«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 հուլիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 60605266
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 հունիսի 2005 թ. ք. Երևան |
N 18-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽՈՐԴ ՕՐԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ, ընտրողների ցուցակների էջերը ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ քվեարկության ծրարները ԿՆՔԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
(Վերնագիրը լրաց., փոփ. 01.02.07 N 10-Ն)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Քվեարկության նախորդ օրը, տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում հաշվում են քվեաթերթիկները և հարյուր քվեաթերթիկ՝ հերթական համարներով, քվեաթերթիկների վրա առկա անցքերի մասով կապում:
2. Հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները սույն կարգի 1-ին կետով սահմանված կարգով կապելուց հետո քվեաթերթիկներ ստորագրող հանձնաժողովի երեք անդամներ ստորագրում են տեղամասային ընտրական հանձնաժողովին հատկացված բոլոր քվեաթերթիկները և ընտրողների ցուցակների, այդ թվում` ստացիոնար բժշկական հաստատությունում քվեարկություն կազմակերպելու համար քաղաքացիների և (կամ) քվեարկության օրը գործուղման մեջ գտնվող ոստիկանության ծառայողների (եթե հատկացվել է) լրացուցիչ ցուցակների բոլոր էջերը:
(2-րդ կետը լրաց. 01.02.07 N 10-Ն)
3. Ստորագրությունները դրվում են քվեաթերթիկների և ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջի հակառակ կողմում: Քվեաթերթիկները ստորագրվում են քվեաթերթիկի հատման գծից ներքև, այնպես որ քվեաթերթիկները կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարելու ժամանակ ստորագրությունների ամբողջականությունը պահպանվի:
(3-րդ կետը խմբ. 01.02.07 N 10-Ն)
4. Ստորագրելու ժամանակ հանձնաժողովը ստուգում է քվեաթերթիկների համարների հերթականությունը:
5. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը կապից հանվում է, քվեաթերթիկի վրա նշվում է «խոտան» բառը՝ ինչի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում արձանագրվում է նաև հանձնաժողովին հատկացված տպագրական խոտանի պատճառով քվեաթերթիկների՝ ըստ համարների հերթականության խախտումը:
6. Տպագրական խոտանի պատճառով` սահմանված նմուշից տարբերվող կամ կրկնվող համարով քվեաթերթիկը (քվեաթերթիկները) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված կարգով մարվում են: Խոտանված` մարված, քվեաթերթիկները դրվում են քվեարկության օրը մարված քվեաթերթիկների վրա, հաշվարկվում են մարված քվեաթերթիկների հետ և փաթեթավորվում նույն փաթեթում (ծրարում):
61. Տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում է քվեարկության ծրարները և հարյուրական փաթեթով կապում:
(61 կետը լրաց. 01.02.07 N 10-Ն)
7. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեարկության խցիկում քվեաթերթիկը ծալում է, տեղավորում քվեարկության ծրարի մեջ և մոտենում քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամին:
Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը կնքում է քվեարկության ծրարը (կնիքը կարող է դրվել ծրարի ցանկացած կողմում), բացում է քվեատուփի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեարկության ծրարը քվեատուփի մեջ գցելու համար:
Քվեարկության ծրարը կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամը իր նախաձեռնությամբ կամ վստահված անձի պահանջով կարող է համոզվել ընտրողի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ:
(7-րդ կետը խմբ. 01.02.07 N 10-Ն)
|
Գ. Ազարյան |