«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 սեպտեմբերի 2005 թվականի N 2114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստներ տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել ուսանողական նպաստներ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ընթացակարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ ՏԱԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ուսանողական նպաստը փոխհատուցում է (լրիվ կամ մասնակի) ուսանողի ուսման վարձը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասում նախատեսված միջոցների, բարձրագույն ուսումնական հաստատության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
2. Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի) տրամադրում է`
ա) օրենքով նախատեսված անձանց (ուսանողներին),
բ) սոցիալապես անապահով ուսանողներին,
գ) պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ սովորող ուսանողներին,
դ) ընդունելության մրցույթի արդյունքներով բարձրագույն ուսումնական հաստատություն (վճարովի ուսուցմամբ) ընդունված և (կամ) ուսումնական տարվա արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը յուրաքանչյուր տարի, Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում, ըստ բուհերի բաշխում է պետության կողմից տրվող ուսանողական նպաստների գումարը:
|
4. Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ (100 տոկոս) փոխհատուցում տրամադրվում է`
ա) առանց ծնողական խնամքի մնացած ուսանողներին՝ համաձայն «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
բ) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամներին՝ համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
գ) զոհված զինծառայողի երեխա-ուսանողներին՝ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի,
դ) տեղական ինքնակառավարման մարմինների հայտերի հիման վրա տարածքային կառավարման մարմինների կողմից նպատակային ուսուցման գործուղված ուսանողներին,
ե) պարտադիր ժամկետային ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած ուսանողներին:
5. Ուսանողի ուսման վարձը, ուսման առաջադիմության հիման վրա, ուսանողական նպաստի ձևով լրիվ կամ մասնակիորեն փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բուհին և մասնագիտությանը հատկացված տեղերի ու ֆինանսական միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին:
6. Առաջին կուրսում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրվում է ընդունելության քննությունների արդյունքում առավել բարձր միավորներով ընդունված ուսանողներին:
Մյուս կուրսերում ուսանողական նպաստ տրվում է մեկ ուսումնական տարվա քննությունների արդյունքներով առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Հավասար միավորների դեպքում առաջնահերթությունը տրվում է 2 կիսամյակների (մեկ ուսումնական տարվա) ընթացքում մասնագիտական առարկաներից առավել բարձր գնահատականներ ստացած ուսանողներին: Դրանց հավասարության դեպքում ուսանողական նպաստը հավասարապես բաժանվում է նպաստառուների միջև:
7. Ուսման վարձի փոխհատուցում տրամադրվում է սոցիալական նպաստառու ընտանիքների ուսանողներին` ներկայացված սոցիալական վիճակի մասին անհրաժեշտ փաստաթղթերի հաշվառմամբ:
8. Բուհը կարող է ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության հաշվառմամբ ուսանողական նպաստի ձևով ուսման վարձավճարի մասնակի զեղչեր կիրառել հետևյալ ուսանողների համար`
ա) սոցիալապես անապահով (սոցիալական նպաստառու ընտանիքներից) ուսանողներ` սահմանված փաստաթղթերի առկայության դեպքում,
բ) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներ,
գ) 3 և ավելի անչափահաս (և (կամ) ուսանող) երեխաներ ունեցող ընտանիքներից ուսանողներ,
դ) հեռավոր, լեռնային և սահմանամերձ գյուղերից ուսանողներ,
ե) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամ ծնող (ծնողներ) ունեցող ուսանողներ,
զ) հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցչի (ուսուցիչների) երեխա-ուսանողներ,
է) մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներ,
ը) բուհի հայեցողությամբ` այլ կատեգորիայի ուսանողներ:
9. Ուսանողական նպաստներ տալու գործառույթներն իրականացնում է բուհը:
10. Բուհերում ուսանողական նպաստներ տալու մասին դիմումներն ընդունվում են ուսումնական տարվան նախորդող և հաջորդող 2 շաբաթվա ընթացքում:
11. Ուսանողական նպաստ չի տրվում պետական կրթաթոշակ ստացող ուսանողներին:
12. Ուսանողական նպաստներ տալու գործընթացի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմինը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |