«ՍԵՎծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների միջեվ հանցավորության եվ հատկապես դրա կազմակերպված ձեվերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի» Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Լրացուցիչ արձանագրություն
Ն ա խ ա բ ա ն
Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության «ՍԾՏՀ» անդամ պետությունների Կառավարությունները` Ալբանիայի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Վրաստանը, Հունաստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռումինիան, Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիայի Հանրապետությունը, Ուկրաինան, այսուհետ` Կողմեր,
հանդիսանալով 1998 թ. հոկտեմբերի 2-ին Կերկիրայում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի, համառոտ` «ՍԾՏՀ Համաձայնագիր», Պայմանավորվող կողմեր,
հետևելով ՍԾՏՀ Կանոնադրության դրույթներին, Ստամբուլում ստորագրված հիմնադիր Հռչակագրին, ՍԾՏՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի` 2001 թվականի հոկտեմբերի 26-ի հինգերորդ հանդիպման հայտարարությանը, ինչպես նաև ՍԾՏՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի` Անվտանգության և կայունության մեջ ՍԾՏՀ ներդրման վերաբերյալ 2004 թվականի հունիսի 25-ի հայտարարությանը, որոնք խստորեն դատապարտում են միջազգային ահաբեկչությունը որպես խաղաղության և անվտանգության դեմ ուղղված համընդհանուր սպառնալիք,
գիտակցելով, որ ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորման եղանակներով լուրջ վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության ու անվտանգության, Կողմերի քաղաքական, տնտեսական և սոցիալական կայունության, նրանց տարածքային ամբողջականության և ՍԾՏՀ անդամ պետությունների անվտանգության, ինչպես նաև Սևծովյան տարածաշրջանի պետությունների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների և երկկողմ ու բազմակողմ համագործակցության համար,
հաշվի առնելով ՄԱԿ-ի` ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ փաստաթղթերի դրույթները և լիովին ընդունելով այս բնագավառում Անվտանգության խորհրդի բանաձևերը, մասնավորապես` 1373-րդ բանաձևը,
ընդգծելով, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է իրականացվի` խորապես հարգելով օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները,
հաստատելով միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին իրենց միանշանակ օժանդակությունը,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Սույն Լրացուցիչ արձանագրության նպատակների համար «ահաբեկչություն» բառը նշանակում է` այն հանցագործությունները, որոնք սահմանված են ՄԱԿ-ի` ահաբեկչության դեմ պայքարի կոնվենցիաներում և արձանագրություններում:
Հոդված 2
Կողմերը պետք է համագործակցեն ահաբեկչական գործողությունների կանխարգելման, հայտնաբերման, ճնշման, բացահայտման և քննության ուղղությամբ` ՍԾՏՀ Համաձայնագրի, սույն Լրացուցիչ արձանագրության և ազգային օրենսդրության հիման վրա, ինչպես նաև իրենց պետությունների ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան:
Հոդված 3
1. Կողմերը պետք է նշանակեն իրենց իրավասու մարմինը(ները) և/կամ հաղորդակցման կետը(երը), որոնց միջոցով կապահովվի ուղիղ կապ:
2. Յուրաքանչյուր Կողմ սույն Լրացուցիչ արձանագրության` իր համար ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամանակահատվածում, Ավանդապահին պետք է ներկայացնի իրավասու մարմնի (մարմինների) և հաղորդակցման կետի (կետերի) ցանկը: Կողմերը պետք է Ավանդապահին տեղեկացնեն այս ցուցակում տեղ գտած ցանկացած փոփոխության մասին:
Հոդված 4
1. Սույն Լրացուցիչ արձանագրության կիրառման նպատակով Կողմերը պետք է համագործակցեն ՍԾՏՀ Համաձայնագրի 5-րդ հոդվածի և 2002 թվականի մարտի 15-ին Կիևում ստորագրված ՍԾՏՀ Համաձայնագրի Լրացուցիչ արձանագրության համաձայն:
2. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են հաստատել հրատապ հաղորդակցության ուղիներ, անցկացնել հերթական կամ արտահերթ հանդիպումներ կամ խորհրդակցություններ:
Հոդված 5
ՍԾՏՀ Համաձայնագրի և սույն Լրացուցիչ արձանագրության շրջանակներում Կողմերը պետք է փոխանակեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվություն, մասնավորապես`
ա) պետության ղեկավարների, միջազգային պաշտպանության տակ գտնվող անձանց, դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսությունների անդամների, միջազգային միջկառավարական կազմակերպությունների պաշտոնյաների, պետական պատվիրակությունների մասնակիցների, ինչպես նաև ազգային/միջազգային իրադարձությունների մասնակիցների և այլ պաշտոնյաների ու քաղաքացիների դեմ ծրագրված և ուղղված ահաբեկչական գործողությունների մասին.
բ) իրենց պետությունների անվտանգությանը սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների, խմբերի և անձանց, ինչպես նաև այդպիսի ահաբեկչական կազմակերպությունների, խմբերի և անձանց միջև շփումների մասին.
գ) Կողմերի պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված ահաբեկչական փորձերի և գործողությունների մասին.
դ) ահաբեկչական գործողությունների և Կողմերի պետությունների տարածքներում այդպիսի գործողությունների իրականացման վտանգի մասին` ուղղված տնտեսական, տեխնոլոգիական և էկոլոգիական միավորների և կենսական նշանակության հաստատությունների դեմ.
ե) Կողմերի պետությունների տարածքներում գործող ահաբեկչական կազմակերպությունների և խմբերի, դրանց մարտավարության ու մեթոդների, ղեկավարների, անդամների մասին, ինչպես նաև այն անձանց մասին, ովքեր ներգրավված են և/կամ օժանդակում են այդպիսի խմբերի կամ կազմակերպությունների գործունեությանը.
զ) ահաբեկչությանն օժանդակող կազմակերպությունների և հաստատությունների, այդպիսի օժանդակության մեխանիզմների, տարածման և ուղղվածության մասին.
է) կազմակերպված հանցավոր խմբավորումների և անձանց կողմից զենքի, ներառյալ զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի և աղբյուրների, քիմիական և կենսաբանական զենքերի և դրանց բաղադրիչների ապօրինի առևտրի մասին, Կողմերի պետությունների տարածքներով ապօրինի փոխադրումների համար օգտագործվող ուղիների մասին.
ը) ահաբեկչական կազմակերպություններին և խմբերին ֆինանսական, փաստաթղթային կամ այլ տեսակի նյութական աջակցության` հայտնաբերված և կասկածելի աղբյուրների և ուղիների մասին.
թ) հակաահաբեկչական օրենսդրության և գործելակերպի մասին:
Հոդված 6
Կողմերը պետք է մշակեն և իրականացնեն սերտ համագործակցություն, մասնավորապես`
ա) ճնշելու ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը և իրականացումը, ինչպես նաև ահաբեկիչներին որևէ օժանդակության տրամադրումը` ներառյալ ֆինանսական,
բ) ահաբեկչական գործողությունները ֆինանսավորող, ծրագրող, օժանդակող կամ իրականացնող անձանց համար ապաստանը մերժելու համար,
գ) այն տարածքների հայտնաբերման ու ոչնչացման ուղղությամբ, որտեղ անցկացվում է ահաբեկիչների ուսուցում, իրականացվում են ահաբեկչական գործողությունների ծրագրում ու նախապատրաստում, եթե կան կոնկրետ ապացույցներ,
դ) ահաբեկչական խմբերի կամ կազմակերպությունների կողմից իրենց գործունեությունը թաքցնելու համար օգտագործվող կառույցների հայտնաբերման ու նույնացման ուղղությամբ,
ե) ֆինանսական օժանդակության, զենքի և զինամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի, միջուկային և ռադիոակտիվ նյութերի և աղբյուրների, քիմիական և կենսաբանական զենքերի և դրանց բաղադրիչների մատակարարման, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների ծրագրման, նախապատրաստման և իրականացման համար ցանկացած անձի և կազմակերպության ցանկացած օգնության տրամադրման կանխարգելման, հայտնաբերման և ճնշման ուղղությամբ:
Կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն համատեղ գործողությունների արդյունքների մասին:
Հոդված 7
Կողմերը պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցներն իրենց պետությունների տարածքներում ահաբեկչական գործողությունների նախապատրաստումը կանխելու համար, երբ այդ ահաբեկչական գործողությունները պետք է իրականացվեն այլ Կողմերի պետությունների տարածքներում, ինչպես նաև պետք է մերժեն ապաստանի տրամադրումը այն անձանց, ովքեր ծրագրել, աջակցել կամ մասնակցել են ահաբեկչական գործողությունների իրականացմանը:
Հոդված 8
Կողմերը կարող են համագործակցել սույն Լրացուցիչ արձանագրության կիրառումն ընդլայնելու նպատակով` հետևյալ ձևերով.
ա) անձնակազմի կրթության, ուսուցման և հմտությունների ամրապնդում,
բ) քրեական հետազոտությունների համար գիտական և տեխնոլոգիական մեթոդների վերաբերյալ տվյալների և փորձի փոխանակում,
գ) համատեղ դասընթացների, խորհրդակցությունների և գիտական հետազոտությունների անցկացում,
դ) համապատասխան ներքին օրենսդրական փաստաթղթերի, վերլուծական և վիճակագրական տվյալների փոխանակում,
ե) և ՍԾՏՀ Համաձայնագրով նախատեսված այլ ձևերով:
Հոդված 9
1. Հայցող Կողմը պետք է ապահովի սույն Լրացուցիչ արձանագրության համաձայն ձեռք բերված տեղեկատվության ու փաստաթղթերի գաղտնիության նույն մակարդակը, որը կիրառվում է հայցվող Կողմի կողմից նույնատիպ տեղեկատվության նկատմամբ:
2. Սույն Լրացուցիչ արձանագրության համաձայն ձեռք բերված տեղեկատվությունն ու փաստաթղթերը, ինչպես նաև քննության մեթոդների և հատուկ սարքավորումների կիրառման հնարների և/կամ նյութերի մասին տեղեկատվությունները չպետք է փոխանցվեն որևէ 3-րդ Կողմի առանց դրանք տրամադրող Կողմի նախնական թույլտվության:
3. Տեղեկատվությունը կամ սույն Լրացուցիչ արձանագրության հիման վրա մյուս Կողմի հարցմանը համապատասխան ձեռք բերված արդյունքներն առանց տրամադրող Կողմի նախնական գրավոր թույլտվության չեն կարող օգտագործվել այլ նպատակներով, քան այն նպատակներն են, որոնց համար հայցվել կամ ներկայացվել են:
4. Դասակարգված տեղեկատվության տարածումն ու պաշտպանությունը պետք է իրականացվեն Կողմերի ներքին օրենսդրության և/կամ միջազգային համաձայնագրերի համաձայն:
5. Առանց վնաս հասցնելու ՍԾՏՀ Համաձայնագրի և սույն Լրացուցիչ արձանագրության Կողմեր հանդիսացող ՍԾՏՀ անդամ պետությունների համապատասխան միջազգային պարտավորություններին` սույն Լրացուցիչ արձանագրության համաձայն ստացված անձնական տվյալները պետք է ունենան առնվազն այնպիսի համարժեք պաշտպանություն, ինչպիսին ապահովում է տրամադրող Կողմը:
Հոդված 10
Յուրաքանչյուր Կողմ պետք է ինքնուրույն հոգա սույն Լրացուցիչ արձանագրության իրականացման ընթացքում առաջացող ծախսերը, եթե փոխադարձ համաձայնությամբ այլ որոշում չի կայացվում յուրաքանչյուր առանձին դեպքի համար:
Հոդված 11
Սույն Լրացուցիչ արձանագրության շրջանակներում համագործակցությունն ապահովելու նպատակով Կողմերը գրավոր ընթացակարգեր իրականացնելիս պետք է օգտագործեն անգլերենը, իսկ բանավոր ընթացակարգերի դեպքում` անգլերենը և ռուսերենը, եթե Կողմերն այլ կերպ չեն պայմանավորվել:
Հոդված 12
1. Սույն Լրացուցիչ արձանագրության իրականացումը սահմանափակվում է յուրաքանչյուր Կողմի պետության օրենսդրությամբ:
2. Սույն Լրացուցիչ արձանագրությունը չպետք է խոչընդոտի Կողմերի այլ միջազգային պարտավորությունների կատարմանը:
3. Վիճելի հարցերը, որոնք կարող են ծագել` կապված սույն Լրացուցիչ արձանագրության մեկնաբանման կամ կիրառման հետ, պետք է լուծվեն շահագրգիռ Կողմերի կողմից խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի համապատասխան կանոնների համաձայն:
Հոդված 13
1. ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունը պետք է լինի սույն Լրացուցիչ արձանագրության Ավանդապահը:
2. Սույն Լրացուցիչ արձանագրության միակ` անգլերեն լեզվով բնօրինակը պետք է փոխանցվի ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը (PERMIS), որը պետք է յուրաքանչյուր Կողմին փոխանցի դրա հաստատված պատճենը:
3. ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությունը պետք է տեղեկացնի ՍԾՏՀ անդամ պետություններին`
ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,
բ) վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ յուրաքանչյուր փաստաթղթի ներկայացման մասին,
գ) սույն Լրացուցիչ արձանագրության 15-րդ հոդվածի համաձայն` սույն Լրացուցիչ արձանագրության ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր օրվա մասին,
դ) սույն Լրացուցիչ արձանագրության հետ կապված ցանկացած այլ ակտի կամ ծանուցման փաստաթղթի մասին:
Հոդված 14
1. Սույն Լրացուցիչ արձանագրությունը բաց է յուրաքանչյուր ՍԾՏՀ անդամ պետության ստորագրման համար:
2. Այն Կողմը, որը ստորագրել է սույն Լրացուցիչ արձանագրությունը, չի կարող դրա կողմ դառնալ, եթե այն չդառնա ՍԾՏՀ Համաձայնագրի կողմ:
3. Սույն Լրացուցիչ արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու:
4. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը պետք է ի պահ հանձնվեն Ավանդապահին:
Հոդված 15
1. Սույն Լրացուցիչ արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին երրորդ փաստաթուղթը ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը (PERMIS) ի պահ հանձնելու օրվան հաջորդող 30-րդ օրը:
2. Յուրաքանչյուր Կողմի համար, որը վավերացնում, ընդունում, հաստատում կամ միանում է սույն Լրացուցիչ արձանագրությանը դրա ուժի մեջ մտնելուց հետո, սույն Լրացուցիչ արձանագրությունը պետք է ուժի մեջ մտնի նրա համապատասխան փաստաթղթերն ի պահ հանձնելու օրվան հաջորդող 30-րդ օրը:
Հոդված 16
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է առաջարկել փոփոխություններ սույն Լրացուցիչ արձանագրության մեջ:
2. Այդպիսի փոփոխությունները պետք է ընդունվեն բոլոր Կողմերի համաձայնությամբ և ուժի մեջ մտնեն սույն Լրացուցիչ արձանագրության 14-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի և 15-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 17
Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Լրացուցիչ արձանագրությունից կամ չեղյալ հայտարարել այն` այդ մասին պաշտոնապես ծանուցելով ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարությանը (PERMIS): Դուրս գալը կամ չեղյալ հայտարարելը ուժի մեջ են մտնում այդ մասին ծանուցումը ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության (PERMIS) կողմից ստանալու օրվանից սկսած երեք ամսվա ընթացքում:
Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ` ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Լրացուցիչ արձանագրությունը:
Կատարված է Աթենքում/Հունաստան/ երկու հազար չորս թվականի դեկտեմբերի 3-ին, մեկ բնօրինակով` անգլերեն լեզվով:
Սույն Լրացուցիչ արձանագրությունն ստորագրվել է Ալբանիայի Հանրապետության Կառավարության, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բուլղարիայի Հանրապետության Կառավարության, Վրաստանի Կառավարության, Հունաստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության, Ռումինիայի Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության, Սերբիայի և Մոնտենեգրոյի Կառավարության, Թուրքիայի Հանրապետության Կառավարության և Ուկրաինայի Կառավարության կողմից:
Ադրբեջանի Հանրապետությունը ստորագրել է վերապահումով:
Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը և վերապահումը
«Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների միջև հանցավորության և հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարի բնագավառում համագործակցության մասին Համաձայնագրի» Ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Լրացուցիչ արձանագրության մասին
1. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ ինքը չի կարող երաշխավորել սույն Արձանագրության դրույթների կիրառումը Հայաստանի Հանրապետության կողմից գրավված իր տարածքների նկատմամբ, քանի դեռ այդ տարածքները չեն ազատագրվել (գրավված տարածքների քարտեզը կցվում է):
2. Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարում է, որ սույն Արձանագրությամբ նախատեսված իրավունքներից, պարտավորություններից և դրույթներից ոչ մեկը չի կիրառվի Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ:
Լրացուցիչ արձանագրությունը ուժի մեջ է մտել 01.03.2008թ:
