«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2006 թվականի N 1793-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական անտառների հավատարմագրային կառավարման մրցույթի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում է պետական անտառների հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով մրցույթի (այսուհետ` մրցույթ) կազմակերպման և անցկացման կարգը:
2. Անտառները հավատարմագրային կառավարման են հանձնվում անտառաշինական նախագծերի (անտառակառավարման պլանների) հիման վրա` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքին, սույն կարգին և այլ իրավական ակտերին համապատասխան:
3. Անտառները հավատարմագրային կառավարման են հանձնվում անտառների կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի կողմից (այսուհետ` լիազորված մարմին) սույն կարգին համապատասխան կազմակերպված մրցույթի արդյունքների հիման վրա:
4. Յուրաքանչյուր տարի այն կազմակերպության կողմից, որին ամրացված են պետական անտառները, անտառները հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ առաջարկն ու անտառների կառավարման (ներառյալ` ֆինանսական) ծրագիրը ստանալիս լիազորված մարմինն ուսումնասիրում է այն և հաստատում հաջորդ տարվա ընթացքում հավատարմագրային կառավարման հանձնման ենթակա անտառների ցանկը` այն հրապարակելով 3000-ից ոչ պակաս տպաքանակ ունեցող մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով:
5. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` անձինք):
6. Մրցույթին չեն կարող մասնակցել այն անձինք, որոնց հետ սույն կարգին համապատասխան կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրերը վերջին 5 տարվա ընթացքում դադարեցվել են վերջիններիս կողմից` պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով:
II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
7. Հավատարմագրային կառավարման հանձնման ենթակա անտառների ցանկը հաստատելուց հետո, լիազորված մարմինն այդ անտառների հավատարմագրային կառավարման հանձնման մրցույթի կազմակերպման և անցկացման նպատակով, 10-օրյա ժամկետում ստեղծում է առնվազն 9 անդամից կազմված մրցութային հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են լիազորված մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական և (կամ) գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է լիազորված մարմնի կողմից հաստատված աշխատակարգին համապատասխան` նիստեր հրավիրելու միջոցով, որոնք իրավազոր են, եթե վերջինիս մասնակցում են հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում է հանձնաժողովի քարտուղարը:
10. Հանձնաժողովի քարտուղարը`
ա) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, կազմում արձանագրություններ,
բ) ապահովում է արձանագրությունների և մրցույթի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող բոլոր փաստաթղթերի հավաքագրումը, փաթեթի կազմումը և մրցույթի ավարտից հետո հանձնում լիազոր մարմնին,
գ) կատարում է սույն կարգից բխող` հանձնաժողովի նախագահի կողմից իրեն տրված հանձնարարականները:
11. Արձանագրություններն ստորագրում են հանձնաժողովի նիստին ներկա բոլոր անդամները:
12. Մրցույթի արդյունավետ իրականացման նպատակով մրցույթը նախապատրաստելու և կազմակերպելու համար հանձնաժողովը կարող է իր աշխատանքներում խորհրդակցական ձայնի իրավունքով ընդգրկել համապատասխան մասնագետների:
13. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփելուց և արձանագրությունը լիազորված մարմնին հանձնելուց հետո:
III. ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Մրցույթի անցկացման ծանուցումը (հրավերը) պետք է հրապարակվի մրցույթի հայտերի ընդունման վերջին օրվանից առնվազն մեկ ամիս առաջ:
15. Մրցույթի անցկացման ծանուցումը (հրավերը) պետք է պարունակի տեղեկություններ`
ա) մրցույթի կազմակերպչի անվանման, մրցույթի կազմակերպման վայրի (հասցե),
բ) մրցույթի մասնակցության հայտերի ընդունման ժամանակահատվածի` նշելով ժամերն ըստ օրերի, ընդ որում, հայտերի ընդունման վերջին ժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 1 օր առաջ,
գ) հավատարմագրային կառավարման հանձնվող գույքի նկարագրի,
դ) հավատարմագրային կառավարման ժամկետի,
ե) մասնակիցների կողմից գույքին ծանոթանալու օրերի և ժամերի,
զ) մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների, այդ թվում` անտառային ոլորտի մասնագետների առկայության,
է) անտառի կառավարման ծրագրին ներկայացվող պահանջների,
ը) մրցույթի մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկի,
թ) մրցույթի պայմանների, դրանց գնահատման կշռային գործակիցների և մրցույթի հաղթողին որոշելու,
ժ) մրցույթի մասնակցության վճարի չափի և դրա վճարման կարգի ու ժամկետների,
ժա) մրցույթի հայտերի բացման և դրանց ամփոփման նիստերի օրերի ու ժամերի,
ժբ) հավատարմագրային կառավարչի վարձատրության չափի և հավատարմագրային կառավարման պայմանագրի կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման,
ժգ) հավատարմագրային կառավարման պայմանագրին և կառավարման պլանին ծանոթանալու և դրանց պատճեններն ստանալու մասին,
ժդ) հանձնաժողովի որոշմամբ` այլ տեղեկություններ:
16. Մրցույթի մասնակցության հայտին կից ներկայացվում են`
ա) անտառի կառավարման ծրագիրը,
բ) վճարի մուծումը հավաստող փաստաթղթի պատճենը,
գ) կազմակերպության պետական գրանցման վկայականի պատճենը, գտնվելու և գործունեության վայրը,
դ) անհատ ձեռնարկատերերի համար` հասցեն, անձնագրի և պետական գրանցման վկայականի պատճենները,
ե) հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը,
զ) ծանուցման մեջ նշված այլ փաստաթղթեր:
17. Մրցույթի մասնակցության հայտերը, անտառի կառավարման ծրագիրը, անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ծանուցման (հրավերի) մեջ նշված` հայտերի ընդունման ժամկետում, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ կամ փոստով:
IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ
18. Մրցույթի հայտատուները ծանուցմամբ (հրավերով) սահմանված կարգով, չափով ու ժամկետներում մուծում են մրցույթի մասնակցության վճարը` լիազորված մարմնի կողմից այդ նպատակով բացված դրամային հաշվին:
19. Հայտի (ծրարի) ներկայացման ժամկետը համարվում է հանձնաժողովի կողմից այն ստանալու օրը և ժամը, որի մասին կատարվում է գրառում ծրարի վրա:
20. Սույն կարգով սահմանված ժամկետների խախտումով ներկայացված հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:
21. Հայտատուները մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի լրանալը կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը:
22. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները մերժվում են:
23. Մրցույթի հայտը գրանցվում է գրանցամատյանում` հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:
24. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չի հանդիսանում մրցույթը չկայացած համարելու համար:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
25. Մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին ծանուցմամբ (հրավերով) սահմանված օրը և ժամին, որին մասնակցում են բոլոր հայտատուները, և հրապարակվում են`
ա) յուրաքանչյուր հայտատուի անունը, ազգանունը (անվանումը),
բ) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը ծանուցմամբ (հրավերով) մրցույթի համար սահմանված պայմաններին:
26. Հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից մերժվում են, և հանձնաժողովը դրա մասին եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հայտատուներին: Հանձնաժողովի մերժման մասին որոշումը կարող է հայտատուի կողմից բողոքարկվել` վերադասության կամ դատական կարգով:
27. Հանձնաժողովի անդամները ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:
28. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն ստացել է լիազոր մարմնի կողմից սահմանված գնահատման կշռային գործակիցների ամենաբարձր հանրագումարը:
29. Գնահատման կշռային գործակիցների հավասար հանրագումար ստանալու դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
30. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն և այն եռօրյա ժամկետում ներկայացնում լիազորված մարմին:
31. Հաղթողի կողմից պայմանագիր կնքելուց խուսափելու կամ հրաժարվելու դեպքում մրցույթի հաղթող է ճանաչվում գնահատման արդյունքում երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը, իսկ այդպիսին չլինելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած:
32. Մրցույթին մասնակցելու վճարի չափը, մուծման ժամկետները սահմանում է մրցութային հանձնաժողովը: Մրցույթին մասնակցելու վճարի չափը վերադարձման ենթակա չէ:
33. Մրցույթը համարվում է չկայացած, եթե`
ա) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել,
բ) սույն կարգով և օրենքով նախատեսված այլ դեպքերում:
VI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
34. Մրցույթի արձանագրությունն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում լիազորված մարմինն ապահովում է մրցույթի հաղթողի հետ հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքումը, որն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով:
35. Պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են մրցույթի հաղթողի միջոցների հաշվին:
36. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |