«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
31 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մայիսի 2006 թվականի N 672-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը՝ ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով՝ առանց բաժնետիրոջը` Հայաստանի Հանրապետությանը որևէ հատուցման` այն սահմանելով 66114 հազ. դրամ:
1.2. «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով` վերակազմակերպելով «Իջևանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:
1.3. Սահմանել՝
ա) բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված հաշվեկշռային մեթոդով գնահատված արժեքը՝ 66114 հազ. դրամ,
բ) դասական աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 66114 հազ. դրամ:
1.4. «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2005 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել են 4104 հազ. դրամ, այդ թվում՝
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 2860 հազ. դրամ,
պարտավորություններ` անձնակազմի աշխատանքի վարձատրության գծով` 610 հազ. դրամ,
կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 634 հազ. դրամ:
Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
1.5. «Իջևանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2004 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:
1.6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ բաժնետոմսերի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարի մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
գ) բաժնետոմսերի վաճառքի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1039337 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
1.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ ընկերության գտնվելու վայրի:
2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Սայաթ-Նովայի գյուղական համայնքի տարածքում գտնվող նախկին կենտրոնական կաթսայատնից դուրս եկող` մոտավորապես 1300 մետր երկարությամբ կառուցվածքը (այսուհետ`գույք) օտարել հոլանդական աճուրդով:
2.2. Սահմանել`
ա) գույքի` անկախ գնահատող կազմակերպության կողմից շուկայական մեթոդով գնահատված արժեքը` 2006 թվականի հունվարի 27-ի դրությամբ` 8280 հազ. դրամ.
բ) հոլանդական աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 8280 հազ. դրամ.
գ) հոլանդական աճուրդով օտարման ենթակա գույքի նվազագույն շեմը՝ 4140 հազ. դրամ:
2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
ա) սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
բ) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝
ա) աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.
բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը.
գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում աճուրդի հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու և օտարելու մասին» N 369-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշման N 1 հավելվածի՝
հինգերորդ տողում «ԳԱԶ 31029 (225 ՏԼ 02)» բառերը փախարինել «ԳԱԶ 31029 (225 ԼՏ 02)» բառերով,
վեցերորդ տողում «ԳԱԶ 31029 (244 ՏԼ 02)» բառերը փախարինել «ԳԱԶ 31029
(222 ԼՏ 02)» բառերով և համապատասխանաբար «Թողարկման տարեթիվը» սյունակում «1996» թիվը փոխարինել «1997» թվով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|