«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 հունվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2005 թվականի N 2307-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՐԵԴԻՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի կատարումն ապահովելու նպատակով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1922-Ն որոշման 236-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2006/2007 ուսումնական տարվանից Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում (այսուհետ` բուհ) սկսել ուսման կազմակերպման կրեդիտային համակարգի (այսուհետ` կրեդիտային համակարգ) ներդրման գործընթացը:
2. Սահմանել ուսանողի տարեկան լրիվ ուսումնական բեռնվածությունը` հավասար 60 ակադեմիական կրեդիտի:
Կրեդիտը ներառում է`
մասնակցությունը դասախոսություններին, լաբորատոր և գործնական պարապմունքներին, պրակտիկաներին,
քննությունների և ստուգարքների հանձնումը,
անհատական պարապմունքների ցուցանիշը,
ռեֆերատների, կուրսային, դիպլոմային և ուսումնական պլանով նախատեսված այլ աշխատանքների կատարման աստիճանի, որակի գնահատումը:
Բակալավրի աստիճան ստանալու համար սահմանվում է առնվազն 240, բժշկական մասնագիտությունների համար` առնվազն 300 կրեդիտ:
Մագիստրոսի աստիճան ստանալու համար սահմանվում է 60-120 կրեդիտ, բժշկական մասնագիտությունների համար` մինչև 180 կրեդիտ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
ա) 2005/2006 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից կրեդիտային համակարգը կրթափորձի կարգով մասնակիորեն կիրարկել այդ բնագավառում որոշակի փորձ ունեցող բուհերում` Երևանի պետական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում և Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում: Կրթափորձի արդյունքներն ամփոփել 2005/2006 ուսումնական տարվա ավարտին.
բ) մշակել և հաստատել բուհերում կրեդիտային համակարգով ուսման գործընթացի կազմակերպման օրինակելի կարգ.
գ) կրթափորձի արդյունքներով` ըստ բուհերի, կրթական ծրագրերի և մասնագիտությունների կազմել ժամանակացույց` բուհերի կրեդիտային համակարգին փուլային անցման համար.
դ) հաստատել նոր կրթական չափորոշիչները և դրանց հենքի վրա իրականացնել գործող ուսումնական պլանների արմատական վերակառուցում, ուղենիշ ունենալով դրանց մոդուլացումը և արտահայտումն ուսանողի լրիվ ուսումնական բեռնվածությունն արտահայտող կրեդիտային արժեքներով` պարտադիր ու ընտրովի դասընթացների և ուսումնական մոդուլների ցանկով և դրանց ամրագրված կրեդիտների չափաբաժիններով: Նորացված ուսումնական ծրագրերն ու դրանց բովանդակությունը մերձեցնել եվրոպական չափանիշներին և մասնագիտական աշխատանքային շուկայի առկա պահանջներին` շնորհվող կրեդիտների ու որակավորումների ճանաչելիությունը և կրեդիտների կուտակման ու տեղափոխման եվրոպական համակարգի հետ (ECTS) դրանց համադրելիությունն ապահովելու նպատակով.
ե) կազմակերպել բուհերի ուսումնական վարչակազմի և դասախոսների վերապատրաստում` ուսումնական հաստատության միջոցների հաշվին` կրեդիտային համակարգի կիրարկման համար.
զ) մշակել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ` նպատակ ունենալով ապահովել կրեդիտներով արտահայտված կրթական արդյունքների ծրագրից ծրագիր և բուհից բուհ փոխանցման ու դրանց փոխադարձ ճանաչման, ոչ լրիվ ուսումնական բեռնվածությամբ ուսումնառության և դրա հետ կապված երկարացված տևողությամբ կրթական ծրագրերի իրականացման, կիսամյակային ուսման վարձերի` ըստ կրեդիտների թվի վճարման հնարավորությունը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|