Գլխավոր տեղեկություն
Համար
N 1608-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2006-25.12.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.12.06/62(517) Հոդ.1263
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.11.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.11.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.12.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 22 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 նոյեմբերի 2006 թվականի N 1608-Ն

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7.4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդին ներկայացվող պահանջները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. նոյեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում էՀայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության (այսուհետ` թույլտվություն) տրամադրման կարգը:

2. Հայաստանի Հանրապետությունում դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվությունները (ձև N 1) տրամադրում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Թույլտվությունները տրամադրվում են սույն կարգով նախատեսված փաստաթղթերը նախարարություն մուտքագրվելուց 20 օրվա ընթացքում: Նշված ժամկետում գովազդի թույլտվության հայտը չմերժվելու դեպքում հայտը համարվում է բավարարված:

4. Գովազդի թույլտվություն ստանալու համար կարող է դիմել միայն գովազդատուն կամ վերջինիս կողմից լիազորված անձը: Դեղերի և բուժական մեթոդների գովազդատու կարող է հանդիսանալ միայն համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության կամ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը, կամ վերջինիս լիազոր ներկայացուցիչը:

5. Թույլտվություն ստանալու համար գովազդատուն նախարարություն է ներկայացնում`

ա) սահմանված ձևի հայտ (ձև N 2)` նշելով գովազդատու իրավաբանական անձի անվանումն ու կազմակերպական-իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը, գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում` նշելով դեղի, բուժտեխնիկայի կամ բուժական մեթոդի կոնկրետ անվանումը, նշում, թե ինչ տեղեկատվական միջոցի օգնությամբ է տարածվելու գովազդը, գովազդի տարածման ժամկետը.

բ) դեղերի կամ բուժական մեթոդների գովազդման դեպքում` համապատասխանաբար դեղերի արտադրության, դեղերի առևտրի, դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաների պատճենները.

գ) դեղի գովազդի դեպքում` տվյալ դեղի` Հայաստանի Հանրապետությունում գրանցման հավաստագրի պատճենը.

դ) դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի զանգվածային տեղեկատվության տպագիր միջոցներով կամ արտաքին գովազդի դեպքում` գովազդի նախատեսվող էսքիզը.

ե) դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով գովազդի դեպքում` գովազդի բովանդակության մանրամասն նկարագրությունը.

զ) գովազդատու իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի պատճենը.

է) լիազոր ներկայացուցչի կողմից գովազդի թույլտվության հայտ ներկայացվելու դեպքում` վերջինիս տրամադրված լիազորագիրը:

6. Հայտը և կից փաստաթղթերը նախարարություն կարող են հանձնվել առձեռն կամ փոստով: Գովազդի թույլտվության հայտի (և կից փաստաթղթերի) ընդունումը մերժելու մասին նախարարությունը որոշում է ընդունում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում: Նշված ժամկետում որոշում չընդունելու դեպքում հայտը համարվում է ընդունված:

7. Փաստաթղթերն առձեռն հանձնելու դեպքում գովազդատուի ցանկությամբ վերջինիս կարող է տրամադրվել փաստաթղթերի հանձնման վերաբերյալ կտրոն:

8. Նախարարությունում ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են, որի հիման վրա ընդունվում է գովազդի թույլտվություն տրամադրելու կամ գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ հրաման:

9. Նախարարությունը կարող է գովազդատուից պահանջել գովազդի բովանդակությանը վերաբերող լրացուցիչ տեղեկատվություն, որը գովազդատուն պարտավոր է ներկայացնել 5 օրվա ընթացքում:

10. Գովազդի թույլտվության մասին հայտը կարող է մերժվել, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին.

բ) ներկայացված գովազդի բովանդակությունը չի համապատասխանում «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին.

գ) գովազդատուն սահմանված ժամկետում չի ներկայացրել նախարարության կողմից պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը:

11. Գովազդի թույլտվության տրամադրման մասին հայտի բավարարումը կամ մերժումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով:

12. Գովազդի թույլտվության տրամադրման դեպքում գովազդի թույլտվության հետ միասին հայտատուին տրամադրվում է գովազդի համաձայնեցված բովանդակության կամ էսքիզի համաձայնեցված տարբերակը` ստորագրված և կնքված նախարարության կնիքով:

13. Գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու մասին նախարարի հրամանում պետք է հստակ նշվեն մերժման պատճառներն ու մերժման համար հիմք հանդիսացող իրավական հիմքերը: Գովազդի թույլտվության մերժման հրամանը պատշաճ ձևով տրամադրվում է գովազդատուին` եռօրյա ժամկետում:

14. Գովազդի թույլտվությունը չի կարող գովազդատուի կողմից փոխանցվել այլ անձի կամ օգտագործվել այլ անձի կողմից:

15. Գովազդատուն պարտավոր է գովազդը տեղադրել միայն թույլտվությամբ նախատեսված զանգվածային լրատվության միջոցում, թույլտվությամբ սահմանված պահանջների պահպանմամբ և գովազդի էսքիզին և (կամ) բովանդակությանը համապատասխան:

16. Գովազդատուի կողմից անբարեխիղճ գովազդ թույլ տալու դեպքում նախարարն իրավասու է ուժը կորցրած ճանաչելու գովազդի թույլտվությունը և դիմելու գովազդը տարածող (հեռարձակող) կամ գովազդի տեղադրման թույլտվություն տված անձին` գովազդի տարածումը դադարեցնելու պահանջով:

17. Անբարեխիղճ գովազդի կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի դեպքում նախարարությունը կարող է դիմել իրավասու մարմիններին` անբարեխիղճ գովազդ տարածող կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին օրենքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ, ինչպես նաև կարող է դիմել դատարան` անբարեխիղճ կամ թույլտվության պայմանների խախտմամբ գովազդի տարածումը դադարեցնելու հայցով:

18. Գովազդատուն իրավասու է գովազդը տարածել թույլտվության մեջ նշված ժամկետում:

19. Գովազդատուներն իրավասու են դատական կարգով բողոքարկել գովազդի թույլտվության տրամադրումը մերժելու, գովազդի թույլտվությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ նախարարի հրամանը:

20. Գովազդի համաձայնեցված էսքիզից կամ բովանդակությունից շեղումների դեպքում գովազդատուն պարտավոր է մինչև գովազդի նոր տեսքով տարածումն այն սույն կարգով սահմանված ընթացակարգով համաձայնեցնել նախարարության հետ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գ Ո Վ Ա Զ Դ Ի  Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N  Ա - X X - 0 0 0 0 0 0

Տրված_____  _______________ 200 թ.

Գովազդի տեսակը ___________________________________________________

 (դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի անվանումները)

_______________________________________________________________

Գովազդատու անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը
կամ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը և գտնվելու
վայրը____________________________________________________________
________________________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ________________________________________
________________________________________________________________

Զանգվածային լրատվության միջոցի տեսակն ու անվանումը  __________________________
________________________________________________________________

Թույլտվության գործողության ժամկետը __ _____200  թ -ից մինչև __ ___200 թ -ը:

________________________

(ստորագրությունը)

 

Կ.Տ.

Ձև N 2

ՀՀ առողջապահության նախարար
___________________

(անունը, ազգանունը)

Հ Ա Յ Տ

ԳՈՎԱԶԴԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը և կազմակերպական- իրավական ձևը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
________________________________________________________________
________________________________________________________________

2. Կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը
________________________________________________________________

3. Գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, կապի այլ միջոցներ
________________________________________________________________

4. Գովազդի տեսակը, որի թույլտվության հայտ է ներկայացվում
________________________________________________________________

(դեղի, բուժտեխնիկայի, բուժական մեթոդի` նշելով կոնկրետ անվանումները)


5. Զանգվածային տեղեկատվության միջոցի տեսակն ու անվանումը ______________________
________________________________________________________________

(հեռուստատեսություն, ռադիո, ինտերնետ, արտաքին գովազդ, զանգվածային
տեղեկատվության տպագիր միջոց` նշելով անվանումը)

6. Գովազդի տարածման ժամկետը___________________________________________

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1.

2.

3.

4.

Ներկայացված տեղեկությունների իսկությունը
հաստատում եմ  ______________________________________________________

(կազմակերպության տնօրենի ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը
կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)


_________ _______________ 200  թ.


Կ.Տ.

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշման


ԴԵՂԵՐԻ, ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

I. ԴԵՂԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ


1. Դեղի գովազդի թույլտվությունը տրամադրվում է միայն դեղերի արտադրության, դեղերի առևտրի կամ դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձին:

2. Դեղերի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» և «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և սույն պահանջներին:

3. Դեղի գովազդի ժամանակ պետք է հեռարձակվեն (կամ) պատկերվեն այն առաջարկող կազմակերպության անվանումն ու լիցենզիայի վավերապայմանները, դեղերի` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

4. Արգելվում է դեղի այն գովազդը, որի պարունակած տեղեկատվությունն սպառողին համոզում է, որ`

դեղի օգտագործումը չի պահանջում բժշկի խորհրդատվություն,

դեղը զուրկ է կողմնակի ազդեցությունից,

այլ դեղերից առավել արդյունավետ է,

դրա օգտագործումը զգալիորեն կբարելավի առողջական վիճակը, իսկ չընդունելու դեպքում կվատացնի այն,

կարող է օգտագործվել սննդի մեջ, գեղարարական և այլ նպատակներով:

5. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում չգրանցված դեղերի գովազդը:

 

II. ԲՈՒԺԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Բուժական մեթոդի գովազդատու կարող է լինել միայն բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող անձը:

7. Բուժական մեթոդի թույլտվությունը տրվում է միայն այն անձին, որը բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի հիման վրա իրավունք ունի իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակը:

8. Բուժական մեթոդների գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն պահանջներին:

9. Արգելվում է գովազդել այն բուժական մեթոդները, որոնց միջոցով առաջարկվում է հասնել բժշկագիտությամբ չհիմնավորված արդյունքների կամ ամբողջությամբ բուժել այնպիսի հիվանդություններ, որոնք բժշկագիտության տվյալների հիման վրա հնարավոր չէ ամբողջությամբ բուժել:

10. Բուժական մեթոդի գովազդի դեպքում գովազդը պետք է տեղեկություններ պարունակի տվյալ բուժական մեթոդն իրականացնող սուբյեկտի բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմանների (լիցենզիայի տեսակը, տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը, գործողության ժամկետը) վերաբերյալ:

11. Բուժական մեթոդի վերաբերյալ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հաղորդումների, հաղորդաշարերի հեռարձակման դեպքում հաղորդումը պետք է տեղեկություններ պարունակի հաղորդման գովազդային բնույթի մասին` նշելով բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի վավերապայմաններն ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության համարն ու ամսաթիվը:

12. Արգելվում է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող սուբյեկտների կողմից իրականացվող բուժական մեթոդների գովազդը:

13. Բուժական մեթոդների գովազդի ժամանակ արգելվում է պատկերել և (կամ) հեռարձակել տվյալ բուժական մեթոդի միջոցով բուժված անձանց կարծիքները բուժման ընթացքի, արդյունավետության կամ արդյունքների վերաբերյալ:

14. Արգելվում է բուժական մեթոդների գովազդման դեպքում տարածել բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

 

III. ԲՈՒԺՏԵԽՆԻԿԱՅԻ ԳՈՎԱԶԴԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

15. Բուժտեխնիկայի գովազդի թույլտվություն կարող են ստանալ միայն տվյալ բուժտեխնիկայի արտադրությամբ կամ իրացմամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը:

16. Բուժտեխնիկայի գովազդը պետք է համապատասխանի «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն պահանջներին:

17. Բուժտեխնիկայի գովազդի ժամանակ արգելվում է պատկերել դրա կիրառման ընթացքը:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.11.2015, N 1422-Ն 19.12.2015, N 1608-Ն
29.12.2011, N 1891-Ն 21.01.2012, N 1608-Ն
02.12.2010, N 1580-Ն 25.12.2010, N 1608-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան