«Վավերացնում եմ» Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 16 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2002 թվականի N 1392-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 661 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 150 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները՝ համաձայն N 1 հավելվածի, վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն N 2 հավելվածի: 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն N 3 հավելվածի: 3. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան ու նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է: 4. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝ ա) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում. բ) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում. գ) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում. դ) սովորողների սննդի կազմակերպում. ե) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում։ 5. Սահմանել, որ՝ ա) «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների վերակազմակերպման պահին դրանց տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին. բ) նշված պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով՝ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա: (5-րդ կետը լրաց. 20.03.02 N 275-Ն, փոփ. 29.05.03 N 658-Ն) 6. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ » «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները, ըստ կազմակերպությունների ենթակայության, վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին ու Երևանի քաղաքապետին՝ համաձայն N 2 հավելվածի: 7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Պետական հանրակրթական հաստատությունների համակարգի կառավարման հետագա ապակենտրոնացման մասին» N 661 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա) ուժը կորցրած ճանաչել որոշմամբ հաստատված՝ համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր տիպային կանոնադրությունը. բ) որոշման 1-ին կետից հանել «և հաստատել համայնքների կառավարմանը հանձնված պետական հանրակրթական հաստատության ժամանակավոր տիպային կանոնադրությունը (կցվում է)» բառերը: 8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 150 որոշումը:
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ
(Հավելվածը փոփ. 26.12.02 N 2179-Ն, փոփ. 27.02.03 N 361-Ն)
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(Հավելվածը խմբ. 26.12.02 N 2179-Ն, փոփ. 27.02.03 N 361-Ն)
Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ հաստատություն) (նշել անվանումը՝ ներառելով «պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է: 2. Հաստատությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: 3. Հաստատության գտնվելու վայրն է (նշել մշտական գործող մարմնի գտնվելու վայրը): 4. Հաստատությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հաստատությունն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: 5. Հաստատությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ: 6. Հաստատությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ: 7. Հաստատությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ: 8. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա կրթական հաստատությունների և կազմակերպությունների հետ: 9. Հաստատությունում չեն թույլատրվում քաղաքական և կրոնական կազմակերպությունների ստեղծումն ու գործունեությունը:
II. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
10. Հաստատության գործունեության առարկան և նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է: 11. Հաստատությունը կրթական գործունեությունն իրականացնում է ի շահ անհատի, հասարակության և պետության, ապահովում է աշակերտների կողմից հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, պայմաններ ստեղծում ինքնակրթության և լրացուցիչ (նախասիրական, նախամասնագիտական) կրթության պահանջմունքների բավարարման համար: 12. Հաստատության գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության և մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա: 13. Հաստատությունը պատասխանատու է պետական չափորոշիչներին, հանրակրթական պետական ծրագրերին, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական և սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին ու ընդունակություններին համապատասխան ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար: 14. Հաստատությունը կարող է զբաղվել հիմնադրի կողմից սահմանված ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով՝ միայն լիցենզիայի հիման վրա:
III. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
15. Հաստատությունը հանրակրթական ծրագրերին համապատասխան բաժանվում է տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր դպրոցների: 16. Միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում՝ 11 տարի ընդհանուր տևողությամբ, հետևյալ հաջորդական աստիճաններով՝ տարրական դպրոց (1-3-րդ դասարաններ), միջին դպրոց (4-9-րդ դասարաններ), ավագ դպրոց (10-11-րդ դասարաններ): Տարրական և միջին դպրոցները միասին կազմում են հիմնական դպրոց: Մինչև 2001-2002 ուսումնական տարին հաստատություն ընդունված սովորողների համար ուսման ընդհանուր տևողությունը սահմանվում է 10 տարի, հետևյալ հաջորդական աստիճաններով՝ տարրական դպրոց (1-3-րդ դասարաններ), միջին դպրոց (4-8-րդ դասարաններ), ավագ դպրոց (9-10-րդ դասարաններ): 17. Տարրական դպրոցն ապահովում է երեխայի ընդհանուր զարգացումը, կարդալու, գրելու, հաշվելու հմտությունների և կարողությունների, բարեկիրթ խոսքի ու վարվելաձևի, ինքնավերահսկման պարզագույն հմտությունների, անձնական հիգիենայի և առողջ կենցաղի հիմունքների տիրապետումը: Տարրական կրթությունն ավարտվում է գիտելիքների ստուգմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սահմանած կարգով: 18. Միջին դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է առողջ ապրելակերպի, աշխարհի և բնության վերաբերյալ սովորողների գիտական պատկերացման ձևավորմանը, ինքնուրույն աշխատանքի, կրթության և հասարակական ինքնուրույն գործունեության համար անհրաժեշտ գիտելիքների նվազագույն ծավալի ապահովմանը: 19. Ավագ դպրոցում ուսուցումը նպատակաուղղվում է հենքային հանրակրթական պատրաստությունն ապահովող գիտելիքների յուրացմանը: Ավագ դպրոցում, սովորողների հակումներին, կարողություններին և ընդունակություններին համապատասխան, կարող է լրացուցիչ կրթական ծրագրերով իրականացվել տարբերակված (հոսքային, այդ թվում՝ արհեստագործական) ուսուցում: Հիմնական և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթությունն ավարտվում է պետական քննություններով: 20. Հաստատությունում ուսուցման լեզուն գրական հայերենն է: Ազգային փոքրամասնությունների համար ստեղծված հաստատությունում (դասարաններում) ուսուցումն իրականացվում է մայրենի լեզվով՝ հայերենի պարտադիր ուսուցմամբ: 21. Հաստատության առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց 6,5 տարին լրանում է տվյալ օրացուցային տարում: 6,5 տարին չլրացած երեխաների ընդունելությունն իրականացվում է նախարարության սահմանած կարգով: 22. Հաստատության աշակերտների բուժսպասարկումն իրականացնում է առողջապահական մարմինների կողմից ամրակցված բուժանձնակազմը, որը կառավարման մարմինների հետ համատեղ պատասխանատու է բուժկանխարգելիչ միջոցառումների անցկացման և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման համար: 23. Հաստատության դասարանի միջին խտությունը սահմանվում է 25-30 սովորող՝ տարրական և միջին դպրոցի համար, 20-25 սովորող՝ ավագ դպրոցի համար՝ սանիտարական նորմերի պահպանմամբ (ընդ որում, սովորողների թիվը տարրական և միջին դպրոցի դասարանում չի կարող գերազանցել 35-ը, իսկ ավագ դպրոցում՝ 30-ը): Առանձին դեպքերում ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել նախարարության թույլտվությամբ՝ նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կամ հաստատության լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների հաշվին՝ խորհրդի որոշմամբ: 24. Դասարանն առանձին առարկաների պարապմունքների ժամանակ կարող է բաժանվել խմբերի՝ ուսումնական պլանի համաձայն: 25. Հաստատությունում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Հաստատությունում սահմանվում է 5-օրյա կամ 6-օրյա ուսումնական շաբաթ՝ ըստ ուսումնական պլանի: Ուսումնական տարվա տևողությունը պետք է լինի առնվազն 34 շաբաթ, իսկ դպրոցի առաջին դասարանի համար՝ 30 շաբաթ: Հաստատությունում կիրառվում է սովորողների գիտելիքների կիսամյակային և տարեկան ամփոփիչ գնահատման կարգ: 26. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է, բացառիկ դեպքերում այն կարող է փոփոխվել նախարարության կողմից: 27. Հաստատությունում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվում են ուսումնական պլանների, ուսումնական ծրագրերի և իր դասացուցակի հիման վրա: 28. Հաստատության ուսումնական պլաններում առանձին առարկաների հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի պետական տիպային ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից: Հաստատությունն ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած ավագ դպրոցի շրջանավարտներին կարող է ներկայացնել ուսման գերազանցության մեդալով պարգևատրման՝ նախարարության սահմանած կարգով: Տարեկան գերազանց առաջադիմություն և լավ վարք, ինչպես նաև առանձին ուսումնական առարկաներից գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները նախարարության սահմանած կարգով պարգևատրվում են գովասանագրերով:
IV . ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
29. Հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը` տնօրենը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով: Հաստատությունում, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրով նախատեսված կառավարման և ֆինանսավորման նոր կարգի անցման ժամանակացույցը հաստատելու մասին» N 444 որոշմամբ հաստատված ժամանակացույցի, իրականացվում է կոլեգիալ կառավարում: Կոլեգիալ կառավարումն իրականացնող մարմինը հաստատության խորհուրդն է: 30. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ՝ մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ: 31. Համայնքի, ծնողների հետ արդյունավետ համագործակցության նպատակով հաստատությունում, որպես խորհրդատվական մարմին, ձևավորվում է ծնողական խորհուրդ, կարող են ձևավորվել նաև հոգաբարձուների և այլ խորհուրդներ: 32. Հաստատության հիմնադիրն ունի հաստատության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 33. Հաստատության հիմնադրի բացառիկ լիազորություններն են՝ ա) հաստատության հիմնադրումը. բ) հաստատության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը. գ) հաստատությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող՝ պետությանը պատկանող գույքի կազմի հաստատումը. դ) հաստատության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխությունների կատարումը. ե) հաստատության կառավարման համակարգի սահմանումը. զ) հաստատության վերակազմակերպումը և լուծարումը. է) հաստատության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշռի հաստատումը. ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը: 34. Լիազորված պետական մարմինն իրականացնում է հաստատության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար: 35. Լիազորված պետական մարմինը՝ ա) հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը. բ) վերահսկողություն է իրականացնում հաստատության գործունեության նկատմամբ. գ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում հաստատության գործադիր մարմնի կամ կոլեգիալ կառավարման մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները. դ) լսում է հաստատության գործունեության մասին հաշվետվությունները, քննում դրա գործունեության վերստուգման արդյունքները. ե) վերահսկողություն է իրականացնում հաստատությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ. զ) վերահսկողություն է իրականացնում հաստատության սեփականության պահպանության նկատմամբ, իսկ օրենքով, հիմնադրի որոշմամբ կամ հաստատության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում համաձայնություն է տալիս իր գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար. է) հաստատում է հաստատության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը (եթե հաստատությունը չունի կոլեգիալ կառավարման մարմին). ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ: 36. Հաստատության տնօրենն իրականացնում է հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումը: Տնօրենն օրենքներով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ և իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է հաստատության գործունեությունն ու կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի կամ լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար: 37. Տնօրենը` ա) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ. բ) մասնակցում է հաստատության խորհրդի նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով. գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները. դ) տալիս է հաստատության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր. ե) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր. զ) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ. է) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև. ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը. թ) իրականացնում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրություն և անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար. ժ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, հաստատության աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ. ժա) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը. ժբ) աջակցում է հաստատության մանկավարժական, հոգաբարձուների և ծնողական խորհուրդների աշխատանքներին. ժգ) կազմում է հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և դրանք, հաստատության խորհրդի առաջարկությամբ, ներկայացնում կառավարման մարմնի հաստատմանը. ժդ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հաստատության կառավարման մյուս մարմիններին չվերապահված այլ լիազորություններ: 38. Տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (հրամանի) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է այլ անձ: 39. Հաստատության տնօրենի՝ ուսումնական աշխատանքի գծով տեղակալը՝ ա) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի իրականացման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների մակարդակի համար. բ) վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը. գ) հաստատությունում կազմակերպում է մեթոդական աշխատանք, կազմում ուսումնական պարապմունքների դասացուցակ և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվություններ. դ) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում լավագույն ուսուցիչների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին: 40. Հաստատության տնօրենի՝ դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը՝ ա) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը. բ) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը. գ) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար: 41. Հաստատության տնօրենի՝ տնտեսական աշխատանքի գծով տեղակալը՝ ա) պատասխանատու է հաստատության շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, հաստատության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հաստատության ուսումնական պարապմունքներին՝ դասասենյակների ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար. բ) միջոցներ է ձեռնարկում հաստատության ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար: 42. Դասարանի ղեկավարը (դասղեկը)՝ ա) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում՝ սերտորեն համագործակցելով մյուս ուսուցիչների հետ. բ) ապահովում է սովորողների նկատմամբ հաստատության և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնականությունը. գ) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն. դ) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հաստատության տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկություններ. ե) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի կազմակերպմանը. զ) հաստատության մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը. է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը: 43. Պետական լիազորված մարմինը հաստատության խորհուրդ ստեղծելու մասին որոշում ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում կազմակերպում է խորհրդի ընտրության գործընթացը: Խորհրդի անդամների թեկնածուներ, ըստ նախարարության կողմից հաստատված խորհրդի ընտրության կարգի, առաջադրում են՝ հաստատության մանկավարժական խորհուրդը, որը նիստում, փակ քվեարկությամբ, որոշում է հաստատության խորհրդի անդամների իր թեկնածուներին, հաստատության ծնողական խորհուրդը, որը նիստում, փակ քվեարկությամբ, որոշում է խորհրդի անդամների (անդամի) իր թեկնածուներին (թեկնածուին), պետական կառավարման լիազորված մարմինը (համապատասխանաբար ավագանու, մարզխորհրդի, կոլեգիայի ներկայացմամբ), որը սահմանված չափաբաժիններով ներկայացված և իր թեկնածուներին հաստատում է (3 օրվանից ոչ շուտ) 7 օրվա ընթացքում: Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք: Հաստատության տնօրենը չի կարող առաջադրվել (ընտրվել) խորհրդի կազմում: 44. Խորհրդի անդամների թիվը և բաշխումը համապատասխանաբար՝ ըստ հաստատության մանկավարժական խորհրդի, ծնողական խորհրդի և տեղական կառավարման լիազորված մարմնի, կատարվում են նախարարության սահմանած կարգով։ 45. Խորհրդի լիազորությունների ժամկետը 3 տարի է: 46. Հաստատության խորհրդի առաջին նիստը գումարվում է լիազորված պետական մարմնի պահանջով՝ խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո՝ 7 օրվա ընթացքում: Խորհրդի առաջին նիստում, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ ընտրվում է խորհրդի նախագահ՝ խորհրդի լիազորության ամբողջ ժամկետով: Խորհրդի նախագահի լիազորությունները կարող են դադարել իր դիմումի համաձայն: 47. Խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են՝ ա) առաջադրողի նախաձեռնությամբ և խորհրդի որոշմամբ. բ) իր դիմումի համաձայն: Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում ներկայացնում է նոր թեկնածություն: 48. Խորհուրդը՝ ա) նախարարության կողմից սահմանված մրցույթի անցկացման կարգի համաձայն ընտրում է հաստատության տնօրեն, հաստատում է նրա հետ կնքվող աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում տնօրենի վարձատրության կարգը և պայմանները. բ) որոշում է ընդունում հաստատության աուդիտն անցկացնելու մասին (հաստատության բյուջեի հաշվին) և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը. գ) հաստատում է հաստատության ներքին կարգապահական կանոնները, քննարկում հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաստիքային ցուցակը և առաջարկություն ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին. դ) քննարկում է ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության մասին հաշվետվություններն ու հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը. ե) հիմնադրի կողմից սահմանված կարգով որոշում է հաստատության շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները. զ) հաստատում է իր աշխատակարգը, ընտրում խորհրդի նախագահ. է) հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման լիազորված մարմին. ը) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված և (կամ) սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ: 49. Խորհրդի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել հիմնադրի որոշմամբ՝ ա) սահմանված կարգի խախտմամբ տնօրեն ընտրելու դեպքում. բ) տնօրենի՝ պաշտոնավարության ընթացքում խախտումներ թույլ տալու կապակցությամբ նրա հետ կնքված աշխատանքային պայմանագրի գործողության դադարեցման մասին որոշում չընդունելու դեպքում: 50. Պետական լիազորված մարմնի (նրա ղեկավարի) կամ հաստատության ենթակայության փոփոխումը չի կարող հիմք հանդիսանալ խորհրդի լիազորությունների դադարեցման համար: 51. Խորհրդի նախագահը՝ ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները. բ) նախագահում է խորհրդի նիստերը. գ) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք: 52. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը: 53. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից՝ առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և կարգով: 54. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: 55. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի: Խորհրդի նիստերն արձանագրվում են: Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում: 56. Հաստատության լիազորված պետական մարմնի ղեկավարը, տնօրենը, նրա տեղակալները, խորհրդի անդամները հաստատության անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն՝ ի շահ իրենց կողմից ներկայացվող հաստատության: 57. Հաստատության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են հիմնադիրը, լիազորված պետական մարմինը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
V. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
58. Հաստատության սեփականությունը ձևավորվում է հաստատության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հաստատության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից: 59. Հաստատությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) իր կանոնադրությանը համապատասխան՝ իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը: 60. Հիմնադիրը սեփականության իրավունքով հաստատությանը պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ՝ բացառությամբ հաստատության լուծարումից հետո մնացած գույքի: 61. Հաստատության սեփականության պահպանման հոգսը կրում է հաստատությունը: 62. Հաստատության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում՝ միայն դատական կարգով: 63. Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից հաստատությանն ամրացված գույքը: 64. Հաստատությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու: Հաստատությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ հաստատության կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բառացությամբ հիմադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում հաստատության ստացած եկամուտները հաստատության սեփականությունն են: Հաստատությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են: 65. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է ֆինանսական միջոցները: 66. Հաստատությունը ֆինանսավորում է հիմնադիրը: Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված լրացուցիչ աղբյուրներից: 67. Հաստատության ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝ ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները. բ) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները. գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված միջոցները: 68. Հաստատության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ լիազոր մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:
VI. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՍՈՎՈՐՈՂԸ ԵՎ ԾՆՈՂԸ
69. Հաստատությունում մանկավարժական աշխատանքի կարող է ընդունվել մանկավարժի որակավորում ունեցող մասնագետը, բացառիկ դեպքերում՝ ոչ մանկավարժական կրթություն ունեցող անձը, որի՝ հաստատությունում աշխատելու կարգը և պայմանները սահմանում է նախարարությունը: 70. Հաստատության մանկավարժն իրավունք ունի մասնակցելու հաստատության կառավարմանը: Հաստատության մանկավարժական և մյուս աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: 71. Հաստատության մանկավարժական աշխատողները պարտավոր են ապահովել կրթական ծրագրերի կատարումը, հանրակրթական պետական չափորոշիչներով որոշվող ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից: 72. Հաստատության մանկավարժական աշխատողները կարող են ընտրել և կիրառել նախարարության երաշխավորած ուսուցման, ուսումնական նյութերից և ձեռնարկներից որևէ մեկը կամ մի քանիսը: 73. Սովորողն իրավունք ունի՝ ա) անվճար ստանալու տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն. բ) անկախ բնակության վայրից՝ սահմանված կարգով ընտրելու հաստատությունը և ուսուցման ձևը. գ) անվճար օգտվելու հաստատության առանձին ծառայություններից. դ) հաստատությունում յուրացնելու լրացուցիչ վճարովի կրթական ծրագրեր. ե) ազատ արտահայտելու սեփական հայացքներն ու համոզմունքները. զ) առանց հիմնական կրթություն ստանալու՝ 16 տարին լրանալուց հետո, ծնողների (որդեգրողների կամ հոգաբարձուի) համաձայնությամբ, թողնելու ուսումը: 74. Հաստատությանն արգելվում է, առանց ծնողների և սովորողների համաձայնության, սովորողներին ընդգրկել այնպիսի աշխատանքներում, որոնք նախատեսված չեն հանրակրթական ծրագրերով և սույն կանոնադրությամբ: 75. Արգելվում է սովորողների նկատմամբ հոգեկան և ֆիզիկական բռնության գործադրումը: 76. Սովորողը պարտավոր է բարեխղճորեն սովորել, խնամքով վերաբերվել հաստատության գույքին, հարգել հաստատության սովորողների և աշխատողների իրավունքներն ու արժանապատվությունը, պահպանել հաստատության ներքին կարգապահական կանոնները: 77. Հաստատության ներքին կարգապահական կանոնները կոպտորեն խախտելու համար սովորողը նախարարության սահմանած կարգով կարող է հեռացվել հաստատությունից: 78. Ծնողն իրավունք ունի պաշտպանելու երեխայի օրինական շահերն ու իրավունքները, մասնակցելու հաստատության կառավարմանը:
VII . ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
79. Հաստատությունը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
|