«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2006 թվականի N 1498-Ն
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելուվ «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն պահանջներով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության և այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները:
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2. Սույն իրավական ակտի իմաստով՝
ա) կայանատեղ՝ ինկասացիոն կազմակերպության այն տարածքը, որտեղ կանխիկ դրամի և այլ արժեքների ընդունման ու հանձնման համար կանգառում են ինկասացիոն ավտոտրանսպորտային մեքենաները.
բ) ինկասացիոն ավտոտրանսպորտային մեքենա՝ ինկասացիա իրականացնելու համար սույն պահանջներին համապատասխանող ավտոտրանսպորտային մեքենա.
գ) այցելու՝ ցանկացած անձ, ով ընդգրկված չէ տվյալ ինկասացիոն կազմակերպության կողմից սահմանված ինկասացիոն կազմակերպության տարածք ազատ մուտք գործելու իրավասություն ունեցող անձանց ցանկում.
դ) ինկասացիոն կազմակերպության ղեկավար՝ ինկասացիոն կազմակերպության ստորաբաժանման ղեկավար կամ նրա պարտականությունները կատարող այլ աշխատակից.
ե) ինկասատոր՝ ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակից.
զ) ուժեղացված ռեժիմ՝ առնվազն երեք զինված ինկասատորի ներկայությամբ (բացի հիմնական ինկասացիոն խմբից) ինկասացիոն կազմակերպությունում կանխիկ դրամի ընդունում և հանձնում:
III. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Ինկասացիոն կազմակերպությունը պետք է ունենա՝
ա) սեփականության կամ առնվազն մեկ տարվա օգտագործման (վարձակալության կամ անհատույց օգտագործման) իրավունքով կազմակերպությանը պատկանող դրամապահոց: Դրամապահոցը կառուցվում է առանց պատուհանների և պետք է ունենա մեկ զրահապատ, չհրկիզվող դուռ: Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ կամ առաստաղ շենքի արտաքին կամ նույն շենքում այլ անձին սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքների պատերի կամ հատակի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ նույն շենքում այլ անձին սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքների պատերին կամ հատակին կից կամ շենքի վերջին հարկում կառուցելու դեպքում պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտել դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկել անվտանգությունը): Չի թույլատրվում դրամապահոցի տակ նկուղային հարկերի կամ այլ անձին սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով պատկանող տարածքների առկայությունը.
բ) պահպանության և հրդեհի ազդարարման, անվտանգության ահազանգման համակարգ, որի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը կարող է լինել տեղային (լոկալ).
գ) անվտանգության ազդարարման համակարգ, որը պետք է միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային մարմնի պահպանության կենտրոնացված ղեկավարման վահանակին.
դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ միացված ռադիոկապ.
ե) սեփականության կամ առնվազն մեկ տարվա օգտագործման (վարձակալության կամ անհատույց օգտագործման) իրավունքով կազմակերպությանը պատկանող ավտոկանգառ՝ ինկասացիոն ավտոտրանսպորտային միջոցները կայանելու համար, որը պետք է լինի պարսպապատված տարածք՝ երկաթե դարպասով, դռները փականով փակելու հնարավորությամբ, կամ փակ շինություն՝ դռները փականով փակելու հնարավորությամբ.
զ) կայանատեղ: Կայանատեղի բացակայության դեպքում կանխիկ դրամի ընդունումն ու հանձնումն իրականացվում են ուժեղացված ռեժիմով և այս դեպքում ինկասացիոն կազմակերպությունում կանխիկ դրամ և այլ արժեքներ ընդունելու և հանձնելու համար ինկասացիոն ավտոտրանսպորտային միջոցը պետք է կայանվի ինկասացիոն կազմակերպության մուտքին հնարավորինս մոտ տարածքում:
4. Դրամապահոցի մուտքը և դրամապահոցը պետք է գտնվեն տեսախցիկների տեսադաշտում և իրականացվի շուրջօրյա տեսագրում: Տեսագրությունները պետք է պահպանվեն առնվազն երեք ամիս ժամկետով:
5. Ինկասացիոն կազմակերպությունում (եթե դրամապահոցը գտնվում է նույն շենքում) աշխատանքն ավարտելուց հետո դրամապահոցի դռները պետք է փակվեն կողպեքով և կնքվեն: Շրջանառության մեջ գտնվող բանալիները պետք է լինեն երկու օրինակից, որոնցից մեկը պետք է պահվի կազմակերպության ղեկավարի, մյուսը՝ տեղամասի պատասխանատու անձի մոտ:
Ինկասատորների կազմից զինված հերթապահ նշանակվելու դեպքում հերթապահը նշված դռները փակում է ներսից:
6. Ինկասացիոն կազմակերպության տարածք այցելուների մուտքը պետք է իրականացվի ընդունող անձի գրավոր հայտարարության ու այցելուի անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:
7. Ինկասացիոն կազմակերպության դրամապահոցի դռները պետք է փակվեն «Երեք բանալի» սկզբունքով:
IV. ԻՆԿԱՍԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԸ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԸ
8. Ինկասատորը ինկասացիայի ժամանակ պետք է կրի զենք: Կանխիկ դրամի հավաքագրում իրականացնող ինկասատորը կանխիկ դրամի հավաքագրման ժամանակ պետք է կրի զրահաբաճկոն:
9. Ինկասացիոն կազմակերպության ղեկավարն ստուգում է ինկասացիա կատարելուց առաջ ինկասատորների մոտ զենքի առկայությունը և դրա սարքին վիճակը, կանխիկ դրամի հավաքագրում իրականացնող ինկասատորի կողմից զրահաբաճկոն կրելու փաստը, ինկասացիոն մեքենայի համապատասխանությունը սույն պահանջների V բաժնի պահանջներին:
10. Ինկասացիոն կազմակերպության ղեկավարը հաշվառում է զենքերն ինկասատորներին հանձնելը և դրանք հետ ընդունելը:
11. Ինկասատորի կողմից զենք գործադրելու դեպքում ինկասատորը պետք է դրա մասին հայտնի ինկասացիոն կազմակերպության ղեկավարին` զենքը հանձնելու ժամանակ` դրա մասին լրացնելով ինկասացիոն կազմակերպության կողմից հաստատված ձևի հայտարարագիր, որտեղ պետք է նշվեն զենք գործադրող ինկասատորի անունը, ազգանունը, նրա կողմից զենքի գործադրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, զենքի գործարանային համարը և գործադրման անհրաժեշտության հիմնավորումը:
12. Ինկասատորների կողմից զենքի գործադրման դեպքերը, կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով:
V. ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
13. Կանխիկ դրամի ինկասացիան իրականացվում է հետևյալ պահանջներին համապատասխանող ինկասացիոն ավտոտրանսպորտային միջոցներով՝
ա) մեքենան պետք է արտադրված լինի զրահապատ, որը պետք է համապատասխանի տվյալ երկրում ինկասացիա իրականացնելու նպատակով արտադրված մեքենայի համար սահմանված նվազագույն զրահապատման չափանիշներին և նախատեսված լինի ինկասացիա իրականացնելու համար.
բ) մեքենան պետք է կահավորված լինի կապի այնպիսի միջոցներով, որոնք հնարավորություն են տալիս կապ հաստատել ինչպես ինկասացիոն կազմակերպության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ.
գ) մեքենան պետք է ապահովված լինի կրակմարիչով, առաջին բժշկական օգնության դեղատուփով և ինկասացիոն խմբի կողմից դրանցից օգտվելու միջոցներով, որոնք պետք է համապատասխանեն օգտագործման գործող կանոններին:
14. Սույն պահանջների 13-րդ կետում նշված պահանջներին չհամապատասխանող ավտոտրանսպորտային միջոցներով կարող է իրականացվել միայն այլ արժեքների ինկասացիա հետևյալ դեպքերում՝
ա) պատվիրատուի և ինկասացիոն կազմակերպության միջև ձեռք բերված համաձայնության առկայության դեպքում.
բ) այլ արժեքների չափերի պատճառով հնարավոր չէ փոխադրել ինկասացիա իրականացնելու համար արտադրված և սույն պահանջներին համապատասխանող զրահապատ ավտոտրանսպորտային միջոցներով:
15. Ինկասացիոն ավտոտրանսպորտային միջոցը չի կարող օգտագործվել ինկասատորի կամ ինկասացիոն կազմակերպության այլ աշխատակցի անձնական կարիքների համար, և այն ծառայությունից հետո պետք է կայանված լինի ինկասացիոն կազմակերպության ավտոկանգառում:
VI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
16. Սույն պահանջներն ուժի մեջ մտնելու օրվանից ինը ամիս հետո լիցենզավորված և գործունեություն իրականացնող ինկասացիոն կազմակերպություններն իրենց գործունեությունը պետք է համապատասխանեցնեն սույն պահանջներին` բացառությամբ սույն պահանջների 13-րդ կետի:
17. Սույն պահանջներն ուժի մեջ մտնելուց հետո ինկասացիոն կազմակերպությունները երեք տարվա ընթացքում պարտավոր են իրենց պատկանող կանխիկ դրամի ինկասացիայի համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոցները համապատասխանեցնել սույն պահանջների 13-րդ կետի պահանջներին: Համապատասխանեցումը կատարվում է փուլային եղանակով՝ յուրաքանչյուր տարվա ընթացքում ինկասացիոն կազմակերպությունների ավտոտրանսպորտային միջոցների առնվազն մեկ երրորդը փոխարինելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |