Գլխավոր տեղեկություն
Համար
N 909-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2007-21.05.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.912
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 օգոստոսի 2007 թվականի N 909-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «իգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 17
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 9-ի N 909-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում հաշվառված տրանսպորտային միջոցների` հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից թույլտվություն տալու կարգը:

2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն ստանալու համար ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և վերասարքավորման թույլտվություն տալու համար օրենքով նախատեսված վճարի մուծման անդորրագիր:

3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարվող վերասարքավորման մասին:

4. Դիմումին կից ներկայացվում են գծապատկերներ, գծագրեր, էսքիզներ, հիմնավորող տեխնիկական հաշվարկներ, տրանսպորտային միջոցի ամբողջական տեսքի կամ առանձին մասերի ու հանգույցների լուսանկարներ, ինչպես նաև տեղեկություններ օգտագործվող նյութերի մասին:

5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:

6. Դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`

1) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու մասին.

2) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին:

7. Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը մերժվում է, եթե`

1) վերասարքավորման արդյունքում կարող են խախտվել Հայաստանի Հանրապետության oրենuդրության պահանջները.

2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.

3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ:

8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված որոշումների մեկ օրինակն ուղարկվում է դիմումատուին, իսկ սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման երկրորդ օրինակը` նաև տրանսպորտային միջոցի հաշվառման-քննական ստորաբաժանում:

9. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված որոշումների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան