռով Արամ Յուրիկի Ալեքսանյանին դատապարտել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Միաժամանակ բողոքում նշվում է, որ Արամ Ալեքսանյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վերաորակելու դեպքում առաջանում է վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու անհրաժեշտություն, որովհետև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է 1994 թվականին, հանդիսանում է միջին ծանրության հանցանք, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, եթե միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 5 տարի ժամանակ, անձը պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով:
Բողոքում խնդրվում է Արամ Յուրիկի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճիռը բեկանել և փոփոխել. Արամ Յուրիկի Ալեքսանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրա նկատմամբ քրեական գործի վարույթը կարճել՝ վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական գործերով վարույթն իրականացվում է այդ օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:
Նույն օրենսգրքի 480-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած և օտարերկրյա պետության տարածքում գտնվող անձինք` Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով: Նշված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում իրականացնելիս կիրառվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կանոնները` համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով:
«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993 թվականի Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները, այն է` առանց հարցվող Պայմանավորվող կողմի համաձայնության` հանձնված անձին չի կարելի քրեական պատասխանատվության կամ պատժի ենթարկել մինչև հանձնելը նրա կատարած այն հանցագործության համար, որի կապակցությամբ նա չի հանձնվել:
Համանման դրույթ է պարունակում նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 499-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի` առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության` քրեական հետապնդումը շարունակելու համար Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասությանը հանձնված անձը չի կարող քրեական պատասխանատվության և պատժի ենթարկվել մինչև նրան հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել:
Գործի նյութերից երևում է, որ 2003 թվականի մարտի 9-ին քրեական գործ է հարուցվել 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով (յուրացնելու, վատնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խոշոր չափերով գույքի հափշտակություն), իսկ 2004 թվականի հոկտեմբերի 15-ին նրա արարքը համապատասխանեցվել է 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը խոշոր չափերով): Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը բավարարել է նշված հոդվածով հետախուզվող Արամ Ալեքսանյանին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը: Սակայն Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուց և նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը վերսկսելուց հետո 2006 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ փոփոխվել է Արամ Ալեքսանյանի մեղադրանքը, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունն առանձնապես խոշոր չափերով), որով նա հանձնված չի եղել, և Ա. Ալեքսանյանը քրեական պատասխանատվության և պատժի է ենթարկվել այդ հոդվածով: Դրանով խախտվել են 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի 66-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ, 480-րդ և 499-րդ հոդվածների պահանջները, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառում, որոնք, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, 406-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիմք են Արամ Ալեքսանյանի վերաբերյալ դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով բեկանելու և փոփոխելու, այն է՝ նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով որակելու համար, քանի որ դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները տալիս են նման հնարավորություն, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Բացի այդ, գործի նյութերից երևում է, որ Ա. Ալեքսանյանը հանցանքը կատարել է 1994 թվականի սեպտեմբերի 16-ին, իսկ դատապարտվել է 2006 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճռով: ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործությունը միջին ծանրության հանցագործություն է: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե միջին ծանրության հանցանքն ավարտվելու օրվանից անցել է հինգ տարի: Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը: Վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է, եթե մինչև նշված ժամկետն անցնելն անձը կատարում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր նոր հանցանք: Այս դեպքում վաղեմության ժամկետի հաշվարկն սկսվում է նոր հանցանքն ավարտված համարելու պահից: Վաղեմության ժամկետը կասեցվում է, եթե անձը խուսափում է քննությունից և դատից: Այս դեպքում վաղեմության ընթացքը վերսկսվում է անձին ձերբակալելու կամ մեղակայանով ներկայանալու պահից: Ընդ որում, անձը չի կարող քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե ոչ մեծ ծանրության կամ միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է տասը տարի, և վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատված չի եղել նոր հանցագործությամբ:
Ինչպես երևում է գործի նյութերից, 1994 թվականի սեպտեմբերին հանցանք կատարած և 2006 թվականի դեկտեմբերի 7-ին դատապարտված Ա. Ալեքսանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից անցել է 10 տարուց ավելի և վաղեմության ժամկետի ընթացքը նոր հանցագործությամբ ընդհատված չի եղել, այսինքն՝ անցել են վաղեմության ժամկետները:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Հետևաբար, Ա. Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով քրեական գործի վարույթը ենթակա է կարճման վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
Վճռաբեկ բողոքը բավարարել:
Արամ Յուրիկի Ալեքսանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 7-ի դատավճիռը բեկանել և փոփոխել. Արամ Ալեքսանյանի արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, քրեական գործի վարույթը կարճել վաղեմության ժամկետն անցնելու կապակցությամբ և նրա նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը:
Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Հ. Ասատրյան |
Հ. Ղուկասյան | |
Ս. Օհանյան |