«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մայիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մայիսի 2006 թվականի N 626-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 58-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «ԻՆԳԵՈԿՈՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ համաձայնեցված առաջարկությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրով շինարարական աշխատանքների փուլ առ փուլ կատարում (հանձնում) չի նախատեսվել ու չի կատարվել, ինչպես նաև ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքերի համալիր շինարարության մասին» N 58-Ն որոշումը՝ բացառությամբ 1-ին կետի, և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքերի համալիրի և Երևան քաղաքի Սպայի տան շենքի նախագծման, շինարարության և ապամոնտաժման հետ կապված գլխավոր կապալառուի՝ 2006 թվականի մայիսի 1-ի դրությամբ ակտիվներն ու պարտավորությունները (կրեդիտորական պարտքերը) փոխանցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին «ԻՆԳԵՈԿՈՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերությունից անհատույց, որպես պետական սեփականություն, ընդունել հետևյալ շենքերը, շինությունները և հողատարածքները`
ա) Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի N 20 հասցեում գտնվող` Սպայի տան և Մ. Նալբանդյան փողոցի նրբանցք N 16 հասցեում գտնվող` 0,4430 հեկտար հողատարածքը,
բ) Երևան քաղաքի Գևորգ Չաուշի N 60 հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքերն ու շինությունները,
գ) Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող` 8,01 հեկտար հողատարածքը,
դ) Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող` 1,2756 հեկտար հողատարածքը,
ե) Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղային համայնքի Բաբաջանյան փողոցին հարող 30 հեկտար հողատարածքը,
զ) Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի հյուսիսային հատվածում գտնվող 30 հեկտար հողատարածքը,
է) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքում գտնվող 19.1 հեկտար հողատարածքը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված շենքերը, շինություններն ու հողատարածքներն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
ա) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել Հայաստանի Հանրապետության և «ԻՆԳԵՈԿՈՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2005 թվականի մարտի 19-ին կնքված ներդրումային պայմանագրի լուծումը և «ԻՆԳԵՈԿՈՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը (Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող` 4844 քառ. մետր հողատարածքը սեփականության իրավունքով թողնվում է «ԻՆԳԵՈԿՈՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը` որպես ի լրումն սույն որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում նշված ծախսերի փոխհատուցում) անհատույց պետական սեփականության ընդունելու մասին պայմանագրեր.
բ) սույն կետի «ա» ենթակետում նախատեսված պայմանագրերի կնքումից հետո, որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության շենքերի համալիրի և Երևան քաղաքի Վ. Սարգսյան N 20 հասցեում գտնվող Սպայի տան նախագծման, շինարարության և ապամոնտաժման հետ կապված ծախսերի փոխհատուցում, «ԻՆԳԵՈԿՈՄ-ԵՐԵՎԱՆ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարել 3825000000 (երեք միլիարդ ութ հարյուր քսանհինգ միլիոն, որը համարժեք է 8.5 մլն ԱՄՆ-ի դոլարին) դրամ` համաձայն փոխադարձ հաշվարկների:
5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|