Գլխավոր տեղեկություն
Համար
N 908-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.08.2007-18.12.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.23/4(594) Հոդ.911
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.07.2007
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2007 թվականի N 908-Ն

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 11-Ի N 18 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 11 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի կանոնակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` 15-օրյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի անհատական կազմը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 11-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 18 և 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության քիմիական, կենսաբանական միջոցների և կենսաբանական ակտիվ նյութերի գրանցման միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 11 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Աբրահամյան


2007 թ. օգոստոսի 17
Երևան


 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 908-Ն որոշման

Կ Ա Զ Մ

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ).

2. «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության  այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի դասախոս (հանձնաժողովի նախագահի տեղակալ).

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար).

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության պետ.

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բուսական ռեսուրսների կառավարման բաժնի պետ.

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի վտանգավոր նյութերի և թափոնների կառավարման վարչության գլխավոր մասնագետ.

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն.

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության ագրոքիմիկատների կիրառման հիգիենայի լաբորատորիայի ղեկավար.

9. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության աշխատանքի հիգիենայի և ճառագայթային անվտանգության բաժնի պետ.

10. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Երկրագործության և բույսերի պաշտպանության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բույսերի պաշտպանության գծով տնօրենի տեղակալ.

11. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր մասնագետ.

12. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենսատեխնոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լաբորատորիայի վարիչ.

13. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գենետիկայի լաբորատորիայի վարիչ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հուլիսի 26-ի N 908-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

1. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Հանձնաժողովի գործունեության նպատակը բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը (այսուհետ՝ լիազորված մարմին) եզրակացություն տալն է:

3. Հանձնաժողովի լիազորություններն են՝

1) փորձաքննության տվյալների հիման վրա բույսերի պաշտպանության միջոցների գրանցման նպատակով եզրակացություն տալը և եզրակացությունը լիազորված մարմին ներկայացնելը.

2) բույսերի պաշտպանության միջոցների օգտագործման ընթացքում մարդկանց առողջության ու շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն գործած բույսերի պաշտպանության միջոցների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ լիազորված մարմին առաջարկություն ներկայացնելը:

4. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:

5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին: Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի նիստի մասնակիցների ձայների 2/3-ով:

6. Հանձնաժողովի նախագահն անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում կարող է ներգրավել փորձագետների, որոնք ուսումնասիրում են փորձերի ընթացքն ու արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովին:

7. Բույսերի պաշտպանության միջոցների գրանցման եզրակացություն տալու մասին հանձնաժողովը որոշումն ընդունում է լիազորված մարմնի կողմից հաստատված ձևով ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ փաստաթղթերն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

8. Հանձնաժողովի նախագահի տեղակալը նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան:

9. Հանձնաժողովի քարտուղարը նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը, բույսերի պաշտպանության միջոցների գրանցման համար ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի նիստի գումարումից առնվազն 15 օր առաջ տրամադրում է հանձնաժողովի անդամներին, նրանցից ստանում փորձաքննության արդյունքները, որն ամփոփ ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը, կազմում արձանագրություններ: Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քարտուղարը: Նիստի արձանագրության մեջ նշվում են օրակարգը, ելույթների հակիրճ նկարագրությունը, քվորումի և քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն: Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում դրա մասին առանձին նշվում է արձանագրության մեջ:

10. Քննարկման արդյունքների հիման վրա կազմվում է բույսերի պաշտպանության միջոցների գրանցման մասին եզրակացությունը, որը, հանձնաժողովի նիստում քվեարկությանը մասնակցած անդամների ստորագրությամբ, ներկայացվում է հանձնաժողովի նախագահին` ստորագրման:

11. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան