Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-676
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.02.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
02.02.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.02.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՎԵԴԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

2 փետրվարի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի փետրվարի 8-ին Ստոկհոլմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2006 թ. փետրվարի 8-ին` Ստոկհոլմում:

Սույն համաձայնագրի նպատակը մասնակից պետությունների միջև տնտեսական համագործակցությունն ակտիվացնելն է, մի մասնակից պետության ներդրողների ներդրումների համար մյուս մասնակից պետության տարածքում արդար և հավասար պայմաններ ստեղծելը, ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության միջոցով ներդրումային նախաձեռնությունները խրախուսելը:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- իր օտարերկրյա ներդրումների ոլորտի ընդհանուր քաղաքականության համաձայն խրախուսել իր տարածքում մյուս մասնակից պետության ներդրողների ներդրումները և ընդունել այդ ներդրումներն իր օրենսդրությանը համապատասխան,

- մյուս մասնակից պետության ներդրողի համար աշխատող անհատներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին թույլատրել մուտք գործել իր տարածք, մնալ երկրում և դուրս գալ այնտեղից իր տարածքում կատարված ներդրումների հետ կապված գործունեություն իրականացնելու նպատակով,

- մշտապես երաշխավորել արդար և հավասար ռեժիմ մյուս մասնակից պետության ներդրողների ներդրումների համար և անհիմն կամ խտրական միջոցներով չվնասել դրանց կառավարմանը, պահպանմանը, օգտագործմանը, տիրապետմանը կամ տնօրինմանը, ինչպես նաև ապրանքներ կամ ծառայություններ ձեռք բերելուն կամ ներդրողների արտադրանքը վաճառելուն,

- Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կատարված ներդրումներին տրամադրել համաձայնագրով երաշխավորվող լիարժեք պաշտպանություն և չտրամադրել այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմն է, որը պահանջվում է միջազգային իրավունքով,

- ապահովել արդյունավետ միջոցներ համաձայնագրով նախատեսված ներդրումների հետ կապված պահանջների ապահովման և իրավունքների իրականացման համար,

- երաշխավորել, որպեսզի իր ընդհանուր կիրառման օրենքները, կանոնները, վարչական պրակտիկան, ընթացակարգերը և դատական որոշումները, որոնք վերաբերում են համաձայնագրով նախատեսված ներդրումներին կամ ազդում են դրանով նախատեսված ներդրումների վրա, արագ տպագրվեն կամ այլ ձևով հանրությանը մատչելի դառնան,

- ներդրումից ստացված եկամուտներին տրամադրել նույն ռեժիմը և պաշտպանությունը, որը տրամադրվում է ներդրմանը,

- թույլատրել ներդրման հետ կապված վճարումների առանց ուշացման փոխանցումն ազատ փոխարկելի տարադրամով,

- կրել մասնակից պետությունների միջև համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորման համար ստեղծված միջնորդ դատարանում իր նշանակած անդամի ծախսերը, միջնորդ դատավարության գործընթացներում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը, ինչպես նաև միջնորդ դատարանի նախագահի ծախսերի, ցանկացած այլ ծախսի մի մասը, քանի որ դրանք հավասարապես բաշխվում են մասնակից պետությունների միջև:

Համաձայնագրով նախատեսված են մասնակից պետությունների ներդրողների ներդրումների նկատմամբ ազգային և առավել բարենպաստման ռեժիմի տրամադրման, ներդրումների օտարման և դրա դիմաց համարժեք և արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարգը և պայմանները: Մասնավորապես, համաձայնագիրը նախատեսում է նաև մասնակից պետության տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարման, արտակարգ իրավիճակների, խռովության կամ ապստամբության հետևանքով մյուս մասնակից պետության ներդրողների ներդրումներին պատճառված վնասների փոխհատուցման կարգը և պայմանները:

Համաձայնագիրը սահմանում է մի մասնակից պետության և մյուս մասնակից պետության ներդրողի միջև ներդրման վերաբերյալ վեճերի, ինչպես նաև համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` մասնակից պետությունների միջև վեճերի կարգավորման և լուծման կարգը, պայմանները, ազգային և միջազգային ինստիտուցիոնալ կառուցակարգերը:

Կողմերի իրավունքները և պարտականությունները կազմված են փոխադարձության սկզբունքի հիման վրա:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2006 թվականի փետրվարի 8-ին Ստոկհոլմում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձաբար պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


2 փետրվարի 2007 թվականի
ՍԴՈ-676

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան