«Գրանցված է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
8 օգոստոսի 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302132
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
26 հուլիսի 2002 թ. |
N 110-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի գ) կետով, ՀՀ վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ:
2. Հաստատել`
ա) ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը համաձայն թիվ 1 հավելվածի:
բ) ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի կառուցվածքը համաձայն թիվ 2 հավելվածի:
գ) ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը համաձայն թիվ 3 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 15.08.2000 թ. «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 09 որոշումը:
4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 29.05.2001 թ. «ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային գործակալությունների կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 48, 49, 50 որոշումները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
6. Սույն որոշման 4-րդ կետը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների` ծառայության մարզային գործակալությունների կանոնադրությունների ուժի մեջ մտնելու պահից:
(6-րդ կետը խմբ. 27.09.02 N 231-Ն)
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված թիվ 1 |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունը (հետայսու` Ծառայություն) հանրային շահին ուղղված գործառույթներ իրականացնող մարմին է, որն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից:
2. Պետական վիճակագրությունն իրականացվում է Ծառայության և նրա տարածքային ու գործառնական ստորաբաժանումների կողմից:
3. Ծառայությունն իրականացնում է պետական վիճակագրական աշխատանքը և համակարգում է այն Հայաստանի Հանրապետության տարածքում:
4. Ծառայությունն ստեղծվում, վերակազմակերպվում և գործունեությունը դադարեցնում է օրենքով: Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
5. Ծառայությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և ծառայության անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանշան և անհատականացման այլ միջոցներ:
6. Ծառայությունը կազմված է Նախագահից և Ծառայության աշխատակազմից: Ծառայության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
7. Ծառայության կառավարման բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն է (հետայսու` Խորհուրդ):
8. Ծառայության խորհրդանշանը հետևյալն է`
Խորհրդանշանն իրենից ներկայացնում է կենտրոնում սպիտակ, բաց կապույտ ֆոնով և աջ վերնամասում ստվեր պարունակող ուղղանկյուն պատկեր: Խորհրդանշանի մեջ գրաֆիկական սև գծապատկերով արտացոլված է Արարատ լեռը, որի ձախ և աջ մասերում սև տառերով արտացոլված են հայերեն ՀՎ և անգլերեն SA տառերը, որոնք արտահայտում են «Հայաստանի վիճակագրություն» և «Statistics Armenia» բառերի հապավումները:
9. Ծառայության կրճատ անվանումն է`
հայերեն` ՀԱՅՎԻՃ և (կամ) ԱՎԾ (ՀՀ ԱՎԾ)
ռուսերեն` АРМСТАТ և (կամ) НСС (НСС РА
անգլերեն` ARMSTAT և (կամ) NSS (NSS RA)
10. Ծառայության խնդիրներն են`
ա) տնտեսական և հասարակական գործընթացների ու դրանց արդյունքների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվության համակարգի կազմակերպումը, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց, հիմնարկներին ու միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը սահմանված կարգով տեղեկատվությամբ ապահովումը.
բ) միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված չափանիշներին համապատասխան վիճակագրության միասնական մեթոդաբանության ապահովումը.
գ) պետական վիճակագրական ռեգիստրի վարումը.
դ) վիճակագրական աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության դասակարգիչների վարումը.
ե) վիճակագրական տեղեկատվական աղբյուր հանդիսացող փաստաթղթերի ձևերի մշակման համակարգումը.
զ) միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև պետական վիճակագրական աշխատանքների ծրագրում նշված կազմակերպություններին` վիճակագրական տեղեկատվության սեփական բազաներ ստեղծելուն աջակցությունը.
է) պետական ամփոփ վիճակագրական տեղեկատվության մատչելիության ապահովումը.
ը) Խորհրդի կողմից սահմանված կարգով վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պատշաճ պահպանման և առանց դրանք ներկայացնողի համաձայնության չտարածելու մեխանիզմի աշխատանքի ապահովումը.
թ) միջգերատեսչական տեղեկատվական ռեսուրսների համադրելիության նպատակով վարչական ռեգիստրների ստեղծմանն աջակցությունը.
ժ) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` մարդահամարների անցկացումը:
11. Ծառայության գործառույթները
Ծառայությունն իր խնդիրներին համապատասխան`
ա) կատարում է պետական վիճակագրական աշխատանքներ` Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրերին (հետայսու` Ծրագիր) համապատասխան.
բ) համատարած հաշվառմամբ, ընտրանքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև հավաքագրված (այդ թվում` վարչական ռեգիստրներից ստացված) տվյալների օգտագործմամբ, Խորհրդի կողմից սահմանված մեթոդների, ընտրանքի և անցկացման կարգին համապատասխան իրականացնում է վիճակագրական դիտարկումներ.
գ) Խորհրդի կողմից սահմանված ձևի փաստաթղթերի միջոցով հավաքագրում է վիճակագրական տեղեկատվություն.
դ) Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնում է մարդահամարներ.
ե) վարում է վիճակագրական տեղեկություններ տրամադրողների վիճակագրական ռեգիստրներ.
զ) ստեղծում և վարում է բիզնես (ձեռնարկատիրական)-ռեգիստր.
է) ստանում, մշակում, ամփոփում և հրապարակում է Ծրագրին համապատասխան հավաքագրված վարչական տեղեկատվությունը.
ը) ստանում է հավաստի վիճակագրական տվյալներ վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
թ) պայմանագրային հիմունքներով վիճակագրական տեղեկություններ տրամադրողներից ստանում է անհրաժեշտ վիճակագրական տվյալներ, այդ թվում քաղաքացիներից` նրանց սոցիալ-ժողովրդագրական վիճակի, ինչպես նաև տնային տնտեսությունների վերաբերյալ.
ժ) կարող է պատրաստել և ներկայացնել համապատասխան եզրակացություններ և առաջարկություններ սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական գործընթացների վերլուծության հիման վրա.
ժա) կարող է պարզաբանել վիճակագրական տեղեկատվության և տվյալների ոչ ճիշտ օգտագործման և մեկնաբանման դեպքերը.
ժբ) ներդնում է վիճակագրական տեղեկություններ ստանալու համար Խորհրդի կողմից հաստատված վիճակագրական հաշվետվությունների ձևերը.
ժգ) իրականացնում է ստուգումներ, խախտումների հայտնաբերման դեպքում դրանց վերացման նպատակով տալիս անհրաժեշտ հրահանգներ և կատարում համապատասխան ուղղումներ սկզբնական և ամփոփ վիճակագրական տվյալներում.
ժդ) Ծրագրից դուրս պայմանագրային հիմունքներով մատուցում է վիճակագրական, վերլուծական, տեղեկատվական, հրատարակչական և ծառայության խնդիրներից բխող այլ ծառայություններ` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
ժե) կնքում է համագործակցության պայմանագրեր այլ պետությունների վիճակագրություն իրականացնող մարմինների և միջազգային վիճակագրական կազմակերպությունների հետ` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով.
ժզ) այլ մարմինների հետ համատեղ աշխատանքներ է կատարում հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան ազգային հաշիվների համակարգի ցուցանիշների մշակման և ներդրման ուղղությամբ` վիճակագրական արժեմեծությունների համապատասխանությունն ու համադրելիությունն ապահովելու նպատակով.
ժէ) իրավաբանական անձի, հիմնարկի և ֆիզիկական անձի դիմումով տրամադրում է տվյալների բանկում գտնվող նրանց վերաբերյալ տեղեկություններ.
ժը) անվճար ապահովում է պետական վիճակագրական տեղեկություններ տրամադրողներին վիճակագրական հաշվետվությունների ձևերով և դրանց լրացման հրահանգներով, նրանց տեղյակ պահում վիճակագրական հաշվետվությունների ներկայացման ժամկետների պարբերականության և ներկայացվող պահանջների մասին.
ժթ) կազմակերպում և իրականացնում է Ծառայության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի աշխատանքները:
(11-րդ կետը լրաց. 14.03.05 N 02-Ն)
II. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
12. Ծառայությունը կառավարում է նախագահը, որին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության Նախագահը «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով: Նախագահն ունի տեղակալ, որը պաշտոնի է նշանակվում և ազատվում Խորհրդի կողմից` Ծառայության նախագահի ներկայացմամբ:
Նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ:
13. Ծառայության նախագահը`
ա) ղեկավարում է Ծառայության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) կազմակերպում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը.
գ) ներկայացնում է Ծառայությունը ներքին և արտաքին հարաբերություններում.
դ) օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում և ազատում է Ծառայության աշխատակազմի ղեկավարին, նշանակումներ է կատարում Ծառայության քաղաքացիական ծառայության բարձրագույն, ինչպես նաև գլխավոր պաշտոնների 1-ին ենթախմբի պաշտոններում.
ե) պաշտոնի նշանակում և ազատում է խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, սահմանում է նրանց միջև պարտականությունների բաշխումը.
զ) օրենքով սահմանված կարգով կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում է կարգապահական տույժեր.
է) օրենքով և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
ը) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ծառայության, նրա գործառնական ու տարածքային ստորաբաժանումների կանոնադրությունը և կառուցվածքը.
թ) ստեղծում է ժամանակավոր և մշտական գործող աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ` սահմանելով դրանց գործառույթները.
ժ) ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատողների թվաքանակը.
ժա) Շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ.
ժբ) օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.
ժգ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության և Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
ժդ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի, Ծառայության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Ծառայության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժե) վերահսկողություն է իրականացնում Ծառայության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
ժզ) հաստատում է Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
ժէ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(13-րդ կետը լրաց., խմբ. 18.10.02 N 244-Ն)
14. Ծառայության նախագահի բացակայության դեպքում նրան փոխարինում է Ծառայության նախագահի տեղակալը:
15. Ծառայության նախագահի տեղակալը`
ա) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համակարգում է Ծառայության աշխատանքները.
բ) Ծառայության խնդիրներին համապատասխան իրականացնում է վիճակագրական հաշվետվությունների հաշվառման, վերահսկման ստուգման, ինչպես նաև խախտումների հայտնաբերման դեպքում համապատասխան ներգործության միջոցներ կիրառելու աշխատանքների համակարգումը.
գ) իրականացնում է Ծառայության նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
դ) նախագահին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերաբերող հարցերի մասին.
ե) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համակարգում է զարգացման և այլ համապատասխան ծրագրերի մշակումը.
զ) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ համագործակցում է պետական և այլ մարմինների հետ.
է) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է Ծառայությունում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների ճշգրիտ կատարման աշխատանքները և դրանց նկատմամբ վերահսկողությունը.
ը) Խորհրդի որոշումներով և Նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Ծառայության աշխատակազմի աշխատանքների կատարման համար նորմատիվ-տեխնիկական ապահովման կազմակերպումը.
թ) կատարում է նախագահի այլ հանձնարարականներ:
III. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Ծառայության աշխատակազմի նպատակը և խնդիրը Ծառայության (այդ թվում` նրա կազմում գործող գործակալությունների) օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին Ծառայության մասնակցության ապահովումն է:
17. Ծառայության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որն օրենքով սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Ծառայության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, «Պետական վիճակագրության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների և իրավական ակտերի, սույն կանոնադրության հիման վրա:
19. Ծառայության աշխատակազմն իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից, կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Ծառայության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, անհատականացման այլ միջոցներ: Օգտագործում է Ծառայության խորհրդանշանը:
21. Ծառայության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Ծառայության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Հիմնարկի պահպանման կարիքների համար, ինչպես նաև ծառայության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
23. Ծառայության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
24. Ծառայության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ:
25. Ծառայության աշխատակազմի գտնվելու վայրն է` ք. Երևան, Հանրապետության պողոտա, Կառավարական տուն 3:
IV. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
26. Ծառայության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշմամբ Ծառայության աշխատակազմին կարող են վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
(26-րդ կետը փոփ. 24.06.04 N 13-Ն)
27. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնել աշխատակազմի գույքը:
(27-րդ կետը փոփ. 24.06.04 N 13-Ն)
28. Աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործել, տիրապետել և տնօրինել իր գույքը:
V. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
29. Ծառայության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչությունները, բաժինները) և առանձնացված ստորաբաժանումները (մարզային գործակալությունները):
30. Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումները գործում են Նախագահի կողմից հաստատված կանոնակարգերին համապատասխան:
31. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Խորհուրդը` Ծառայության նախագահի ներկայացմամբ:
32. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն օրենքով սահմանված կարգով մարզի տարածքում իրականացնում են պետական վիճակագրական աշխատանքները:
33. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
34. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումներն ունեն Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, և անհատականացման այլ միջոցներ:
VI. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
35. Ծառայության աշխատակազմի կառավարման բարձրագույն մարմինը ՀՀ վիճակագրության պետական խորհուրդն է (այսուհետ` Խորհուրդ), որն իրականացնում է պետական վիճակագրության բնագավառում քաղաքականության մշակումը, երկարաժամկետ միջոցառումների նախագծումը, կարգավորումը, կազմակերպումը, պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի իրագործման նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրական աշխատանքների ծրագրով նախատեսված վարչական վիճակագրության համակարգումը:
36. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից: Խորհրդի անդամները պաշտոնի նշանակվում և ազատվում են «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով:
37. Խորհրդի նախագահը միաժամանակ հանդիսանում է Ծառայության Նախագահը:
38. Խորհուրդը`
ա) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագրի նախագիծը.
բ) հաստատում է պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաստատումից հետո` մեկամսյա ժամկետում.
գ) վերահսկում է պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի կատարումը և հաստատում տարեկան ծրագրի կատարման հաշվետվությունը.
դ) հաստատում է Ծառայության, նրա տարածքային և գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը.
ե) սահմանում է Ծրագրի հիման վրա իրականացվող դիտարկումների մեթոդները, ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանությունը, ընտրանքը և անցկացման կարգը.
զ) սահմանում է Ծրագրով նախատեսված դիտարկումների անցկացման համար տեղեկությունների հավաքագրման` ներկայացման կարգը.
է) սահմանում է Ծրագրով նախատեսված վարչական տեղեկատվության հավաքագրման մեթոդաբանությունը և փաստաթղթերի ձևերը.
ը) հաստատում է դիտարկումների վերաբերյալ այլ փաստաթղթերի և տեղեկանքների տեսակներ.
թ) սահմանում է բիզնես ռեգիստրի վարման համար անհրաժեշտ այլ լրացուցիչ ցուցանիշների ցանկը.
ժ) հաստատում է Խորհրդի աշխատակարգը.
ժա) հաստատում է Ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժբ) Ծառայության նախագահի ներկայացմամբ նշանակում և ազատում է Ծառայության նախագահի տեղակալին.
ժգ) հաստատում է վիճակագրական գաղտնիք պարունակող տեղեկությունների պահպանման կարգը.
ժդ) սահմանում է վիճակագրական տեղեկատվության հրապարակման ձևերը.
ժե) սահմանում է Ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման համար պետական վիճակագրական տեղեկությունների հավաքագրման (տրամադրման) վիճակագրական փաստաթղթերի ձևերը և դրանց լրացման հրահանգները, ինչպես նաև ընդունում վիճակագրության բնագավառի այլ իրավական ակտեր` օրենքով նախատեսված դեպքերում.
ժզ) առանձին գործառնությունների իրականացման համար ստեղծում է գործառնական ստորաբաժանումներ և առանձին գործառնական լիազորություններ է վերապահում Ծառայության տարածքային ստորաբաժանումներին.
ժէ) հանրության հետ փոխադարձ կապի սերտացման, վիճակագրական տեղեկատվության սպառողների պահանջարկի առավել ընդգրկուն ուսումնասիրման, գիտամեթոդաբանական, կազմակերպչական և այլ հարցերի լուծման ժամանակ հանրային կարծիքի հաշվառման գործընթացը կարգավորելու նպատակով կարող է ստեղծել հասարակական հիմունքներով գործող գիտամեթոդաբանական խորհուրդ, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է Խորհրդի կողմից.
ժը) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
39. Խորհրդի անդամների միջև ֆունկցիոնալ պարտականությունները բաշխվում են ըստ հետևյալ բնագավառների`
- ժողովրդագրություն, սոցիոլոգիա և հասարակական գործունեություն,
- տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում,
- ֆինանսավարկային և բանկային գործունեություն,
- բնապահպանություն,
- ձեռնարկատիրական գործունեության կառավարում,
- տեղեկատվական տեխնոլոգիաներ:
40. Խորհրդի նախագահը`
ա) հրավիրում և վարում է Խորհրդի նիստերը.
բ) ստորագրում է Խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները.
գ) իրականացնում է Օրենքով, Խորհրդի աշխատակարգով և սույն կանոնադրությամբ սահմանված լիազորություններ:
41. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է Խորհրդի անդամներից մեկը` Խորհրդի նախագահի կարգադրությամբ:
42. Խորհրդի անդամը`
ա) Խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով ներկայացնում է առաջարկություններ Խորհրդի նիստի հրավիրման և դրա օրակարգի նախագծերի վերաբերյալ.
բ) համակարգում է գործունեության իրեն վերապահված կոնկրետ ոլորտի աշխատանքները վիճակագրական գործառույթների գծով և պատասխանատվություն է կրում Խորհրդի կողմից իր վրա դրված պարտականությունների կատարման համար.
գ) կարող է հանձնարարականներ տալ իրեն ենթակա գործունեության կոնկրետ ոլորտի մեջ ներառվող կառուցվածքային ստորաբաժանումներին, ինչպես նաև իրեն վերապահված գործառութային պարտականությունների գծով` այլ ստորաբաժանումներին.
դ) իրականացնում է Խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ:
43. Ծառայության աշխատակազմը ղեկավարում է Ծառայության աշխատակազմի ղեկավարը:
44. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, ղեկավարում է Ծառայության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Խորհրդի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
45. Ծառայության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար: Աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառված վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
46. Ծառայության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել Խորհրդի, Նախագահի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և հրահանգները:
47. Ծառայության աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նախագահի հրամանով նրան փոխարինում է նրա տեղակալը:
(47-րդ կետը փոփ. 18.10.02 N 244-Ն)
48. Ծառայության աշխատակազմի ղեկավարը`
ա) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, իր լիազորությունների շրջանակում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) է նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է Ծառայության աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ, 3-րդ ենթախմբերի, առաջատար և կրտսեր պաշտոնների աշխատողներին, ինչպես նաև աշխատակազմի քաղաքացիական ծառայող չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման հրահանգներ, կարգադրություններ և ցուցումներ.
զ) Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
է) նախագահի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, այդ թվում` ապահովում է աշխատակազմի հաշվապահական հաշվառման վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
ը) կազմակերպում է Ծառայության բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքները և ապահովում է բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
թ) վերահսկում է Ծառայության աշխատակազմի կողմից աշխատանքների կատարման ընթացքը.
ժ) իր լիազորությունների շրջանակում ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական և այլ մարմինների աշխատակազմերի հետ.
ժա) օրենքով սահմանված կարգով կազմակերպում է համակարգի աշխատողների վերապատրաստման և ատեստավորման հարցերի հետ կապված միջոցառումները.
ժա) շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ, 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
ժբ) կազմակերպում է Ծառայությունում աշխատակազմի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
ժգ) Նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանների, ինչպես նաև կարգադրությունների նախագծերը.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
(48-րդ կետը խմբ., լրաց. 18.10.02 N 244-Ն)
49. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է ծառայության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է Ծառայության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
50. Ծառայության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, Ծառայության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, պարտադիր վճարների հաշվետվությունները սահմանված կարգով կազմելու և ներկայացնելու համար:
VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
51. Ծառայության աշխատակազմն օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
52. Ծառայության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
VIII. ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
53. Ծառայության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
Հավելված թիվ 2 |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
1. (Տողը հանված է 24.06.04 N 13-Ն)
2. Տեղեկատվական ռեսուրսների կառավարման և տեխնոլոգիաների վարչություն
2. Բաժիններ
1. Տնային տնտեսությունների հետազոտությունների բաժին
2. Սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժին
3. Աշխատանքի վիճակագրության բաժին
4. Մարդահամարի և ժողովրդագրության բաժին
5. Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժին
6. Վիճակագրական աշխատանքների մեթոդաբանության և դասակարգիչների բաժին
7. Մակրոտնտեսական ցուցանիշների և ազգային հաշիվների բաժին
8. Վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժին
9. Ֆինանսների վիճակագրության բաժին
10. Արդյունաբերության վիճակագրության բաժին
11. Շինարարության վիճակագրության բաժին
12. Գյուղատնտեսության վիճակագրության բաժին
13. Տրանսպորտի և կապի վիճակագրության բաժին
14. Առևտրի և այլ ծառայությունների վիճակագրության բաժին
15. Բիզնես ռեգիստրի բաժին
16. Պարենային ապահովության վիճակագրության բաժին
17. Միջազգային վիճակագրական համագործակցության բաժին
18. Վիճակագրական տեղեկատվության տարածման, մարկետինգի և հասարակայնության հետ կապերի բաժին
19. Իրավաբանական բաժին
20. Տպագրակազմարարական և պատճենահանման աշխատանքների բաժին
21. Վիճակագրական հաշվետվությունների հաշվառման և վերահսկման բաժին
22. Հաշվապահական հաշվառման բաժին
23. Ֆինանսատնտեսագիտական բաժին
24. Տնտեսական բաժին
25. Կադրերի բաժին
26. Առաջին բաժին
27. Ընդհանուր բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի գործակալություն
2. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Արագածոտնի մարզային գործակալություն
3. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալություն
4. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Արմավիրի մարզային գործակալություն
5. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալություն
6. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Լոռու մարզային գործակալություն
7. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Կոտայքի մարզային գործակալություն
8. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Շիրակի մարզային գործակալություն
9. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Սյունիքի մարզային գործակալություն
10. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Վայոց ձորի մարզային գործակալություն
11. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալություն
* ՀՀ 2001 թվականի մարդահամարի աշխատանքներն ավարտելուց հետո ենթակա է լուծարման:
(Կառուցվածքը փոփ. 18.10.02 N 244-Ն, խմբ. 14.03.05 N 02-Ն)
Հավելված թիվ 3 |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ
Հ/հ |
Գույքի տեսակը |
հաշվեկշռային արժեքը |
1. |
Շենքեր, շինություններ |
8654.5 |
2. |
Մեքենաներ և սարքավորումներ |
506579.7 |
այդ թվում` համակարգիչներ |
278321.4 | |
3. |
Տրանսպորտային միջոցներ |
79917.7 |
4. |
Արտադրական ու տնտեսական գույք |
63050.4 |
5. |
Գրադարանային ֆոնդ |
1253.3 |
Ընդամենը |
659455.6 |
(Ցանկը խմբ. 14.03.05 N 02-Ն)