Գլխավոր տեղեկություն
Համար
N 204-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2007-11.11.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.03.19/9(249) Հոդ.143
Ընդունող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.03.2007
Ստորագրող մարմին
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60507116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

1 մարտի 2007 թ.
ք. Երևան

N 204-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 151-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության  քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Սահմանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները (հավելված):

2. Սույն որոշման 1-ին կետով նախատեսված առանձնահատկությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված ցանկում ընդգրկված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնների հետ կապված հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀՀ քաղաքացիական
ծառայության խորհրդի    
նախագահ
Մ. Բադալյան

 

Հավելված
ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի 2007 թ. մարտի 1-ի 
N 204-Ն որոշման

Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱՌՆՉՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ

1. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հետ կապված քաղաքացիական ծառայության գործընթացների առանձնահատկությունները հետևյալն են.

1) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթ (այսուհետ` մրցույթ) և այդ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորում (այսուհետ` ատեստավորում) անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ` մրցութային և ատեստավորման հանձնաժողովներ) կազմում գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների փոխարեն, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչները.

2) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչների թեկնածուների ցուցակը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ներկայացնում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմինը.

3) մրցութային և ատեստավորման հանձնաժողովների անդամներ պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություն ունեցող անձինք.

4) մրցույթին մասնակցելու համար քաղաքացին, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ներկայացնի նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու համապատասխան ձևի ձևակերպված թույլտվության մասին տեղեկանք` այն մարմնից, որտեղ նա աշխատում (աշխատել) է.

5) հույժ գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն.

6) գաղտնի տեղեկությունների հետ առնչվելու համար պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետք է ունենա ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված առնվազն երեք տարվա թույլտվություն.

7) մրցույթի և ատեստավորման մասնագիտական թեստերի 70 տոկոսից առնվազն 35 տոկոսը պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիքին վերաբերող օրենսդրության հարցեր.

8) մրցույթի և ատեստավորման հարցատոմսի մասնագիտական 3 հարցերից առնվազն 2-ը պետք է լինեն պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարցեր.

9) մրցույթի և ատեստավորման պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող մասնագիտական թեստերն ու հարցատոմսի մասնագիտական հարցերը «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  4-րդ հոդվածի 1-ին մասում նշված մարմինը (այսուհետ` համապատասխան մարմին) կազմում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ.

10) մրցույթի և ատեստավորման հարցատոմսի պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող հարցերի պատասխանները, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, գնահատում են մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչները.

11) մրցույթի և ատեստավորման հարցազրույցի փուլի արձանագրության ու ձայնագրության տեղեկությունները ենթակա չեն հրապարակման.

12) մրցույթին և ատեստավորմանը մամուլի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, դիտորդների ու հասարակական միավորումների ներկայացուցիչների մասնակցությունը չի թույլատրվում.

13) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի, իսկ նման ստորաբաժանման բացակայության դեպքում պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով պատասխանատու քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է ամրագրվի, որ տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողը պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների մասով ենթակա և հաշվետու է համապատասխան մարմնի ղեկավարին.

14) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստման մասնագիտական ծրագրում, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, ընդգրկվում են նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվող թեմաներ, որոնց մասով ծրագիրը կազմվում է ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի հետ համատեղ.

15) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի պարտադիր վերապատրաստումը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես կանոն պետք է անցկացվի ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնում.

16) պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայողի հետ կապված ծառայողական քննությունը, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով, պետք է անցկացվի աշխատանքային խմբի կազմով` ընդգրկելով նաև ազգային անվտանգության պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներին:

2. Մինչև 2007 թվականի ապրիլի 1-ը պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություններ չունենալը հիմք է նրանց հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագրերը լուծելու համար:

3. Մինչև 2007 թվականի հունիսի 1-ը համապատասխան մարմինը պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների սույն առանձնահատկությունների 1-ին կետի 5-րդ և 6-րդ ենթակետերով նախատեսված պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվություններ ունենալը:

4. Սույն առանձնահատկությունների 3-րդ կետով նախատեսված համապատասխան  ձևի ձևակերպված թույլտվություն չստանալը, ինչպես նաև սույն առանձնահատկությունների 1-ին կետի 5-րդ, 6-րդ ենթակետերով նախատեսված համապատասխան ձևի ձևակերպված թույլտվությունների բացակայությունը հիմք են պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններից ազատելու համար:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.02.2017, N 75-Ն 11.03.2017, N 204-Ն
18.11.2014, N 1070-Ն 01.01.2015, N 204-Ն
12.10.2010, N 815-Ն 11.11.2010, N 204-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան