ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 100
ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության և լուծման ընթացքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կիրառման դատական պրակտիկան, արձանագրում է, որ ՀՀ դատարանները հիմնականում ճիշտ են կիրառում օրենսգրքով սահմանված դրույթները:
Այնուհանդերձ, դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ քրեական գործերի քննության ժամանակ քաղաքացիական հայցերը քննվում և լուծվում են օրենսդրության նորմերի խախտմամբ: Հաճախ քրեական գործերի քննության ընթացքում ներկայացված հայցադիմումները չեն համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նշված պահանջներին: Լինում են նաև դեպքեր, երբ դատարանները լուծում են քաղաքացիական հայցը հայցադիմումի բացակայության պայմաններում: Առանձին դեպքերում դատարանները քննում են նաև հանցագործության հետ անմիջականորեն չկապված քաղաքացիական հայցեր: Որոշ դեպքերում որպես քաղաքացիական պատասխանողներ են ներգրավվում մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակ չունեցող այնպիսի անձինք, որոնք օրենքով որևէ գույքային պատասխանատվություն մեղադրյալի գործողությունների համար չեն կրում: Դատական պրակտիկայում հանդիպում են նաև դեպքեր, երբ քաղաքացիական հայցվոր կամ քաղաքացիական պատասխանող չճանաչելով, քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում որևէ անձի` քաղաքացիական հայցվորի կամ քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչ ճանաչելու մասին:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը հարուցվում, ապացուցվում և լուծվում է նույն օրենսգրքի դրույթներով սահմանված կանոններով: Քաղաքացիական դատավարական օրենսդրության նորմերի կիրառումը թույլատրվում է, եթե դրանք չեն հակասում քրեական դատավարության օրենսգրքին, և քաղաքացիական հայցով վարույթի համար անհրաժեշտ են կանոններ, որոնք նախատեսված չեն այդ օրենսգրքով:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով արգելված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով արգելված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական պատասխանող է ճանաչվում ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով արգելված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիական հայցը հարուցվում է կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն հայցադիմումում նշվում է, թե որ քրեական գործով, ով, ում, ինչի հիման վրա և ինչ չափով է հարուցում քաղաքացիական հայց: Հայցադիմումը պետք է բովանդակի խնդրանք` վնասի հատուցման համար ենթակա կոնկրետ դրամական գումարի և գույքի բռնագանձման մասին:
Վերը նշված նորմերից հետևում է, որ քրեական դատավարությունում` քրեական գործի քննության հետ միասին կարող է հարուցվել և լուծվել միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցման հետ կապված քաղաքացիական հայցը: Ընդ որում, քաղաքացիական հայցը կարող է հարուցվել միայն կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա օրենքով, քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված հայցի հիման վրա կարող է դրվել գույքային պատասխանատվություն քրեական օրենսգրքով արգելված արարքով գույքային վնաս պատճառած մեղադրյալի գործողությունների համար: Այդպիսի անձինք են հանդիսանում, օրինակ` ծնողները, որդեգրողները, խնամակալները, շրջապատի համար առավել վտանգի աղբյուրի հետ կապված գործունեություն իրականացնող անձինք, որոնք օրենքի ուժով պատասխանատու են մեղադրյալի գործողությունների համար և այլն:
Քաղաքացիական հայցվորի կողմից ներկայացված հայցադիմումը պետք է համապատասխանի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին: Նշված պահանջներին հայցադիմումի չհամապատասխանելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը պետք է հրաժարվի հայցադիմումն ընդունելուց:
ՀՀ քրեական դատավարության 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ են հանդիսանում այն անձինք, որոնք դատավարության նշված մասնակիցների կողմից լիազորված են քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացնելու նրանց օրինական շահերը: Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քրեական դատավարությունում որպես քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են մասնակցել փաստաբանները և դատավարության համապատասխան մասնակցի կողմից տրված լիազորագիր ունեցող այլ անձինք: Քրեական գործով վարույթին որպես քաղաքացիական հայցվոր կամ քաղաքացիական պատասխանող մասնակցող իրավաբանական անձի ներկայացուցիչ հանդես է գալիս համապատասխան իրավաբանական անձի ղեկավարը` վկայական ներկայացնելու դեպքում:
ՀՀ քրեական դատավարության 79-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչը քրեական գործով վարույթի ընթացքում իրականացնում է նրանց իրավունքները, բացառությամբ վերջիններիս անձի անբաժանելի իրավունքների:
Քրեական դատավարությունում ներկայացուցչություն է համարվում օրենքով սահմանված այն գործունեությունը, երբ մեկ անձը` ներկայացուցիչը, հանդես է գալիս մեկ այլ անձի` ներկայացվողի շահերի պաշտպանությամբ:
Նշված հոդվածների պահանջների վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են ճանաչվել և ընդգրկվել քրեական գործով վարույթին միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ և 74-րդ հոդվածների 2-րդ մասերի կարգով որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի` համապատասխանաբար քաղաքացիական հայցվոր կամ քաղաքացիական պատասխանող ճանաչելուց հետո:
Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի «դատավճիռ կայացնելիս դատարանը, ելնելով քաղաքացիական հայցի հիմքերի ու չափի ապացուցված լինելու հանգամանքից, հարուցված հայցը բավարարում է լրիվ կամ մասնակիորեն, կամ մերժում է դրա բավարարումը, կամ այն թողնում է առանց քննության»:
Այս նորմը կիրառելի է նաև արդարացման դատավճիռ կայացնելիս կամ արդարացման հիմքով քրեական գործի վարույթը կարճելիս, կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս:
Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի քննության միասնական դատական պրակտիկա ձևավորելու նպատակով, ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.
1. Քրեական դատավարությունում քրեական գործի հետ միասին դատարանը կարող է քննության առնել միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցմանը վերաբերող քաղաքացիական հայցը:
2. Քրեական դատավարությունում քաղաքացիական հայցը կարող է քննության առնվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին համապատասխան ներկայացված հայցադիմումի առկայության դեպքում, բացառությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 164-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերի:
3. Քաղաքացիական հայցը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն, կայացնում է որոշում հայցադիմումն ընդունելուց հրաժարվելու մասին:
4. Քրեական գործով վարույթի ընթացքում քաղաքացիական հայցվոր և քաղաքացիական պատասխանող կարող են ճանաչվել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ, 74-րդ և 158-րդ հոդվածներում նշված անձինք:
5. Քաղաքացիական հայցվորի և քաղաքացիական պատասխանողի ներկայացուցիչներ կարող են ի հայտ գալ միայն համապատասխանաբար քաղաքացիական հայցվոր և քաղաքացիական պատասխանող ճանաչվելուց հետո:
6. Քրեական գործով վարույթի ընթացքում ներկայացված բոլոր այն քաղաքացիական հայցերը, որոնք չեն համապատասխանում սույն որոշման 1-ին կետի պահանջներին, պետք է թողնվեն առանց քննության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով` դրանք հետագայում քաղաքացիական դատավարության կարգով ներկայացնելու իրավունքի պարզաբանմամբ:
7. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով արդարացման դատավճիռ կայացնելիս կամ քրեական գործի վարույթը կարճելիս, կամ քրեական հետապնդումը դադարեցնելիս հարուցված քաղաքացիական հայցը մերժվում է, իսկ 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերով դատական ակտ կայացնելիս՝ քաղաքացիական հայցը թողնվում է առանց քննության:
ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ՝ |
Հ. Մանուկյան |
13 հունիսի 2006 թ. |
|