Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Հայաստանի Հանրապետության
տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-1152 (ՏԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ Տ-1963/2006 թ.

Նախագահող դատավոր՝ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ՝

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ՝

Ա. Մկրտումյանի
Ս. Գյուրջյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի

 

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Ֆիրմա-Ա» արտադրական կոոպերատիվի վճռաբեկ բողոքն ըստ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ «Ֆիրմա-Ա» արտադրական կոոպերատիվի (այսուհետ նաև՝ Կոոպերատիվ)՝ գումար բռնագանձելու և հողի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու պահանջների մասին քաղաքացիական գործով ՀՀ տնտեսական դատարանի 25.07.2006 թվականի վճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

«Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն, դիմելով դատարան, պահանջել է Կոոպերատիվից բռնագանձել 11.269.277 ՀՀ դրամ և վաղաժամկետ լուծել հողի վարձակալության պայմանագրերը:

ՀՀ տնտեսական դատարանի 25.07.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Կարեն Մեժլումյանի միջոցով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոոպերատիվը։

«Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից վճռաբեկ բողոքին ներկայացվել է պատասխան։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով:

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածների պահանջները, ինչի հետևանքով կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 369-րդ, 466-րդ, 468-րդ, 606-րդ, 616-րդ և 622-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 15.05.2003 թվականի թիվ 698-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերը, որոնք չպետք է կիրառեր և չի կիրառել նույն օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետը, 346-րդ հոդվածի 3-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի պահանջը չկիրառելը հանգեցրել է սխալ վճիռ կայացնելուն առ այն, որ տվյալ դեպքում «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն ոչ պատշաճ հայցվոր է, քանի որ նրա իրավունքներն ու օրինական շահերը չեն խախտվել:

Դատարանը «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին դիտել է որպես պահանջատեր կողմ, սակայն այդ եզրահանգումը հիմնավորող որևէ ապացույց չի նշել:

Հայցվորն ու պատասխանողը պայմանագրային հարաբերությունների մեջ չեն գտնվել, պատասխանողը հայցվորի առջև որևէ պարտավորություն չի ստանձնել, ուստի նշված նորմերի դրույթները նրանց փոխհարաբերություններում կիրառելի չեն: Ավելին, եթե դատարանն այնուամենայնիվ գտել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը ենթակա է կիրառման, ապա դատարանն այն Կոոպերատիվի մասով սխալ է մեկնաբանել և կիրառել, քանի որ Վարձատուն չի կատարել հողի վարձակալության պայմանագրերի 7.1 կետերի պահանջները և պայմանագրերն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում ու դրանից հետո վարձակալած գույքը Վարձակալին չի փոխանցել:

Դատարանը հղում է կատարել Երևանի քաղաքապետի կողմից «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին 16.07.2003 թվականին տրված թիվ 01/23-741 լիազորագրին, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Դատարանի վկայակոչած լիազորագրի ժամկետը սահմանվել է երեք տարի, որի ժամկետը լրացել է 16.07.2006 թվականին: Բացի այդ, լիազորագիրը տրվում է ներկայացվողի անունից գործելու համար, այն դեպքում, երբ դատարանը վճիռ է կայացրել հօգուտ լիազորված անձի, որի լիազորության ժամկետը լրացել է:

Դատարանը կիրառել է ՀՀ կառավարության 15.05.2003 թվականի թիվ 698-Ն որոշման 3-րդ և 4-րդ կետերի պահանջները: Նշված որոշումը կիրառելու պահին այն 4-րդ կետ չի ունեցել, իսկ 3-րդ կետը եղել է վերախմբագրված, քանի որ ՀՀ կառավարության 09.03.2006 թվականի թիվ 254-Ն որոշման 1-ին կետի «դ» ենթակետով ուժը կորցրած են ճանաչվել դատարանի կողմից կիրառված որոշման 2-րդ և 4-րդ կետերը, իսկ «ե» ենթակետով 3-րդ կետը վերախմբագրվել է:

Դատարանի վճռով հաստատված է այն հանգամանքը, որ 06.05.2002 թվականին, 20.05.2002 թվականին և 25.06.2003 թվականին կնքված պայմանագրերի կողմեր հանդես են եկել Երևանի քաղաքապետարանը (վարձատու) և Կոոպերատիվը (վարձակալ), իսկ դատարանի կիրառած՝ ՀՀ կառավարության 15.05.2003 թվականի թիվ 698-Ն որոշումը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթները «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի համար իրավունքներ չեն սահմանում, ու բացակայում է նաև կողմերի համաձայնությունը:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 25.07.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները.

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում մասնավորապես նշվել է, որ վարձակալության պայմանագրերի 7.1 կետերով սահմանված պարտավորությունները՝ հողամասերը սահմանված կարգով հատկացնելու ժամանակ սահմանազատելու, վարձակալին հանձնելու պարտականությունները պետք է կատարվեին Երևանի քաղաքապետարանի կողմից, այլ ոչ թե «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից, ինչի վերաբերյալ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն Երևանի քաղաքապետարանից որևէ փաստաթուղթ չի ստացել: «Ֆիրմա-Ա» արտադրական կոոպերատիվին շինարարական աշխատանքներն իրականացնելու թույլտվություն չի տրամադրվել՝ հաշվի առնելով կանաչապատ տարածքների, մասնավորապես, Օղակաձև զբոսայգու կառուցապատման խտությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի քաղաքապետի 28.03.2002 թվականի թիվ 483, 16.05.2002 թվականի թիվ 822 և 06.06.2003 թվականի թիվ 1219-Ա որոշումների հիման վրա 06.05.2002, 21.05.2002 և 25.06.2003 թվականներին կնքվել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնցում որպես կողմեր հանդես են եկել Երևանի քաղաքապետարանը (վարձատու) և Կոոպերատիվը (վարձակալ):

2) Հիշատակված որոշումների և պայմանագրերի համաձայն՝ Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածից հողհատկացումները կատարվել են սրճարանային համալիրի կառուցման և ընդլայնման նպատակով, սակայն հողամասերը պայմանագրերով նախատեսված կարգով Կոոպերատիվին չեն հանձնվել և շինարարության թույլտվություններ չեն տրվել:

3) Հողամասերը պայմանագրերով նախատեսված կարգով Կոոպերատիվին չհանձնելու և շինարարության թույլտվություններ չտրամադրվելու հետևանքով հողամասերն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան չեն օգտագործվել:

4) Երևանի քաղաքապետի կողմից «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին 16.07.2003 թվականին տրված թիվ 01/23-741 լիազորագրի ժամկետը լրացել է 16.07.2006 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ հոդվածի համաձայն՝ վարձակալության օբյեկտ կարող են հանդիսանալ նաև հողամասերը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 613-րդ հոդվածի 1-ից 3-րդ մասերի համաձայն՝ վարձատուն պարտավոր է գույքը վարձակալին տրամադրել վարձակալության պայմանագրի պայմաններին և գույքի նշանակությանը համապատասխանող վիճակում: Գույքը վարձակալության է հանձնվում դրա բոլոր պատկանելիքներով ու դրան վերաբերող փաստաթղթերով (տեխնիկական անձնագիր, որակի հավաստագիր և այլն), եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Եթե այդպիսի պատկանելիքները և փաստաթղթերը չեն հանձնվել, իսկ վարձակալն առանց դրանց չի կարող գույքն օգտագործել իր նշանակությանը համապատասխան կամ զգալի չափով զրկվում է այն բանից, ինչը կարող էր ակնկալել պայմանագիրը կնքելիս, նա կարող է վարձատուից պահանջել իրեն տրամադրելու պատկանելիքներն ու փաստաթղթերը կամ լուծելու պայմանագիրը և հատուցելու իր կրած վնասները: Եթե վարձատուն վարձակալության պայմանագրում նշված ժամկետում, իսկ եթե պայմանագրում այդպիսի ժամկետ սահմանված չէ՝ ողջամիտ ժամկետում, վարձակալին չի տրամադրել վարձակալության հանձնված գույքը, վարձակալը, սույն օրենսգրքի 414-րդ հոդվածին համապատասխան, իրավունք ունի նրանից պահանջել տրամադրելու այդ գույքը և հատուցելու կատարման ձգձգման հետևանքով իրեն պատճառված վնասները, կամ պահանջելու լուծելու պայմանագիրը և հատուցելու պայմանագիրը չկատարելու հետևանքով իրեն պատճառված վնասները:

Գործի փաստերի համաձայն՝ Երևանի քաղաքապետի 28.03.2002 թվականի թիվ 483, 16.05.2002 թվականի թիվ 822 և 06.06.2003 թվականի թիվ 1219-Ա որոշումներով Երևանի Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում Կոոպերատիվին՝ սրճարան կառուցելու և դրա ընդլայնման նպատակով կատարվել են հողհատկացումներ:

Հիշատակված որոշումների հիմքով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Երևանի քաղաքապետի և Կոոպերատիվի միջև 06.05.2002 թվականին, 21.05.2002 թվականին և 25.06.2003 թվականին կնքվել են հողի վարձակալության պայմանագրեր, որոնք վավերացվել են նոտարական կարգով, և պետական գրանցման են ենթարկվել այդ պայմանագրերից բխող վարձակալության իրավունքները:

Հողի վարձակալության պայմանագրերի 7.1 կետերով վարձատուի համար սահմանվել է պարտավորություն, այն է՝ Վարձատուն պարտավոր է հողատարածքը Վարձակալին տրամադրել հանձնման-ընդունման ակտով՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից 20-օրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 611-րդ հոդվածի համաձայն՝ անշարժ գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: Այսինքն՝ վերը հիշատակված հողամասերի վարձակալության պայմանագրերն ուժի մեջ են մտել դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման պահից, սակայն գործում առկա չէ որևէ թույլատրելի ապացույց այն մասին, որ Վարձատուն հողի վարձակալության պայմանագրերի 7.1 կետերով նախատեսված կարգով՝ հանձնման-ընդունման ակտով հողամասերը հանձնել է Վարձակալին:

Այսինքն` Վարձատուն պարտավոր էր վարձակալության պայմանագրերում նշված հողամասերը հանձնել Վարձակալին, ինչը չի արվել:

Ավելին, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն վճռաբեկ բողոքի պատասխանում հայտնել է, որ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն հողամասերի հանձնման մասին Երևանի քաղաքապետարանից որևէ փաստաթուղթ չի ստացել: Միաժամանակ հայտնել է նաև, որ շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Վարձակալին չի տրամադրվել՝ հաշվի առնելով կանաչապատ տարածքների՝ մասնավորապես, Օղակաձև զբոսայգու կառուցապատման խտությունը: Այսինքն՝ ըստ էության ընդունել է Վարձատուի կողմից հողի վարձակալության պայմանագրերով ստանձնած պայմանագրային պարտավորությունները չկատարելու փաստը, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ կատարելը:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը): Այսինքն՝ վարձավճարը վճարվում է գույքի օգտագործման դիմաց, այնինչ հողամասերը պատասխանողին չեն հանձնվել, վերջինիս կողմից չեն օգտագործվել, հետևաբար, հողամասերը պայմանագրերում սահմանված կարգով Կոոպերատիվին չհանձնելու և դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան չօգտագործվելու հետևանքով վարձավճար վճարելու պարտականությունը, ինչպես նաև վարձավճարը պայմանագրերով սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով տույժեր հաշվարկելու հիմքերը չեն ծագել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոքի պատճառաբանությունն այն մասին, որ դատարանը Կոոպերատիվի մասով սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածը, քանի որ հողի վարձակալության պայմանագրերով ստանձնած պարտավորությունների խախտում է տեղի ունեցել ոչ թե Կոոպերատիվի, այլ՝ Վարձատուի կողմից:

Դատարանը հայցը բավարարելիս հղում է կատարել Երևանի քաղաքապետի կողմից «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ին 16.07.2003 թվականին տրված թիվ 01/23-741 լիազորագրին, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Դատարանի վկայակոչած լիազորագրի ժամկետը սահմանված է եղել երեք տարի, որը լրացել է 16.07.2006 թվականին: Այսինքն՝ հիշատակված լիազորագրի ժամկետի ավարտմամբ դադարել է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից իրեն պատվիրակված գործառույթների իրականացման իրավունքը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի ուժով՝ ՀՀ տնտեսական դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է։

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Սահմանադրության և Կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Տնտեսական դատարանի դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը ելնում է իր այն եզրահանգումից, որ վարձակալած հողամասերը պատասխանողին չտրամադրելով՝ Վարձատուն խախտել է պարտավորությունները պատշաճ կատարելու իր պարտականությունը, իսկ որպես դրա հետևանք պատասխանողը չստանալով և չօգտագործելով վարձակալած հողամասերն իրենց նպատակային նշանակությանը համապատասխան, այդ հողամասերն օգտագործելու համար վարձավճար վճարելու պարտականություն չի կարող կրել:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 25.07.2006 թվականի վճռի՝ գումար բռնագանձելու մասը և այդ մասով դատական ակտը փոփոխել. «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի հայցն ընդդեմ «Ֆիրմա-Ա» արտադրական կոոպերատիվի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին մերժել:

2. ՀՀ տնտեսական դատարանի 25.07.2006 թվականի վճռի՝ 06.05.2002 թվականի, 21.05.2002 թվականի և 25.06.2003 թվականի հողի վարձակալության պայմանագրերը վաղաժամկետ լուծելու մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Ս. Գյուրջյան

Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան