«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հոկտեմբերի 2005 թվականի N 1652-Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՓԱՍՏԱՑԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի
20-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բնապահպանական վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`
ա) անշարժ աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետումների թույլտվություններով սահմանված արտանետումների ծավալները՝ բացառությամբ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված դեպքի.
բ) ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրհավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի, կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի ծավալները.
գ) շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների տեղադրման համար` «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի համաձայն տրամադրված թափոնների տեղադրման սահմանաքանակներով սահմանված տեղադրման ծավալները:
դ) ջրահեռացման ցանց վնասակար նյութերի և միացությունների արտանետման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 1228-Ն որոշմամբ սահմանված ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնների «II. Ջրահեռացման համակարգերն օգտագործող (շահագործող) կազմակերպությունների խնդիրները» բաժնի 3-րդ կետի համաձայն սահմանված սահմանային թույլատրելի արտահոսքերի ծավալները:
(1-ին կետը լրաց. 31.08.06 N 1247-Ն)
2. Տնտեսավարող սուբյեկտի կողմից ներկայացված բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների համար ժամանակավոր (մինչև 5 տարի ժամկետով) չափաքանակներ (սահմանափակումներ) սահմանելու լիազորությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանել`
ա) ջրօգտագործման համար` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն տրամադրված ջրօգտագործման թույլտվություններով սահմանված ջրօգտագործման (մակերևութային ջրերի ջրառի, ստորերկրյա (ստորգետնյա) քաղցրահամ ջրերի արդյունահանման) ծավալները.
բ) պինդ օգտակար հանածոների մարված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանքարդյունահանման նպատակով կնքված լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների մարման ընդհանուր ծավալների շրջանակներում համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություններում արտացոլված՝ փաստացի մարված ծավալները.
գ) հանքային ջրերի և աղի արդյունահանված պաշարների համար` Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի և «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հանքարդյունահանման նպատակով կնքված լիցենզային պայմանագրերով սահմանված օգտակար հանածոների արդյունահանման ծավալները.
դ) բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն կնքված անտառօգտագործման պայմանագրերով (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսերով, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդերներով) սահմանված բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) ծավալները.
ե) բուսական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն տրված բուսական պաշարների օգտագործման թույլտվություններով կամ լիցենզիաներով սահմանված բուսական պաշարների օգտագործման (մթերման, հավաքի, անասունների արածեցման և այլ տեսակների) ծավալները.
զ) կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով և լիցենզիայով սահմանված կենսապաշարների օգտագործման ծավալները:
(3-րդ կետը փոփ. 31.08.06 N 1247-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի «Բնապահպանական և բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակներ սահմանելու մասին» N 340 որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հոկտեմբերի 10 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.06.2018, N 613-Ն | 23.06.2018, N 1652-Ն | |
04.07.2012, N 875-Ն | 26.07.2012, N 1652-Ն | |
31.08.2006, N 1247-Ն | 07.10.2006, N 1652-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|