«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2006 թվականի N 184-Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների ձևավորման սկզբունքները և հաստատման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների (այսուհետ` սակագներ) ձևավորման սկզբունքներն են`
ա) միանմանությունն ու միասնականությունը: Միանման ու միասնական սակագների կիրառումը չի բացառում ունիվերսալ ծառայություններ մատուցողի` հաճախորդների հետ պայմանագրեր կնքելու իրավունքը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով,
բ) մատչելիությունը` տվյալ ծառայության բոլոր սպառողների համար,
գ) մատուցվող ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը,
դ) հստակությունը` պահանջվող ծառայության նվազագույն չափանիշների սահմանմամբ,
ե) համապատասխանությունը մատուցվող յուրաքանչյուր կոնկրետ ծառայությանը` իր որակական ու քանակական չափումներով,
զ) հիմնավորված և անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառվածությունը,
է) հիմնավորվածությունը` մատուցվող ծառայության ինքնարժեքով (ծախսերով):
2. Փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների հաստատման կարգով (այսուհետ` կարգ) կարգավորվում են սակագների սահմանման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) և փոստային կապի ազգային օպերատորի փոխհարաբերությունները:
3. Փոստային կապի ազգային օպերատորը տվյալ տարվա համար կազմված (առաջարկվող) սակագները և սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է լիազորված մարմին` սեփական նախաձեռնությամբ կամ լիազորված մարմնի պահանջով:
4. Ներկայացվող փաստաթղթերի փաթեթն ընդգրկում է`
ա) սակագների հաստատման մասին հայտը,
բ) տեղեկանք գործող սակագների մասին,
գ) սակագների հիմնավորման հաշվարկները:
5. Սակագների հաստատման մասին հայտը պետք է ներառի ծառայությունների տեսակների սակագները և չափերը:
6. Սակագների հաստատման մասին հայտը ներկայացնելու օր է համարվում հայտը լիազորված մարմնում գրանցելու (մուտքագրելու) օրը:
7. Լիազորված մարմինը 45 օրվա ընթացքում քննարկում է սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը, ներկայացված սակագները և, համաձայնության դեպքում, սակագներն ու սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
8. Լիազորված մարմինը կարող է մերժել ներկայացված սակագների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը, եթե`
ա) սույն կարգի 4-րդ կետի համաձայն ներկայացվող փաստաթղթերում առկա են ակնհայտ կեղծ տեղեկություններ.
բ) ներկայացված սակագները չեն բխում սույն կարգի 1-ին կետով սահմանված սկզբունքներից.
գ) սակագների հաստատման մասին հայտը ներկայացված է սույն կարգի պահանջների խախտմամբ:
9. Եթե սույն կարգի 4-րդ կետի համաձայն ներկայացվող փաստաթղթերը թերի են, ապա, լիազորված մարմնի պահանջով, փոստային կապի ազգային օպերատորը պարտավոր է եռօրյա ժամկետում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը: Լիազորված մարմինը նշված ժամկետի խախտման դեպքում կարող է մերժել ներկայացված սակագների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
10. Մերժման դեպքում լիազորված մարմինը սակագները և սակագների հաստատմանը վերաբերող փաստաթղթերի փաթեթը` նշելով մերժման պատճառները, ներկայացվելուց հետո 20-օրյա ժամկետում վերադարձնում է փոստային կապի ազգային օպերատորին` դրանք լրամշակելու և վերջնական տեսքով լիազորված մարմին ներկայացնելու համար:
11. Փոստային կապի ազգային օպերատորը լրամշակված սակագները և սույն կարգի 4-րդ կետով պահանջվող փաստաթղթերի փաթեթը ներկայացնում է լիազորված մարմին` վերջինիս կողմից նման պահանջ ներկայացվելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում:
12. Լիազորված մարմինն իրավասու է, ելնելով օբյեկտիվ պատճառներից, փոստային կապի ազգային օպերատորից պահանջելու փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների նոր` հիմնավորված հաշվարկներ, եթե նման կարգավորումն անհրաժեշտ է մրցակցությունը հանրային շահերը պաշտպանելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |