Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը և Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն, այսուհետ՝ Կողմեր,
ղեկավարվելով 1994թ. ապրիլի 15-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Մաքսային բնագավառում համագործակցության և փոխօգնության մասին» Համաձայնագրի 16-րդ հոդվածով, այսուհետ՝ Համաձայնագիր,
համաձայնագրի իրագործման մեխանիզմների հաստատման նպատակով,
պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը լիազորում են իրենց կենտրոնական ապարատի համապատասխան ստորաբաժանումներին և մաքսատներին, որոնք նշված են սույն Արձանագրության 1-ին և 2-րդ հավելվածներում, հաստատել և պահպանել անմիջական հաղորդակցություն Համաձայնագրում նախատեսված դրույթների կատարման նպատակով:
Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են փոփոխել կամ լրացնել հավելվածները՝ միմյանց պարտադիր տեղեկացնելով այդ մասին:
Հոդված 2
Համաձայնագրի շրջանակներում իրականացվող համագործակցության արդյունավետության գնահատման և մաքսատների գործունեության այլ արդիական հարցերի քննարկման նպատակով անհրաժեշտության դեպքում կանցկացվեն կենտրոնական ապարատների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հանդիպումներ:
Հոդված 3
Համաձայնագրի հիման վրա՝ կենտրոնական ապարատների համապատասխան ստորաբաժանումները և առանձին մաքսատները հարցման դեպքում միմյանց կտրամադրեն տեղեկություններ մաքսային արժեքի զգալի նվազեցումների մասին, կփոխանակեն այն ապրանքների ցանկերը, որոնց նկատմամբ կիրառվում են ներմուծման, արտահանման և տարանցման արգելքներ, այն ապրանքների ցուցակները, որոնք թույլատրվում են ներմուծման, արտահանման և տարանցման Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրվող թույլտվությունների առկայության դեպքում, ինչպես նաև կտեղեկացնեն միմյանց այդ ցուցակներում ցանկացած փոփոխության և լրացման մասին:
Հոդված 4
1. Օգնության մասին հարցումները և դրանց պատասխանները Համաձայնագրի շրջանակներում կփոխանցվեն գրավոր, այդ թվում՝ հեռաֆաքսով, տելեքսով և կապի այլ միջոցներով:
2. Անհետաձգելի դեպքերում կարող են կիրառվել բանավոր հարցումներ, սակայն դրանք պետք է անհապաղ հաստատվեն գրավոր: Հարցում կատարող Կողմի հեռաֆաքսով, տելեքսով և կապի այլ միջոցներով փոխանցված հարցումները պետք է հաստատվեն նամակով:
3. Հարցում ստացող Կողմերի կենտրոնական ապարատների համապատասխան ստորաբաժանումները և առանձին մաքսատները պետք է տրամադրեն հարցվող տեղեկությունները և փաստաթղթերը առանց հետաձգելու:
4. Օգնություն ցուցաբերելու մասին հարցումները և դրանց պատասխանները կներկայացվեն ռուսերեն լեզվով:
Հոդված 5
Օգնության մասին հարցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) հարցում կատարող կենտրոնական ապարատների համապատասխան ստորաբաժանումների և առանձին մաքսատների անվանումները,
բ) հարցվող գործողությունները,
գ) հարցման առարկան և պատճառը,
դ) գործի բնույթի կարճ նկարագրումը և իրավաբանական որակավորումը,
ե) հարցմանը վերաբերող օրենքներն ու այլ նորմատիվ փաստաթղթերը,
զ) առավելագույն ճշգրիտ և սպառիչ տվյալներ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մասին, որոնց նկատմամբ պետք է կատարվի հետաքննություն:
Հոդված 6
Սույն Արձանագրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և դադարում է գործել Համաձայնագրի հետ միաժամանակ:
Կատարված է Երևան քաղաքում 2000 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, բելառուսերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման նպատակով նախապատվությունը տրվում է ռուսերեն լեզվով տեքստին:
*Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2000 թվականի հոկտեմբերի 31-ից: