Գլխավոր տեղեկություն
Համար
N 912-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.23/4(594) Հոդ.915
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2007 թվականի N 912-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 309-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում բնակարանի գնման վկայագրի (այսուհետ` վկայագիր) միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեն`

1) Գյումրի և Սպիտակ քաղաքներում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում` այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն հաշվառված են բնակարան ստանալու համար` 2004 թվականի մարտի 1-ի դրությամբ, և չեն օգտվել Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման համար իրենց իրավունքից.

2) փախստական ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման համար նախատեսված հատկացումների սահմաններում`

ա. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում` մարզի Աբովյանի տարածաշրջանում հաշվառված այն անձինք, ովքեր Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանային ապահովության առաջնահերթ ծրագրի մասին» N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին համապատասխան հաշվառվել են նախկին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից` 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ, և ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի կողմից հաստատված ցուցակներում,

բ. Երևանում` Երևան քաղաքի Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներից` սույն որոշման 5-րդ կետի համաձայն կատարված վիճակահանության արդյունքներով ընտրված 20 ընտանիք:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝

1) սույն որոշման 1-ին կետի համաձայն վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց վկայագրերը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան՝ Երևանում` Նոր Նորքի Մոլդովական փողոցի N 70/1 հասցեում գտնվող հանրակացարանի 1-ին մասնաշենքում բնակվող փախստական ընտանիքներին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի և վկայագրի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի համաձայն.

2) բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացն ավարտել 2007 թվականի դեկտեմբերի 15-ին.

3) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկման ժամանակ հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-րդ կետով սահմանված նորմաներով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձերի թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով) տվյալ բնակավայրում (Երևանում` Երևան քաղաքի Ավան թաղային համայնքում) վկայագրի տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջին արժեքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված տվյալները:

3. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված հարցման համաձայն բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկատվությունը տրամադրել համապատասխան հարցումներն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 1-ին կետում նշված անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մասին տեղեկատվությունը ճշտել համապատասխան մարզերի (Երևանում` Երևան քաղաքի) կտրվածքով:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին՝

1) սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան` ապահովել վիճակահանության կատարումը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.

2) վիճակահանության արդյունքներով ընտրված ընտանիքների հաստատված ցուցակը տրամադրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» N 309-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով» բառերով.

2) որոշման վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում ու 1-ին կետում «2005 թվականի պետական բյուջեով» բառերը փոխարինել «տարեկան պետական բյուջեներով» բառերով.

3) որոշմամբ հաստատված կարգում`

ա. 9-րդ կետի երկրորդ պարբերության վերջին տողում «յոթ և ավելի» բառերը փոխարինել «ութ և ավելի» բառերով,

բ. 34-րդ կետի «ա» ենթակետը «ստանալուց» բառից հետո լրացնել «և վկայագրի միջոցով աջակցություն ստացողի կողմից զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք ներկայացնելուց» բառերով:

7. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 17
Երևան