«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 60607046
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
1 փետրվարի 2007 թ. N 12-Ն
ք. Երևան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 27-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 19-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանելու և դիտորդների վկայականների ձևերը հաստատելու մասին» N 27-Ն որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը`
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 21 կետով.
«21. Միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները և օտարերկրյա հասարարական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված պետական մարմինների համապատասխան հրավերի առկայության դեպքում:».
բ) 8-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «, իսկ միջազգային կազմակերպությունները համապատասխան հրավերի պատճենը» բառերով.
գ) 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմն ուսումնասիրում է սույն կետով սահմանված փաստաթղթերի առկայությունն ու համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ներկայացնում առաջարկություն` կազմակերպությանը հավատարմագրելու վերաբերյալ: Համապետական ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված դիտորդական կազմակերպությունների վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին տրամադրվում է տեղեկատվություն, որը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է կազմակերպության դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվելու մասին դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին:».
դ) 12-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
ե) 13-րդ կետի 2-րդ ենթակետը «ծանոթանալ» բառից հետո լրացնել` «տվյալ ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող» բառերով և հետևյալ բովանդակությամբ նոր «41» ենթակետով.
«41) անարգել տեսանկարահանել քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը,».
զ) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:»:
2. Որոշման թիվ 2 հավելվածով հաստատված դիտորդների վկայականների ձևերի` «Վավերական է մինչև ընտրությունների ավարտից 10 օր հետո», «Վավերական է մինչև ընտրությունների (հանրաքվեի) ավարտից 10 օր հետո», «Действительно в течении 10 дней после окончания выборов (референдума)» և «Date of expiry 10 days after completion of elections (referendum)» բառերը հանել:
ՀՀ կենտրոնական ընտրական |
Գ. Ազարյան |