ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավճիռ |
ՎԲ-84/07 |
Քրեական գործ 102/07 թ. կայացրած դատարանի կազմը նախագահող դատավոր` Ե. Դարբինյան դատավորներ` Ա. Հովհաննիսյան, Ա. Պողոսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
1 հունիսի 2007 թվական |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
քարտուղար |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ |
Գ. Ջհանգիրյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Պարույր Ստյոպայի Բայրամյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 14-ի դատավճռի դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Պարույր Ստյոպայի Բայրամյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Պ. Բայրամյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 2007 թվականի հունվարի 11-ի դատավճռով դատապարտել ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով:
Ամբաստանյալ Պ. Բայրամյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 2007 թվականի փետրվարի 14-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացրել է` սահմանելով ազատազրկում 1 տարի ժամկետով:
Գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանը ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 14-ի դատավճռի դեմ բերել է վճռաբեկ բողոք:
Վճռաբեկ դատարանը 2007 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414. 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
2. Գործի փաստական հանգամանքները.
Պ. Բայրամյանին մեղադրանք է առաջադրվել այն արարքի համար, որ նա, նախկինում աշխատելով «Անի Պլազա» հյուրանոցում որպես անվտանգության աշխատակից, տիրապետելով հյուրանոցի սենյակների դասավորությանը, գողություն կատարելու նպատակով 2006 թվականի հունիսի 20-ին` ժամը 0400-ի սահմաններում, բաց պատուհանից մուտք է գործել Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Անի Պլազա» հյուրանոցի թիվ 803 սենյակ և այնտեղից գաղտնի հափշտակել է Ֆրանց Փասլերին պատկանող խոշոր չափերի` 1 096 334 ՀՀ դրամին համարժեք 2 070 եվրո, 60 000 ՀՀ դրամ և 4904. 9 ՀՀ դրամին համարժեք 770 սերբիական դինար:
Այնուհետև Պ. Բայրամյանը, շարունակելով իր հանցավոր գործողությունները, նույն օրը, նույն ժամին մուտք է գործել «Անի Պլազա» հյուրանոցի թիվ 809 սենյակը և այնտեղից գաղտնի հափշտակել է Երվանդ Կարապետի Նովրուզյանին պատկանող խոշոր չափերի` 336 512 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար, 300 000 ՀՀ դրամ, 41 200 ՀՀ դրամ արժողության «Մոտոռոլա» տեսակի բջջային հեռախոս` լիցքավորման սարքով և 6 000 ՀՀ դրամ արժողության «Իզի» քարտով:
Բացի այդ, Պ. Բայրամյանը ապօրինի մուտք է գործել նույն հյուրանոցի թիվ 918 սենյակ և այնտեղից գաղտնի հափշտակել Նորա Քեշիշյանին պատկանող խոշոր չափերի` 387 000 ՀՀ դրամ արժողության «Քենոն» տեսակի թվային ֆոտոխցիկ:
Վերը նշված հափշտակությունները կատարելուց հետո, Պ. Բայրամյանը դուրս է եկել հյուրանոցից և հեռացել, սակայն Երևան քաղաքի Տերյան փողոցում բռնվել է ոստիկանության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին:
3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը պատիժ սահմանելիս խախտել է պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները, հաշվի չի առել կատարված հանցագործության ինչպես հասարակական վտանգավորության, այնպես էլ ծանրության աստիճանը, նյութական օրենքի էական խախտմամբ կիրառել է ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածը և նշանակել է ակնհայտ մեղմ պատիժ: Պ. Բայրամյանի նկատմամբ նշանակված պատիժը չի կարող ծառայել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրագործմանը:
Ըստ վճռաբեկ բողոքի հեղինակի՝ դատարանը Պ. Բայրամյանի նկատմամբ պատիժ սահմանելիս խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված արդարության և պատասխանատվության անհատականության սկզբունքը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածով սահմանված պատժի նշանակման ընդհանուր սկզբունքները:
Ըստ բողոք բերած անձի՝ ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից որպես բացառիկ հանգամանքի տարր նշված է այն, որ Պ. Բայրամյանը հանցագործությունը կատարել է առաջին անգամ՝ կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ: Սակայն քրեական գործում այդ փաստը հաստատող որևէ ապացույց չկա. Պ. Բայրամյանը հայտարարել է միայն, որ գողությունը կատարել է իր ունեցած պարտքերը մարելու համար:
Մեղմ պատիժ նշանակելու բացառիկ հանգամանքների շարքում նշվել է նաև ամբաստանյալի կողմից վնասը կամովին վերականգնելը և հանցագործության բացահայտմանը մինչև վերջ ակտիվորեն աջակցելը: Այնինչ, հանցագործություն կատարելուց հետո, Պ. Բայրամյանը փողոցում կասկածանքով բռնվել և բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ և նրա մոտից առգրավվել է գողոնը:
Բացի այդ, ըստ բողոքի հեղինակի՝ Պ. Բայրամյանի բարձրագույն իրավաբանական կրթության առկայության հանգամանքը դատարանի կողմից արհեստականորեն դիտվել է որպես բացառիկ հանգամանքի տարր, որն իբր էականորեն նվազեցնում է կատարած արարքի հասարակական վտանգավորությունը: Մինչդեռ այս հանգամանքին, ինչպես նաև գործի այն տվյալներին, որ ամբաստանյալը հանդիսացել է «Անի Պլազա» հյուրանոցի անվտանգության ծառայության նախկին աշխատակից, պետք է տրվեր հակառակ գնահատական:
Բողոք բերած անձը գտնում է, որ դրական բնութագիրը և կատարած հանցագործության համար ամբաստանյալի զղջալու հանգամանքներն ընդամենը պատասխանատվությունը մեղմացնող են և կարող են հիմք հանդիսանալ ամբաստանյալի նկատմամբ օրենքով նախատեսված սանկցիայի սահմաններում պատիժ նշանակելու համար, և դրանք չպետք է դիտվեին որպես ՀՀ քրեական օրեսգրքի 64-րդ հոդվածի կիրառման հիմքեր:
Բողոքում նշված հիմքերով խնդրվում է բեկանել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2007 թվականի հունվարի 11-ի դատավճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է մերժել հետևյալ պատճառաբանություններով.
Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ պատիժ նշանակելիս գործն ըստ էության քննելու իրավասություն ունեցող դատարանները՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանները, ունեն հայեցողություն դրսևորելու ընդարձակ հնարավորություն: Դա, նախ, պայմանավորված է այն հանգամանքով, որ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները սահմանելիս օրենսդիրը լայնորեն օգտագործում է գնահատողական ձևակերպումներ` «արդարացի պատիժ», «հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճան»: Բացի այդ, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Դատավորները քրեական գործերը և նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ՝ ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա»:
Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է նաև անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.
ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,
բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,
գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները:
Տվյալ գործով կայացված դատավճռում վերաքննիչ դատարանը պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է ճանաչել և Պ. Բայրամյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել այն, որ նա «տուժողներին պատճառված նյութական վնասները վերականգնել է՝ գողոնը հետ վերադարձնելու եղանակով»: Այս հանգամանքը չի կարելի համարել իրական ու Պ. Բայրամյանի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող: Գործի նյութերից երևում է, որ գողոնը տուժողներին հետ վերադարձնելը կախված չի եղել Պ. Բայրամյանի կամքից, քանի որ նա բռնվել և ոստիկանության բաժին բերման է ենթարկվել հանցանքը կատարելուց քիչ անց, իսկ ողջ գողոնը, որը Պ. Բայրամյանի մոտ է եղել, առգրավվել է:
Բարձրագույն իրավաբանական կրթություն ունենալը ևս տվյալ գործով չի կարող դիտվել որպես մեղմացնող հանգամանք, քանի որ այն ողջամտության սահմաններում չի կարող համարվել Պ. Բայրամյանի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը նվազեցնող հանգամանք:
Ինչ վերաբերում է «կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ» հանցանքը կատարելուն, ապա վերաքննիչ դատարանի կողմից պատիժը մեղմացնող ճանաչված այս հանգամանքը հաստատվում է միայն ամբաստանյալ Պ. Բայրամյանի ցուցմունքներով այն մասին, որ ինքը պարտքեր է ունեցել: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի հիման վրա վերաքննիչ դատարանը պարտավոր էր այդ ապացույցը ենթարկել բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման՝ ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու կամ ապացույցների ձեռքբերման աղբյուրները ստուգելու միջոցով: Այսինքն` Պ. Բայրամյանի «կյանքի ծանր հանգամանքների» առկայությունը, ինչպես նաև հանցագործության կատարման հետ այդ հանգամանքների պատճառական կապը (դրանց զուգորդումը) կարող էր հաստատված ճանաչվել միայն ապացուցման պատշաճ ընթացակարգի արդյունքում:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Պ. Բայրամյանի կողմից հանցանքը առաջին անգամ կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ կատարելը, տուժողներին պատճառված նյութական վնասները գողոնը հետ վերադարձնելու եղանակով վերականգնելը, ինչպես նաև Պ. Բայրամյանի բարձրագույն իրավաբանական կրթությունը նրա պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դիտելով՝ վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածը: Ուստի, ներկայացված նկատառումներով «առաջին անգամ կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ», «տուժողներին պատճառված նյութական վնասները վերականգնել է՝ գողոնը հետ վերադարձնելու եղանակով», «ունի բարձրագույն իրավաբանական կրթություն» արտահայտությունները ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 14-ի դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասի՝ վերջից հինգերորդ պարբերությունից պետք է հանել:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ վճռաբեկ բողոքի պահանջին, գտավ, որ այն չի կարող բավարարվել: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի հիման վրա վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը կարող է բեկանվել կամ փոփոխվել ի վնաս դատապարտյալ Պ. Բայրամյանի միայն նոր ի հայտ եկած կամ նոր հանգամանքների առկայության դեպքում, ինչպես նաև այն պարագայում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը: Բողոք բերած անձը բողոքում չի հիմնավորել, որ սույն գործով վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի խախտումներն իրենց բնույթով հիմնարար են, և որ դրանց արդյունքում խաթարվել է արդարադատության բուն էությունը, խախտվել է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:
Վճռաբեկ դատարանը, քննության առնելով սույն գործով վերաքննիչ դատարանի թույլ տված նյութական և դատավարական իրավունքի խախտումների բնույթի հարցը, գտնում է, որ դրանք հիմնարար չեն, քանի որ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի՝ 2006 թվականի հունիսի 20-ին՝ հանցագործության կատարման օրը, գործող խմբագրության՝ Պ. Բայրամյանի կատարած հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի շրջանակներում և առանց օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու (ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդված) ինստիտուտի գործադրման՝ դատարանը կարող էր նշանակել նաև ազատությունից զրկելու հետ չկապված հիմնական պատժատեսակ՝ տուգանք: Այսինքն` պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների բացակայության և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների առկայության պայմաններում վերաքննիչ դատարանը, ունենալով ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայի շրջանակներում առավել մեղմ պատժատեսակ (տուգանք) կիրառելու հնարավորություն, Պ. Բայրամյանի նկատմամբ նշանակել է առավել խիստ պատժատեսակ՝ ազատազրկում: Հետևաբար, վերաքննիչ դատարանի դատավճռով արդարադատության բուն էությունը չի խաթարվել և սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը չի խախտվել:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Բողոքը մերժել: Պարույր Ստյոպայի Բայրամյանի վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի փետրվարի 14-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ՝ դրա նկարագրական-պատճառաբանական մասի՝ վերջից հինգերորդ պարբերությունից հանելով «առաջին անգամ կյանքի ծանր հանգամանքների զուգորդմամբ», «տուժողներին պատճառված նյութական վնասները վերականգնել է՝ գողոնը հետ վերադարձնելու եղանակով», «ունի բարձրագույն իրավաբանական կրթություն» արտահայտությունները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Տ. Սահակյան |
Դատավորներ՝ |
Դ. Ավետիսյան |
Հ. Ասատրյան | |
Հ. Ղուկասյան | |
Մ. Սիմոնյան |