ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
13 նոյեմբերի 2001 թ. |
N 57 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի թ) և 59-րդ հոդվածի 5-րդ կետերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել «ՀՀ էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց միջև առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման և քննարկման կարգը» (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունվարի 29-ի «ՀՀ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ունեցող անձանց միջև առաջացած տարաձայնությունների վերաբերյալ դիմումների ընդունման, քննարկման և լուծման կարգը» հաստատելու մասին N 1 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
|
Վ. Մովսեսյան |
ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի |
Կ Ա Ր Գ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԵՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ
Սույն կարգը կանոնակարգում է էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց (այսուհետև` Կողմեր) միջև առաջացած տարաձայնությունների` ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովում (այսուհետև` Հանձնաժողով) ընդունման և քննարկման ընթացակարգը:
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Տարաձայնությունները քննարկելիս Հանձնաժողովը և Կողմերը ղեկավարվում են «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով, Հանձնաժողովի ընդունած որոշումներով և սույն կարգով:
1.2. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դիմել Հանձնաժողով` վերջինիս իրավասությունների շրջանակում վիճահարույց հարցերը լուծելու խնդրանքով:
1.3. Սույն կարգը չի սահմանափակում տարաձայնությունները դատական կարգով լուծելու` Կողմերի իրավունքը:
2. Տարաձայնության վերաբերյալ դիմումի ընդունումը, քննարկումը եվ տարաձայնության լուծումը
2.1. Հանձնաժողով ներկայացված տարաձայնության վերաբերյալ դիմումը ստորագրում է այն ներկայացնող կողմի ղեկավարը (նրա կողմից լիազորված անձը) կամ Կողմերի ղեկավարները (նրանց կողմից լիազորված անձինք)` կցելով անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթեր:
2.2. Ստացված դիմումը սահմանված կարգով մուտքագրվում է: Այնուհետև Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) մակագրությամբ այն ուղարկվում է համապատասխան ստորաբաժանում (այսուհետև` պատասխանատու ստորաբաժանում)` ուսումնասիրելու և քննարկման նախապատրաստելու համար: Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովի նախագահը (նախագահի տեղակալը) Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է համակարգող:
2.3. Դիմումը Հանձնաժողով մուտքագրելուց հետո` տաս աշխատանքային օրվա ընթացքում, պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը Կողմերին տեղյակ է պահում Հանձնաժողովում տարաձայնությունների քննարկման ժամկետների և ընթացակարգի մասին:
2.4. Անհրաժեշտության դեպքում Հանձնաժողովը Կողմերից պահանջում է լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր: Այդ դեպքում ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 2.3 կետում սահմանված ժամկետում:
2.5. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը կազմակերպում է քննարկումներ Կողմերի կամ նրանց լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ:
2.6. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, Հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) համաձայնությամբ, կարող է հրավիրել անկախ փորձագետների, խորհրդատուների, որոնք Կողմերի հետ կապված ֆինանսական շահագրգռվածություն կամ փայամասնակցություն չպետք է ունենան:
2.7. Պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, անհրաժեշտության դեպքում, համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված կարգի, հարցը կարող է ներկայացնել Հանձնաժողովի նիստի քննարկմանը:
2.8. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում տալիս է գրավոր պատասխան: Գրավոր պատասխան չի տրվում այն դեպքում, երբ կազմակերպված քննարկումների արդյունքում Կողմերը գալիս են փոխհամաձայնության, որի վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումը կազմում է արձանագրություն:
3. Տարաձայնության քննարկումը ԵՎ լուծումը Հանձնաժողովի նիստում
3.1. Տարաձայնությունը Հանձնաժողովի նիստում քննարկվում է համաձայն Հանձնաժողովի կողմից սահմանված նիստերի նախապատրաստման և անցկացման կարգի:
3.2. Եթե Կողմերից մեկը հարգելի պատճառով չի կարող մասնակցել նիստին, ապա նա պարտավոր է այդ մասին տեղեկացնել նիստից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ: Նման դեպքերում տարաձայնության քննարկումը կարող է տեղափոխվել հաջորդ նիստ, որի մասին տեղեկացվում է նաև մյուս կողմը:
3.3. Քննարկման արդյունքում Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում ընդունում է որոշում:
3.4. Եթե Հանձնաժողովի կողմից տրված լուծումը (ընդունված որոշումը) չի բավարարում Կողմերին (կողմին), ապա դա չի սահմանափակում նրանց (նրա) իրավունքը սույն կարգին համապատասխան մեկ անգամ ևս դիմել Հանձնաժողով` ընդունված որոշումը վերանայելու խնդրանքով:
3.5. Տարաձայնության վերաբերյալ Հանձնաժողովի համապատասխան որոշումն ուղարկվում է Կողմերին որոշման ընդունումից հետո հինգօրյա ժամկետում:
3.6. Հանձնաժողովի որոշումը պարտադիր է Կողմերի համար և կարող է բողոքարկվել դատական կարգով: