Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
15 դեկտեմբերի 2011 թվականի N 49
32. ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
Հավանություն տալ Երևան քաղաքում ավտոճանապարհ կառուցելու ներդրումային ծրագրին` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2011 թ.դեկտեմբերի 15-ի նիստի N 49 արձանագրային որոշման |
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
ՀՀ կառավարության 30.06.2011 թ. թիվ 967-Ն որոշմամբ նախատեսված է ապամոնտաժել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող Արաբկիր-Քանաքեռ վազուրդի 8 կմ 6 պիկետ + 25 մ-ից մինչև 13 կմ պիկետ 1 ներառյալ 4475 մ երկարության երկաթուղային գիծը` այդ հատվածում ճանապարհ կառուցելու նպատակով:
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից կազմվել է ճանապարհի նախագիծ, որի առաջին փուլը` մոտ 2,5 կմ երկարությամբ, Կ.Ուլնեցու փողոցը կապում է Ռուբինյանց փողոցին, բեռնաթափելով Դ.Անհաղթի, Ռուբինյանց փողոցների, Ռուբինյանց-Պ.Սևակ փողոցների խաչմերուկի երթևեկությունը, ապահովում է մոտեցում այդ ճանապարհին կից նախկինում վաճառված հողամասերին, հետագայում` հաջորդ փուլերով, ճանապարհը հասնելու է մինչև Ազատության պողոտա, Հ.Քոչարի փողոց և Կոմիտասի պողոտա, ինչպես նաև ճանապարհային հանգույց` ուղեանցերով, որը 1-ին փուլում կառուցված ճանապարհահատվածը Ռուբինյանց փողոցի վերջնամասում կկապի դեպի Նոր Նորք և Ավան վարչական շրջաններ տանող ճանապարհների հետ (ավելի մանրամասն տես «Երևաննախագիծ» ՓԲԸ կողմից կազմված նախագծի բացատրագիրը): Արդյունքում ճանապարհի կառուցումից հետո նրան կից առաջանում են որոշակի ազատ հողատարածքներ` շուրջ 1.4 հա մակերեսով, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել բնակելի տներ, ինչպես նաև հասարակական նշանակության օբյեկտներ կառուցելու նպատակով:
Այդ կապակցությամբ ՀՀ Երևանի քաղաքապետարանին ներդրումային ծրագիր է ներկայացրել «Դորոժնիկ» ՍՊԸ, որի հիման վրա առաջարկվում է հետևյալը.
1. «Դորոժնիկ» ՍՊԸ-ն սեփական ուժերով և միջոցներով իրականացնում է ճանապարհի 1-ին փուլի` շուրջ 2,5 կմ երկարությամբ, Կ.Ուլնեցու փողոցից մինչև Ռուբինյանց փողոց (առանց ուղեանցերի և ճանապարհային հանգույցների) հատվածի շինարարությունը, ինչպես նաև վճարում այդ փուլի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքները (ըստ «Երևաննախագիծ» ՓԲԸ նախնական հաշվարկների` այն կազմում է շուրջ 850.0 մլն ՀՀ դրամ), ինչպես նաև տեղափոխում հողամասերի միջով անցնող 320 մմ տրամագծով գազատար խողովակը;
2. 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման և ծառայությունների դիմաց Երևանի քաղաքապետարանը ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով հատկացնում է նշված ճանապարհին կից առաջացող շուրջ 1.4 հա մակերեսով հողատարածքը, որի 1քմ-ի շուկայական միջին գինը, համաձայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված տեղեկանքի, կազմում է մոտ 40,000 ՀՀ դրամ, կամ ամբողջ հողամասինը` շուրջ 560.0 մլն. ՀՀ դրամ: Այսինքն, ընկերությունը պատրաստակամ է ճանապարհի 1-ին փուլի 850.0 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շուրջ 2,5 կմ երկարությամբ, Կ.Ուլնեցու փողոցից մինչև Ռուբինյանց փողոց (առանց ուղեանցերի և ճանապարհային հանգույցների) հատվածի շինարարությունը իրականացնել 560.0 մլն ՀՀ դրամով:
3. Արդյունքում, իհարկե որոշակի ռիսկ վերցնելով ընկերության վրա, վերջինս ձեռք է բերում 1.4 հա հողատարածք (ճանապարհի շինարարության ավարտից հետո նշված հողատարածքների գինը կարող է աճել), որի սահմաններում կարող է իրականացնել հետևյալ ծրագիրը.
Կառուցել բնակելի առանձնատնային (2-3 հարկանի) թաղամաս, իր հասարակական նշանակության շինություններով: Ըստ ընկերության նախնական հաշվարկների տարածքում կարող է տեղակայվել 15-20 2-3 հարկանի առանձնատներ, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ 5-7 միավոր հասարակական նշանակության շինություններ: Այս ամենի արդյունքում, 2-3 տարվա ընթացքում քաղաքը կունենա մոտ 4000 քմ բնակելի տարածք և մոտ 600-1000 քմ հասարակական նշանակության շինություններ: Դրանց շինարարության արժեքը, ըստ մոտավոր հաշվարկների կկազմի շուրջ 1,000.0 մլն ՀՀ դրամ: Այս գումարի ներդրումը ընկերությունը կարող է իրականացնել.
• սեփական ուժերով` վարկային միջոցներ ներգրավելու արդյունքում,
• այլ ներդրողների գումարներ ներգրավելու միջոցով,
• հողատարածքների որոշակի մասը վաճառելուց առաջացած միջոցներով, պայմանով, որ գնորդը իրականացնի ծրագրով նախատեսված կառուցապատումը:
Կառուցված բնակելի տների, հասարակական նշանակության շինությունների և հողամասերի վաճառքից ընկերությունը կունենա շուրջ 1,000.0-1,200.0 մլն դրամի լրացուցիչ հասույթ, որը կկոմպենսացնի և ճանապարհի 1-ին փուլի շինարարության նախահաշվային և պայմանագրային արժեքների տարբերությունը, և ներգրավված վարկային դրամական միջոցների սպասարկման գումարները, և արդյունքում ընկերությունը ամբողջ ծրագրից կարող է շահույթով դուրս գալ: Այստեղ ամենամեծ ռիսկը կառուցված շինությունների գների էժանացումն է այսօրվա շուկայական գներից, կամ վաճառքի ձգձգումը:
4. Ծրագիրը լիակատար իրականացնելու համար անհրաժեշտ է ծրագրի իրականացումը կարգավորող իրավական ակտերում նախատեսել հետևյալ պայմանները.
4.1. Անհրաժեշտության դեպքում փոփոխել Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված հողերի նպատակային և գործառնական նշանակությունը:
4.2. Քաղաքապետարանի կողմից հողամասերի ուղղակի վաճառքի պայմանագիրը կնքելուց հետո (տարաժամկետ վճարման պայմանով) անհրաժեշտ է, որ դրանց պետական գրանցումը իրականացվի առաջարկվող առանձին հողակտորների տեսքով (200-3000քմ մակերեսներով), որից հետո քաղաքապետարանը տրամադրում է նաև այդ հողամասերի կառուցապատման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, ինչպես նաև աջակցում է կոմունիկացիոն գծերի թույլտվությունների ձեռքբերման և փաստաթղթավորման հարցերում:
4.3. Ճանապարհի 1-ին փուլի շինարարության ավարտման ժամկետ սահմանել 2012թ. հոկտեմբեր ամիսը: Վերջինս իրականացնելու համար անհրաժեշտություն կլինի հողամասերի որոշակի մասը ազատել սահմանափակումներից` կատարված աշխատանքների ծավալներին համամասնորեն: Առաջարկվում է այն իրականացնել 3 փուլով`
4.3.1. Շին. աշխատանքների ծավալի 30%-ը իրականացվելուց հետո սահմանափակումներից ազատվում է հողամասի 20%-ը;
4.3.2. Եվս 40%-ի աշխատանքի ծավալ կատարելուց հետո, սահմանափակումներից ազատվում է հողամասի ևս 30%-ը;
4.3.3. Հողամասի մնացած 50%-ը սահմանափակումներից ազատվում է շին. աշխատանքները ամբողջությամբ ավարտելուց հետո:
