Գլխավոր տեղեկություն
Համար
N 331
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.02.1998-25.05.1998)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.03.07/14(538)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.08.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.08.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.1997

040.0331.09.08.97

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան 
9 օգոստոսի 1997 թ.

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 օգոստոսի 1997 թ. N 331
քաղ. Երևան


ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, ինչպես նաև վթարային շենքերի բնակչության բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու մասին կարգը (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 9-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1997 թվականի
օգոստոսի 9-ի N 331 որոշմամբ

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՏՈՒԺԱԾ ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Երկրաշարժից տուժած աղետի գոտում մշտական բնակության վայր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն աղետի գոտում բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով դիմում են ներկայացնում մարզպետարան` պետական միջոցների հաշվին վարկ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) շինարարություն (վերականգնում, ամրացում, վերակառուցում) իրականացնելու մասին համապատասխան թույլտվության վերաբերյալ տեղեկանք.

բ) դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների վերաբերյալ համապատասխան բնակշահագործման տեղամասի կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանք.

գ) անավարտ կամ վթարային բնակելի տան (առանձնատան) դեպքում` դիմումը ներկայացնելու պահին անավարտ բնակելի տան (առանձնատան) շինարարության պատրաստվածության կամ վթարայնության աստիճանի վերաբերյալ տեղեկանք.

դ) նոր բնակելի տան շինարարության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցողների հաշվառման ցուցակներում ընդգրկված լինելու վերաբերյալ տեղեկանք.

ե) շինարարական աշխատանքների նախահաշիվ.

զ) դիմողի և նրա ընտանիքի չափահաս անդամների անձնագրային տվյալները` ներառյալ մշտական բնակության հասցեն:

Անհրաժեշտության դեպքում մարզպետարանի հարցումով դիմումին կցվում են շենքերի և շինությունների գույքագրման մարմնի, սոցիալական ապահովության բաժնի, բժշկական հիմնարկի և շահագրգիռ այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքները և այլ փաստաթղթեր:

2. Մարզպետարանն ստացված դիմումները քննարկելուց հետո 10-օրյա ժամկետում միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:

3. Վարկի տրամադրման հարցերի քննարկման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը ստեղծում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են համապատասխան մարզպետարաններից մեկական ներկայացուցիչ:

4. Հանձնաժողովը վարում է դիմումների և կնքված վարկային պայմանագրերի գրանցման հատուկ մատյաններ, որտեղ գրանցվում են դիմումների ստացման, դրանց քննարկման արդյունքով հանձնաժողովի կայացրած որոշումների, ուղարկված ծանուցումների, կնքված վարկային, գրավի, երաշխավորության պայմանագրերի, բանկային երաշխիքների մասին բոլոր տվյալները:

5. Հանձնաժողովը քննարկում է դիմումները` դրանք Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ստանալուց հետո 10-օրյա ժամկետում` ըստ մարզպետարանից փաստաթղթերի ստացման հաջորդականության:

Հանձնաժողովը կարող է մերժել դիմումը, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի պահանջներին կամ հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, թերի են, կամ ներկայացված տեղեկություններում առկա են ոչ ճիշտ տվյալներ: Հանձնաժողովը դիմումը մերժելու որոշում կայացնելու մասին ծանուցում է մարզպետարանին և դիմողին` ոչ ուշ, քան դիմումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ստացվելու օրվանից 15-օրյա ժամկետում:

6. Վարկի տրամադրման հարցը քննարկելիս առաջնահերթությունը տրվում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371 որոշմամբ հաստատված ժամանակավոր կանոնադրությամբ սահմանված առաջնահերթության իրավունք ունեցող քաղաքացիներին:

7. Հանձնաժողովը դիմումը բավարարելու դեպքում 5-օրյա ժամկետում մարզպետարանին և դիմողին նամակով ծանուցում է այդ մասին` նշելով հատկացվող վարկի գումարը, ժամկետը և առաջարկում դիմողին Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքել գրավի պայմանագիր կամ հանձնաժողովին ներկայացնել վարկի ապահովման այլ միջոց:

8. Դիմումը բավարարելու մասին ծանուցումն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դիմողը պարտավոր է հանձնաժողովին ներկայացնել սույն կարգով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը` գրավի պայմանագիր կնքելու համար կամ ներկայացնել վարկի ապահովման այլ միջոց:

9. Վարկի ապահովման միջոց կարող են լինել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերից մեկի կողմից տրված բանկային երաշխիքը` վարկի տրամադրման ժամկետով, վարկի և տոկոսների գումարի չափով, վարկային պայմանագրով նախատեսված վճարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկատուի առաջին իսկ պահանջով բանկի թղթակցային հաշվից անվիճելի կարգով համապատասխան գումարը գանձելու վարկատուի իրավասությամբ.

բ) առնվազն 30 մլն դրամ սեփական կապիտալ (հաշվեկշռային ակտիվներից հանած հաշվեկշռային պարտավորությունները) ունեցող և վերջին երեք տարվա հաշվեկշռային ցուցանիշներով առանց վնասի աշխատող ձեռնարկության տված երաշխավորագիրը` վարկի տրամադրման ժամկետով, վարկի և տոկոսների գումարի չափով, վարկային պայմանագրով նախատեսված վճարումները ժամանակին չկատարելու դեպքում վարկատուի առաջին իսկ պահանջով ձեռնարկության բանկային հաշվից անվիճելի կարգով համապատասխան գումարը գանձելու վարկատուի իրավասությամբ.

գ) մի կողմից` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և մյուս կողմից` դիմողի կամ որպես գրավատու հանդես եկող երրորդ անձի միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված շարժական և (կամ) անշարժ գույքի (այդ թվում` դիմողի կողմից վերակառուցվելիք կամ կառուցվելիք բնակարանի) գրավի պայմանագիրը:

(9-րդ կետը խմբ. 16.02.98 N 89)

10. Ձեռնարկության տված երաշխավորագրին կցվում են`

ա) ձեռնարկության վերջին երեք տարվա տարեկան հաշվեկշիռները.

բ) ձեռնարկության տվյալ հաշվետու տարվա եռամսյակային հաշվեկշիռները.

գ) ձեռնարկության կանոնադրությունը:

11. Դիմողը գրավի պայմանագիր կնքելու համար հանձնաժողովին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) գրավի առարկայի սեփականության վկայականը կամ իրավասու մարմնի կողմից տրված սեփականության իրավունքը հաստատող տեղեկանք` հաստատված նոտարական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրան հավասարեցված կարգով.

բ) անշարժ կամ պետական գրանցման ենթակա այլ գույքի գրավի դեպքում` գույքի և դրա հետ կապված գործարքների գրանցումն իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանք տվյալ գույքի նկատմամբ գրավի, արգելանքի բացակայության վերաբերյալ.

գ) գույքագրող կամ փորձագիտական իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք տվյալ գույքի վերագնահատված արժեքի և մաշվածության աստիճանի վերաբերյալ.

դ) անշարժ կամ պետական գրանցման ենթակա այլ գույքի գրավի դեպքում` դիմողի կամ որպես գրավատու հանդես եկող երրորդ անձի (ֆիզիկական անձանց համար) ընտանիքի չափահաս անդամների նոտարական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դրան հավասարեցված կարգով վավերացված համաձայնությունը` տվյալ գույքը որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից դիմողին տրամադրվող վարկի ապահովման միջոց գրավադրելու վերաբերյալ.

ե) եթե որպես գրավատու հանդես եկող երրորդ անձն իրավաբանական անձ է, ապա ներկայացնում է իրավաբանական անձի կանոնադրության պատճենը, իրավաբանական անձի կառավարման մարմնի որոշումը` տվյալ գույքը որպես Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից դիմողին տրամադրվող վարկի ապահովման միջոց գրավադրելու վերաբերյալ:

12. Գրավի պայմանագրում պետք է նշվեն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վավերապայմաններ (ռեկվիզիտ)` միաժամանակ ներառելով գույքի պահպանության մասին դրույթներ: Գրավի առարկա չի կարող լինել այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ արգելվում է բռնագանձման տարածումը:

13. Գրավի պայմանագրի կնքման համար սույն կարգով պահանջվող փաստաթղթերը կամ վարկի ապահովման այլ միջոցը դիմողի կողմից հանձնաժողովին ներկայացվելուց հետո 15-օրյա ժամկետում հանձնաժողովը դիմողին հայտնում է վարկի ապահովման միջոցն ընդունելու կամ չընդունելու մասին իր որոշումը: Վարկի ապահովման միջոցը չընդունվելու դեպքում դիմողը զրկվում է վարկի ստացման իրավունքից:

Վարկի ապահովման միջոցները քննարկելիս հանձնաժողովն առաջնությունը տալիս է վարկի ապահովման միջոցի իրացվելիությանը:

Հանձնաժողովի կողմից գրավի պայմանների ընդունման դեպքում գրավատուի ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միջև կնքվում է գրավի պայմանագիր: Գրավատուն պարտավոր է իր հաշվին ապահովել գրավի պայմանագրի նոտարական վավերացումը և հանձնաժողովին ներկայացնել գրավի առարկայի վրա արգելանք դնելու մասին տեղեկանք:

Նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագիրը հանձնաժողովին ներկայացնելուց կամ վարկի ապահովման այլ միջոցը հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո 5-օրյա ժամկետում դիմողը ներկայացնում է իր անվամբ վարկային հաշիվ բացելու մասին տեղեկանք և 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ կնքում է վարկային պայմանագիր:

14. Վարկատուի և վարկառուի հարաբերությունները կարգավորվում են վարկային պայմանագրով: Վարկառուին իրավունք է վերապահվում ժամկետից շուտ մարելու վարկի ամբողջ գումարը կամ դրա մի մասը:

15. Վարկային պայմանագրում նախատեսվում են լրացուցիչ պայմաններ` կապված դրամի արժեզրկման հետ: Դրամի արժեզրկումը հաշվարկվում է վարկային պայմանագրի գործողության յուրաքանչյուր տարվա համար նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական ռեգիստրի և վերլուծության արձանագրած սղաճի ցուցանիշով, ընդ որում, վարկի տրամադրման տարվա սղաճի ցուցանիշն ընդունվում է որպես 1 գործակից: Յուրաքանչյուր տարվա ցուցանիշը բազմապատկվում է նախորդ տարվա սղաճի ցուցանիշով` հաշվարկված վարկի գումարով, արդյունքում ստացվում է վարկի ինդեքսավորված գումարը` տվյալ տարվա համար, որի համաձայն կատարվում են տվյալ տարվա բոլոր հաշվարկները:

16. Տրամադրվող վարկի գումարի չափը սահմանվում է ելնելով շինարարական աշխատանքների խոշորացված ծավալից և շենքերի շինարարության խոշորացված արժեքից` չգերազանցելով 5 մլն դրամ ընդհանուր գումարը:

17. Վարկը տրամադրվում է 3-10 տարի ժամկետով` տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով (տարին հաշվարկելով 365 օր`) հետևյալ չափերով`

ա) անհատական նոր բնակարանի (առանձնատան) շինարարության համար` 4-5 մլն դրամ.

բ) բաժնային ընդհանուր սեփականություն հանդիսացող բազմաբնակարան նոր շենքերի կառուցման համար` յուրաքանչյուր մասնակցին` 3-5 մլն դրամ.

գ) անհատական կիսակառույց բնակարանի (առանձնատան) շինարարությունն ավարտելու համար` ելնելով պատրաստվածության աստիճանից` 1-4 մլն դրամ.

դ) անավարտ բազմաբնակարան շենքերի շինարարության համար` յուրաքանչյուր բնակարանատիրոջը` 2-4 մլն դրամ.

ե) անհատական վթարային տների (առանձնատների) և բազմաբնակարան շենքերի վերականգնման ու ամրացման համար` 2,5 - 3,5 մլն դրամ.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի կապիտալ շինարարության պետական պատվերը հաստատելու մասին» N 98 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին կառուցվող շենքերից հատկացվող բնակարանի շինարարության արժեքի վերադարձման համար` 2,5 - 3,5 մլն դրամ:

18. Վարկի մարումն սկսվում է այն ստանալու օրվանից 3 տարի հետո: Վարկի ստացման օր է համարվում վարկի համապատասխան գումարը վարկառուի վարկային հաշվին հաշվեգրելու օրը: Տոկոսների վճարումն սկսվում է վարկի ստացման օրվանից մեկ տարի հետո: Տոկոսները հաշվարկվում են վարկառուի վարկային հաշվին փաստացի հաշվեգրված գումարների նկատմամբ` հաշվի առնելով սույն կարգի 15-րդ կետով նախատեսված արժեզրկումը:

Վարկի գումարի և հաշվարկված տոկոսագումարի մարումը կատարվում է ամսական կտրվածքով, ոչ ուշ, քան հաջորդ ամսվա 3-րդ բանկային օրը:

19. Վարկառուների սպասարկումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքները:

20. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վարկային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 5 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 40 տոկոսը փոխանցում է վարկառուի վարկային հաշվին: Վարկի գումարի մնացած մասը վարկառուի հաշվին է փոխանցվում 40 տոկոսի օգտագործման վերաբերյալ վարկառուի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հաշվետվությունն ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում: Նշված հաշվետվությունը պետք է հաստատված լինի համապատասխան մարզպետարանի կողմից:

Վերակառուցվելիք կամ կառուցվելիք բնակարանը որպես գրավի առարկա անշարժ գույքի գրավի պայմանագրում հանդես գալու դեպքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը վարկային պայմանագիրն ուժի մեջ մտցնելուց հետո 5 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 20 տոկոսը փոխանցում է վարկառուի վարկային հաշվին: Վարկի գումարի հաջորդ 20 տոկոսը վարկառուի հաշվին է փոխանցվում նախորդ 20 տոկոսի օգտագործման վերաբերյալ վարկառուի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն հաշվետվություն ներկայացնելուց հետո` 10 բանկային օրվա ընթացքում: Նշված հաշվետվությունը վարկառուն ստանում է շինարարությունն իրականացնող կազմակերպությունից կամ անհատ ձեռներեցից, որը հաստատվում է շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպության կամ մասնագետի կողմից:

(20-րդ կետը լրաց. 16.02.98 N 89)

21. Վարկի նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:

22. Սույն կարգում նախատեսված պայմանները տարածվում են միայն սույն կարգի համաձայն կնքվող վարկային պայմանագրերի և դրանք կնքող կողմերի վրա ու չեն կարող պարտադիր ուժ ունենալ սույն կարգի հետ չառնչվող այլ անձանց համար կամ, վերջիններիս կողմից մեկնաբանվել կամ վկայակոչվել որպես քաղաքացիական-իրավական նորմեր սահմանող իրավական ակտ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.12.1999, N 731 02.12.1999, N 331
23.04.1998, N 258 25.05.1998, N 331
16.02.1998, N 89 16.02.1998, N 331
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան