Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.01.2005-01.07.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.01.15/2(150) Հոդ.80
Ընդունող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.2001
Ստորագրող մարմին
Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.05.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2007

600.0022.29.05.01

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2001 թ.
ք. Երևան

N 22

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ե) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոնները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 10-ից:

 

Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ
Վ. Մովսեսյան

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի 2001 թվականի
մայիսի 29-ի N 22 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման ժամանակավոր կանոններում (այսուհետև` ԷՄՕԿ) օգտագործված հիմնական հասկացությունները.

 

էլեկտրամատակարարող
ընկերություն`
էլեկտրական էներգիայի (այսուհետև` էլեկտրաէներգիա) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.
   
սպառող (բաժանորդ)` էլեկտրաէներգիայի (հզորության) սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական կամ ֆիզիկական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն, որն էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր է կնքել էլեկտրամատակարարող ընկերության հետ.
   
ենթասպառող (ենթաբաժանորդ)` սպառող (բաժանորդ), որի էլեկտրամատակարարումն իրականացվում է այլ սպառողի (բաժանորդի) ցանցերից (էլեկտրակայանքներից), և որն ունի սահմանված կարգով կնքված էլեկտրաէներգիայի (հզորության) մատակարարման երկկողմ կամ եռակողմ պայմանագիր.
   
էլեկտրակայանք` էլեկտրաէներգիայի կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված փոխկապակցված սարքավորումների համալիր.
   
բեռնվածքի
օրական գրաֆիկ`
էլեկտրական հզորության սպառման փոփոխության կորն ըստ օրվա ժամերի.
   
տեխնիկական պայմաններ` սպառողի (բաժանորդի) էլեկտրաէներգիայի սպառման համակարգը էլեկտրամատակարարող ընկերության բաշխիչ ցանցին (այլ սպառողի (բաժանորդի) էլեկտրաէներգիայի սպառման համակարգին) միացնելու, սպառված էլեկտրաէներգիան հաշվառելու, էլեկտրաէներգիայի սպառման համակարգի հետագա անվտանգ և հուսալի շահագործումը և էլեկտրաէներգիայի մատակարարումը ապահովելու համար` էլեկտրամատակարարող ընկերության կողմից առաջադրվող պայմաններ:
   
էլեկտրաէներգիայի
պայմանագրային
քանակություն`
էլեկտրաէներգիայի քանակություն, որը փոխհամաձայնեցվում է էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) միջև ու ամրագրվում էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով.
   

պայմանագրային
էլեկտրական
հզորություն`

էլեկտրական հզորության կեսժամյա միջին արժեքի առավելագույն մեծությունն օրվա որոշակի ժամերին, որը փոխհամաձայնեցվում է էլեկտրամատակարարող ընկերության ու սպառողի (բաժանորդի) միջև և ամրագրվում էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրով.
   
ամրագրված
տեխնոլոգիական
հզորություն`
էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում նշված այն հզորությունը, որը բավարար է արտադրության մեջ գտնվող հումքի վերամշակումը մինչև վերջ հասցնելու կամ առանց արտադրական սարքավորումների վնասման հումքն արտադրությունից առանց խոտանի հանելու համար.
   
ամրագրված
վթարային
հզորություն`
Էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրում ամրագրված այն հզորությունը, որը բավարար է մարդկանց կյանքը և անվտանգությունը, ինչպես նաև շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող էլեկտրասարքավորումների աշխատանքը պայմանագրում ամրագրված ժամկետում ապահովելու համար:

(1-ին կետը խմբ. 14.01.03 N 2-Ն)

 

2. ԷՄՕԿ-ը սահմանում է էլեկտրամատակարարող ընկերության, սպառողների (բաժանորդների) ու ենթասպառողների (ենթաբաժանորդների) փոխհարաբերությունները և պարտադիր է նրանց համար:

3. Էլեկտրամատակարարող ընկերության կողմից սպառողին (բաժանորդին) էլեկտրաէներգիայի մատակարարումը թույլատրվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և հետևյալ պայմանների բավարարման դեպքում:

 էլեկտրական ցանցին նորմատիվ ակտերի հիման վրա, սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրական միացում.

 էլեկտրամատակարարող ընկերության հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրի (այսուհետև` պայմանագիր) առկայություն:

Պայմանագրին (բացի բնակչության հետ կնքվողից) կցվում է էլեկտրական ցանցերի հաշվեկշռային պատկանելության, էլեկտրաէներգիայի հաշվառման և էլեկտրական ցանցի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին ակտը, որը պայմանագրի անբաժանելի մասն է:

Ենթասպառողների (ենթաբաժանորդների) առկայության դեպքում սպառողի (բաժանորդի) և էլեկտրամատակարարող ընկերության միջև կնքված պայմանագրում նշվում են սպառողի (բաժանորդի) էլեկտրական ցանցին (էլեկտրակայանքին) միացված ենթասպառողների (ենթաբաժանորդների) տվյալները (անվանումը, հասցեն, դրվածքային հզորությունը, էլեկտրասպառման ռեժիմը, բանկային տվյալները և այլն):

Բնակչության համար նշվում է միայն ենթասպառողի (ենթաբաժանորդի) անվանումը և հասցեն:

4. Էլեկտրամատակարարող ընկերությունն էլեկտրաէներգիայի ծախսերը և վճարումները հաշվառելու համար սպառողի (բաժանորդի) հետ պայմանագիր կնքելու օրվանից բացում է սպառողի (բաժանորդի) հաշվառման քարտ:

4.1 Սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց առաջացած պարտքերը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ այլ ընկերության փոխանցելու դեպքում դրանք գանձում է` համաձայն կնքված պայմանագրի, էլեկտրամատակարարող ընկերությունը` որպես գանձման գործակալ, ձեռք բերելով այդ սպառողների էլեկտրամատակարարման ընդհատման և(կամ) սահմանափակման` սույն կանոններով սահմանված իրավունքները, եթե գործակալական պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

(4.1-ին կետը լրաց. 30.10.02 N 76-Ն)

5. Սպառողին (բաժանորդին) վերաբերող ԷՄՕԿ-ի բոլոր դրույթները հավասարապես տարածվում են նաև ենթասպառողի (ենթաբաժանորդի) վրա, եթե վերջինիս վերաբերյալ այլ բան սահմանված չէ:

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

ՆՈՐ ԿԱՄ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ (ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ) ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ ՑԱՆՑԻՆ ՄԻԱՑՆԵԼՈՒ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Բաշխման ցանցին կամ այլ սպառողների (բաժանորդների) էլեկտրակայանքներին նոր սպառողի (բաժանորդի) կամ սպառողի (բաժանորդի) վերակառուցվող էլեկտրակայանքների միացման տեխնիկական պայմանները առաջադրում է էլեկտրամատակարարող ընկերությունը, իսկ լրացուցիչ պայմանները` այն անձը, որի էլեկտրակայանքներին միացվում են նոր կամ վերակառուցվող անձի էլեկտրակայանքները: Նոր սպառողի (բաժանորդի) հաշվառքի սարքի ձեռքբերման և տեղադրման ծախսերը կրում է էլեկտրամատակարարող ընկերությունը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

7. Էլեկտրամատակարարող ընկերությունն իր սպառողի (բաժանորդի) էլեկտրական ցանցից սնվելու համար նոր սպառողին (բաժանորդին) կարող է տեխնիկական պայմաններ տալ վերջինիս կողմից` սպառողի (բաժանորդի) առաջադրած լրացուցիչ տեխնիկական պայմանների բավարարման և նրա գրավոր համաձայնության դեպքում: Էլեկտրամատակարարող ընկերությունը հատուցում է սպառողին (բաժանորդին) նրա ենթասպառողների (ենթաբաժանորդների) էլեկտրամատակարարման ապահովման համար կատարված լրացուցիչ ծախսերը, որոնք հաշվարկվում են համաձայն ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդիկայի:

71. Տեխնիկական պայմաններ տալու համար էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողից գանձում է ծառայության վճար` հետևյալ չափերով.

ա) մինչև 35 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 5000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ) 35 կՎ և 110 կՎ լարման բաշխիչ ցանցին միանալու համար` 10000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Տեխնիկական պայմաններ տալու համար էլեկտրամատակարարող ընկերության կողմից գանձված ծառայության վճարը վերադարձման ենթակա չէ:

(71-ին կետը լրաց. 12.10.04 N 125-Ն)

8. Նոր սպառողի (բաժանորդի) էլեկտրակայանքները կամ սպառողի (բաժանորդի) վերակառուցվող էլեկտրակայանքները էլեկտրամատակարարող ընկերության բաշխիչ ցանցին կամ այլ սպառողների (բաժանորդների) էլեկտրակայանքներին միացնելու մասին դիմումը և ծառայության վճարը ստանալուց հետո էլեկտրամատակարարող ընկերությունը 15 օրյա ժամկետում տալիս է էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններ:

Էլեկտրամատակարարման տեխնիկական պայմաններում նշվում են միացման կետերը (ենթակայան կամ էլեկտրահաղորդման գիծ), անվանական (նոմինալ) լարումը, սնող օդային կամ մալուխային գծերը:

Նոր սպառողի (բաժանորդի) էլեկտրակայանքների միացման կամ սպառողի (բաժանորդի) վերակառուցվող էլեկտրակայանքների հզորությունների ավելացման հետևանքով առաջացած անհրաժեշտ ծախսերը, կապված էլեկտրամատակարարող ընկերության գործող էլեկտրական ցանցի թողունակության մեծացման (լարերի հատույթի ավելացում, ուժային տրանսֆորմատորների փոխարինում և այլն) հետ, հաշվարկվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած մեթոդիկայով:

(8-րդ կետը փոփ. 12.10.04 N 125-Ն)

9. Էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) միջև փոխհամաձայնեցված տեխնիկական պայմանների կատարումը պարտադիր է կողմերի համար և չի կարող միակողմանիորեն ուժը կորցրած ճանաչվել: Նոր սպառողին (բաժանորդին) էլեկտրամատակարարող ընկերության էլեկտրական ցանցին միացնելու տեխնիկական պայմանների կատարման ժամկետը սահմանվում է 2 տարի, եթե տրված տեխնիկական պայմաններում այլ ժամկետ չի նախատեսված:

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

10. Սպառողի (բաժանորդի) նոր միացվող և վերակառուցվող բոլոր էլեկտրակայանքները պետք է համապատասխանեն տեխնիկական պայմաններին և իրավական ակտերին, ապահովված լինեն թողարկման և փորձարկման փաստաթղթերով:

11. Սպառողի (բաժանորդի) նոր միացվող կամ վերակառուցվող էլեկտրակայանքները լարման տակ դնելու համար սպառողը (բաժանորդը) էլեկտրամատակարարող ընկերությանն է ներկայացնում էլեկտրակայանքի թողարկման և փորձարկման փաստաթղթերը:

12. Էլեկտրամատակարարող ընկերությունը նոր սպառողի (բաժանորդի) էլեկտրակայանքները լարման տակ է դնում սահմանած կարգով կապարակնքված էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի առկայության, էլեկտրակայանքներում տեղակայման թերություններ չլինելու, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման դեպքում և էլեկտրամատակարարման պայմանագիր կնքելուց հետո:

Սպառողը (բաժանորդը) իրավունք ունի լրացուցիչ կապարակնքել հաշվառքի սարքերը (առևտրային հաշվիչ, հոսանքի տրանսֆորմատորներ և այլն):

Առևտրային հաշվառքի սարքեր են համարվում պայմանագրում նշվածները:

Պայմանագրում պարտադիր նշվում է առևտրային հաշվիչի և հաշվառքի մյուս սարքերի գործարանային համարները և տեխնիկական պարամետրերը:

13. Առևտրային հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ.

ա) բացառվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ աղտոտման հնարավորությունը,

բ) բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրանց աշխատանքին,

գ) ապահովվի սպառողի (բաժանորդի) և էլեկտրամատակարարող ընկերության ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիությունը,

դ) բացառվի էլեկտրամատակարարող ընկերության ներկայացուցչի` առանց սպառողի (բաժանորդի) ներկայության, հաշվառքի սարքերի տեխնիկական սպասարկումը,

ե) ապահովվի հաշվառքի սարքերի պահպանման և շահագործման անվտանգությունը,

զ) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍՊԱՌՄԱՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

14. Էլեկտրաէներգիայի մատակարարումը և սպառումը կատարվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, պայմանագրով և սույն կանոններով: Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքներով էլեկտրաէներգիայի անընդհատ ու անխափան մատակարարում պահանջող` տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» օրենքում ներառված կարևոր նշանակության սպառողների էլեկտրամատակարարումն իրականացվում է սահմանված կարգով:

(14-րդ կետը լրաց. 30.10.02 N 76-Ն)

15. Բարձր լարման սպառողը (բաժանորդը) պարտավոր է պահպանել էլեկտրաէներգիայի և հզորության պայմանագրային քանակությունները: Թույլատրվում է սպառողի (բաժանորդի) և էլեկտրամատակարարող ընկերության փոխհամաձայնությամբ կատարել էլեկտրաէներգիայի պայմանագրային քանակությունների և պայմանագրային էլեկտրական հզորության փոփոխություն: Տվյալ ամսվա համար փոփոխությունները պետք է կատարվեն պայմանագրով սահմանված կարգով և ժամկետներում:

16. Էներգահամակարգի վթարային բեռնաթափման և (կամ) էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակման ժամանակ սպառողը (բաժանորդը) պարտավոր է կատարել բեռնվածքի իջեցման (անջատման) վերաբերյալ էլեկտրամատակարարող ընկերության պահանջն ըստ կնքված պայմանագրի: Հակառակ դեպքում էլեկտրամատակարարող ընկերությանն իրավունք ունի կատարելու համապատասխան անջատումներ կամ սահմանափակումներ` պայմանագրով սահմանված կարգով:

17. Էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) պայմանագրային հարաբերություններից ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է համաձայն առևտրային հաշվիչի ցուցմունքի, իսկ արժեքի վճարման կարգը ըստ սույն կանոնների:

19. Սպառողը (բաժանորդը) և էլեկտրամատակարարող ընկերությունը սպառված էլեկտրաէներգիայի քանակության վերաբերյալ, հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ, սպառողի (բաժանորդի) հետ նախօրոք համաձայնեցված ժամին կազմում են երկկողմանի ակտ` պայմանագրում հաստատված ձևով: Սպառողի (բաժանորդի) ներկայացուցչի չներկայանալու դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունը կազմում է միակողմանի ակտ:

էլեկտրամատակարարող ընկերությունը էլեկտրաէներգիայի ծախսի վճարման փաստաթուղթը կազմում է սպառված էլեկտրաէներգիայի քանակության վերաբերյալ ակտի հիման վրա:

20. Սպառողը (բաժանորդը) սպառված էլեկտրաէներգիայի համար վճարում է վերջինիս ներկայացրած անհատական վճարման փաստաթղթի հիման վրա` ներկայացման պահից 7-օրյա ժամկետում:

(20-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

21. Վճարման համար հատկացված 7-օրյա ժամկետի խախտման դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունը իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը` նախապես նրան 3 օրից ոչ պակաս ժամկետում զգուշացնելուց հետո (գրություն, ֆաքս, հեռախոսագիր, էլեկտրոնային փոստ): Եթե պայմանագրում ամրագրված են վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունները, ապա վճարման ժամկետի խախտման դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի սահմանափակել սպառողի էլեկտրամատակարարումը մինչև ամրագրված վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունները` նախապես 3 օրից ոչ պակաս ժամկետում զգուշացնելուց հետո (գրություն, ֆաքս, հեռախոսագիր, էլեկտրոնային փոստ): Վթարային և (կամ) տեխնոլոգիական հզորությունների պայմանագրային ժամկետը լրանալուց հետո էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի էլեկտրամատակարարումը: Էլեկտրամատակարարումը դադարեցվում է դադարեցման ժամի մասին սպառողին գրավոր տեղեկացնելուց հետո: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը սպառողի (բաժանորդի) կողմից ներկայացվելուց հետո` 12 ժամվա ընթացքում:

Էլեկտրամատակարարող ընկերությունը կարող է չդադարեցնել սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը, եթե սպառողը (բաժանորդը) ներկայացրել է էլեկտրամատակարարող ընկերության համար ընդունելի վճարման երաշխիքներ և (կամ) նրա հետ պայմանագրային ձևով կազմվել է պարտքի մարման ժամանակացույց:

Էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը, եթե վերջինս պարտքը չի մարել ժամանակացույցում ամրագրված ժամկետներում:

(21-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն, լրաց. 14.01.03 N 2-Ն)

22. Էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի վճարման համար հատկացված 7-օրյա ժամկետում վճարում չկատարող սպառողին (բաժանորդին) հաշվարկել տույժ` յուրաքանչյուր ուշացրած օրվա համար պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավել օրական 0,1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել պարտքի ընդհանուր գումարի 10%-ը:

Եթե սպառողի (բաժանորդի) հետ կազմվել է պարտքի մարման ժամանակացույց, ապա պարտքի գումարը հաշվարկվում է նշանակված տույժի հետ միայն այն ժամանակահատվածի համար, որը ներառված է ժամանակացույցում:

Վճարման համար հատկացված 7-օրյա ժամկետի խախտման դեպքում, խախտումն արձանագրելու օրվան հաջորդող օրացուցային տարում 3 անգամ խախտում արձանագրելու դեպքում, էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի վերջին խախտմանը հաջորդող յուրաքանչյուր հաշվարկային ամսվա էլեկտրամատակարարման դիմաց 6 ամիս պահանջել կանխավճար, որի մեծությունը չպետք է գերազանցի սպառողի վերջին տարում օգտագործած էլեկտրաէներգիայի միջին ամսական քանակի արժեքը: Էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի սահմանափակել կանխավճարից հրաժարվող սպառողի էլեկտրամատակարարումը մինչև ամրագրված վթարային կամ տեխնոլոգիական հզորությունները, որից հետո հոսանքազրկել, կամ եթե պայմանագրում ամրագրված չեն վթարային և(կամ) տեխնոլոգիական հզորությունները` ընդհատել նրա էլեկտրամատակարարումը

(22-րդ կետը լրաց. 30.10.02 N 76-Ն)

23. Վճարման փաստաթղթերում սխալի հայտնաբերման դեպքում սպառողը (բաժանորդը) կարող է դիմել էլեկտրամատակարարող ընկերությանը, իսկ հարցի բավարար լուծում չստանալու դեպքում` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին:

Սույն կետը չի սահմանափակում սպառողի (բաժանորդի) իրավունքը` վեճը լուծել դատական կարգով:

Սպառողի (բաժանորդի) դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է ստուգել իր գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել սպառողին (բաժանորդին):

Վճարման փաստաթղթերում սխալը հաստատվելու դեպքում, եթե սպառողը (բաժանորդը).

ա) ըստ տրված վճարման փաստաթղթի արդեն կատարել է վճարումը, էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է ուղղել սխալը և սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ` ավել գանձված գումարը վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ պակաս վճարելու դեպքում` այդ գումարը հաշվի առնել ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող վճարման փաստաթղթում: Ավել գանձված գումարը սպառողին (բաժանորդին) է վերադարձվում նրա դիմելու պահից 7 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավել օրական 0,1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելիք գումարի 10%-ը:

բ) ըստ տրված վճարման փաստաթղթի վճարում չի կատարել, նրան տրվում է վճարման նոր` ճշտված փաստաթուղթ, ըստ որի վճարումը կատարվում է սույն կանոններով սահմանված կարգով:

(23-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

24. Սպառողի (բաժանորդի) պատասխանատվության տակ գտնվող (անկորուստ և ամբողջական պահպանման համար) հաշվառքի սարքերով էլեկտրաէներգիայի ծախսի սխալ գրանցման դեպքում, որը պայմանավորված չէ սպառողի (բաժանորդի) կողմից ԷՄՕԿ-ի 27-րդ կետում նշված խախտումների հետ, էլեկտրամատակարարող ընկերությունը կատարում է սպառողի (բաժանորդի) ծախսած էլեկտրաէներգիայի քանակության վերահաշվարկ: Վերահաշվարկը կատարվում է սխալ գրանցման պատճառը վերացնելու պահից մինչև հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրանցման օրը ընկած ժամանակահատվածի համար, բայց 30 օրից ոչ ավելի: Ծախսված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է սխալ գրանցման պատճառը վերացնելուց հետո ընկած հաշվարկային ամսվա միջին օրական ծախսով: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությունը համաձայնեցվում է սպառողի (բաժանորդի) հետ և հաշվի է առնվում սխալ գրանցման պատճառը վերացնելուց հետո հաշվարկային ամսվա համար տրված էլեկտրաէներգիայի ծախսի վճարման փաստաթղթում:

25. Առևտրային հաշվառքի սարքերը արտապլանային ստուգման կարող են ենթարկվել էլեկտրամատակարարող ընկերության նախաձեռնությամբ կամ սպառողի (բաժանորդի) պահանջով:

Հաշվառքի սարքերի աշխատանքում սպառողի (բաժանորդի) կասկածի դեպքում, դրանց ստուգում (ստուգաչափում) անցկացնելու համար սպառողը (բաժանորդը) գրավոր դիմում է էլեկտրամատակարարող ընկերությանը:

Ստուգաչափման համար հաշվառքի սարքերի ապամոնտաժելուց առնվազն 2 օր առաջ էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի (բաժանորդի) հետ պայմանավորվում է ապամոնտաժման ժամկետի մասին:

Հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը որոշվում է ստուգաչափման գրավոր եզրակացության հիման վրա:

Եթե արտապլանային ստուգումը (ստուգաչափումը) կատարվում է սպառողի (բաժանորդի) պահանջով և արդյունքում պարզվում է, որ հաշվառքի սարքերը ճիշտ չեն աշխատում, ապա ստուգման (ստուգաչափման) հետ կապված ծախսերը կատարում է էլեկտրամատակարարող ընկերությունը, հակառակ դեպքում` սպառողը (բաժանորդը):

Հաշվառքի սարքերի ապամոնտաժման, տեղափոխման և տեղադրման հետ կապված ծախսերը հաշվարկվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից մշակած մեթոդիկայով:

Էլեկտրամատակարարող ընկերության նախաձեռնությամբ կատարված արտապլանային ստուգման (ստուգաչափման) հետ կապված ծախսերը` անկախ ստուգման (ստուգաչափման) արդյունքից, կատարում է էլեկտրամատակարարող ընկերությունը:

26. Ստուգման (ստուգաչափման) արդյունքների հիման վրա, եթե գրանցվել է հաշվառքի սարքերի սխալ աշխատանք, կատարվում է էլեկտրաէներգիայի ծախսի վերահաշվարկ` հաշվառքի սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթի գերազանցող մասով: Վերահաշվարկը կատարվում է հաշվառքը վերականգնելու օրվանից մինչև վերջին ստուգաչափումը եղած ժամանակահատվածի համար, բայց 30 օրից ոչ ավելի: Եթե սպառողից ավել գումար է գանձվել, ապա էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ` ավել գանձված գումարը ձևակերպել որպես կանխավճար կամ այն հետ վերադարձնել սխալի հաստատման պահից 7 օրվա ընթացքում: Այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ, պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավել օրական 0,1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելիք գումարի 10%-ը: Պակաս հաշվարկված գումարը էլեկտրամատակարարող ընկերությունը հաշվի է առնում ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող էլեկտրաէներգիայի ծախսի վճարման փաստաթղթում:

Հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված էլեկտրաէներգիայի ու դրա արժեքի վերահաշվարկ, եթե գտնվում են հաշվառքի սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

(26-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

27. Պայմանագրով սպառողի (բաժանորդի) պատասխանատվության տակ գտնվող առևտրային հաշվառքի սարքերով գրանցվող էլեկտրաէներգիայի քանակության նվազեցման նպատակով հաշվիչի միացման սխեմայի փոփոխման, հոսանքի և լարման տրանսֆորմատորների պարամետրերի փոփոխման, հաշվառքի սարքերի շրջանցումով էլեկտրական ընդունիչների միացման, հաշվառքի սարքերի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման), հաշվիչի սկավառակի արհեստական արգելակման և (կամ) այլ խախտումների դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի (բաժանորդի) հետ համատեղ կազմում է հաշվառքի խախտման ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում սպառողի (բաժանորդի) ծախսած էլեկտրաէներգիայի քանակության վերահաշվարկի համար:

Ակտին` սպառողի (բաժանորդի) չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

28. Էլեկտրամատակարարող ընկերությունը հաշվառքի խախտման ակտը կազմելուց և հաշվառքը վերականգնելուց հետո կատարում է էլեկտրաէներգիայի ծախսի վերահաշվարկ, հաշվառքը վերականգնելու օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքերը վերջին անգամ զննելու (վերջին ցուցմունքի գրառման) օրը եղած ամբողջ ժամանակահատվածի համար, սպառողի (բաժանորդի) փաստացի բեռնվածքով և աշխատանքի ժամերի քանակով (հաշվի առնելով էլեկտրաէներգիայի մատակարարման փաստացի ժամանակահատվածը):

Հաշվառքը վերականգնում է էլեկտրամատակարարող ընկերությունը` հաշվառքի խախտման ակտի հիման վրա, ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հաշվառքի վերականգնման և (կամ) հաշվիչի վերանորոգման հետ կապված ծախսերը կատարում է սպառողը (բաժանորդը):

29. Ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում, հակառակ դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը, իսկ հաշվարկված գումարը գանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե սպառողը (բաժանորդը) դիմել է իրավասու մարմիններին ակտը վիճարկելու համար (որի մասին գրավոր տեղյակ է պահել էլեկտրամատակարարող ընկերությանը), ապա մինչև որոշման կայացումը` նշված մարմինների գրության հիման վրա, էլեկտրամատակարարող ընկերությունը չպետք է դադարեցնի սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը:

Սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը վերականգնվում է ակտի հիման վրա հաշվարկված գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը սպառողի (բաժանորդի) կողմից ներկայացվելուց հետո` 12 ժամվա ընթացքում:

(29-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

30. Էլեկտրամատակարարող ընկերությունը, ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում (սպառում առանց պայմանագրի), դադարեցնում է էլեկտրամատակարարումը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի պահանջել վնասի փոխհատուցում:

31. Նվազագույն բեռնվածքի ռեժիմներում, երբ տեխնիկապես անհնար է հաշվառքի սարքերի բնականոն աշխատանքը, սպառողի (բաժանորդի) օգտագործած էլեկտրաէներգիայի հաշվառքը կատարվում է նվազագույն բեռնվածքի ամբողջ ժամանակահատվածներում փաստացի միացված էլեկտրական սպառիչների հզորությամբ:

Նվազագույն բեռնվածքի ժամանակահատվածների տևողությունը և այդ ժամանակահատվածներում միացված գումարային բեռի մեծությունները դրանց հաշվարկի կարգի հետ միասին, հավելվում են պայմանագրին:

32. Սպառողի (բաժանորդի) նվազագույն բեռնվածքի ռեժիմում պայմանագրում նշված հզորության գերազանցում հայտնաբերելու դեպքում էլեկտրամատակարարող ընկերության ներկայացուցչի կողմից վերջին անգամ հաշվիչի ցուցմունքը գրանցվելու օրվանից մինչև խախտման պահն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար սպառողի (բաժանորդի) այդ ռեժիմում սպառած էլեկտրաէներգիայի քանակը հաշվարկվում է ԷՄՕԿ-ի 31-րդ կետի համաձայն:

33. Սպառողի (բաժանորդի) նվազագույն բեռնվածքի ռեժիմների տևողության և բեռնվածքի մեծության փոփոխման կապակցությամբ պայմանագրում փոփոխություն կատարվում է սպառողի (բաժանորդի) գրավոր պահանջով և էլեկտրամատակարարող ընկերության համաձայնությամբ: Փոփոխությունը կատարվում է առանց նախորդ ժամանակահատվածներում սպառված էլեկտրաէներգիայի քանակի վերահաշվարկի:

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

34. Էլեկտրաէներգիայի (հզորության) մատակարարման սահմանափակումները և (կամ) դադարեցումը վթարային կամ արտակարգ իրավիճակներում իրականացվում են ըստ պայմանագրի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

35. Էլեկտրամատակարարող ընկերությունը, պայմանագրով սահմանված ժամկետում սպառողին (բաժանորդին) գրավոր նախազգուշացնելուց հետո, իրավունք ունի մասնակի (պահպանելով վթարային և տեխնոլոգիական ամրագրված հզորությունները) կամ լրիվ դադարեցնելու նրա էլեկտրաէներգիայի մատակարարումը եթե էլեկտրամատակարարող ընկերության անձնակազմին թույլ չի տրվել մոտենալ էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերին:

Սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը վերականգնվում է նշված խախտումը վերացումից հետո` 12 ժամվա ընթացքում:

36. Էլեկտրամատակարարող ընկերության ներկայացուցիչը էլեկտրամատակարարումը դադարեցնում կամ վերականգնում է սպառողի (սպառողների լիազորած անձի) ներկայությամբ կամ սպառողին (բաժանորդին) անջատման մասին սահմանված կարգով տեղյակ պահելով, իսկ միացման դեպքում` համաձայնությունն ստանալով:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂԻ (ԲԱԺԱՆՈՐԴԻ) ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է ապահովել սպառողների (բաժանորդների) որակով, անվտանգ և հուսալի էլեկտրամատակարարումը` համաձայն պայմանագրով ամրագրված սնման սխեմայի:

Էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է ապահովել, իսկ սպառողը` չգերազանցել պայմանագրով ամրագրված էլեկտրական հզորությունը:

38. Էլեկտրամատակարարող ընկերությունը պատասխանատվություն չի կրում սպառողների (բաժանորդների) էլեկտրամատակարարման ընդհատման համար, եթե այն հետևանք է`

ա) արտակարգ իրավիճակների` տարերային աղետների, ջրհեղեղների, երկրաշարժի, փոթորիկների և այլն.

բ) սպառողի (բաժանորդի) սխալ օպերատիվ գործողությունների (սխալ փոխանջատումներ կամ այլ գործողություններ, որոնց պատճառով անջատվում է էլեկտրասնուցումը) և սպառողի (բաժանորդի) շահագործման ոլորտում գտնվող էլեկտրակայանքների վթարների.

գ) սպառողին (բաժանորդին) էլեկտրաէներգիայի մատակարարման` պայմանագրում նշված սահմանափակման կամ ընդհատման պայմանների.

դ) ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի:

Էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է հնարավոր կարճ ժամկետում սպառողին (բաժանորդին) տեղեկացնել էլեկտրամատակարարման սահմանափակման պատճառների և վերացման ժամկետների մասին:

39. Էլեկտրամատակարարող ընկերության մեղքով, էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման դեպքում, պայմանագրով ամրագրված ժամկետներում մատակարարվելիք էլեկտրաէներգիայի քանակությունները չապահովելու համար, սպառողների (բաժանորդների) պահանջով կատարվում է այդ քանակությունների հաշվարկ էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցման փաստացի ժամանակով և նախորդ ամսվա միջին հզորությամբ:

Միջին հզորությունը որոշվում է հաշվարկային ամսում ծախսված էլեկտրաէներգիայի և աշխատանքային ժամերի ընդհանուր թվի քանորդով` աշխատանքային ժամաքանակն ընդունելով միահերթ աշխատանքի դեպքում օրական 8 ժամ, երկհերթ աշխատանքի դեպքում` օրական 16 ժամ և եռահերթ աշխատանքի դեպքում` օրական 24 ժամ, եթե պայմանագրով այլ աշխատաժամանակ չի սահմանված:

Էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման ժամանակը և պատճառները որոշվում են էլեկտրամատակարարող ընկերության ու սպառողի (բաժանորդի) օպերատիվ փաստաթղթերով և արձանագրվում երկկողմանի կազմված ակտով:

40. Էլեկտրամատակարարող ընկերությունը 5-օրյա ժամկետում քննարկում է էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատման մասին սպառողի (բաժանորդի) դիմումը և հաշվարկում է տույժ, չառաքված (հաշվարկված) էլեկտրաէներգիայի արժեքի 2%-ի չափով: Էլեկտրամատակարարող ընկերությունը 7 օրվա ընթացքում վճարում է հաշվարկված տույժը կամ սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ ձևակերպում է որպես կանխավճար, որը հաշվի է առնվում ընթացիկ հաշվարկային ամսում ծախսած էլեկտրաէներգիայի համար տրվող վճարման փաստաթղթում:

Հաշվարկված գումարը նշված ժամկետում չվճարելու դեպքում, յուրաքանչյուր ուշացված օրվա համար հաշվարկվում է 0,1% տույժ, բայց ոչ ավել հաշվարկված գումարի 10%-ից:

(40-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

41. Էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է պահպանել պայմանագրում նշված էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշերը, իսկ պայմանագրում դրանց բացակայության դեպքում, որակի` տեխնիկական կանոնակարգերով սահմանված ցուցանիշերը:

42. Էլեկտրամատակարարող ընկերությունը որակի ցուցանիշներին չհամապատասխանող մատակարարված էլեկտրաէներգիայի համար փոխհատուցում է սպառողի (բաժանորդի) կրած վնասը պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

43. Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողին (բաժանորդին) ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման համար պատասխանատվություն չի կրում այն ժամանակահատվածում, որի ընթացքում սպառողը (բաժանորդը) չի պահպանել էլեկտրասպառման պայմանագրային ռեժիմը:

44. Էլեկտրաէներգիայի որակի ցուցանիշերի իջեցման համար մեղավոր կողմը և ցածրորակ էլեկտրաէներգիայի մատակարարման ժամանակահատվածը որոշվում են էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) գրանցող սարքերի չափումների կամ վիճակագրական հաշվարկների արդյունքներով, իսկ գրանցող սարքերի բացակայության դեպքում` համապատասխան հաշվարկներով` էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) օպերատիվ փաստաթղթերի գրառումների հիման վրա: Այդ մասին ակտ է կազմվում էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) միջև:

45. Սպառողի հաշվեկշռում գտնվող, բայց մատակարարի կողմից սպասարկվող էլեկտրակայանքների, բաշխիչ սարքերի, սնող մալուխների, հաղորդալարերի և հաշվառքի սարքերի տեխնիկական վիճակի, պահպանման, անվտանգության տեխնիկայի ու շահագործման համար պատասխանատվություն է կրում էլեկտրամատակարարող ընկերությունը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

46. Սպառողի (բաժանորդի) սեփականությունը հանդիսացող էլեկտրակայանքների, բաշխիչ սարքերի և էլեկտրահաղորդագծերի պահպանման համար պատասխանատվություն է կրում սպառողը (բաժանորդը):

47. Սպառողը (բաժանորդը) պատասխանատվություն է կրում միայն այն հաշվառքի սարքերի անկորուստ և ամբողջական պահպանման համար, որոնք տեղադրված են իր սեփականությունը հանդիսացող կամ իր կողմից տնօրինվող տարածքներում և այդ մասին նշված է պայմանագրում: Այդ հաշվառքի սարքերի պլանային սպասարկումը և շահագործումը, ինչպես նաև դրանց հետ կապված ծախսերը կատարում է էլեկտրամատակարարող ընկերությունը, իսկ պլանով չնախատեսված դեպքերում (հաշվառքի սարքերի վնասվածք, խափանում և այլն) համապատասխան ծախսերը կատարում է սպառողը (բաժանորդը): Սպառողի (բաժանորդի) սեփականությունը հանդիսացող, բայց իր սեփական կամ իր կողմից տնօրինվող տարածքներից դուրս տեղադրված հաշվառքի սարքերի ամբողջականության և պահպանման պատասխանատվությունը կրում, ինչպես նաև պլանային և ոչ պլանային սպասարկման ու շահագործման ծախսերը կատարում է էլեկտրամատակարարող ընկերությունը:

 

Գ Լ ՈՒ Խ  VIII

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Ա. Ընդհանուր դրույթներ

 

48. Բնակչությանը էլեկտրական էներգիայից օգտվել թույլատրվում է էլեկտրամատակարարող ընկերության հետ պայմանագրի առկայության դեպքում:

49. Սպառողի (բաժանորդի) էլեկտրաէներգիայի առևտրային հաշվառքի սարքերի (նաև բազմասակագնային հաշվիչների) ձեռքբերման և տեղադրման ծախսերը կատարում է էլեկտրամատակարարող ընկերությունը ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի սահմանած կարգով:

50. Էլեկտրամատակարարող ընկերությունը բացում է սպառողի (բաժանորդի) անհատական հաշվառման քարտ` էլեկտրաէներգիայի ծախսերը և վճարումները հաշվառելու համար:

51. Էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողների (բաժանորդների) էլեկտրամատակարարումը իրականացնում է սահմանված կարգով կապարակնքված էլեկտրաէներգիայի առևտրային հաշվիչների (էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի) առկայության դեպքում:

Սպառողը (բաժանորդը) իրավունք ունի լրացուցիչ կապարակնքել էլեկտրաէներգիայի առևտրային հաշվիչը և էլեկտրաէներգիայի հաշվառքի մյուս սարքերը:

Առևտրային հաշվիչ (հաշվառքի սարքեր) է համարվում պայմանագրում նշվածը:

Պայմանագրում պարտադիր նշվում է առևտրային հաշվիչի և հաշվառքի մյուս սարքերի գործարանային համարները և տեխնիկական պարամետրերը:

 

Բ. Բնակելի շենքերի եվ առանձնատների էլեկտրակայանքների շահագործումը

 

52. Բնակելի շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրակայանքների (սանդղահարթակներ, բակեր, նկուղներ, ձեղնահարկեր լուսավորում, վերելակներ, պոմպեր և այլն) տեխնիկական վիճակի, պահպանման, անվտանգության տեխնիկայի և շահագործման համար պատասխանատվություն է կրում սեփականատերը կամ այն ընկերությունը, որի սպասարկման ոլորտում են գտնվում տվյալ էլեկտրակայանքները (համատիրություն, մասնագիտացված ձեռնարկություն և այլն):

53. Բնակելի շենքի և առանձնատան (ամառանոցի) մուտքային բաշխիչ սարքերի, դրանք սնող մալուխների և հաղորդալարերի, ինչպես նաև սպառողների (բաժանորդների) էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերից մինչև բնակարանները, իսկ առանձնատան (ամառանոցի) դեպքում` մինչև վերջինիս կանգնակը (եթե կանգնակը գտնվում է սեփականատիրոջ տարածքի սահմանի վրա) էլեկտրահաղորդագծերի տեխնիկական վիճակի, պահպանման, անվտանգության տեխնիկայի և շահագործման համար պատասխանատվություն է կրում էլեկտրամատակարարող ընկերությունը:

54. Սպառողի (բաժանորդի) բնակելի տարածքում գտնվող էլեկտրահաղորդալարերի, էլեկտրակայանքների և էլեկտրահաղորդագծերի տեխնիկական վիճակի, պահպանման, շահագործման ու էլեկտրական էներգիայից օգտվելու անվտանգության տեխնիկայի համար պատասխանատվություն է կրում սպառողը (բաժանորդը), եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Գ. Էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի շահագործումը

 

55. Առևտրային հաշվառքի սարքերը պետք է տեղակայվեն այնպես, որ.

ա) բացառվի նրանց մեխանիկական վնասվածքների կամ աղտոտման հնարավորությունը,

բ) բացառվի կողմնակի անձանց միջամտությունը հաշվառքի սարքերի միացման սխեմային և նրանց աշխատանքին,

գ) ապահովվի սպառողի (բաժանորդի) և էլեկտրամատակարարող ընկերության ներկայացուցչի համար հաշվիչի ցուցմունքի տեսանելիությունը,

դ) ապահովվի հաշվառքի սարքերի պահպանման և շահագործման անվտանգությունը,

ե) վտանգ չսպառնա մարդկանց կյանքին և առողջությանը:

56. Բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրակայանքների ծախսած էլեկտրաէներգիայի հաշվառումը կատարվում է էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի միջոցով: Հաշվիչի ձեռքբերման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարում է էլեկտրամատակարարող ընկերությունը, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

Դ. Բնակչության եվ բնակելի շենքերի ընդհանուր օգտագործման էլեկտրակայանքների սպառած էլեկտրաէներգիայի քանակության որոշման եվ արժեքի վճարման կարգը

 

57. Սպառված էլեկտրաէներգիայի քանակությունը որոշվում է համաձայն առևտրային հաշվիչի ցուցմունքի, իսկ արժեքի վճարման կարգը` ըստ սույն կանոնների:

58. Սպառողների (բաժանորդների) էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի ցուցմունքները յուրաքանչյուր հաշվարկային ամսվա վերջին օրվա դրությամբ գրառում է էլեկտրամատակարարող ընկերության ներկայացուցիչը` սպառողների (բաժանորդների) կամ նրանց կողմից լիազորված անձի ներկայությամբ: Վերջիններիս չներկայանալու դեպքում էլեկտրաէներգիայի հաշվառքի սարքերի ցուցմունքները գրառվում են էլեկտրամատակարարող ընկերության ներկայացուցչի կողմից` միակողմանի:

59. Բնակելի շենքի ընդհանուր օգտագործման էլեկտրակայանքների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը վճարում են նշված գույքի, սարքավորումների սեփականատերերը կամ նրանց կողմից լիազորված անձինք, պայմանագրով, սույն կանոններով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

60. Բնակարաններում (առանձնատներում), ամառանոցներում, ավտոտնակներում կամ այլ օժանդակ շինություններում ծախսված էլեկտրաէներգիայի համար վճարում է նրա սեփականատերը (սեփականատերերը), եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

Նշված տարածքներում ՀՀ օրենսդրությամբ թույլատրված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս` բնակիչը դասվում է այլ սպառողների (բաժանորդների) շարքը:

61. Սպառողը (բաժանորդը) էլեկտրաէներգիայի արժեքի վճարումը կատարում է ներկայացրած անհատական վճարման փաստաթղթի, տեսանելի տեղերում փակցված վճարման ցուցակների կամ վճարման կետերում գրանցված վճարագրերի հիման վրա` 7-օրյա ժամկետում:

(61-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

62. Վճարման համար հատկացված 7-օրյա ժամկետի խախտման դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունը իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը` նախապես նրան 3 օր առաջ գրավոր զգուշացնելուց հետո: Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է պարտքի վճարումը հաստատող փաստաթուղթը սպառողի (բաժանորդի) կողմից ներկայացվելուց հետո` 12 ժամվա ընթացքում:

Էլեկտրամատակարարող ընկերությունը կարող է չդադարեցնել սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը, եթե սպառողը (բաժանորդը) ներկայացրել է էլեկտրամատակարարող ընկերության համար ընդունելի վճարման երաշխիքներ և (կամ) նրա հետ պայմանագրային ձևով կազմվել է պարտքի մարման ժամանակացույց:

Էլեկտրամատակարարող ընկերությունը իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը, եթե սպառողը (բաժանորդը) պարտքը չի մարել ժամանակացույցում ամրագրված ժամկետներում:

(62-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

63. Վճարման փաստաթղթերում սխալի հայտնաբերման դեպքում սպառողը (բաժանորդը) կարող է դիմել էլեկտրամատակարարող ընկերությանը, իսկ հարցի բավարար լուծում չստանալու դեպքում` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին:

Սույն կետը չի սահմանափակում սպառողի (բաժանորդի) իրավունքը վեճը լուծելու դատական կարգով:

Սպառողի (բաժանորդի) դիմելու օրվանից 5 օրվա ընթացքում էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է ստուգել իր գրառումները և ստուգման արդյունքների մասին գրավոր հայտնել սպառողին (բաժանորդին):

Վճարման փաստաթղթերում սխալը հաստատվելու դեպքում, եթե սպառողը (բաժանորդը):

ա) ըստ տրված վճարման փաստաթղթի արդեն կատարել է վճարումը, էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է ուղղել սխալը և սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ` ավել գանձված գումարը վերադարձնել կամ ձևակերպել որպես կանխավճար, իսկ պակաս վճարելու դեպքում` այդ գումարը հաշվի առնել ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող վճարման փաստաթղթում: Ավել գանձված գումարը սպառողին (բաժանորդին) է վերադարձվում նրա դիմելու պահից 7 օրվա ընթացքում, իսկ այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավել օրական 0,1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելիք գումարի 10%-ը:

բ) ըստ տրված վճարման փաստաթղթի վճարում չի կատարել, նրան տրվում է վճարման նոր` ճշտված փաստաթուղթ, ըստ որի վճարումը կատարվում է սույն կանոններով սահմանված կարգով:

(63-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

64. Սպառողի (բաժանորդի) պատասխանատվության տակ գտնվող (անկորուստ և ամբողջական պահպանման համար) հաշվառքի սարքերով էլեկտրաէներգիայի ծախսի սխալ գրանցման դեպքում, որը պայմանավորված չէ սպառողի (բաժանորդի) կողմից ԷՄՕԿ-ի 67-րդ կետում նշված խախտումների հետ, էլեկտրամատակարարող ընկերությունը կատարում է սպառողի (բաժանորդի) ծախսած էլեկտրաէներգիայի քանակության վերահաշվարկ: Վերահաշվարկը կատարվում է սխալ գրանցման պատճառը վերացնելու պահից մինչև հաշվառքի սարքի ցուցմունքի վերջին գրանցման օրը ընկած ժամանակահատվածի համար, բայց 30 օրից ոչ ավելի: Ծախսված էլեկտրաէներգիայի քանակությունը հաշվարկվում է սխալ գրանցման պատճառը վերացնելուց հետո ընկած հաշվարկային ամսվա միջին օրական ծախսով: Վերահաշվարկված էլեկտրաէներգիայի քանակությունը համաձայնեցվում է սպառողի (բաժանորդի) հետ և հաշվի է առնվում սխալ գրանցման պատճառը վերացնելուց հետո հաշվարկային ամսվա համար տրված էլեկտրաէներգիայի ծախսի վճարման փաստաթղթում:

65. Առևտրային հաշվառքի սարքերը արտապլանային ստուգման կարող են ենթարկվել էլեկտրամատակարարող ընկերության նախաձեռնությամբ կամ սպառողի (բաժանորդի) պահանջով:

Հաշվառքի սարքերի աշխատանքում սպառողի (բաժանորդի) կասկածի դեպքում, դրանց ստուգում (ստուգաչափում) անցկացնելու համար սպառողը (բաժանորդը) գրավոր դիմում է էլեկտրամատակարարող ընկերությանը:

Ստուգաչափման համար հաշվառքի սարքերի ապամոնտաժելուց առնվազն 2 օր առաջ էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի (բաժանորդի) հետ պայմանավորվում է ապամոնտաժման ժամկետի մասին:

Հաշվառքի սարքերի աշխատանքի ճշտությունը որոշվում է ստուգաչափման գրավոր եզրակացության հիման վրա:

Եթե արտապլանային ստուգումը (ստուգաչափումը) կատարվում է սպառողի (բաժանորդի) պահանջով և արդյունքում պարզվում է, որ հաշվառքի սարքերը ճիշտ չեն աշխատում, ապա ստուգման (ստուգաչափման) հետ կապված ծախսերը կատարում է էլեկտրամատակարարող ընկերությունը, հակառակ դեպքում` սպառողը (բաժանորդը):

Հաշվառքի սարքերի ապամոնտաժման, տեղափոխման և տեղադրման հետ կապված ծախսերը հաշվարկվում են ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից մշակած մեթոդիկայով:

Էլեկտրամատակարարող ընկերության նախաձեռնությամբ կատարված արտապլանային ստուգման (ստուգաչափման) հետ կապված ծախսերը` անկախ ստուգման (ստուգաչափման) արդյունքից, կատարում է էլեկտրամատակարարող ընկերությունը:

66. Ստուգման (ստուգաչափման) արդյունքների հիման վրա, եթե գրանցվել է հաշվառքի սարքերի սխալ աշխատանք, կատարվում է էլեկտրաէներգիայի ծախսի վերահաշվարկ` հաշվառքի սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթի գերազանցող մասով: Վերահաշվարկը կատարվում է հաշվառքը վերականգնելու օրվանից մինչև վերջին ստուգաչափումը եղած ժամանակահատվածի համար, բայց 30 օրից ոչ ավելի: Եթե սպառողից ավել գումար է գանձվել, ապա էլեկտրամատակարարող ընկերությունը պարտավոր է սպառողի (բաժանորդի) համաձայնությամբ` ավել գանձված գումարը ձևակերպել որպես կանխավճար կամ այն հետ վերադարձնել սխալի հաստատման պահից 7 օրվա ընթացքում: Այդ ժամկետը գերազանցած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ, պայմանագրով սահմանված տոկոսադրույքի չափով, բայց ոչ ավել օրական 0,1%-ից: Հաշվարկված տույժը չի կարող գերազանցել վերադարձվելիք գումարի 10%-ը: Պակաս հաշվարկված գումարը էլեկտրամատակարարող ընկերությունը հաշվի է առնում ընթացիկ հաշվարկային ամսվա համար տրվող էլեկտրաէներգիայի ծախսի վճարման փաստաթղթում:

Հաշվառքի սարքի ցուցմունքի շեղումները թույլատրելի են և չեն պահանջում ծախսված էլեկտրաէներգիայի ու դրա արժեքի վերահաշվարկ, եթե գտնվում են հաշվառքի սարքի ճշտության դասով պայմանավորված տիրույթում:

(66-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

67. Սպառողի (բաժանորդի) կողմից առևտրային հաշվառքի սարքերով գրանցվող էլեկտրաէներգիայի քանակության նվազեցման նպատակով հաշվիչի միացման սխեմայի փոփոխման, հոսանքի և լարման տրանսֆորմատորների պարամետրերի փոփոխման, հաշվառքի սարքերի շրջանցումով էլեկտրական ընդունիչների միացման, հաշվառքի սարքերի կապարակնիքների վնասման (պոկման, կեղծման), հաշվիչի սկավառակի արհեստական արգելակման և (կամ) այլ խախտումների դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունը սպառողի (բաժանորդի) հետ համատեղ կազմում է հաշվառքի խախտման ակտ: Ակտը հատուկ հաշվառման փաստաթուղթ է և հիմք է ծառայում սպառողի (բաժանորդի) ծախսած էլեկտրաէներգիայի քանակության վերահաշվարկի համար:

Ակտին` սպառողի (բաժանորդի) չհամաձայնելու դեպքում հարցը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

68. Էլեկտրամատակարարող ընկերությունը հաշվառքի խախտման ակտը կազմելուց և հաշվառքը վերականգնելուց հետո կատարում է էլեկտրաէներգիայի ծախսի վերահաշվարկ` հաշվառքը վերականգնելու օրվանից մինչև հաշվառքի սարքերը վերջին անգամ զննելու (վերջին ցուցմունքի գրառման) օրը եղած ժամանակահատվածի համար` յուրաքանչյուր օրվա համար խախտմանը նախորդող մեկ տարում ծախս ունեցած ամիսների միջին օրական ծախսի հնգապատիկ չափով:

Հաշվառքը վերականգնում է էլեկտրամատակարարող ընկերությունը` հաշվառքի խախտման ակտի հիման վրա, ոչ ավելի, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հաշվառքի վերականգնման և (կամ) հաշվիչի վերանորոգման հետ կապված ծախսերը կատարում է սպառողը (բաժանորդը):

69. Ակտի հիման վրա հաշվարկված գումարը ենթակա է վճարման ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում, հակառակ դեպքում էլեկտրամատակարարող ընկերությունն իրավունք ունի դադարեցնել սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը, իսկ հաշվարկված գումարը գանձել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Եթե սպառողը (բաժանորդը) դիմել է իրավասու մարմիններին ակտը վիճարկելու համար (որի մասին գրավոր տեղյակ է պահել էլեկտրամատակարարող ընկերությանը), ապա մինչև որոշման կայացումը` նշված մարմինների գրության հիման վրա, էլեկտրամատակարարող ընկերությունը չպետք է դադարեցնի սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը:

Սպառողի (բաժանորդի) էլեկտրամատակարարումը վերականգնվում է ակտի հիման վրա հաշվարկված գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը սպառողի (բաժանորդի) կողմից ներկայացվելուց հետո` 12 ժամվա ընթացքում:

(69-րդ կետը փոփ. 30.10.02 N 76-Ն)

70. Էլեկտրամատակարարող ընկերությունը, ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում (սպառում առանց պայմանագրի), դադարեցնում է էլեկտրամատակարարումը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունի պահանջել վնասի փոխհատուցում:

71. Հաշվիչի ցուցմունքի կամ վճարման համար ներկայացվող գումարի ճշտության հարցում տարաձայնությունների առկայության դեպքում սպառողը (բաժանորդը) կարող է դիմել էլեկտրամատակարարող ընկերությանը կամ ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովին: Սույն կետը չի սահմանափակում սպառողի իրավունքը` վեճը լուծել դատական կարգով:

72. Էլեկտրաէներգիայի արժեքի (տույժերի) վճարումների կապակցությամբ էլեկտրամատակարարող ընկերության և սպառողի (բաժանորդի) միջև ծագած վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

73. Սույն կանոնների II, III, IV, V, VI, VII գլուխները չեն գործում բնակչության համար:

(կանոնները լրաց., փոփ. 30.10.02 N 76-Ն, խմբ., լրաց. 14.01.03 N 2-Ն, լրաց., փոփ. 12.10.04 N 125-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2006, N 358-Ն 01.07.2007, N 22
12.10.2004, N 125-Ն 01.01.2005, N 22
14.01.2003, N 2-Ն 13.03.2003, N 22
30.10.2002, N 76-Ն 25.11.2002, N 22
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան