«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հունվարի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2006 թվականի N 1915-Ն
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ստեղծել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
2. Սահմանել, որ «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`
ա) աշխատաշուկայում երիտասարդների մրցունակության բարձրացման և շուկայի պահանջարկին համապատասխան մասնագիտության ընտրության նպատակով մասնագիտական կողմնորոշման իրականացումը.
բ) 14-16 տարեկան անձանց ուսման ուղղությունների և մասնագիտությունների ընտրության վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը.
գ) երիտասարդի կարողությունների, ունակությունների ու հակումների բացահայտումը և որոշումը.
դ) երիտասարդներին կրթության, ուսուցման և աշխատանքի շուկայի ու մասնագիտական գործունեության տարբեր ոլորտների մասին տեղեկատվության տրամադրումը.
ե) աշխատանք փնտրող անձանց (այդ թվում` գործազուրկների) մասնագիտական ուսուցման, վերապատրաստման, որակավորման բարձրացման և վերաորակավորման դասընթացներին մասնակցելու ուղղորդումը.
զ) երիտասարդների` աշխատանքային կյանք մուտք գործելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորմանն աջակցելը.
է) աշխատաշուկայի առկա վիճակի և հեռանկարային զարգացումների հետազոտությունների և վերլուծությունների իրականացումը.
ը) երիտասարդներին` աշխատանքի ընդունվելու, աշխատանքից ազատվելու, գործատու-աշխատող իրավահարաբերությունների վերաբերյալ իրավաբանական խորհրդատվության անվճար տրամադրումը:
3. Սահմանել, որ`
ա) «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ նշված գույքը «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է տրամադրվել անհատույց օգտագործման իրավունքով` դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով.
բ) «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված պետական գույքը վարձակալության հանձնելիս ստացված վարձավճարները և այդ գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:
4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:
5. Թույլատրել «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել հրատարակչական գործ` որպես ձեռնարկատիրական գործունեություն:
6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել`
ա) «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող գույքի կազմը.
բ) «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ապահովել նշված կանոնադրությունը պետական գրանցում իրականացնող մարմին ներկայացնելը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|